Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդեան պատգամը. «Թող Տէրն իր հովանու ներքոյ պահպանի մեր երկիրը»

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան բերկրանքով այսօր գոհաբանութիւն ենք բարձրացնում առ Աստուած: Փառաբանում ենք Բեթղեհէմում ծնուած Յիսուս Մանկանը, Ով աշխարհ եկաւ փրկելու կորստեան մատնուած մարդկութեանը:

Աստծոյ կողմից արարուած աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստուածային պատուիրանը խախտելով, ընթացաւ Աստծոյ կամքին հակառակ, զրկուեց շնորհներից ու պարգևներից Արարչի: Ադամով մեղքը սկիզբ առաւ մարդկային կեանքում, և մահը մուտք գործեց աշխարհ: Աստուած, սակայն, Իր արարչական սիրով ու ողորմածութեամբ նոր իրականութիւն կերտեց մարդկութեան համար: Ի լրումն ժամանակի աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն՝ քաւելու մարդկութեան մեղքը և պարգևելու յաւիտենական կեանք: Քրիստոսով նորոգուեց մեղքերով փոթորկուող աշխարհը, մարդկանց տրուեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհում խաղաղութիւն, սէր և հաճութիւն հաստատելու պատգամը: Տիրոջ փրկագործութեան իրողութեան առջև Պօղոս Առաքեալը յորդորում է.

«Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, և թէ ի՛նչ է Աստծոյ կամքը՝ բարին և հաճելին և կատարեալը»:

Առաքեալի այս խօսքերը արտայայտում են ոգին Աւետարանի, որի քարոզութիւնը աշխարհում արգասաւորեց Քրիստոսով նորոգութեան ուղին՝ փոխակերպելով մարդկային կեանքեր, փոխակերպելով հասարակութիւններ, արմատաւորելով մտածողութիւնը համընդհանուր բարօրութեան և աշխարհում արդարութեան ու խաղաղութեան հաստատման: Ցաւալիօրէն, սակայն, Աստծոյն հակառակ մեղսագործ ընթացքները շարունակւում են: Չեն դադարում պատերազմները, հակամարտութիւններն ու ահաբեկչութիւնները, ոտնահարւում են մարդկային իրաւունքները, արդար դատապարտութիւն չեն գտնում ցեղասպանութիւններն ու մշակութային եղեռնագործութիւնները: Ընչաքաղցութիւնը, հարստանալու մարմաջը մղում են խաբէութեան ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգութիւնների, առաջնորդում հասարակութեան բևեռացման, սոցիալական անարդարութեան: Գթասրտութեան և ազնուութեան կողքին ականատես ենք ատելութեան և նենգադաւութեան, խոնարհութեան և ծառայանուիրումի յանդիման՝ փառասիրութեան և իշխանատենչութեան մոլուցքների: Այս բոլոր վէրքերի վրայ Քրիստոսի մարդեղութեան խորհուրդը պարզում է յոյսը նորոգութեան, որպէսզի Պօղոս Առաքեալի խօսքի համաձայն՝ մարդիկ քննեն լաւը «և թէ ի՛նչ է Աստծոյ կամքը՝ բարին և հաճելին և կատարեալը» և ապրեն աստուածահաճոյ իրագործումներով:

Աստուածային կամքին համաձայն ընթացքն է կանգուն պահում աշխարհը և կեանքը զարդարում սիրով, խաղաղութեամբ, արդարութեամբ, ճշմարտութեամբ, որոնք Աստուած շարունակ աճեցնում է հաւատաւոր հոգիներում: Քրիստոսով նորոգութեան վկայութիւնն է, որ մենք՝ իբրև քրիստոնեաներ, պիտի բերենք աշխարհում: Քրիստոնեայի կեանքը ներգործուն առաքելութիւն է մարդկանց և աշխարհի հանդէպ: Քրիստոսի փրկագործութիւնը օրինակ է համամարդկային և ազգային բարիքի հաստատման մէջ տեսնելու սեփական առաքելութիւնը և միասնութեան մէջ կերտելու երջանկութեան, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները: Այսպէս կեանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նուիրում, աշխատանքը՝ արարում, գիտութիւնը, տաղանդը՝ համընդհանուր բարիք, իշխանութիւնը՝ ծառայութիւն ժողովրդին, իսկ մարդու երկրաւոր, անցողիկ կեցութիւնը՝ բաղձանք ու ձգտում դէպի յաւիտենութիւն:

Նորոգութեան աւետարանական պատգամը և առաքելական յորդորը մշտահունչ և կենսունակ են մեր ժողովրդի համար: Աւետարանով նորոգեալ կեանքը դարեր շարունակ մեր ազգին պարգևել է հաւատքի զօրութիւն, հոգու ամրութիւն ու արիութիւն՝ դիմակայելու փորձութիւնների, համբերելու նեղութիւնների և արարելու գրոյ յիշատակի արժանի գործեր: Նոյն ոգով այսօր դիմագրաւում ենք հայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կեանքեր խլող սադրիչ ռազմական գործողութիւններին, յաղթահարում մեր առջև ծառացած դժուարութիւնները, դիմակայում մարտահրաւէրներին և ջանքեր բերում՝ կերտելու խաղաղ ու բարօր կեանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու Մերձաւոր Արևելքում պատերազմական դժուարութիւնները կրող մեր քոյրերին ու եղբայրներին: Ներկայ հիմնախնդիրների, նեղութիւնների յանդիման Քրիստոսի Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնը կեանքի նոր արշալոյս է բացում, ջերմացնում մեր հոգիները և յաւելում յոյս ու լաւատեսութիւն:

Փրկչի Ծննդեան ու Աստուածայայտնութեան խորհրդի առջև այսօր առաքելական նոյն յորդորն ենք բերում, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծոյ կամքին հետևելու, բարին ընտրելու, դէպի կատարեալը ընթանալու, տոգորուելու կեանքը բարեփոխելու վճռականութեամբ ու նախանձախնդրութեամբ: Պահպանենք մեր սրտերը որպէս բեթղեհէմեան գողտրիկ անձաւներ աստուածային ներկայութեան՝ լինելու Փրկչին ճշմարտապէս երկրպագողներ, ողորմած, արդարամիտ ու եղբայրասէր: Զօրանանք Տիրոջով, որ կարող լինենք իրականութիւն դարձնել մեր յոյսերը, իրագործել ազգային մեր նպատակները: Մեր հոգիներում վառ պահենք հաւատքը՝ որպէս առ Տէրն առաջնորդող բեթղեհէմեան աստղալոյս և իմաստուն մոգերի պէս մեր կեանքի ճանապարհը միշտ դարձնենք հաւատարմութիւն ու նուիրում առ Տէրը մեր Յիսուս Քրիստոս, հաւատարմութիւն ու նուիրում առ Հայրենին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Քրիստոսի Սուրբ Ծննդեան բերկրալի աւետիսով եղբայրական ողջոյն ենք յղում և Մեր բարեմաղթանքները բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին: Մեր ջերմ ողջոյնն ենք յղում և Մանուկ Յիսուսի փրկարար շնորհները հայցում քոյր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հաւատաւոր հօտին:

Մեր ողջոյնն ենք յղում և Տիրոջ զօրակցութիւնը մաղթում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ տիար Սերժ Սարգսեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակօ Սահակեանին, Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, հայոց պետական աւագանուն և Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներին: Հայրական Մեր սէրն ու օրհնութիւնը՝ հաւատաւոր համայն Մեր զաւակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփիւռս:

Սուրբ Ծննդեան տօնի այս նուիրական օրը աղօթք ենք բարձրացնում առ մարդացեալ Աստուածորդին ողջ աշխարհի խաղաղութեան, աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօրութեան ու առաջընթացի համար: Հայցում ենք, որ Բարին Աստուած մարդկանց սրտերից հեռացնի բռնութեան և ատելութեան որոմները և սերմանի սիրոյ և համերաշխութեան շնորհները՝ իրագործելու Աստծոյ կամքը՝ «բարին և հաճելին և կատարեալը»: Թող Տէրը Իր օրհնութեան և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հաւատքի ու հաւատոյ գործոց շաւիղներում առաջնորդի մեր կեանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և յաւիտեանս. ամէն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս։

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ