Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Իկոր Մուրատեան. «Երբ ռումբերը ընկնեն Երեւանի վրայ, հայերը կը յիշեն սեփական ՀՕՊ-ը»

Հանրայայտ քաղաքագէտ Իկոր Մուրատեան հայրենի «Լրագիրի» Յուլիս 4-ի թիւին մէջ կ՚ահազանգէ, թէ հայեր խելքի պիտի չգան եւ պիտի չամրացնեն իրենց ՀՕՊ-ը՝ հակաօդային պաշտպանութիւնը, մինչեւ որ ռումբեր չիյնան Երեւանի վրայ։ Չափազանց զգուշաւոր եւ միաժամանակ համարձակ տողեր կան անոր քաղաքական մեկնաբանութեան մէջ։

Ռուսիան, որ Հայաստանի թիւ մէկ գործընկերն է, նաեւ Ատրպէյճանի գործընկերն է, եւ թոյլ չի տար, որ Հայաստան զէնք գնէ ուրիշ երկիրներէ։ Իսկ Հայաստան տակաւին կը սպասէ որ իր գնած զէնքերը Ռուսիայէն հասնին Երեւան…

Մուրատեան կ՚ըսէ, թէ ռուսերու հետ ստորագրելով ՀՕՊ պայմանագիրը, Հայաստան դարձաւ ռուսերու պատանդը եւ ՆԱԹՕ-ի հակառակորդը։

«Բայց, այսպէս թէ այնպէս, հայերը կը յիշեն սեփական հակաօդային պաշտպանութեան մասին, երբ ռումբերը կը սկսեն չգիտես ինչու ընկնել Երեւանի վրայ: Իսկ դրանք անպայման կ՚ընկնեն մեր քաղաքների վրայ: Եւ այդժամ հայերը պատճառներ կը գտնեն արդարացնելու ռուսներին՝ ոչ թէ հայկական ղեկավարութեանը, այլ հէնց ռուսներին: Ռուսաստանը միշտ ճիշդ է:

Հայաստանից ոչինչ չեն սպասում, բացի Ռուսաստանի շահերին ստրկանալուց։

…Հայերը թերուս ժողովուրդ են եւ չեն պատկերացնում, թէ ինչպէս պէտք է դուրս գալ այս վիճակից: Հիմա պէտք է համաձայնուել, որ ընտրութիւն այլեւս չի լինելու: Գուցէ միայն աւելի վատը նրանից, ինչ սպասւում էր:

Պաշտպանական խնդիրների մասով ոչ մի յոյս չկայ, բացի Ռուսաստանի առաջարկածից, իսկ Ռուսաստանն առաջարկում է միայն զոհուել եւս մէկ պատերազմում: Հայերը, ռուսների կարծիքով, իրաւունք չունեն պատերազմել եւ յաղթել, դա ռուսական շահերի հանդէպ յղի է սպառնալիքով: Այդ մասին պէտք էր Հռոմի պապին ասել, սակայն դա էլ է արգելուած։

Հայաստանի պէս երկրների համար ՆԱԹՕ-ում մշակել են նոր ծրագիր՝ «Գործընթացի պլանաւորում եւ փոփոխութիւն», ինչը կարող է էականօրէն փոխել վերաբերմունքն այդ երկրների նկատմամբ: Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը:

…Ի՞նչ է նշանակում երկու հակառակորդների հետ համագործակցութիւնը: Ռուսաստանն աւելի է թշնամանում ՆԱԹՕ-ի հետ: Դրանում ոչ ոք չի կասկածում:

Հարց է ծագում, թե ինչու պէտք է ՆԱԹՕ-ն Հայաստանը դիտարկի որպէս իր եւրատլանտեան գործընկեր: Ռուսաստանը նախ Հայաստանին լքել է պաշտպանական ծանր վիճակում, իսկ յետոյ դարձել է ՆԱԹՕ-ի հակառակորդ:

Անհնար է մնալ երկու հակառակորդի ընկերոջ կարգավիճակում, երբ ՆԱԹՕ-ն ու Ռուսաստանը ձգտում են ոչնչացնել միմիանց: Հարեւանութեամբ ՆԱԹՕ-ի հին անդամ Թուրքիան է, որի գործողութիւնները երկար տարիներ զսպում է դաշինքը: Ինչո՞ւ պէտք է ՆԱԹՕ-ն շարունակի իրականացնել այդ գործառոյթը:

ՆԱԹՕ-ում այդ հարցն արդէն լուծուած է, եւ Թուրքիային այլեւս ոչ մի արգելք չի մնում հաշիւներ ներկայացնելու Հայաստանին:

Կովկասեան պատերազմում Թուրքիայի ներգրաւուածութեան հնարաւորութեան մասին անհրաժեշտ կը լինի խօսել, իսկ առայժմ մնում է սպասել, թե թուրքերն ու ռուսները որքան շուտ կը պայմանաւորուեն այդ մասին:

Իսկ ինչո՞ւ ոչ, Հայաստանում ռուսական գործակալներից ինչ-որ մէկը կարո՞ղ է բացատրել դա: Ի դէպ, ի՞նչը կարող է Ռուսաստանի հետ Հայաստանի «կապի» կարեւոր գործօն լինել: Իհարկե, դա աւելի պարզ կը լինի, երբ ռումբերն սկսեն Երեւանի վրայ ընկնել:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ