Կիրակի, Նոյեմբեր 10, 2024

Շաբաթաթերթ

Հայրենիքիս մէջ. Յարութիւն Աւագ Քհնյ. Տ. Մեսրոպեան

Նիւթեր պատմութեան համար. (Յուշեր)

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԱԳ ՔՀՆՅ. Տ. ՄԵՍՐՈՊԵԱՆ

 

1924 թուի Սեպտեմբերի 12-ին, Ջուլֆայից գնացքով ճանապարհուեցինք դէպի հայրենիք։ Մեր շոգեկառքը կանգ առաւ Արարատ կայարանում (Նախիջեւան – Դարալու) որտեղ վար իջանք։ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչը, որ ուղեկցում էր մեզ, մեկնեց Երեւան։ Մի քանի օր յետոյ յայտնեցին, որ Չիմանաքանդի լերան լանջին գտնուող Շաղափլու գիւղում պիտի բնակուենք։ Կառավարութիւնը խոստացաւ մեզ տրամադրել շինանիւթ, եզ եւ սերմացու։ Այդտեղ մենք պիտի զբաղուէինք երկրագործութեամբ։ Հայրենադարձներից մի քանիսը, որոնց թւում եւ ես, խնդրեցինք կառավարութեան ներկայացուցչից, ազատ թողնել մեզ, բնակութեան վայր ընտրելու հարցում։ Մեր առաջարկը սիրով ընդունուեց եւ շատերը գնացին ու հաստատուեցին իրենց հարազատների մօտ։ Ես եւ կինս Աղաւնին իջեւանեցինք Աւշար գիւղում, մեր ազգականների մօտ։

Մի քանի օր յետոյ մեկնեցի Երեւան, գործ գտնելու նպատակով։

Արարատեան թեմի ժամանակի Առաջնորդն էր Տ. Խորէն Արք. Մուրադբէգեանը, որը յետագային ընտրուեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Ուղղակի գնացի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին, որը գտնւում էր Զանգու  գետի ձախ ափին, բարձրութեան վրայ եւ մայրական գթոտ աչքերով, դարերից ի վեր հսկում էր Ձորագէսի բնակիչներին։

Երջանկայիշատակ արժանաւոր հոգեւորականը ինձ ընդունեց հայրական ջերմ սիրով։

Սրբազան Առաջնորդի հարցերին պատասխանեցի մի առ մի, եւ աւելացրի, որ վանեցի եմ, սովորել եմ Վանի Լիմ անապատի Ս. Գէորգ վանքի դպրոցում, Յովհ. Ծ. Վրդ. Հիւսեանի օրօք։ Ապա անցել եմ հազարաւորների հետ Միջագետք, ու նոր եմ վերադարձել մայր հայրենիք։ Վերջում խնդրեցի որ ինձ ընդունեն Երեւանի եկեղեցիներից մէկում, որպէս դպիր կամ սարկաւագ։ Առաջնորդ Սրբազանը ամենայն ուշադրութեամբ լսեց իմ խօսքերը, իսկ երբ վերջացրի, նա մի պահ լուռ մնաց, յուզուեց եւ ապա սկսեց արտասուել…

Ես եւս յուզուեցի ու շփոթուեցի։ Տէր Աստուած. ես ի՞նչ ասացի, որ այս մարդուն  այսքան յուզում պատճառեց։ Աւելի քան 5 տասնեակ տարիներ են անցել այդ երանաւէտ օրից, սակայն կեանքում այսքան յուզիչ ու սրտաբեկ րոպէներ չեմ ապրել, եւ բնաւ չպիտի մոռանամ այդ պահերը։

Վերջապէս, լռութիւնը խզեցի.

– Սրբազան Հայր, ներողամիտ եղէք որ վշտացրի եւ ալեկոծեցի Ձերդ սրբազնութեան ներաշխարհը, թոյլ տուէք գնամ…

– Ոչ, ոչ, զաւակս դուք ինձ չվշտացրիք, ես արդէն հոգով խռոված եմ եւ յուզուած վիճակ ունեմ, սիրտս լեցուած ու դառնացած է։ Ձեր պատմածը աւելի յուզեց ինձ։

Ձեր խնդրանքը եւ փափաքը փոթորկեց իմ ողջ էութիւնը։ Զարմանում եմ եւ ուրախանում միաժամանակ, որ այս դժուարին ու ծանր պայմաններում, դեռ կան հաւատացեալ երիտասարդներ, որոնք ներքին մղումով, ուզում են ծառայել  մեր սուրբ եկեղեցուն։

Ապա Խորէն Սրբազանը գրիչը վերցնելով, մի յանձնարարական գրեց, ուղղուած Երեւանի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցու հովիւ՝ Յակոբ Աւագ Քհնյ. Խաչվանքեանին, որ ինձ ընդունի եկեղեցում, որպէս սարկաւագ։

Նոյն օրը երեկոյեան, յանձնարարական նամակը յանձնեցի ըստ պատկանելւոյն։ Տէր Հայրը եւ եկեղեցու աւագ սարկաւագ՝ Յուսիկը ցանկութիւն յայտնեցին լսելու իմ ձայնը։ Ես երգեցի Ներսէս Շնորհալու «Առաւօտ լուսոյ» շարականից մի քանի մասեր, որոնք մեծ հաւանութեան արժանացան։

Յաջորդ օրը Աւշար գիւղից ընտանիքս փոխադրեցի Երեւան եւ բնակութիւն հաստատեցի Պօղոս-Պետրոս եկեղեցու շրջափակում, ինձ յատկացուած բնակարանում։

Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցին գտնւում էր Աբովեան պողոտայի վրայ։ Ստացած ռոճիկս չէր բաւարարում մեր ծախսերին, ուստի որոշեցի մի ուրիշ գործով եւս զբաղուել։  Շատախցի Վարդանի մօտ սովորեցի լուսանկարչութիւն եւ սկսեցի այդ արհեստով պարապել։ Ապա, աւելի ուշ, վանեցի Տ. Զաքար քահանայից սովորեցի  ժամագործութիւն եւ սկսեցի  աշխատել ժամագործ Կարապետ Ժամագործեանի խանութում։

 

«Կեանքի յուշեր» հատոր (1938-1978, Ղազուին, Իրան)

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ