Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Հայկական Հարցը եւ Թուրքիայի նէօ-օսմանական քաղաքականութիւնը՝ մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ

Թուրքիայի Հանրապետութեան վարած ներկայի նէօ-օսմանական քաղաքականութիւնը, ըստ էութեան, Օսմանեան Կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան 1894-1923 թթ. վարած քաղաքականութեան կրկնութիւնն է եւ դրանով իսկ սպառնալիքներ ու մարտահրաւէրներ պարունակող խիստ վտանգաւոր քաղաքականութիւն Թուրքիայի Հանրապետութեան մէջ ապրող ժողովուրդների եւ մերձաւոր արեւելեան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար:

Օսմանեան կայսրութիւնը պատմութեան մէջ յայտնի է որպէս ժողովուրդների հանրաբանտ: Դրանով իսկ Օսմանեան կայսրութիւնը հարիւրամեակներ շարունակ արգելափակեց կայսրութեան տարածքում ապրող ժողովուրդների ազատութեան եւ քաղաքակրթական զարգացման հնարաւորութիւնն ու բնական իրաւունքը: Սակայն իրավիճակը շատ աւելի սրուեց ու վատթարացաւ, երբ 19-րդ դարի առաջին կէսից կայսրութիւնը որդեգրեց սկզբում փանօսմանիզմի, ապա 1873-74 թթ.-ից նաեւ փանթուրքիզմի քաղաքականութիւնը:

Դա յանգեցրեց կայսրութեան մէջ ապրող ժողովուրդների, առաջին հերթին քրիստոնեաների, ցեղասպանութեանն ու բռնագաղթին: 1916-1923 թթ. ցեղասպանութեան ու բռնագաղթի ենթարկուեցին յոյները, 1914-1923 թթ. ասորիները, իսկ ամբողջ 1894-1923 թթ. ընթացքում՝ հայերը: Աւելի քան 30 տարի տեւած եւ 19-րդ դարի վերջը ու 20-րդ դարի սկիզբը ընդգրկած մեծագոյն յանցագործութեան հետեւանքում, որ իրականացրին թուրքական երեք իրար յաջորդող կառավարութիւններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, հազարամեակներ շարունակ Բնօրրան Հայրենիքում՝ Հայկական Լեռնաշխարհում ապրող աւելի քան 1.5 միլիոն հայեր ցեղասպանութեան ենթարկուեցին, նոյնքան էլ բռնագաղթի ու աքսորի, հարիւր հազարաւորներ, այդ թւում՝ կանայք ու երեխաներ, բռնի մահմետականացման:

Հայերի ցեղասպանութիւնը առաջինը դատապարտեցին Մեծն Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. Մայիսի 24-ին այն որակելով, որպէս «Յանցագործութիւն՝ մարդկայնութեան դէմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակայ են լինելու քրէական պատասխանատուութեան»: Յետագայում աշխարհի առաջադէմ շատ պետութիւններ ճանաչեցին ու դատապարտեցին թուրքական իշխանութիւնների հրէշաւոր յանցագործութիւնները: Ճանաչման ու դատապարտման այդ գործընթացը շարունակւում եւ այսօր: Յատկանշական է, որ նոյնիսկ թուրքական պետութիւնը Կոստանդնուպոլսի ռազմական յատուկ ատեանում 1919-20 թթ. իրականացրեց երիտթուրքական կառավարութեան պարագլուխների դատավարութիւնը, նրանցից շատերի համար մահուան դատավճիռներ արձակելով:

Եթէ 19-րդ դարի վերջին ծնունդ առաւ Հայկական Հարցը, ապա հայկական իրաւունքների հարցում, այդ թւում՝ Հայաստան պետութեան (նկատի առնելով միացեալ Հայաստանը՝ արեւմտեան եւ արեւելեան) վերաբերեալ որոշումները կայացուեցին 20-րդ դարի սկզբին՝ 1918-1920 թթ.:

Յիշենք դրանք.

–     1918 թ. Յունուարի 11-ին Ռուսաստանի կառավարութիւնը ընդունեց «Թուրքահայաստանի մասին» Դեկրետը («Արեւմտեան Հայաստանի մասին»),

–     1920 թ. Յունուարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհուրդը դէ ֆակտօ (de facto) ճանաչեց Հայաստան պետութեան անկախութիւնը,

–     1920 թ. Մայիս 11-ին Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհուրդը դէ ժուրէ (de jure) ճանաչեց Հայաստան պետութեան անկախութիւնը,

–     1920 թ. Օգոստոսի 10-ին կնքուեց Սեւրի խաղաղութեան պայմանագիրը, որի 88-93-րդ յօդուածները վերաբերում են Հայաստանին,

–     1920 թ. Նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուտրօ Ուիլսընը կայացրեց Իրաւարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ:

***

Ներկայի Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնները ո՛չ միայն շարունակում են հայերի Ցեղասպանութեան ժխտողականութեան քաղաքականութիւն վարել, ո՛չ միայն մերժում են ճանաչել հայերին ու Հայաստան պետութեանը 1918-1920 թթ. ընթացքում տրուած իրաւունքները, այլեւ կրկին որդեգրելով ու շարունակելով նախորդ թուրքական կառավարութիւնների պանօսմանիզմի ու պանթուրքիզմի քաղաքականութիւնը՝ նոր սպառնալիքներ ու մարտահրաւէրներ են ստեղծում հանրապետութեան մէջ եւ, դրանից դուրս, տարածաշրջանում ապրող ժողովուրդների ու պետութիւնների համար:

Թուրքիայի հանրապետութեան նէօ-օսմանական քաղաքականութեան սպառնալիքն ամբողջութեամբ ի յայտ եկաւ Մերձաւոր Արեւելքում` Իրաքի ու Սիրիայի պատերազմների ժամանակ, երբ հանրապետութեան իշխանութիւնը սկսեց բացայայտ աջակցել սիրիական ընդդիմութեանը, այդ թւում՝ ծայրայեղ ընդդիմադիր խմբաւորումներին: Դրանք յանգեցրին Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժման, Հալէպում հումանիտար աղէտի բռնկման, բռնի տեղահանուածների հարցով Եւրոպային ահաբեկելու գործողութիւններում:  

Եւ միանգամայն ճիշդ նշեց Ռուսաստանի Նախագահ Վլատիմիր Փութինը, երբ 24 Նոյեմբեր 2015 թ.-ին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ռմբակոծիչ ՍՈՒ-24-ի խոցումը Թուրքիայի կողմից՝ որակեց որպէս «…հարուած թիկունքից, որ մեզ հասցրին ահաբեկիչների աջակիցները»:

Յատկանշական է, որ 9 Նոյեմբեր 2016 թ.-ին Եւրայանձնաժողովն իր տարեկան զեկոյցում Թուրքիային մեղադրել է այն բանում, որ այդ երկրում տարածւում են յայտարարութիւններ, որոնք ատելութիւն են սերմանում հայերի նկատմամբ, հրապարակւում են ելոյթներ ու սպառնալիքներ, ուղղուած բնիկ ժողովուրդների, ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների դէմ: Առանձին շեշտուած է, որ «Թուրքիայի իշխանութիւնները շարունակում են կոշտ արձագանգել հայերի ցեղասպանութեան ճանաչման փաստերին այս կամ այն երկրում»: Եւրայանձնաժողովը Թուրքիային նաեւ մեղադրել է Լեռնային Ղարաբաղում 2016 թ-ին ապրիլեան չորսորեայ պատերազմում Ատրպէյճանին բացայայտօրէն աջակցելու մէջ: Եւ «այս ամէնը խորը մտահոգութիւններ է առաջացնում», – ասուած է զեկոյցում:

Ինչպէս նաեւ, Արցախեան պատերազմի օրերին, որտեղ Թուրքիայի Հանրապետութեան ներկայի ղեկավարութիւնը փորձելով շեղել համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը իր իրական նպատակներից ու գործողութիւններից, ինչպէս նաեւ անխուսափելի պատասխանատուութիւնից, ձգտում էր Ատրպէյճանի Հանրապետութեան կողմից սանձազերծուած ապրիլեան չորսօրեայ ագրեսիայի միջոցով այդ խնդիրները մոռացութեան տալ ու փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ: Աւելորդ է ասել, որ դրանք չեն յաջողուի իրականացնել եւ ամէն ինչ կ՚աւարտուի այնտեղ, որտեղ սկսուել է, այդ թւում Արեւմտեան Հայաստանում՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հաստատմամբ:

Մինչդեռ պէտք չէ մոռանալ, որ 1920 թ. կնքուած Սեւրի խաղաղութեան պայմանագիրը, ըստ էութեան, խաղաղութեան պայմանագիր է եւ դա վաւերացնելու, դրա բոլոր որոշումները յարգելու եւ իրականացնելու միջոցով է հնարաւոր Մերձաւոր Արեւելքում հաստատել կայուն խաղաղութիւն ու իրական համագործակցութիւն:

Սեւրի խաղաղութեան պայմանագրի առաքելութիւնը տարածաշրջանի համար աւարտուած չէ: Հայերի, ասորիների, յոյների, ալեւիների, արաբների, քրտերի ու նոյնիսկ թուրքերի իրաւունքները յարգելով եւ դրանք իրականացնելով է հնարաւոր տարածաշրջանում հասնել իրական արդարութեան ու խաղաղ գոյակցութեան:

Ուստի, տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների ապրելու, զարգանալու եւ ապագայ ունենալու իրաւունքի իրականացման միջոցով է միայն հնարաւոր իրականացնել այնքան սպասուած խաղաղութիւն եւ խաղաղ համակեցութիւն տարածաշրջանում, այդ թւում՝ հայերին եւ Հայաստան պետութեանը վերաբերող Սեւրի խաղաղութեան պայմանագրի յօդուածները եւ Ուիլսընեան իրաւարար վճիռը կեանքի կոչելու միջոցով:

Այլ ճանապարհներ, այդ թւում՝ նէօ-օսմանիզմի քաղաքականութեան շարունակումը Թուրքիայի Հանրապետութեան կողմից խիստ վտանգաւոր սպառնալիքներ ու մարտահրաւէրներ է պարունակում տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար:

Դեռեւս ունենք հնարաւորութիւն խուսափելու դրանից, ունենք հնարաւորութիւն յարգելու միմեանց իրաւունքները եւ խաղաղ ճանապարհով կեանքի կոչելու դրանք: Շտապենք, այլապէս վաղը ուշ է լինելու: Մենք հաւատում ենք, որ այս դէպքում առողջ բանականութիւնն ու բարի կամքն են յաղթելու:

 

ԱՐՄԷՆ ՏԷՐ ՍԱՐԳՍԵԱՆ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

 

Թարգմանութիւնը ռուսերէնից՝ «Նոյեան Տապան» Լրատուական գործակալութեան

 

Յատուկ զեկոյց Մերձաւոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատուական գործակալութեան կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նէօ-օսմանական քաղաքականութիւնը` մարտահրաւէրներ ու սպառնալիքներ» անուանումով միջազգային համագումարում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայէլի ճանաչուած քաղաքագէտների եւ փորձագէտների մասնակցութեամբ:

 

 

Նոյեմբեր 2016

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ