Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Հարուստներ եւ… շատ փող ունեցող աղքատներ. Սոնա Տիգրանեան

 

Գրութիւնն արդէն պատրաստ էր, երբ սկսուեցին «Սասնայ ծռերի» եւ նաև ժողովրդի ներկայումս ընթացող դէպքերը: Ես չեմ ցանկանում որևէ գնահատական տալ: Ամէն բան, ամէն մի ողջախոհ մարդու համար պարզ է. միայն պարզ չէ, թէ ինչպէս կ՚՛ընթանան յետագայ զարգացումները: Նաև պարզից էլ պարզ է, որ տեղին է այսօր և յետագայում լուրջ մտաւորականութեան միջամտութիւնը:           

Ս.Տ.

 

Յայտնի ճշմարտութիւն է. օրէնքն առանց ազատութեան մահ է, սակայն ազատութիւնն առանց օրէնքի՝ կրկնակի մահ է:

Հայաստանի այսօրը, ցաւօք՝ ճիշդ յարմարւում է վերջին ձեւակերպմանը:

Ժամանակին, երբ մենք «վայելում» էինք մեր այնքան երազած անկախութեան ծնունդը, որոշ յայտնի մտաւորականներ, քաղաքական գործիչներ զգուշացնում էին. Չփորձենք որդեգրել «ազատութիւն առանց օրէնքի» տարբերակը: Անկախութիւնն աշխատանք է. տնտեսապէս ու բարոյապէս ամուր երկիրն է, որ պէտք է կերտենք բոլորս, միասին, վերից-վար, ամէնքս: Հայաստանը եւ սփիւռքը՝ ձեռք-ձեռքի, ուս-ուսի, հոգով ու սրտով, անմնացորդ նուիրումով: Այսօր շատերը գրում, խօսում են այդ մասին եւ, թւում է՝ կրկնելն աւելորդ է: Այո, կրկնելն անիմաստ է, հարկաւոր է գործել: Հասարակութիւնը ծայրայեղութիւնների կարող է յանգել: Երբեմն ինձ թւում է, ոմանք ասում են՝ ասելու համար, ոմանք էլ՝ յատկապէս որոշ մտաւորականներ լուռ են: Լուռ են կամ երկակի խաղ են խաղում. աֆորիզմներ, իմաստուն խօսքեր են յղում: Դէ՝ յամենայն դէպս վաղը անկախ իրենցից իսկապէս մի բան կամ շատ բան կարող է փոխուել. այնպէս որ, անմասն չմնան, իրենց «բարձունքից» էլի «հանճարեղ» մտքեր արտայայտելու հարաւորութիւնից:

Ոչինչ, որ այսպէս կոչուած «հանճարները», որոնք պարզապէս կարող էին իրենց ժողովրդի արժանաւոր զաւակ կոչուել, դրանից էլ զրկուեցին: Զրկուեցին սերունդների առաջ, պատմութեան առաջ: Մնաց անճաշակ արձանների ու տեղի-անտեղի շքանշանների շքերթը: Ժամանակն ամէն ինչ իր տեղն է դնում: Վաղ թէ ուշ: Իսկ ժամանակը թռչում է՝ դարն է այդպիսին: 20-25 տարին պատմութեան համար մի ակնթարթ էլ չէ, սակայն մեզ համար մի ամբողջ կեանք է, ամբողջ սերունդ, որ ծնուել ու ապրում է. մեր անկախութեան սերունդը ու էլի առաջնագծում ժողովրդի ծաղիկն է միայն…

Ու նորից զոհաբերում, ջարդում ենք մեր ազնիւ ծիլերը… յանուն հայրենիքի, թէ՞ յանուն շատ փող ունեցող աղքատների: 

Աշխարհի իսկական միլիարդատէրերը, որոնք իրենց տաղանդի, քրտնաջան աշխատանքի շնորհիւ են հարստութիւն կուտակել, ոչ մէկի չեն փորձում զարմացնել իրենց ունեցուածքով, ինչպէս ասում էր մեր հայրենակից Քըրք Քըրքորեանը, որովհետեւ շքեղութեամբ զարմացնել փորձում են նրանք, ովքեր ուրիշ բան չունեն զարմացնելու: Աշխարհում աւելի շատ փող կայ, քան գաղափար: Բանկերի պահուստներում այդ փողերը անգործութեան են մատնուած, իսկ այսօր առաջընթացի համար նոր, թարմ գաղափարներ են հարկաւոր եւ դրա վրայ պէտք է ներդրում անել: Գիտութեան եւ կրթութեան: Որտեղից էլ ակնկալում ենք ստանալ նոր գաղափարներ, որ փոխադարձ օգտակար է եւ հարուստների՝ միլիարդատէրերի, եւ պետութեան, եւ հասարակութեան համար: Բայց ոչ բոլոր փող ունեցողներն են դրանով առաջնորդւում, եւ դրանով է պայմանաւորուած տարբերութիւնը հարուստների եւ շատ փող ունեցող աղքատների միջեւ: Իսկ «մեր», այսպէս կոչուած՝ շատ փող ունեցող մուրացկանները, կարծում են աշխարհն այնքան մեծ է, որ իրենց նեղմտութիւնը, տգիտութիւնն ու ժողովրդի նուիրական զգացմունքների վրայ խաղալով մուրացկանութիւնը, բազում յանցագործութիւնները, թալանչիութիւնը, մարդասպանութիւնը կարող են հեշտութեամբ թաքցնել կամ լկտիաբար ուրանալ: Այս աշխարհն այդքան էլ բարի ու հանդուրժող չէ, ի գիտութիւն: «Այդքան վստահ մի ըլլաք», կ՛ասեր իմ սիրելի արձակագիրներից մէկը:

 

***

Փորձենք մի փոքր հեռուն գնալ, կը տեսնենք, որ այդ երանելի անկախութիւնն էլ մեզ պարտադրուեց, մենք դրան անպատրաստ էինք: Մենք պարզապէս յարմար խաղաքարտ էինք: Եւ շարունակում ենք մնալ… արդէն օգտագործուած խաղաքարտ, որ կարելի է աղբարկղ նետել: Այդ միտքը միայն իմը չէ, ժամանակին, երբ մեզ հրում էին իբր ազատութեան՝ սուտ երդումներով ու կեղտոտ խաղերով, որոշ մտաւորականների՝ ժողովրդին սադրանքներից հեռու պահելու, զգուշացնելու, փրկելու փորձի համար ոչնչացրին: Իսկ մենք, թէպէտ սովետական տարիներին, սակայն խելացի քաղաքական գործիչների եւ ժողովրդի շնորհիւ հարուստ, ծաղկուն երկիր էինք ստեղծել՝ բոլոր առումներով: Արժանապատիւ, լուրջ մրցակից լինելով մեր դարաւոր ոսոխի դէմ:

Սակայն, շնորհիւ ծախուածների ու դաւաճանների, երկիրը քարուքանդ անելու յստակ ծրագրով՝ մենք այսօր ունենք այն, ինչ լաւ տեսնում ենք բոլորս:

Այսօր այդ ծրագրի արուեստագէտ գաղափարախօսները լուռ են, իսկ քաղաքագէտները, որ աւելի պնդաճակատ են, շարունակում են լկտիաբար փիլիսոփայել, որովհետեւ դեռ չեն աւարտել իրենց սեւ գործը: Ամենաթողութեան պայմաններում ջարդել, սպաննել, վաճառել ամէն բան ու ամէն մէկին, ով իրենց դէմ կը կանգնի: Եւ… ցաւօք, ձեր «բացակայութեան» պատճառով նրանք յաջողեցին: Կատարեցին «սրբազան պարտքը» իրենց տէրերի ու մեր թշնամիների առաջ: Դուք այդ վարձկաններին ինձանից լաւ էք ճանաչում:

Ժամանակին, երբ դուք «շփոթուած» էիք ու անգամ վախենում էիք մտածել այդ մասին, ես գրում, բարձրաձայնում էի դրանց անուններն ու արարքները: Լալու չափ խնդալու է՝ անկա՜խ ենք, երգում ենք… «Զարթնիր, լաօ…», այդ ո՞ւմ համար, երգերո՞վ ենք պահելու մեր անկախութիւնը, մեր կանաչ ծիլերը ջարդելո՞վ… Ժողովուրդը լուրջ ընդունեց այդ անկախութիւնը եւ տէր կանգնեց: Ինչպէս իրենց պարտքը կատարեցին եւ կատարում են մեր պահապան 18-20 տարեկան զինուոր-զաւակները, որոնց իբրեւ թնդանօթի միս օգտագործեցին քո փառապանծ իշխանութիւնները: Մեր կանաչ ծիլերը ջարդելով, օրը ցերեկով, պարզից էլ պարզ ծրագրով, յանցագործ, դաւաճան քո պետական այրերը. «ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, նորէն ողբամ…»։

Օ՜, մեր դարաւոր մշակո՜յթը: Ո՞րն է այդ մշակոյթի հայրենիքը, որտե՞ղ է, քարտէսների՞ վրայ, քարերի ու մագաղաթների՞ վրայ: Թէ՞ օրէցօր ստուարացող սփիւռքում, որտեղ նոյնպէս ձեզ նմանները կան: Սթափուենք վերջապէս, հայ մտաւորականներ, ամէնքս, կանգնենք մեր ժողովրդի կողքին: Ժողովուրդն այլեւս յուսախաբ, թեւաթափ է ու մենակ…: Մենք եւս արժանի չեղանք նրանց յարգանքին ու հաւատարմութեանը: Մի՛ վախենաք, ինչպէս տեսնում էք ու համոզւում մէկ աւելորդ անգամ եւս՝ անհնար է կոտրել իսկական, մաքուր հայ ոգին, որ թւում էր, թէ աղաւաղուել, ճզմուել, բթացել է:  

…Այո, բոլոր մտաւորական-արուեստագէտները չեն, որոնց կեանքն ու գործը ներդաշնակութեան մէջ են, ցաւօք: Արուեստում, որքան որ թոյլ է տալիս իրենց «տաղանդը», մեր բոլոր երազների պաշտպան են, սակայն կեանքում պատասխանատու որոշումներ ընդունելու եւ կատարելու ժամանակ՝ տաքուկ անկիւններ են փնտռում: Իսկ ազգապահպան գաղափարների կրողն ու առաջ մղողը, պաշտպանը մտաւորականութիւնը պէտք է լինի:

Խաւարը ժամանակաւոր է: Լուսաբացից առաջ միշտ էլ մութ է: Այդպէս է ստեղծուած այս աշխարհը, որտեղ հայի համար եւս դժուար է ազատ ապրելը: Ապրել նշանակում է ազատ լինել: Մնացած ձեւերը անպատուութիւն են, մարդու գոյութեան անընդունելի ձեւ: Ի՞նչ է, մի՞թէ մենք միակ ժողովուրդն ենք այս աշխարհում, որ անարդարութեան զոհ է: Ուժ գտնենք մեր մէջ, դուրս գանք զոհի կարգավիճակից, դուրս գանք մեր «տաքուկ» թաքստոցներից: Ես գիտեմ, շատերիդ փշրանքներ, մնացորդներ են նետել… լռութեան դիմաց: Դուք լաւ գիտէք այս ճշմարտութիւնը: Դա՛ չէ ձեր արժէքը, մի նուաստանաք: Դուք, ազգի «հայրեր», ո՞ւր էք: Ես գիտեմ ձեր անուն-ազգանուն-հայրանունները, ձեր ծննդեան թուերը, ձեր որտեղ գտնուելը, ձեր որտեղացի լինելը, այդ դուք էք մոռացել եւ «իմաստունի» ամպհովանու տակ լռում էք…, լռում էք…, լռում էք… ու կործանւում ձեր լռութեան մէջ շա՜տ փող ունեցող, մեր փողերով յղփացած մուրացկանների ահից ու թունաւոր շնչից:

Ժամանակին Հայաստանի Գրողների Միութիւնը հզօր էր ու քանդեցին, ջնջեցին բառիս բուն իմաստով: Որովհետեւ թշնամին լաւ գիտի, թէ որտեղ է մեր ուժը: Չարախնդացիք, նոր ղեկավար բերեցիք եւ ծաղկեցի՞ք աւելի, թէ՞ ջուր լցրիք թշնամու ջրաղացին: Դա ոչ թէ պաշտօնի զօրութիւնն էր, այլ անհատականութեան, նուիրեալ գրողի սրտի եւ մտքի ուժը: Սովորենք մեր սխալների վրայ: Յարգենք մեր նահատակներին: Յարգենք ինքներս մեզ: Յանուն մեր արժանապատուութեան:

Ստեղծենք մտաւորականներից, մշակոյթի գործիչներից կազմուած մարմին, հայրենիք-սփիւռք միասնութեամբ, առանց կուսակցական պատկանելութեան, միահամուռ, միասնական մէկ գաղափարի շուրջ (միամիտ բաներ եմ ասում. մե՜նք ուր, միասնութիւնն ո՜ւր…): Ուզում եմ հաւատալ:

Առանձին քաղաքական-ռազմական գործիչների հեշտ է շարքից հանել, իսկ անուանի մշակութային գործիչների, հէնց իրենց՝ մեր «փառապանծ» կառավարութեան կողմից պատուոյ շքանշանների, կոչումների արժանացած արուեստի գործիչների քաղաքացիական համերաշխութեան դէմ՝ անհնար է սադրանքներ հրահրել: Մենք շատ ենք, նրանք այդքան ուժեղ չեն: Անազնիւ են, դաժան, նաեւ՝ թերուս: Դրանք վախկոտ մարդկանց յատկանիշներ են: Ուժեղ լինենք: Ոչ հայհոյանքներով, այլ խելացի, մտածուած, կշռադատուած, արհեստավարժ մարդկանց յստակ քայլերով ու պահանջներով: Պետութեան դերը այսօր պէտք է ստանձնի մտաւորականութիւնը՝ քանի որ այն չկայացաւ. լուրջ, արհեստավարժ պատմաբանների, իրաւաբանների միասնութեամբ: Այդ «պետութիւն» կոչուածն էլ՝ թակարդում է, փորձենք «օգնել» դրանց:

Այսօր աշխարհը բաց է մեր առաջ. նաեւ՝ փակ է, եթէ վախեցած ու լուռ ենք: Այդ «փառապանծ» իշխանութիւննե՛րը, ողորմելի աւազակնե՛րը պէտք է վախենան: Ոչ ոք, ոչ մէկ ազգ, ժողովուրդ չի սիրում հիւանդ, լալկան ու ջարդուած ժողովրդի: Թերեւս միայն խղճահարութիւն կարող ենք ակնկալել: Իսկ օտար իշխանութիւնների կողմից բարեհաճութիւն՝ եթէ դա իրենց երկրի շահերից է բխում: Ճշմարտութիւն է: Մի՞թէ խղճահարութեամբ են ազատութիւն ձեռք բերում:

Միայն պայքարով, միայն համախմբուելով: Որովհետեւ, եթէ արտաքին թշնամու դէմ հզօր զէնք է պէտք՝ ուղղակի իմաստով, ապա ներքին թշնամուն յաղթելու, ծնկի բերելու, մեր կամքը թելադրելու համար այլ լծակներ ու միջոցներ կան: Հնարաւորինս անցաւ՝ հասարակութեան համար եւ անարիւն… ամենակարեւորը: Համախմբուե՛նք, համախմբուե՛նք, համախմբուե՛նք: Հաւատանք միայն ինքներս մեզ, հաւատանք եւ արտաքին թշնամին այդքան զօրեղ չի լինի:

Հաւատանք մեր ուժին՝ դա է հարստութիւնը, եւ արմատախիլ անենք մեր արիւնով սնուող՝ շատ փող ունեցող աղքատներին:

 

Լոս Անճելըս, Յուլիս 2016

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ