Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Կարօ Փայլան Հրանդ Տինքն է» կը գրէ թուրք սիւնակագիրը

Թրքական հեղինակաւոր «Ճումհուրիէթ» պարբերականի սիւնակագիր Այտըն Էնկինը յօդուած մը ստորագրած է տասը տարի առաջ հայ լրագրող Հրանդ Տինքի սպանութեան եւ այս օրերուն անոր գործը շարունակող Մէճլիսի պատգամաւոր Կարօ Փայլանի մասին։ Ստորեւ, «Արմէնփրես»ի միջոցով այդ յօդուածը կը ներկայացնենք մասնակի կրճատումներով։

 

Նրա սպանութեան օրուանից արդէն 10 տարի է անցել: 10 տարի է անցել այն ժամանակից, ինչ վարչապետ, ներկայիս նախագահը, նրա տուն գնալով, խոստում տուեց` ասելով. «Թոյլ չենք տայ, որ այս յանցագործութիւնը կորչի Անքարայի մթին լաբիրինթներում»: Սակայն սադրիչները, մարդասպանների դէմքը շոյողները, նրա մահուան ճանապարհին արիւնոտ քարեր նետողները, յանցանքի մասին իմացողները, սակայն այն չկանխողները, աչք փակողները դեռ շրջում են «մթին լաբիրինթների անվտանգութեան ներքոյ»…

Նրան սպաննեցիք: Կարծեցիք, թէ այս երկրի ամենաքաջ զաւակներից մէկին մէջտեղից վերացնելով կարողանալու էք վերացնել նրանից բարձրացող հզօր ձայնն ու քաջ սիրտը:

Սխալուեցիք:

Ռասիստական-ազգայնական նախապաշարմունքներով կուրացած ձեր ուղեղը չկարողացաւ հաշուի առնել, նախատեսել: Չկարողացաք հասկանալ, որ նրա սպանութեամբ հազարաւոր, տասնեակ հազարաւոր նրանից է ծնուելու:

Չէիք կարող գիտակցել և չգիտակցեցիք, որ յանցագործութիւնից անմիջապէս յետոյ նրա սպանության վայրում հարիւր հազարաւորներն են հանդիպելու, այդ հարիւր հազարաւորները Շիշլիից Ենիքափը բղաւելու էին. «Բոլորս Հրանդ ենք», նրա սպանութիւնից ծնուած զայրոյթից այն կողմ ծնուելու էր գիտակցումն ու առաջանալու էր սրտի խիզախութիւնը:

Նրան չկարողացաք հասկանալ անգամ երբ ողջ էր: 1998 թուականին Ֆրանսիայի խորհրդարանում «1915-ի Հայոց Ցեղասպանության ժխտումը յանցանք է» օրէնքի ընդունման օրը առանց վարանելու դուրս եկաւ գլխաւոր լրատուամիջոցի էկրաններին: Յիշեք այդ օրը նրա ասածները. «Կը գնամ Փարիզ և Քոնքորտ հրապարակում, մի քարի վրայ կանգնելով, կը բղաւեմ. «1915-ին Անատոլիայում հայերի դէմ ցեղասպանութիւն չի իրականացուել»: Ֆրանսիական պետութիւնը իմ ձեռքիցս կը բռնի ինձ և կը տանի: Այնուհետև կը վերադառնամ, Անքարայի Կիւվէն այգում մի քարի վրայ կանգնելով կը բղաւեմ. «1915-ին Անատոլիայում հայերի դէմ ցեղասպանութիւն է իրականացուել»: Պետութիւնը միւս ձեռքիցս կը բռնի և կը տանի: Գուցէ ինձ մասնատեն: Սակայն ես չեմ հրաժարուի ասել այն, ինչ ճիշդ գիտեմ: Ցեղասպանութեան իրողութեան հետ ոչ թէ օրէնքներով, այլ քննարկելով և խօսելով կարող ենք առերեսուել…»:

Յիշեցի՞ք:

Ամեչեցի՞ք։

Ասացի, որ «նրան սպաննեցիք և նրանից տասնեակ, հարիւրաւոր, հազարաւոր նոր ծնուեց»: Թուրքիայի Հանրապետութեան վախեցած, սարսափած, շշուկով խոսացող հայ քաղաքացիների միջից դուրս եկած նա այսօր ապրում է նրա դրօշը կրող երիտասարդ հայերի ձայնում, խօսքում, գիտակցութեան մէջ և գործողութիւններում:

Նրանցից մէկն էլ Կարօ Փայլանն է:

Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցութեան պատգամաւոր Կարօ Փայլանը:

Նախորդ օրը Մէճլիսում իրականութիւնը բղաւելիս նրանից յետ չմնացող և 1915 թուականի մասին խօսելիս` «Ես դրա անունը Ցեղասպանութիւն եմ դնում, ինչ էլ դուք ասէք: Եկէք անունը միասին դնենք և շարունակենք մեր ճանապարհը: Ես շատ լաւ գիտեմ, թէ պապս ինչեր է ապրել» ասող, բոլորիդ կողմից պատժուած Կարօ Փայլանը…

Մի՞թե չէք հասկանում: Կարօ Փայլանը Հրանդ Տինքն է:

Հրանդին սպաննեցիք, Կարոյին, Կարոներին ի՞նչ էք անելու:

ԱՅՏԸՆ ԷՆԿԻՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ