Կիրակի, Դեկտեմբեր 1, 2024

Շաբաթաթերթ

Ցուցահանդես «Արարատը Հայի Աչքերով» Խորագրով

ՀՀ մշակոյթի եւ սփիւռքի նախարարութիւնների աջակցութեամբ Թէքէեան Կենտրոնում բացուել է «Արարատը հայի աչքերով» խորագիրը կրող շարժական լուսանկարչական ցուցահանդէսը՝ նուիրուած ՀՀ Անկախութեան հռչակման 25-րդ տարեդարձին:

Ցուցահանդէսի մասնակիցներն են ազգութեամբ հայ լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Պրազիլիայից եւ ԱՄՆ-ից: Ցուցադրուած 32 լայնաֆորմատ աշխատանքները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռը արուեստագէտների ամենատարբեր ընկալումներով:

Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան ներկայացուցիչներ, հիւրեր Կիպրոսից, Անգլիայից, Շուէյցարիայից, արուեստասէրներ: 

Բացման խօսքում «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի տնօրէն Արմէն Ծուլիկեանը, ողջունելով ներկաներին, ուրախութեամբ նշեց, որ նման ձեւաչափի ցուցահանդէսների կազմակերպումը Թէքէեան Կենտրոնի յարկի տակ դարձել է աւանդոյթ, ինչը նպաստում է լուսանկարչական արուեստի զարգացմանն ու տարածմանը, ճանաչելի դարձնելով ժամանակակից արուեստագէտներին։

«Իւրաքանչիւր հայի իղձն է՝ ամէն առաւօտ աչքերը բացել եւ տեսնել Արարատը»,- նշեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, ողջունելով ցուցահանդէսի գաղափարը եւ բարձր գնահատելով աշխատանքները: Նախարարը նաեւ անդրադարձաւ Թէքէեան Կենտրոնի դերին. «Որպէս մշակոյթի նախարար, ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի մշակութային կենտրոն, որն արժանի է այն գաղափարախօսութեանը եւ այն բովանդակութեանը, որը ժամանակի մէջ պատմականօրէն դրել է Թէքէեան միութիւնը: Թէքէեան Կենտրոնը մեզանում դարձել է հայ մշակոյթը ներկայացնող լաւագոյն օջախներից մէկը, որի ձեռնարկները մշտապէս հետաքրքրութիւն են առաջացնում հանրութեան շրջանում, ինչի մասին վկայում է այսօրուայ ձեռնարկը: Շնորհաւորում եմ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին նման հրաշալի աշխատանքներ ներկայացնելու համար»:

«Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունեանը /Լոնտոն/, շնորհակալութիւն յայտնելով նախարարին եւ հիմնադրամի հոգաբարձուներին ձեռնարկի իրականցմանը մեծապէս օժանդակելու համար, նշեց, որ ցուցահանդէսը կը ներկայացուի նաեւ Արցախում, ինչը մեծ դեր կ՛ունենայ մեր մշակութային կեանքում: Վ. Ուզունեանը յոյս յայտնեց նաեւ, ԹԿ հիմնադրամի համագործակցութիւնը մշակոյթի նախարարութեան հետ կը լինի շարունակական եւ կեանքի կը կոչի մշակութային արժէք ունեցող այլ ձեռնարկներ:

Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, անդրադառնալով ցուցահանդէսի գաղափարին, համոզմունքով նշեց, որ ցուցահանդէսը պէտք է ունենայ շարունակութիւն՝ «Արարատը աշխարհի աչքերով», եւ դառնայ միջազգային ցուցահանդէս ու շրջի աշխարհով, ինչը եւս մէկ առիթ կը լինի հայի մասին խօսելու, նրա բազմադարեայ պատմութիւնն ակնարկելու համար:

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդէսը Թէքէեան Կենտրոնում բաց կը լինի մինչեւ ս.թ. Յունիսի 30-ը եւ այնուհետեւ կը ներկայացուի Արցախում:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ