Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Ասուածն ու չասուածը Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէի գործունէութեան վերաբերեալ

ԱՐԹՈՒՐ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ 

 

2014 թ. Դեկտեմբերի 9-ին Սփիւռքի նախարարութեան եւ անձամբ Տիկ. Հրանուշ Յակոբեանի նախաձեռնութեամբ փառաւորապէս նշուեց Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէի հիմնադրութեան 50-ամեակը:

Ներկաները, այդ թւում նաեւ հաստատութեան նախկին աշխատակիցները, շնորհակալական իրենց խօսքն ուղղեցին Հրանուշ Յակոբեանին, քանզի մոռացութեան մատնուած, համայն հայութեանը` հայրենիքին ու սփիւռքին, մեծագոյն նպաստը բերած հաստատութեան սոյն վերյուշի մեղաւոր-կազմակերպիչը նա էր:

Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէն, պետական հրովարտակով, սակայն որպէս հասարակական կազմակերպութիւն, հիմնադրուել էր Վիկտոր Համբարձումեանի, Մարտիրոս Սարեանի, Հրաչեայ Քոչարի, Էդուարդ Միրզոյեանի, Վարդգէս Համազասպեանի եւ երախտաւոր այլ անձանց կողմից: 1964 թ. հաստատուելով ԱՕԿՍ կոչուած ընկերութեան (Արտասահմանեան Երկրների հետ Մշակութային կապի Հայկական ընկերութիւն) շէնքում, 1965 թ. ստացաւ Ալավերդեան (այժմ Հանրապետութեան) փողոցի թիվ 37 շէնքը (այսօր Յովնանեան հիմնադրամ), որտեղ այն գոյատեւեց մինչեւ 1988 թ., աւելի ճիշդ` 2002 թ.:

1988 թ. Արտգործ. նախարարութեան կազմի մէջ  ստեղծուած սփիւռքի գործերով ու հոգսերով յագեցած նորաձեւ կառոյցին 2009 թ. փոխարինեց Սփիւռքի նախարարութիւնը:

Իմ ու շատերի համոզմամբ, սփիւռքով զբաղուող կառոյցը պէտք է ունենայ միայն հասարակական կառոյցի կարգավիճակ, քանզի սփիւռք ունենում են ոչ թէ երկիրները, այլ ժողովուրդները: Պէտք է, Հայաստանի մէջ, բազմիցս կրկնել այս, հասկանալու համար, որ պետական կառոյցի շրջանակներում նա զգալիօրէն սահմանափակում եւ վտանգում է իր կարողութիւնները:

Իմ երիտասարդութիւնն ու աշխատանքային գրեթէ ողջ կենսագրութիւնն անցել է այդ յարկի ներքոյ` աննշան ընդհատումով:

Այդ ընթացքում պատիւն եմ ունեցել առնչուելու մեր ազգային մեծերի հետ` Ռուբէն Մամուլեան, Ուիլիամ Սարոյեան, Լեւոն Զաւէն Սիւրմէլեան, Մուշեղ Իշխան, Թորգոմ Փոստաճեան, Պերճ Ժամկոչեան, Ռիշար Ժերանեան, Խորէն Տէր Յարութեան, աշխարհահռչակ լուսանկարիչ-արուեստագէտներ` Եուսուֆ Քարշ, Արթին Գաւուք, Արթուր Չոլակ, մեծ բարերար Լուիզ  Սիմոն Մանուկեան, Բենոն Սեւան:

Նրա մասին մի 2 խօսք. կիպրահայ Բենոն Սեւանը եղել էր ՄԱԿ-ի տնտեսական և ընկերային (սոցիալական) խորհրդի քարտուղարը, որը 1980-1988 թթ. իրանա-իրաքեան պատերազմին բերեց հաշտութեան սպիտակ դրօշը եւ կազմակերպեց երկու կողմերի աւելի քան 1մլն. գերեվարուած մարդկանց փոխանակումը, որին յաջորդեց խաղաղութեան գործընթացը:

Առնչուել եմ նաեւ ճանաչուած գիտնական` ցեղասպանագէտ Ռիչարդ Յովհաննիսեանի, ամերիկահայ մեծանուն բժիշկներ` սրտաբան Յակոբ Այնթապլեանի, ուրոլոգ Կարօ Դերձակեանի եւ այլոց հետ: Վերջինս` Կարօ Դերձակեանը, երեք տասնեակ տարիներ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մոտ 1000 մարդու կյանք է փրկել կամ ապաքինել: Այդ մեծ հայի շնորհիւ մութ ու ցուրտ տարիներին, 14 տարի շարունակ, Երեւանի Մուշեղ Իշխանի անուան թիվ 5 դպրոցն ու ուսուցիչները տարին 1-2 անգամ 50-100 դոլարի չափով օժանդակութիւն եւ կրթական օգնութիւն էին ստանում: Յիշեցնեմ, որ այն ժամանակ ուսուցիչների աշխատավարձը կազմում էր մի քանի դոլարին համարժեք դրամ:

Աշխատանքիս բերումով, սակայն, նմանօրինակ յուշերի շարքում դրուագներ կան, որոնք մնացել են թերեւս միայն իմ յիշողութեան ծալքերում. դրանցից են օրինակ` կապուած Գուրգէն Եանիկեանի հետ: Առաջիկայում այդ մասին անպայման հանդէս կը գամ մամուլում:

 

***

Կոմիտէն երեք նախագահ ունեցաւ: Առաջինը սփիւռքը կամրջող ու համահայկականութեան ճարտարապետ, մեծ հայրենասէր Վարդգէս Համազասպեանն էր: Նրա դարակազմիկ գործունէութեան շնորհիւ հայաստանեան հասարակութիւնը ինչ-որ չափով միջազգային ասպարէզ մտաւ, անտեսելով ու շրջանցելով խորհրդային երկաթեայ վարագոյրը:

Սփիւռք ունէին ԽՍՀՄ 10 ժողովուրդներ, որոնցից 9-ը իրենց սփիւռքի հետ, աշխատանքի ծաւալով, անգամ մեր կէսը չէին կազմում: Ի դէպ, Ատրպէյճանը սփիւռք չունէր: Ըստ երեւոյթին, Պարսկաստանի իսկական ատրպէյճանցիները սովետում էթնիկապէս, որ պատմական ճշմարտութիւն է, ատրպէյճանցի չէին որակւում:

Այդ տասից ինն իրենց սփիւռքն ուռճացուած թիւերով էին ներկայացնում, իսկ մենք Ռուսիօ-ցարիզմից սովետ եւ այսօր, տուրք տալով աւանդութեանը, անհարկի նուազեցրել ենք հայութեան թուակազմը, համաշխարհային բոլոր գործընթացներու մէջ, ստուերելով մեր բարի մասնակցութիւնն ու ներդրումը, ինչ-որ տեղ ներկայանալով որպէս փոքր, խեղճուկրակ ժողովուրդ: Հէնց Համազասպեանը բացայայտեց, որ մենք տարածուած ու մեծ ազգ ենք, որ աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ` իրենց մշակութային ու տնտեսական զարգացմամբ, մեծապէս պարտական են դաժան ճակատագրի բերմամբ աշխարհի շատ ու շատ երկրներում յայտնուած սփիւռքահայութեանը: Մեր հէնց այդ մեծ սփիւռքին Տիզպոն-Մոսկուան դիտում էր որպէս սոցիալիստական գաղափարախօսութեան պրոպագանդի լաւագոյն միջոց, որի շնորհիվ Վարդգէս Համազասպեանը կարողացաւ յօգուտ մեր ազգի հրաշքներ գործել` տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, քաղաքական եւ բազմաթիւ այլ ոլորտներու մէջ, ներառելով սփիւռքի գերազանց ոյժերը:

Վարդգէս Համազասպեանը պատմաբան էր, սակայն ստեղծեց հայ ազգային դիւանագիտական դպրոց, որի կամարների ներքոյ շատերը դիւանագիտական արհեստավարժ առաջին փորձառութիւնն առան:

Նրանց շարքում` արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը, որի  «Դիւանագիտութիւն» հոյակերտ աշխատութիւնը հայ դիւանագէտների սեղանի գիրքն է, ապա եւ` Արգենտինայի մեր առաջին դեսպան Արայիկ Յակոբեանը, Բրազիլիայում հիւպատոս Աշոտ Եղիազարեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում երկար տարիների Արտակարգ և լիազօր առաջին դեսպան Գեղամ Ղարիբջանեանը, որի բացառիկ աշխատանքի շնորհիվ` շրջափակուած Հայաստանի Հանրապետութիւնը կարողացաւ աջակցութիւն ստանալ եւ նիւթական ու բարոյական արժէքներով կապուել այդ ոչ-քրիստոնեայ երկրի հետ եւ վերահաստատել ընդհատուած բարի դրացիական յարաբերութիւնները, յայտնի դիւանագէտ, սփիւռքագէտ, լրագրող-հրապարակախօս Ռոմէն Կոզմոյեանը, Քիեւում (Ուկրաինայում) մեր դեսպանորդ Ջիւան Մովսիսեանը:   

***

Թուարկուած 10 ընկերութիւնների շարքում միայն մեր Կոմիտէն էր արտօնեալ եւ շատ ու շատ հարցերում շրջանցում էր համամիութենական բազմաթիւ խոչընդոտներ: Սովորական էին դարձել մեր արուեստագէտների, գիտնականների, մանկավարժների ու երգչախումբ-պարախմբերի անսահմանափակ այցերը սփիւռք:

Սփիւռքը ճանաչեց ու հպարտացաւ հայրենիքով, հայրենիքն էլ` սփիւռքով:

Համազասպեանը մօտեցրեց կրօնական յարանուանութեամբ բաժանուած հայութեանը, նրանց ուղղորդելով դէպի Էջմիածին: Նա բազմիցս անդրադարձել է հայրենիք-կուսակցութիւններ յարաբերութեանը, ընդգծելով, որ հայրենիքին ծառայելը բոլորիս նպատակն ու պարտականութիւնն է, իսկ կուսակցութիւնները սոսկ նրան ծառայելու միջոցներն են:

Մեր երկրորդ նախագահը մտաւոր մեծ կարողութեան տէր Կարլեն Դալլաքեանն աչքի ընկաւ ոչ միայն որպէս սփիւռքը հայրենիքին կապող հրաշալի գործիչ, այլ նաեւ գիտական հիմքերի վրայ դրեց հայրենական սփիւռքագիտութիւնը: Այնուհետեւ` Կոմիտէն կորցրեց իր արտօնութիւններն ու կարգավիճակը, վտարուեց շէնքից, որը յանձնուեց Սոցապ նախարարութեանը, եւ նրա ղեկավար Տիկ. Հրանուշ Յակոբեանն արտօնեց մեզ մի քանի տարի եւս մնալ այդտեղ: Այս առթիւ մէկ անգամ եւս, հանդիսութեանը ներկայ եւ բացակայ` Կոմիտէի բոլոր անդամների անունից, երախտիքի ու շնորհակալութեան խօսք ուղղուեց նրան: Վերեւում նշուեց, որ Կոմիտէն գոյատեւեց մինչև 2002 թ. (ոչ թե 1998 թ.): Բանն այն է, որ ժամանակին 135 հոգուց բաղկացած անձնակազմից մնացած մի 10-15-ն աշխատավարձ էր ստանում մինչեւ 2002թ. աւարտը: Որտեղի՞ց: Բանն այն է, որ Կոմիտէն արտերկրում բարեգործական ներհոսով տարադրամային մի քանի հաշիւ ունէր, որոնց շնորհիվ ի վիճակի էր, շրջանցելով արտերկրում անվճարունակ խորհրդային ռուբլին, ցանկացած երկրից Հայաստանի համար մեր իսկ պատուէրով ստանալ խորհրդային երկրում գոյություն չունեցող գիտական, փորձարարական, բժշկական հազուագիւտ սարքեր, քիմիական նիւթեր, դեղամիջոցներ (օրինակ` ստացանք մի քանի միլիոն դեղահատ Կոլխիցին` պերիոդիկ կամ` Երեւանեան կոչուած հիւանդութեան միակ դեղամիջոցը), գրականութիւն եւ այլն:

Այդ գումարներն անհետացան ՀՀՇ-ականների ձեռամբ: Հրաշքով մի փոքրիկ հաշիւ էր պահպանուել, որի շնորհիւ էլ գոյատեւեցինք մինչև 2002 թ.:

Կոմիտեի խողովակով սփիւռքը մասնակցութիւն է ունեցել հայաստանեան բոլոր կարեւոր իրադարձութիւններին եւ, այդ թւում, Երեւան-Էրեբունու 2750-ամեակի համահայկական տօնական միջոցառումներին: Սակայն, ամենաառաջինը նուիրուած էր Հոկտեմբերեան Յեղափոխութեան 50-ամեակին` 1967 թ. Հոկտեմբերին, երբ 13 վագոնից կազմուած գնացքով Երեւան ժամանեցին բուլղարահայ գաղթօջախի տարբեր համայնքների մշակութային խմբեր` Կիրկոր (Գրիգոր) Կիրկորովի ղեկավարութեամբ, իսկ բուլղարական կառավարական պատուիրակութեանն այստեղ ներկայացրեց այդ երկրի հակաֆաշիստական ղեկավարներից, հասարակական ականաւոր գործիչ, ներքին գործոց նախկին նախարար, «Երեւան» մշակութային-հասարակական կազմակերպութեան ղեկավար, հայազգի գեներալ Գաբրիէլ Գաբրիէլովը: Այդ 10 օրերին խմբերը հանդէս եկան Հայաստանի գրեթէ բոլոր շրջաններում:

Կոմիտէի վերջին միջոցառումը 1997 թ. Ղրիմում կազմակերպուած Գաբրիէլ Արք. Այվազեանի 185 եւ Յովհաննէս Այվազովսկու 180-ամեակին նուիրուած տասնօրեակն էր, որն անցաւ մեծ շուքով: Ղրիմի ինքնավարութեան վարչապետ Անուշաւան Դանիէլեանի կողմից այդ առթիվ ուղարկուած յատուկ ինքնաթիռով Ղրիմ ժամանեց մշակութային մի մեծ պատուիրակութիւն, հիմնականում Երեւանի Սպենդիարեանի անուան Օպերայի եւ Բալէտի Պետական Ակադեմիական թատրոնի անձնակազմը: Հայ երաժիշտները, թատրոնի ղեկավար Տիգրան Լեւոնեանի եւ արքայական Գոհար Գասպարեանի հետ, համերգներով հանդէս եկան Ղրիմ թերակղզու խոշոր քաղաքների մէջ:

Պատուիրակութեան կազմում էր ՀՀ ակադեմիկոս Վարդգէս Միքայէլեանը, որը մի շարք դասախօսութիւններով, ի զարմանս տեղացիների, տեղեկացրեց, որ հայերը Ղրիմում հաստատուել էին դեռեւս Անտիկ շրջանում, իսկ ուշ միջնադարում, Վենետիկի հովանու ներքոյ, գոյութիւն է ունեցել հայկական պետական կառոյց` Armenia Maritima կոչուած Ծովային Հայաստանը:

Հայաստանը Կոմիտէի միջոցով բազմիցս օգտուել է սփիւռքեան նուիրատուութիւն-բարեգործութիւններից, սակայն սփիւռքը չի դիտուել որպէս կթան կով, այլ ըստ ամենայնի, ջանացել է օգտակար լինել սփիւռքի կարիքներին եւ հնարաւորինս փոխհատուցել:

1970-ականի երկրորդ կէսերին Լիբանանում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի տարիներին, յատկապէս` 1978 թ. հաստատութեան աշխատակիցները փաթեթաւորում էին դպրոցական կարիքներին անհրաժեշտ ամէն ինչ` կրթական առարկայական փորձարաններ, ուսումնական տեխնիկա, լուսանկարչական եւ այլ սարքեր, երաժշտական գործիքներ, դաշնամուրներ եւ այլն, որ տասնեակ բեռնատարներով հասցուեցին Օդեսա ու այնտեղից «Ուկրաինա» նաւով Պէյրութ:

Այդ դժուարին գործը ղեկավարում էր Ռոմէն Կոզմոյեանը:

Յաջորդ 2 տարիներին` 1979-1980 թթ., Կոմիտէի Արեւելեան երկրների բաժինը` ղեկավար նոյն Ռոմէն Կուզմոյեանը եւ Սարգիս (Ժակ) Սարգսեանն ու Ներսէս Պետրոսեանը, 22 բեռնատար ինքնաթիռներով Բէյրութ հասցրեցին դեղօրայք, սնունդ, հագուստ եւ անհրաժեշտ այլ բեռներ: Այս մասին Հայաստանում քչերը գիտէին: Մենք մեզ չէինք գովերգում: Այդ ամէնը բարձր է գնահատել լիբանանահայութիւնը, զգալով թիկունքում հզօր հայրենիքի եւ աւելի հզօր Խորհրդային Միութեան աջակցութիւնն ու պաշտպանութիւնը: Այս միջոցառումը մեծապէս նպաստեց գաղթօջախի միասնութեանը: Ինչպէս յայտնի է, Ռուսաստանի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում բաւականին բարեկեցիկ կեանքով ապրում է մօտ 1մլն. հայութիւն:

Ատրպէյճանցիների հրահրմամբ տեղի զինեալ կազակները հայկական բնակավայրերի հայ բնակչութեանը վերջնագիր ներկայացրեցին` հեռանալ, թողնելով ողջ ունեցուածքը, հակառակ դէպքում նրանց նկատմամբ կ՚իրականացուէին բռնութիւններ: Դա 1988 թիւն էր:

Տեղի հայութեան պատուիրակութեան հետ միասին Կոմիտէն Վեհափառ Հայրապետ Վազգէն Առաջինին համոզեց խնդրանքով դիմել Համայն Ռուսիոյ Պատրիարքին, քանի որ անիշխանութեան այդ պայմաններում կազակները միայն նրան կ՚ենթարկուէին, իսկ Կոմիտէի նախագահի պաշտօնակատար Ջիւան Մովսիսեանը կառավարութեան մի քանի անդամների հետ, յատուկ ինքնաթիռով ժամանեցին Կրասնոդար ու Ստավրոպոլ եւ տեղի հայութեանը փրկեցին վերահաս աղէտից:

Վերջին տարիներին շրջանառնւում է բացառապէս սփիւռքեան համայնք հասկացութիւնը: Դա սխալ է: Կարծում եմ ամերիկահայ, ֆրանսահայ, պարսկահայ, վիրահայ կամ այլ երկրների համայնք գոյութիւն չունի, այլ կան ամերիկահայ, ֆրանսահայ, պարսկահայ, վիրահայ գաղթօջախներ եւ նրանց կազմում` քաղաքային եւ տեղական բազմաթիւ ու բազմազան համայնքներ, այսինքն` համայնքն ընդամէնը գաղթօջախի բաղկացուցիչ մասն է:

Հայրենահայութեանը, սփիւռքահայութեանը եւս, 1988 թ. պաշտօնապէս տեղեկացուել էր, որ Կոմիտէն այլեւս գոյութիւն չունի` չկայ: Շատերիս, նաեւ սփիւռքահայութեանը, յատկապէս ֆրանսահայ նշանաւոր նկարիչ Ռիշար Ժերանեանին համակել էր կարօտախտ եւ պատահական չէր, որ Ռոբերտ Քոչարեանը, Վարդան Օսկանեանն ու յատկապէս Վազգեն Սարգսեանը ծրագրել էին Կոմիտէն վերականգնել միանգամայն նոր կարգավիճակով, սակայն 1999 թ. Ողբերգութիւնը կանխեց սկսուած գործընթացը: Բայց պարզւում է, որ Կոմիտէն գոյութիւն ունի եւ կայ: Բանն այն է, որ Սփիւռքահայութեան հետ Մշակութային կապի Կոմիտէն, որպէս հասարակական կազմակերպութիւն, ունէր իր համապատասխան կարգավիճակը, այսինքն` նա կարող էր, համաձայն իր կանոնադրութեան, վերակազմաւորուել կամ լուծարուել միայն ընդհանուր ժողովի (Կոնֆերանսի) որոշմամբ` մասնակիցների թուի 2/3-ի պահանջով ու քուէարկութեամբ:

Քանի որ Կոմիտէն պետական կառոյց չէր, 1988թ. նրա վերացման կամ 1988 թ. լուծարման կառավարական որոշումն անօրինական է, հետեւաբար` մենք կանք եւ մեզ կարելի է ընդգրկել հայրենակառոյց ցանկացած ծրագրերի մէջ, օգտագործելով նրա մնացած վերջին մոհիկան-անդամների սփիւռքագիտական արհեստավարժ կարողութիւնները:

Վերջապէս, հարկ է արժանին հատուցել արժանաւորաց եւ, կարծում եմ, ժամանակն է պետական ամենաարժանաւոր ու բարձր պարգեւի արժանացնել Վարդգէս Համազասպեանին ու Կարլեն Դալլաքեանին` յետմահու:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ