Խոր ցաւով տեղեկացնում ենք, որ Յունուարի 14-ի երեկոյեան, կեանքի 85-րդ տարում, Աւստրիայում վախճանուել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նուիրեալ սպասաւոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանը:
Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանութիւնը սգում են հոգելոյս Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի մահը և աղօթում նրա հոգու հանգստութեան համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեան
Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանը (աւազանի անունը՝ Գէորգ) ծնուել է 1932թ. Հոկտեմբերի 25-ին, Սիրիայի Հալէպ քաղաքում:
1939-46 նախնական կրթութիւնը ստացել է տեղի Հայկազեան հայկական վարժարանում:
1946-47 սովորել է Հալէպի Բեթէլ վարժարանում:
1947թ.` վարժարանն աւարտելուց յետոյ, ընդունուել է Անթիլիասի դպրեվանք:
1952թ. ձեռամբ Գերշ. Տ. Դերենիկ Եպս. Փոլատեանի ձեռնադրուել է սարկաւագ:
1953թ. աւարտել է դպրեվանքը եւ ձեռնադրուել կուսակրօն քահանայ` ստանալով Մեսրոպ անունը:
1953-1956թթ. դպրեվանքում դասաւանդել է Հայոց պատմութիւն, Գրաբար և Մատենագրութիւն առարկաները, միաժամանակ պաշտօնավարել է որպէս գրադարանի փոխտնօրէն, Ձեռագրատան գլխաւոր պատասխանատու և տպարանի տեսուչ:
1956թ. պաշտպանել է վարդապետական թէզ «Կիլիկիոյ կաթողիկոսութեան` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրութիւնները» թեմայով և Աստուածածնի վերափոխման տօնին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Գերշ. Տ. Խադ Արք. Աջապահեանի:
1956-57թթ., 10 այլ միաբանների հետ կողմնորոշուելով ի նպաստ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան, եղել է Անկախ Միաբանութեան դպրեվանքի տեսուչ: Տեսչութեան ընթացքում, ուսանողների հետ Պիքֆայայից հեռացուել է, ապա հաստատուել Պէյթ Մէրի գիւղում` հայ ազգայինների հովանաւորութեամբ մէկ տարի ևս շարունակելով դպրեվանքի դասերը և տեսչութիւնը:
1957-1958թթ. Պէյրութի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանում դասաւանդել է Կրօն, Գրաբար և Մատենագրութիւն, միաժամանակ հովւութիւն անել։
1957-58թթ. «Սփիւռք» շաբաթաթերթի հիմնադիրներից և հրատարակիչներից է եղել:
1959թ. Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի մրցանակ-կրթաթոշակով մեկնել է Անգլիայի Տարհըմ (Durham) համալսարան` հետևելու Արևելագիտութեան և աստուածաբանութեան դասընթացներին:
1959թ. ամրանը մեկնել է Վիեննա, ծանօթացել հայ համայնքին, այնուհետև, 1959-61թթ. ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգևոր հովիւ:
1962թ. Յունուարից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Վիեննայի հոգևոր հովիւ:
1964թ. Յունիսին ստացել է արևելագիտութեան դոկտորի գիտական աստիճան:
1964թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` ձեռամբ Վազգէն Ա. Կաթողիկոսի, ստացել է ծայրագոյն վարդապետի աստիճան:
1964-74թթ. եղել է Մայր Աթոռի պաշտօնական ներկայացուցիչը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում:
1964-78թթ. միաժամանակ հովուել է Յունաստանի հայ համայնքին:
1969թ. պաշտօնապէս նշանակուել է «Փրօ Օրիէնթէի» աստուածաբանական խորհրդատու և Մայր Աթոռի ներկայացուցիչ:
1979թ. Սրբազան Հայրը նշանակուել և 1980թ. Յունուարին հայրապետական կոնդակով հաստատուել է որպէս Կենտրոնական Եւրոպայի և Շուէդիայի հայրապետական պատուիրակ:
1986թ. Սեպտեմբերի 21-ին, ձեռամբ երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրուել է եպիսկոպոս:
1992թ. 60-ամեակի առթիւ ստացել է արքութեան պատիւ:
2002թ. 70-ամեակի առթիւ պարգևատրուել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսէս Շնորհալի» շքանշանով:
2003թ. Հոկտեմբերի 5-ին քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առթիւ պարգևատրուել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով:
1981թուականից դասաւանդել է Վիեննայի Համասարանի Բիւզանդագիտութեան բաժնում։ 1986թ. Վիեննայի համալսարանը Սրբազան Հօրը շնորհել է փրոֆեսորի կոչում:
2010թ․ Մեսրոպ Սրբազանը կոչուել է հանգստի։
Սրբազան Հայրը հեղինակ է մի շարք գրքերի, առանձին ուսումնասիրութիւնների և յօդուածների։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
(Յապաւումներով)