Շաբաթ, Ապրիլ 27, 2024

Շաբաթաթերթ

Նոր տարի, նոր տարի, գալդ թող լինի բարի…

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

    … Որքան էլ որ թոհ ու բոհ է աշխարհի տարբեր անկիւններում, միեւնոյնն է` մարդիկ ուրախութեամբ են դիմաւորում Ամանորը, նոյնիսկ Սիրիայի ազատամարտիկների կացարանում, եւ, իհարկէ նաեւ Ղարաբաղի խրամատներում:

    Ամէն Նոր տարին չէ, որ ուրախութիւն, երջանկութիւն է բերում մարդուն երկրագնդի տարբեր անկիւններում: Մի երկրում արիւն է հեղւում, մարդկային արիւն, մէկ ուրիշ տեղ արժեքազրկւում է երկրի դրամը, մէկ այլ տեղ նոր օրէնք է հրապարակւում միասեռականների վերաբերեալ, եւ այսպէս` խելամիտ, ու շատ անգամ էլ անմիտ ու վտանգաւոր որոշումներ աշխարհի բոլոր ծալքերում:

    Մի խօսքով` Նոր Տարի, նոր սպասելիքներ, նոր յուզումներ, նոր երջանկացած զոյգեր, եւ, ինչո՞ւ չէ, նոր հիասթափութիւններ:

    Այս վերջին` «Հիասթափութիւններ» զգացողութիւնը չափազանց յատուկ է մեր երկրին, Հայաստան աշխարհին եւ նրա անբաժան մտահոգութիւններին մասնակից եւ դրանք իրենը համարող Սփիւռքին, որը ի հեճուկս հայրենի որոշ իշխանաւորների, շատ աւելի ՀԱՅ  է եւ է՛լ աւելի մտահոգ հայրենիքի ապագայի համար, քան իրենք` հայրենի ժողովրդին դէպի «լուսաւոր ապագայ առաջնորդող» իշխանութիւնը:

    Չգիտեմ, թէ Հայաստանի միջազգային պարտքը քանի միլիարդի կը հասնի գալիք` 2017 թուականին, բայց վստահ եմ, որ ինչպէս արեւմտահայը կ՚ասի` ապագայ սերունդներուն ճիտին պարտքը պիտի ըլլայ այսօրուան Հայաստանի իշխանութիւններու ապիկար գործունէութեան հետեւանքով սնանկացած մեր հայրենիքին պարտքը վճարելը…:

    Չէ, ոչ, յաջողակ տարի չեղաւ Հայստանում 2016 թուականը: Մեր դարդն ու ցաւը հայրենիքն է, թէ չէ ի՛նչ` Սփիւռքն ինքն իրենով քիչ թէ շատ բաւարար պայմանների մէջ է: Մեր մտահոգութիւնները ի սկզբանէ կապուած են Մայր Հայրենիքի հետ:

    Անցնող տարուայ ընթացքին հայրենիքի հարուստն է՛լ աւելի հարստացաւ, աղքատն էլ` է՛լ աւելի խրուեց պարտքերի մէջ ու տոկոսախեղդ եղաւ: Շատերն էլ կորցրին ինչքն ու պապենական տունը: Այս է իրականութիւնը, որից փախուստ առայժմ չկայ եւ հորիզոնում էլ չի երեւում:

    Էլի, նորից, ինչպէս ասում են` մեր վրայ չեկաւ Ապրիլը: Մենք, որ մշտապէս երազում ենք Ապրիլն ապրելու ամսի վերածել` չի լինում, չի ստացւում, եւ  ցաւալին այն է, որ բազմաթիւ երկրներ, որոնք սկսել էին վերջին տարիներին համակրանքով լցուել մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հանդէպ, սկսել են նկատելիօրէն վերապահութիւն ցոյց տալ մեզ վերաբերուող քաղաքական, շատ անգամ էլ ճակատագրական հարցերում: Մեր ասածի լաւագոյն փաստը աշխարհի անտարբեր հայեացքն էր Ղարաբաղեան պատերազմի իրադարձութիւնների վերաբերեալ:

   Հայաստանում եւ Սփիւռքում Եղեռնի օրը նշելու նախապատրաստութիւնների բովում, խախտելով միջազգային օրէնքները, Ապրիլի 2-ին Ատրպէյճանը ուխտադրուժ կերպով յարձակուեց Ղարաբաղի վրայ:

    – Վա՜հ, տօ՜,- կ՚ասէր թիֆլիսեցի բարեկամս,- էդպէս էլ բան կ՚ուլի՞…(կը լինի՞), առանց խաբար տալո՞ւ…

    – Ի՞նչ խաբար, լուր տալ,…,Կ՚ուլի՜, կ՚ուլի Սերգէյ ջան, ի՞նչ խաբար-մաբար, դու թուրք-ազերիի հետ գործ ունես ախպե՜ր, շուն թուրքի հետ, որը գիտի միայն մորթել, ջարդել, փշրել, սրախողող անել մօր արգանդում լոյս աշխարհ գալուն սպասող մանչուկին: Վա՜յ…մեղայ, մեղայ, ներիր Աստուած իմ` թուրքին շուն անուանելուս համար… Ակամայ յիշեցի մի դէպք:

    Ոչինչ, չէ՞, որ մի փոքր շեղուեմ:

    Տարիներ առաջ, 1985-ին, երբ Լոս Անճելըսում նշում էինք Մեծ Եղեռնի 70-ամեակը, գրական նիւթի մէջ ես թուրքին շուն էի անուանել: Դրուատելով գրական-երաժշտական փառահեղ երեկոն`«Սիփան» երգչախմբի եւ սիմֆոնիկ նուագախմբի մասնակցութեամբ, կաթողիկէ վարդապետ Հայր Օգոստինոս Սէքուլեանը մի յիշատակելի դիտողութիւն էր արել, պնդելով, որ երբեք չի կարելի թուրքին շան հետ համեմատել:

    – Անուանեցէք թուրքին ինչպէս որ կ՚ ուզէք, բորենի, արիւնախում գազան եւ այլն, բայց երբեք չնմանցնէք շունին հետ, որովհետեւ շունը մարդուս ամէնէն մտերիմ եւ հաւատարիմ բարեկամն է,- իր նամակում գրել էր Հայր Սուրբը: Հէնց այդ նամակի ազդեցութեան տակ էլ հետագայում, Պոլսում եղած ժամանակ ես գրեցի իրական դէպքերի հիման վրայ շարադրուած իմ «Շունն ալ սիրել գիտէ» պատմուածքը:

    Այսպէս. 2016, Ապրիլ 2-4: Աշխարհասփիւռ հայութիւնը մէկ մարդու պէս պատրաստ է գնալ Ղարաբաղ` պաշտպանելու Ղարաբաղի անկախութիւնը: Միասնականութեան ոգին ամրագրուել է իւրաքանչիւր հայորդու հոգում: Հարիւրաւոր մարդիկ, առանց պետական հրահանգի, ինքնուրույն մեկնում են ճակատ: Պարէնով լեցուն խանութպանի մեքենան սուրում է հայոց լեռների միջով, ջուր եւ սննդամթերք հասցնելու համար կռուող զինուորներին  ու աշխարհազօրայիններին:

    Ու երբ, մերոնք նոր գրոհ են կազմակերպում գրաւեալ տարածքները վերադարձնելու համար, գալիս է հրամանը` ԿԱՆԳ ԱՌ, զինադադար է յայտարարուած: – Այդ ինչպէ՞ս,- անզօրութիւնից կարկամած հարցնում են հրամանատարի շուրջը բոլորուած զինուորները:

    – Հէնց այդպէս,- պատասխանում է պարարտ փորով կերած-խմած գեներալը, որը պարտաւոր է կատարել վերեւից եկած հրամանը: Էն էլ` ԱՄԵՆԱՎԵՐԻՆ ՄԱՐՄՆԻՑ, Փութինեան Ռուսաստանից:

     – Բա՜, պանն էդպիսի, կ՚ասէր Վանը կորցրած վանեցին:

    Այո, բանն այդպէս է: Ռուսի ոտը ամրօրէն մեխուած է Հայաստան աշխարհի հողի վրայ դեռ է՜ն հեռաւոր օրերից` 1828 թուականից: Դեռ Աշխարհաբարի ստեղծիչ Խաչատուր Աբովեանն էլ ասում էր` «Օրհնուի էն օրը, որ ռսի ոտը մտաւ հայոց հողը»: Էն էլ ո՜նց մտաւ…

    – Մտել ա` ու դուրս չի գալի…,- ասում է գիւմրեցին:

    – Որ  տուս կյա` մենք ի՞նչ տինք անելի,- ասում է ղարաբաղցին:

    Մենք էլ ենք ասում` «Դուրս մի արի», դուրս գաս, որ 70 միլիոնանոց թուրքն ու նրա կրտսեր եղբայր, 7 միլիոն ազերին մեզ հում-հում ուտե՞ն: Դեռ էն վախտ, գեներալ Պասկեւիչի օրերին, ոտդ դրել ես մեր հողին ու` մինչեւ վերջ հուպ ես տալի: Էլ ո՞ւր ես էրթալի,- էլի մէջ ընկաւ էս վանեցին,-… Ժողովուրդը շատ ա իմաստուն է՜…: Պատահական չի, որ ասում ա` «ասինք զարկ, չասինք սպանի…»: Աստուածային օրէնք կայ ռուս ախպեր. Քրիստոնեան` միշտ Քրիստոնեայի կողքին պիտի լինի:

    Մի օրէնք էլ կայ, դա էլ` փորձառութեան, աչքը տեսածի օրէնք է: Արի յիշենք բարեկամս. <«Էն ձեռը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր ճակատիդ…»:

    Էդ էլ անում ենք էլի՜, էլ ի՞նչ ես ուզում,  մեզ մի խեղդի ստորակայութեան բարդոյթի մէջ: Ախր մենք հի՜ն, հնից էլ հին ազգ ենք: Դարերի մշակոյթով ու, դժբախտաբար` հեզ բնաւորութեամբ (դրա համար էլ հա հուպ ես տալի…): Մեր անսպառ համբերութիւնը` մեր չարիքն է ու` դժբախտութիւնը նաեւ:

    Հայաստանի եւ Սփիւռքի ամբողջ գործունէութիւնը անցնող տարում` այս կամ այն կերպ կապուած է Ռուսաստանի հետ: Երբեւէ ռուսի ներկայութիւնը հայ ժողովրդի կեանքից ներս` այդքան ցցուն չի եղել, որքան 2016 թուականին:

    «Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ»,- ասում է քաղաքագէտ Ռուբէն Մեհրաբեանը եւ աւելացնում.- Հայ-ռուսական բարեկամութեան առասպելը վերջնականապէս փուլ եկաւ ապրիլեան պատերազմի օրերին, երբ ազերիները հայերի վրայ սկսեցին կրակել ռուսական զէնքերից:

    Շինծու, կեղծ բարեկամութեան լաւագոյն օրինակներից մէկն էլ, անկասկած, ռուս զինուորական Պերմեակովի հետ կապուած քստմնելի պատմութիւնն է, երբ ռուսները նրան չյանձնեցին հայերին, եւ միայն ժողովրդի բուռն ընդդիմութեան շնորհիւ, հնարաւոր եղաւ համաձայնութիւն կորզել` յանցագործին դատել հայկական դատա-րանում, եւ սակայն… ռուսական հողում, Գիւմրիի ռուսական զինուրական ստորա-բաժանում:

    2016 թուականին հայ-ռուսական փոխյարաբերութիւնների տարօրինակ ձեւերը կրկնապատկեցին անվստահութիւնը պուտինեան Ռուսաստանի դէմ: Եվ ամէն ինչ այս նոր քաղաքականութեան մէջ տանում է նրան, որպէսզի ռուսները վերացնեն Հայաստանի պետական կառուցուածքը եւ վերջնականապէս ենթարկեն իրենց: Ինչպէս դարձեալ մեկնաբան Մեհրաբեանն է նշում.

     «…Ենթարկել տալ Հայաստանին եւ դարձնել Ռուսաստանի նահանգներից մէկը»: Եւ նման սադիստական գաղափարին ուժ ենք տալիս մենք բարձրագոչ յայտարարելով, թէ պէտք է զօրացնել ռուսերէն լեզուի իմացութիւնը Հայաստանում: Դեռ ցանկութիւն էլ կայ ռուսերէնը դարձնել պետական երկրորդ լեզու:

    – Ռուսաց լեզուն առաւել տարածուած է Հայաստանի Հանրապետութիւնում եւ մենք շահագրգռուած ենք, որ այն աւելի ամրապնդուի,- ասում է նախարար Լեւոն Մկրտչեանը:

    Չի բացառւում, որ ռուսների հեռահար նպատակն է գրեթէ ամբողջովին դատարկել Հայաստանը եւ բաւարարուել միայն ու միայն Երեւանի Նահանգով, այսինքն երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսի եղել է նախանցեալ դարում: Անշուշտ, այդ պարագային կը վերանան Հայաստան աշխարհի բոլոր գիւղերը եւ դրանց փոխարէն վեր կը խոյա-նան թունաբեր, շրջակայ միջավայրն աղտոտող քիմիական, հանքարդիւնաբերական գործարանների ծխնելոյզները, որոնց արտաբերած թունաւոր գազերը կը հասնեն նաեւ Երեւան:

    Այո, Փութինեան Ռուսաստանը ցանկանում է Կայսերական Ռուսաստանի նման հայերին ամբողջացնել, ինչպէս կ՚ասէր մայրս, «պստլիկ» Երեւանի նահանգում: Հէնց այդ նպատակի համար էլ արդէն քանի տարի, լայնօրէն բացել է ճամբէքը հայերի առաջ եւ օրնիբուն զբաղուած է նրանց տեղահան անելով իր մայր հողից, իր հայրենիքից, տանելով ու տարածելով հսկայական ռուսական կայսրութեան մէջ:

    Ապրիլեան պատերազմի արդիւնքում, հայ ժողովուրդը համոզուեց, որ ինքը միայ-նակ է, բարեկամ չունի, ու յոյսը պիտի դնի միայն ու միայն ի՛ր վրայ: Հասկացաւ նաեւ, որ ռուսական կողմի դրդմամբ  ազերին ներխուժեց Ղարաբաղ:

    Յուսահատութեան ու անհեռանկար վիճակի արդիւնքում ոտքի ելան «ամբոխները խելագարուած»: «Սասնայ Ծռեր» խմբաւորման տղաները 8-10 օր շարունակ պաշարեցին Երեւանի պետական ոստիկանական կենտրոնը` յոյս ունենալով լսելի դարձնել` ժողովրդի թարգմանը դարձած իրենց ձայնը:

    Անհեռանկար, ոչ ծրագրային գործողութիւնների ընթացքում նրանցից ոմանք յայտնուեցին բանտում, մի քանիսն էլ անդամալոյծ դարձան հայրենակցի կողմից արձակուած հրազէնի կրակոցից եւ մէկ ոստիկան էլ մահացաւ:

    Ճիշդ է, գործնական արդիւնքի չհասաւ համեմատաբար փոքրաթիւ անդամներով համալրուած  ՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ խումբը, սակայն խախտեց պետական-իշխանական համակարգի մտայնութիւնը: Իշխանութիւնը հասկացաւ, որ գաղափարական ազնիւ ու լրջմիտ մտածումներով տոգորուած Սասնայ Ծռերի տղաները իրենց գործողութիւններով ժողովրդի կամքն են արտայայտում:

    2016 թուականի վերջին ամիսներին նորանշանակ վարչապետ Կարէն Կարապետեանը երկու տասնեակ նորանշանակ նախարարների եւ պետական կառոյցների ղեկավարների հետ որոշեցին նիւթական օգնութիւն ցոյց տալ Ղարաբաղեան պատերազմում զոհուած զինուորների ընտանիքներին եւ Ղարաբաղի բանակին: Այդ նպատակի իրականացման համար սկսեց գործել 1000-ական դրամ հաւաքելու արշաւը: Լաւ, առողջ մտայղացում է. խօսք չկայ:

    Բայց` դիւրին է ասելը` 1000 դրամ: Ճիշդ է, մեր տոլարին համարժէք` 2 եւ մի փոքր էլ աւելի տոլար է 1000 դրամը: Սփիւռքի հայի համար դա գումար չէ: Այսօր հազիւ թէ կարողանաս մէկ բաժակ ամերիկեան սուրճ գնել։ Բայց հայաստանցու համար1000 դրամը փող է, արժէք, մանաւանդ օրը 2-3 հազար դրամ աշխատողի համար:

    Յարգելի պարոն Վարչապետ, եթէ կարող էք, սկզբում դատարկեցէք մեծահարուստ-ների` ժողովրդից ու միամիտ, դիւրահաւատ պիզնեսմէն «ախպարներից» խլած, թա-լանած գումարները յատկացնել 1000 դրամ արշաւին, յետոյ նոր միայն անցէք ժողովրդին:

     2016 թուականի մշակութային կեանքը առանձնապէս չփայլեց նորանոր ձեռքբե-րումներով: Տեխնիկան գնալով էլ աւելի է բեմից դուրս մղում կենդանի ձայնն ու կեն-դանի հնչողութիւնը: Մարդիկ 100-200 տոլար են վճարում եւ 5 ժամ շարունակ պար-տաւորուած են  դիտել ու լսել ձայնագրութեան ու արտիստի շրթունքների անհա-մատեղ շիլափլաւը: Եւ սրանք հիմնականում հայաստանեան «արտիստներն» են, որոնք ամէն տարուայ պէս գալիս են «աշնան բերքահաւաքի»:

    Ամբողջ տարին եկան ու գնացին բազմատեսակ խմբեր, անհատ կատարողներ: Մենք դէմ չենք, թող էլի գան ու գնան, բայց գան` նոր, թարմ ծրագրերով ու նոր մտայղացումներով:

    Ինչպէս ամէն տարի, այս տարի նոյնպէս, Գոհաբանութեան օրը տեղի ունեցաւ «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած Թելեթոնը, որի առնչութեամբ Քաղաքա-գիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանը գտնում է, որ նոր Սփիւռքը (նկատի ունի Հայաստանից արտագաղթածներին,- Հ. Ա.) «Ո՛չ ֆինանսապէս, ո՛չ ինտելէկտով բարեգործութիւն անելու մակարդակ չունի»:

    – Տօ՜…, լսիր, ընկեր, էդ ո՞նց, էդ ո՞վ է պահում այսօր Հայաստանի ժողովրդին: Այո՛, հայաստանցի սփիւռքահայը, ճիշդ է, այնքան դրամ չի տալիս Թելեթոններին, բայց դրա փոխարէն ամբողջ տարին, ամսէ-ամիս դրամ է ուղարկում ոչ միայն իր հարա-զատներին, այլեւ անծանօթ մարդկանց ու հիւանդների: Հայաստանցին փորձ ունի, գիտի, որ ուղարկած դրամների առիւծի բաժինը մսխւում է: Կորել է, կորե՜լ վստահու-թիւնը Հայաստանի իշխանութիւնների հանդէպ: Հայաստանցին փորձ ունի, փո՜րձ…

    Ա՛յ՝ միամիտ, դիւրահաւատ իսկական սփիւռքահայը, որ ամբողջ կեանքում ապրել է Մայր Հայրենիքի տեսլականով ու երբեք չի եղել Հայաստանում, նա` տուել է եւ միշտ է տալիս:

    Աւարտուեց 2016 դժուարից էլ դժուարին տարին` Հայաստանի Հանրապետութեան նախագահ Պարոն Սերժ Սարգսեանի հետեւեալ կոչով.

    – Անհանդուրժողականութեան կամ կուլակաթափութեան կոչերով ո՛չ մի տեղ չէք հասնի:

    Երանի՜  թէ Պարոն Սարգսեանը հասկանար իր ասածի միտք բանին: Եթէ դու քո յորդոր-կոչի մէջ օգտագործում ես «Անհանդուրժողականութիւն» եւ «Կուլակաթա-փութիւն» բառերը, կը նշանակի ժողովրդի մէջ կայ անհանդուրժողականութիւն իշխանութիւնների հանդէպ: Իսկ ինչ վերաբերւում է «Կուլակաթափութեան»ը, մի բառ, որ 70-80 տարի է դուրս եկել մեր բառապաշարից, մեր նախագահը ըստ երեւոյթին նկատի ունի այսօրուայ Հայաստանի միլիոնա-միլիարդատէրերին, որոնց հնարաւոր չէ ձեռք տալ ու կուլակաթափ անել…, ուրեմն, եկէք մեր յոյսը դնենք 1000-ական դրամների վրայ:

    Գալիք Նոր Տարում գուցէ թէ Հայաստանում ստեղծուի հանդուրժողականութեան մթնոլորտ, որին սպասում ենք արդէն 25 տարի, եւ, մէկ էլ , թող մեր Կուլակ ընկերները նոր տարում արժանապատիւ տղամարդու վարմունքին յարիր կեցուածք ընդունեն եւ իրենց կարողութեան գէթ մէկ քառորդը նուիրեն Հայաստանի ժողովրդին` նրան, իմ կարծիքով ազատելով մեր ազգութեանը այս կամ այն կերպ նուաստացնող 1000-ական դրամաարշաւից:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ