Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Խօսք երախտագիտութեան՝ առ Գերաշնորհ Տ. Վաչէ Արքեպիսկոպոս Յովսէփեան

Մարդ արարածի արժանավայել ապրած կեանքի թողած հետքը նրա արարքների չափանիշն է, որում բացայայտւում են նրա կարողութիւններն ու ունակութիւնները եւ բնաւորութեան լաւագոյն յատկանիշները։ Ուստի, մարդն իր կարճատեւ կեանքի ընթացքում շռայլում է իր հոգում ամբարուած բարութիւնը, իր կենսատու ջերմութեամբ իրեն շրջապատող «երկրում» ուրիշին հասնելու, օգնելու պատրաստակամութեամբ է օժտւում, առաջնորդւում է «մերձաւորիդ սիրիր անձիդ պէս» Աստծոյ պատգամով, «մոմ ես ինչպէս ճրագ, շրջապատիդ լուսաւորիր ինչպէս կրակ» Աստուածածին խորհրդով, քրիստոնեային վայել ապրելու, արարելու Աստծոյ օրհնութեամբ։

Ահա այսպիսի մի կրակ տարիներ շարունակ ջերմացնում է լոսանճելըսահայ համայնքին, բոցավառելով հայի հոգին, զօրացնելով քրիստոնէական հաւատքը։

Եւ եթէ «ծառն արմատով է ծառ, տունն հիմքով է տուն, ապա հոգեւոր հովիւը հովիւ է իր եկեղեցիով, իր հաւատքի զօրութեամբ ու անմնացորդ նուիրումով,  որ ի գին բարոյական ու ֆիզիքական տառապանքի հաւատացեալի համար այրւում է անուշաբոյր խնկի պէս եւ հալւում մարմրող մոմի նման լուռ ու հանգիստ…։

Այսօր մենք հպարտանում ենք տարիների ընթացքին իրենց ինքնութիւնն հաստատած անուն ու մեծ պատիւ վաստակած այն հոգեւորականներով, որոնք հաւատացեալ հայ մարդու տկար հաւատքի զօրացնողներն են եւ հայի հոգում հաւատքի սերմեր ցանողները։

Ուստի չեմ կարող խորին ակնածանքով չխօսել ամէնուր ճանաչուած ու յարգուած նախկին Առաջնորդ, Գերաշնորհ Տէր Վաչէ Արքեպիսկոպոս Յովսէփեան Սրբազան Հօր մասին, ով մեծ սէր ու վստահութիւն է վայելում հայ եւ օտար համայնքներում եւ Հայաստանում։

Երախտագիտութեան զգացումը կրակի պէս միշտ բորբոքւում է եւ ժամանակ առ ժամանակ պոռթկում եւ ուզում ես ի լուր աշխարհի յայտնել երախտաբեր մարդուն յատուկ շնորհակալութիւնը…։

Այսպիսի մի պոռթկման արտայայտութիւն է իմ այս գրութիւնը մեր հին ու դժբախտ օրերի վերյուշի ու գնահատանքի (թէեւ շա՜տ ուշացած)։

Անցած 36 տարիները մշուշով են պատել մեր ընտանիքի յիշողութեան ծալքերը, սակայն անցեալ դարձած դառնացած օրերի վերյուշն էր ինձ խեղդում գրելու ձգձգուած տարիների զգացումս, եւ վերջապէս երախտիքիս զգացումը զգացնել տուեց…։

***

1978 թ. մեր ընտանիքը Հայաստանից արտագաղթեց եւ բնակութիւն հաստատեց Լոս Անճելըս քաղաքի ազգերի խառնարանում։

Չունէինք ոչինչ, սակայն ունէինք սէր ու անմնացորդ նուիրում, փոխադարձ ու համերաշխութիւն, որոնք մեր ընտանիքի հիմքն էին։ Միակ աշխատողը աւագ որդիս էր։ Աղջիկս ու վեց տարեկան տղաս սովորում էին ամերիկեան հանրակրթարան դպրոցում, ես ու ամուսինս էլ լեզու էինք սովորում՝ մասնակցելով անգլերէնի դասընթացքներին։ Երջանիկ էինք, քչով բաւարարուելով՝ ապրում էինք խաղաղ ու հանգիստ կեանքով։

Սակայն այնտեղ, ուր երջանկութիւնն իր բոյնն է հիւսում, այնտեղ երբեմն դժբախտութիւնը սառն շուրթերով համբոյր է դրոշմում նրա ջերմ ու տաքուկ շուրթերին։

1980 թ. որոշեցինք կօշիկի վերանորոգման մի փոքր արհեստանոց բացել։

Քանի որ ձեռներէց ու կարող ուժը աւագ որդիս էր, ուստի նա մեր հարեւան Զաւէնի հետ, մի հոյակապ անձնաւորութիւն, ձեռնամուխ եղան օրինականացնելու մեր գործատեղին։

Սակայն… սակայն այդ չարաբաստիկ օրը ճակատագրի սեւ ուրուականը նրա մահկանացուն կնքեց, անդառնալիօրէն կորցրինք ապագայի նկատմամբ մեծ հաւատով ու յոյսերով լեցուն կենսախինդ ու եռանդուն մեր կեանք ու արեւին, մեր հոգուն,  մեր լոյսին, ով մեզ համար անփոխարինելի էր, մեզ համար ամէն ինչ, մեր պահապան հրեշտակին՝ 21-ամեայ որդուն…։

Անծանօթ երկիր, օտար միջավայր, ոչ հայաշատ համայնք, լքուած ու մենակ, պարտադրուած միայնակ տանելու ահաւոր վիշտն ու սուգը, կսկիծն ու թախիծը…։

Ահա այդ օրերին մեզ համար Աստուածային պարգեւ էր Գերշաշնորհ Առաջնորդ Վաչէ Արք. Յովսէփեան Սրբազանի օրհնաբեր օգնութիւնը, որը մեր ընտանիքի խաւար ու մթագնած օրերի մի լոյսի շող էր։

Այդ տարիներին Առաջնորդարանը Հոլիվուտի Սուրբ Յովհաննու Կարապետ եկեղեցում էր, որի Տէր Հայրը արժանապատիւ Աւագ Քահանայ Վարդան Թադեւոսեանն էր։

Շատերը լաւ կը յիշեն Տէր Վարդանի բարի հոգեւորականին յատուկ գործունէութիւնը՝ անշահախնդիր օգնութիւնը Հայաստանից ժամանած ընտանիքներին, անվճար կնունքներ, հարսանիքներ, թաղումներ եւ այլ արարողութիւններ։ Արժանապատիւ Տէր Վարդան Թադեւոսեան մեր երախտիքի անմոռաց զգացումը շնորհակալութեամբ արտայայտուած (յետ մահու) թող անթառամ մի ծաղկեփունջ լինի ձեր անմոռաց հոգուն, ձեր շիրիմին։

Սրբազանը Տէր Հօր հետ միատեղ անմիջական օգնութեամբ հոգացին թաղման բոլոր ծախսերը։ Գրեթէ ամէն օր այցելում էին, աղօթում եւ ձգտում էին ամէն կերպ թեթեւացնել մեր անդառնալի կորուստն ու վիշտը։ Մխում էր մեր հոգին, անկրակ վառւում մեր սիրտը։ Սրբազան հօր ամէն մի այցելութիւնը, նրա օրհնաբեր խորհուրդները թէեւ չէին թեթեւացնում մեր թախիծը, սակայն մի փոքր հանգստութիւն էին ու մխիթարանք։ Մենք երբեք չզգացինք այդ օրերին լքուած ու միայնակ մնալու ահաւոր զգացումը՝ շնորհիւ Վաչէ Սրբազանի ու Տէր Վարդանի։

Մեր երախտիքն ենք ուզում արտայայտել նաեւ մեր հարեւան Զաւէնին։ Գաղթել էր Լիբանանից, ինքն էլ վիշտ ունէր իր հոգում։ Լիբանանեան կռիւներում նահատակուել էր եղբայրը եւ թշնամու սահմանից չէր կարողացել եղբօր դիակը բերել ու թաղել… Զաւէնի հոգին էլ էր մեզ հետ մխում, մեր ընտանիքի ծանր օրերին մեզ հետ էր լուսացնում, երբեք մեզ մենակ չթողեց։ Անշահախնդրօրէն իր վրայ էր վերցրել թաղման հոգսերը, մեր նեցուկն էր… Սիրելի Զաւէն, մեր ընտանիքի լաւագոյն ու անզուգական բարեկամ, գնահատում ենք քո ազնուութիւնն ու մարդկային արժանիքներդ։ Թող Աստծոյ օրհնաբեր շունչը անպակաս լինի քո ընտանիքի վրայից, եղէք միշտ ուրախ ու երջանիկ։

Մեր փոքր տղան՝ Յովիկը միշտ լացելով էր դպրոցից վերադառնում եւ աւելի սաստկացնում մեր վիշտը։ Բարեբախտաբար, այդ տարիներին շահագործման յանձնուեց անուանի բարերար Արշակ Տիգրանեանի անունը կրող ազգային վարժարանը, որի տնօրէնը Վարդգէս Գուրուեանն էր։ Այստեղ նոյնպէս Վաչէ Սրբազանն իր օգնութեան ձեռքը մեկնեց։ Եկեղեցին ու դպրոցը մեզ սիրով ընդունեցին եւ հոգացին մեր զաւակի վճարման ծախսերն  ու հոգսերը։

Խնդրեմ, թող անհամեստութիւն չթուայ ասելիքս՝ անշուշտ ժամանակին մեր երախտագիտութիւնը եկեղեցու եւ դպրոցի հանդէպ արտայայտեցինք գործով…։

Տարիներ առաջ, երբ հանգստանում էինք Չեխոսլովաքիայի Կարլովի Վարի առողջարանում, հանդիպեցինք հայրենաբնակ մի հայ մարդու, որի հետ տարբեր զրոյցներից յետոյ խօսք բացուեց Գերշ. Վաչէ Սրբազանի մասին, նա ասաց.

– Օ՜, Վաչէ Սրբազանը Հայաստանի Godfather-ն է (կնքահայր), շա՜տ, շատ է օգնում Հայաստանին, Էջմիածնին, յատկապէս արցախեան պատերազմի ժամանակ… ապրում ու շնչում է Հայաստանով, նրա օգնութեամբ են ապրում շատ ու շատ հայաստանաբնակներ։ Շա՜տ ու շատ սիրելի Սրբազան Հայր, պատահական չէ, որ հայր անունն է տրուած, իսկապէս դուք հայրութիւն էք արել ոչ միայն մեզ, այլեւ պարզւում է ողջ հայութեան հայրն էք…։

Շա՜տ ու շատ սիրելի Սրբազան Հայր, կարծում եմ մեծահոգի կը գտնուէք տարիների հեռաւորութիւնից մեր երախտիքն արտայայտելու ձեզ, ձեր անձի հանդէպ, որովհետեւ մարդուն գնահատելու եւ արժեւորելու զգացումը եւ խոստովանութիւնը ժամանակավրէպ չէ, այն ժամանակի մէջ չի սեղմւում, թէեւ տարիները փոշոտում են, սակայն չեմ ջնջում ուղեղից այդ մարդկային հաճելի զգացումը։

Ամէն անգամ, երբ ձեզ տեսնում ենք դուք միշտ յառնում էք մեր առաջ ձեր վսեմաշուք կեցուածքով, ուրիշին օգնելու եւ ձեր կեանքը զոհասեղանին դնելու պատրաստակամութեամբ եւ ակնածանքով ենք լցւում ձեր հանդէպ ունեցած մեր անհուն սիրով եւ միշտ հպարտ ենք մենք ձեզմով, որ դուք կաք, ապրում ու շնչում էք համայնքում, բոլորիս կողքին… մեր շա՜տ ու շատ սիրելի Աստծոյ զաւակ, մեր բոլորի պահապան հրեշտակ Վաչէ Սրբազան։

Թող Ամենակարողի աջը զօրավիգ լինի ձեզ եւ պարգեւի կատարեալ առողջութիւն եւ երկար կեանք։

Շնորհակալութեամբ՝

Կարպիս, Ռոզա, Շաքէ եւ Յովիկ Եանիկեաններ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ