Շաբաթ, Դեկտեմբեր 21, 2024

Շաբաթաթերթ

ԲԱՑ ՆԱՄԱԿ Մշակոյթի նորանշանակ նախարար Արմէն Ամիրեանին

«Եթէ մօրուք ունենալը իմաստութեան նշան լինէր, այծերը, Պղատոնի եւ Արիստոտելի հետ կը մրցէին»։

Յունական

 

Յարգելի պարոն նախարար,

 

Այսու կ՚ուզեմ ուշացումով, բայց  անկեղծօրէն ձեզ շնորհաւորել՝ շատ կարեւոր պաշտօնին նշանակուելու առիթով, ինչպէս նաեւ ամանորի եւ Սրբ. Ծննդեան տօների կապակցութեամբ։ Մենք իրար հանդիպելու առիթ  չենք ունեցել եւ դուք՝ իմ ո՞վ լինելը գուշակել անգամ չէք կարող, բայց ես վաղուց եմ նկատել ձեր ներկայութինը տարբեր հանդէսներին, որոնց  ընթացքին դուք միշտ ցուցաբերել էք վայելուչ կեցուածք, խնամքով մշակուած եւ հարուստ բառապաշարով հայերէն՝ առանց օտարաբանութիւնների, իմաստալից խօսք, որոնք մեր դարերից եկած մշակոյթի ատաղձն են կազմում եւ յուսով եմ պիտի այդ արժէքների պահպանութեան ջատագովը լինէք այսուհետեւ՝ ըստ պաշտօնի, գիտակցութիւն՝ որից կարծեմ, զուրկ էր ձեր նախորդը, ներող եղէք չարախօսութեան համար, բայց լռել անհնար է եւ այն մեղսակցութեան համազօր կարող է  գնահատուել։ Այս խօսքերը հաճոյաբանութեան կամ կեղծաւորութեան արդիւնք չեն, որի կարիքը չունէք ոչ դուք եւ ոչ ես։

       Չեմ կարծում, թէ ձեզ յիշեցնելու կարիք կայ, որ մեր երկրում տիրող մթնոլորտը, շատ բնագաւառներում, մասնաւորապէս մշակոյթի, ապականուած է արեւմտեան ամէն տեսակի  աղբանոցներից ներխուժած այլանդակ ու կեղծ արժէքներով, սկսած հեռատեսիլից, որ ողողուած է ոչինչ չասող սերիալներով ու «տաշի տուշի» շոու գալաներով, որոնք պղծում են մեր մշակութային ավանդոյթները։ Նրանց կողքին անկարելի է չնշել ամենաբռնաբարուած մեր հիասքանչ լեզուն ուր տիրում է «Ա»յախօսութիւնը, իսկ այն երաժշտութիւնը, որ հնչում է քաղաքի բոլոր սրճարաններում եւ խանութ-սուպերմարկետներում կամ ստորգետնեայ անցումների կրպակներում աղմուկից այն կողմ չի գնում։ Եթէ բոլորը նշելու լինեմ շատ հեռու պիտի գնամ ու ձանձրալի չլինելու համար, ձեզ պիտի թողնեմ մնացեալի շարունակութիւնը, միայն թէ կարծեմ աւելացնելու կարիք կայ, որ մենք որեւէ գրաքննութեան ու արգելքի կողմնակից չենք եւ գիտակցում ենք, որ բոլոր խաւերի մակարդակին համապատասխան ներկայացումներ անհրաժեշտ են։ Թող յարատեւեն Թաթաներն ու Արմենչիկները, իրենց սիրող ունկնդիրներով հանդերձ, բայց արդեօք տեղ չկա՞յ Բեթհովենների, Արամ Խաչատրեանների կամ Մանսուրեանների ու Բաբաջանեանների համար։ Այստեղ խնդիրը չափաւորման մէջ է (dosage) եւ ոմանց կարծիքով վերջինների հետ «լաւ քէֆ անել» չի յաջողւում։ Ահա տրամաբանութիւնը։

 Նման գորշ պատկերի կողքին ունենք, բարեբախտաբար, բարձրորակ արուեստագէտներ եւ մտաւորականներ, առողջ արուեստի մշակներ, բայց գրեթէ՝ լուսանցքային վիճակով։ Այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ նրանք յոգնած են ու կամքի պակասութեան կամ ինչ որ խանգարող  ազդակների գործունէութեամբ մնում  են իրենց «տապակի մէջ» առանձնացած՝ իւրաքանչիւրը իր անկիւնում, բացակայելով միջավայրից։  Ձեզ մնում է միանալով նրանց հետ մէկտեղ ստեղծել մտաւորականութիւն իր ուրոյն  ՀԱՒԱՏԱՄՔՈՎ։ Ասպարէզը այսօր մնացել է գաւառական միջակութեանը՝ «Մեր բակը»ի նախկին մասնակիցների քմահաճոյքին ու տնօրինութեանը։ Ափսոս։

Կարիք կայ ձեզ յիշեցնելու, որ եթէ որեւէ մէկը սահմանադրական օրէնքների խախտում անելու դէպքում պատժուելու արժանի է, ապա կարելի է նոյն տրամաբանութեամբ ասել, որ սահմանադրութեամբ պաշտպանուած որեւէ օրէնքի խախտողները նմանապէս միեւնոյն պատժին պիտի արժանանան։ Բազմիցս հնչել են մեր սիրեցեալ երկրում, որ պետական լեզուն գրական հայերէնն է եւ այն պիտի կիրառուի ամենուրէք, մինչդեռ, քանի բարձր պաշտօնեայ կայ ձեր իսկ շրջապատում, որոնք անընդհատ խախտում են այդ օրէնքը։ Մեր անմիջական կիսավայրենի հարեւանները յաճախ են խիստ պատժամիջոցներ կիրառում այն անձանց նկատմամբ, որոնք դիտաւորեալ կամ սխալմամբ համարձակուել են, նոյնիսկ մէկ բառով դիպչել «թրքութեան վսեմութեանը» կամ նախագահի «պատուարժանութեան»ը։ Դա անում են նրանք, որոնք աշխարհին բազմիցս ապացուցել են իրենց պատուազրկութիւնը, մինչդեռ մենք, որ առիթը չենք փախցնում գոռալու, թէ առաջին քրիստոնեաներն ենք ու հազարամեայ մշակոյթի տէր, չենք կարողանում պարտադրել պաշտօնական ելոյթները մաքրել այսպէս կոչուած «երեւանեան բարբառ»ից, որ այդքան խորը արմատներով մնացել է աննկուն։ Պէտք է կարգի կանչել բոլորին անխտիր, ինչ համբաւի տէր որ լինեն նրանք։ Ամէն ոք պիտի հասկանայ, որ երբ խօսք է առնում հասարակութեան առջեւ, այլեւս գրպանի մէջ  պիտի պահի իր շուկայական կամ փողոցի ու տնական խօսելաձեւը եւ արտայայտուի միայն կարելի գրական լեզուով։ Այլ լուծում պէտք չէ, որ գոյութիւն ունենայ։ Անշուշտ այդ խստութիւնը իր ոյժը կորցնում է գեղարուեստական այնպիսի գործերի նկատմամբ ինչպիսին են Խաչատուր Աբովեանի կամ  Սունդուկեանի ու Յակոբ Պարոնեանի եւ այլ ստեղծողների բարբառային գործերը։ Բարբառը գունեղ հարստութիւն է իր տեղում, բայց ոչ ամենուրէք եւ պէտք է պահպանել ու խնամել այն։

Պարոն նախարար։ Այս գրութեան նպատակը ձեր անելիքները յիշեցնել ու դաս տալը չէ եւ նոյնիսկ, չէինք համարձակուի գնալ այդ քայլին։ Քաւ լիցի։ Ուղղակի ամէն տարի, մեր երկիր այցելելով՝ փնտռում ենք դէպի կատարեալը եղած քայլերը, որոնք յաճախ մնում են աննկատելի, իսկ մենք եւս մեր թոռներին հայեցի դասեր տալու համար պէտք ունենք կայուն ու հիմնաւոր արժէքների։

Մէկ այլ կարեւոր խնդիր, որ ցանկանում եմ ձեր ուշադրութեանը արժանացնել, որը տարիներ շարունակ ոչ միայն ինձ, այլ նաեւ սփիւռքի բոլոր մտաւորականներին է անհանգստացնում, ինչպէս նաեւ հայրենաբնակներից մի քանիսին, դա դասական ուղղագրութեան վերականգնումն է։ Պիտի պնդե՛մ ու կրկնե՛մ այդ խնդրոյ կարեւորութիւնը, որ արժէքազրկուել է մի քանի ռուսական կրթութեամբ յագեցած, կամ օտարացած  պաշտօնեաների կողմից, որոնց թիւը դժբախտաբար բաւական մեծ դեռեւս, ոչ թէ չարամտութեան, այլ չգիտակցելու եւ ճիշդ չգնահատելու պատճառով։ Մենք կարծում ենք, որ այդ խնդրոյ լուծումը ձեր պարտականութիւնների մաս է կազմում եւ եթէ դուք ցանկանաք եւ բաւարար ու անհրաժեշտ  քաղաքական կամք ներդնէք, ապա ձեր գործընկեր կրթութեան նախարարի հետ ձեռք-ձեռքի, պիտի կարողանաք սայլը տեղից շարժել եւ դա կը լինի ձեր գործունէութեան ամենափայլուն դրուագը։ Ցանկանում եմ հաւատալ։

Յուսալով, որ այս արտայայտուած մտքերն ու տարակուսանքները ճիշդ հասցէի են ուղղուած, թոյլ տուէք յուսալ, որ մեր մտքերը լինեն զուգահեռ եւ ոչ հակադիր, ուստի դուք ունենաք այն քաղաքական կամքն ու նպատակը, որ համապատասխանում է ձեր կոչումին եւ, որ հնարաւոր լինի մաքրել ու զտել բոլոր տեսակի ճահճահոտ սովորոյթներից, որ  ժառանգած էք ձեր նախորդից եւ որի համար երկար ճանապարհ պիտի անցնել։

Ընդունէք յարգելի Արմէն Ամիրեան, յարգանքներիս ամենաջերմ հաւաստիքը եւ մաղթել ձեզ բարի երթ։

 

ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Ճարտարագէտ 

Երբեմն լրագրող

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ