«Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի եւ Թէքէեան Թրասթի նախաձեռնութեամբ, Լոնտոնի հայ համայնքում կազմակերպուեց դրամահաւաք՝ օժանդակելու Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմում տուժած հայ զինուորներին:
ՀՀ Սփիւռքի նախարարութեան առաջարկութեամբ՝ հանգանակուած 2.1 մլն. դրամը յատկացուեց Գեղարքունիքի մարզի 13 վիրաւոր զինծառայողների՝ Նորայր Զախարեան (ք. Գաւառ), Աշոտ Գասպարեան (գիւղ Կարմիր), Գէորգ Բաղդասարեան (գիւղ Լճափ), Անդրանիկ Աթալեան (գիւղ Շատջրեկ), Արմէն Սիմոնեան (ք. Վարդենիս), Ռուբէն Գէորգեան (գիւղ Փոքր Մասրիկ), Աւետիս Զարգարեան (գիւղ Սոտք), Հայկ Մինասեան (ք. Վարդենիս), Համբարձում Վարդանով (գիւղ Այգուտ), Գուրգէն Առուստամեան (ք. Ճամբարակ), Դաւիթ Ազիզեան (գիւղ Վարսեր), Վահան Սարգսեան (գիւղ Զոլաքար), Հրայր Բաղդասարեան (գիւղ Լիճք):
Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպումը, որին ներկայ էին ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը, «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի տնօրէն Արմէն Ծուլիկեանը, վիրաւոր զինծառայողներ եւ ծնողներ, բացուեց մարզպետի ողջոյնի եւ հերոս-զինուորների մեծարման խօսքով. «Մեր տղաները փառաւոր սխրանքներ են գործել ռազմադաշտում, իսկ ապրիլեան իրադարձութիւնները համախմբել են մեր ազգը մէկ նպատակի շուրջ, եւ այսուհետ այդ համախմբումը պէտք է ամրապնդուի»: Նա հաւաստիացրեց, որ մարզպետարանը հնարաւորութեան սահմաններում շարունակում է օգնել զոհուած եւ վիրաւոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին: Մարզպետը խոստացաւ օգնել նաեւ աշխատանքի տեղաւորման եւ այլ հարցերում:
ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը, երախտապարտ լինելով զինծառայողներին Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների կեանքը եւ առհասարակ Հայրենիքը փրկելու համար, նշեց, որ ապրիլեան դէպքերից անմիջապէս յետոյ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը կոչ է արել սփիւռքի կազմակերպութիւններին նիւթական օժանդակութիւն յատկացնել տուժած զինծառայողներին:
Այդ կոչին անտարբեր չէր մնացել նաեւ «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամը, որի տնօրէն Արմէն Ծուլիկեանը հանդիպմանը եկել էր հանգանակուած գումարով: Դրամական օգնութիւնը յանձնելով Գեղարքունիքի մարզի 13 վիրաւոր զինծառայողներին, տնօրէնը յաւելեց. «Ապրիլեան քառօրեայ հերոսամարտերը ալեկոծեցին համայն հայութեանը, եւ մեր տղաների հերոսական ջանքերի շնորհիւ մենք այժմ բաց ճակատով ենք նայում աշխարհին եւ հաւատում մեր վաղուայ անվտանգ օրուան: Գեղարքունիքի մարզում սա մեր առաջին դրամական աջակցութիւնն է, սակայն աշխատանքներ ենք տանում, որ այն լինի շարունակական»:
Հանդիպման վերջում զինծառայողներն ու ծնողները շնորհակալութիւն յայտնեցին բոլոր սրտացաւ անձանց, բարերարներին աջակցութեան եւ հոգատարութեան համար: