Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Զոռբայութիւնը՝ սեփական բարոյականութեան նորմ…. Յասմիկ Գուլակեան

«Ի՞նչ կարող է շահել այն մարդը, որը տիրացել է աշխարհին, սակայն կորցրել է իր հոգին»:

Ճէյմս Ճոյս

 

Ցաւը խորունկ է։ Այսօրուան Հայաստանը քաղաքականին կողքին կը շարունակէ ապրիլ տնտեսական, ընկերային եւ բարոյական անարդարութիւններու իրականութեան մէջ։ Յասմիկ Գուլակեանի անդրադարձը տեղին է։ Մեր պարտքն է գրել, խօսիլ եւ բարձրաձայնել, համոզուած ըլլալով, որ արդարութիւնը կը յաղթանակէ անպայման։

Ես-ի «հիւանդութիւնը» մենք-ով բուժելն է միակ ուղին, որպէսզի ընկերային արդարութիւնը ոտքի պահենք ոչ միայն Հայաստանի մէջ, այլ նաեւ սփիւռքեան մեր կառոյցներէն ներս։

«Նոր Օր»

 

2012 թուականի Մայիսի սկզբին, երբ արդէն որոշել էի եռատօնին նուիրուած իմ հերթական հաղորդման վերնագիրը՝ «Մայիսեան յաղթանակների բարոյական դասերը» («Վէմ» ռատիոկայան, Սեպտ. 5, 2012), ինձ համար յստակ էր, որ պէտք է «կլոր սեղանի» շուրջ հաւաքէի հայի մաքրամաքուր տեսակի մի ընտրեալ աստղաբոյլ: Առաջիններից մէկը յիշեցի «Երևան» բժշկական կենտրոնի գլխաւոր բժիշկ, Արցախեան ազատամարտի վեթերան Տարօն Տօնոյեանին:

Նորաւարտ վիրաբոյժը կամաւոր մասնակցել է Արցախեան գոյամարտին, որտեղ ոչ միայն նշտրակով է պայքարել, այլև՝ զէնքով… Աւելին, որպէս հրամանատար՝ անգամ ջոկատ է առաջնորդել մարտի…

Այս տարուայ Ապրիլի առաջին օրերին նա կրկին Արցախում էր…

Տարօն Տօնոյեանը տեսել է պատերազմի իրական դէմքը, բազմաթիւ կեանքեր է փրկել, ընկերներ կորցրել… 1994-ից նախկին կամաւորականների ճակատագիրն ու կացութիւնը մշտապէս նրա ուշադրութեան կիզակէտում են. նա ոչ մի կերպ չի կարողանում մարսել զինակիցների մեծ մասին բաժին ընկած սոցիալական ծանր բեռը… Իսկ դա նրա համար սոսկ մտորումների ոլորտի մտահոգութիւն չէ. արդէն քանի տարի «Երևան» բժշկական կենտրոնը նրա ղեկավարութեամբ նորանոր յաղթանակներ է պարգևում մեր վերջին ազատամարտում զոհուածների հարազատներին, վեթերաններին ու նրանց ընտանիքներին` ամէն տարի Մայիսին (ողջ ամսուայ ընթացքում) անվճար վերականգնելով նրանց առողջութիւնը: Այս փխրուն զինադադարի պայմաններում իր աշխատակազմի հետ Տարօն Տօնոյեանը լռելեայն անում է իրօ՛ք շնորհակալ գործ` առանց շեփորելու: Սա բարոյականութեան այն բաց դասն է, որը նա վարում է բոլորիս համար և յանուն բոլորիս…

Բայց քանի որ ոչ մի լաւ գործ մեր իրականութեան մեջ անպատիժ չի մնում, որոշեցին Տարօն Տօնոյեանին զոռբայութեամբ մեկուսացնել թէ՛ իր իսկ հիմնադրած բժշկական կենտրոնից, թէ՛ իր սիրած աշխատանքից, որը նա սիրում է կեանքից աւելի: Եւ դա արւում է «գործընկերոջ» ձեռքով, «գործընկեր», որն արմատներով արցախցի է և այն էլ շա՜տ հանրայայտ արցախցու որդի… Այդ ընտանիքին լաւագոյնս ճանաչողներից մէկի վկայութեամբ՝ Արցախեան ազատամարտի հէնց սկզբին Տարօն Տօնոյեանի ապագայ «գործընկերը»  ճողոպրել է բանակից ու ռազմաճակատից և փափուկ կեանք վայելել Երևանում… (Եթէ այս տեղեկատուութիւնը սխալ է, առաւել իրազեկներին խնդրում եմ ճշդել, թէ ե՛րբ, որտե՛ղ և ո՛ր զօրամասում է ծառայել Հայկ Զօրիի Բալայեանը…)

Թէ բարոյական ի՞նչ նորմ Տարօն Տօնոյեանին տարաւ մարտի դաշտ, հասկանալի է բոլորիս: Անհասկանալին, թերևս, բարոյական այն նորմն է, որով այսօր ուզում են Տարօն Տօնոյեանին զրկել իր վաստակից, իր ձեռքբերումներից…

Արցախեան ազատամարտի մասնակիցները, յատկապէս՝ կամաւորականները, բարոյական արժէք լինելուց առաջ, ազգայի՛ն արժէք են, աւելի ճիշդ` ազգային արժէքը միշտ էլ բարոյակա՛ն արժէք է: Որքանո՞վ է բարոյական Տարօն Տօնոյեանին ու նրա նմաններին ցուցաբերուող վերաբերմունքը մեր երկրում…։

 

ՅԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿԵԱՆ

 

Յ. Գ. – Մէկ անգամ ևս, առանց զլանալու, ուզում եմ ասել, որ այսօր մեր ժողովուրդն առաւել հոգևո՛ր առաջնորդի կարիք ունի. մեզ հարկաւոր է այնպիսի՛ անհատ, որը կը կարողանայ վերականգնել գլխիվայր շրջուած բարոյական համակարգն ու ազգային արժէքները…

Անկախութեան շրջանում ՀՀ-ում ձևաւորուել է «սեփական բարոյականութեան» նորմ՝ զոռբայութիւն՝ «սեփական անձի արտակարգ կարևորութեան» զգացում… Եւ ի՞նչ կարող է անել ամենակարող զոռբաների մեր ժամանակներում մտաւորականը, երբ անպարկեշտութիւնը, որպէս օրինական նորմ, վերածուել է մասնագիտութեան… Մտաւորականի կողքին պարտադիր է դարձել «ուժեղի» ներկայութիւնը, որպէսզի նրան ղեկավարի: Իսկ ղեկավարել այսօր շատերն են փափաքում, անգամ` ամենաապաշնորհները: Որքանո՞վ է սա բարոյական…։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ