Սփիւռքահայ յայտնի մտաւորականների կողմից ձևաւորուած «Արդարութիւն Հայաստանում» նախաձեռնութիւնը առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին դիտորդական առաքելութեամբ հանդէս գալու մասին յայտարարել էր անցած տարեվերջին։
Սփիւռքահայ մշակութային գործիչները միայն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները վերահսկելով չեն սահմանափակուի: Նրանք կը շարունակեն իրենց ներգրաւուածութիւնը նաև յետընտրական շրջանում։ «Արդարութիւն Հայաստանում» նախաձեռնութեան անդամ, քանատահայ յայտնի ռեժիսոր Ատոմ Էկոյեանը Կիրակի օր Լոս Անճելըսում տեղի ունեցած համաժողովին ասել է. «Իրական ճգնաժամը հետևեալն է. մենք գիտենք, թէ ինչ է լինելու ընտրութիւններում և մենք պէտք է չհամակերպուենք արդիւնքների հետ: Մենք պէտք է դժգոհենք այն փաստից, որ քաղաքական պատճառներով բանտերում գտնուող մարդիկ կան, մենք պէտք է դժգոհ լինենք, որ ճնշումների պատճառով չկայ օրինական այլընտրանք»:
Նրա խօսքով, հայաստանեան կեանքին նոր որակ հաղորդելու, աւելի խորը մասնակցութիւն ցուցաբերելու ժամանակն է, և դրա խորհրդանիշն էր անցած Յուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած ցոյցի ժամանակ իր կնոջը՝ Արսինէ Խանճեանին բերման ենթարկելը:
«Մենք գիտենք ընտրութիւնների արդիւնքը, բայց հիմա պէտք է մտածել՝ ինչ է լինելու ընտրութիւններից յետոյ և մենք, որպէս սփիւռքահայեր, պէտք է ներգրաւուած լինենք այս երկրում։ Եկէք մեր մասնակցութիւնն իրական դարձնենք և լսենք այն կոչը, որն ուղղուած է մեզ: Եկէք գնանք այնտեղ, եկէք նստենք փողոցներում, եթէ դրա կարիքը լինի: Եկէք ասենք, որ մենք սրա մի մասն ենք», նաև յայտարարել է Էկոյեանը:
«Վերասահմանելով Հայաստանի նշանակութիւնը Սփիւռքում» խորագրով համաժողովին մասնակցել է նաև ամերիկահայ յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանքեանը: Նրա խօսքով, սփիւռքահայ արուեստագէտները որևէ կուսակցութեան կողքին չեն կանգնելու, այլ պաշտպանելու են մարդկանց ընտրութիւնը։
Քանատահայ դերասանուհի Արսինէ Խանճեանն էլ ընդգծել է գնալն ու քուէարկելը, «եւ այդ քուէն կառավարութիւնը չի կարողանայ օգտագործել ըստ նպատակայարմարութեան»։
Հարաւային Քալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած համաժողովի բանախօսներից երգիծաբան Վահէ Պէրպէրեանն էլ նշել է՝ իրենց խնդիրը ոչ միայն Հայաստանի իշխանութիւնների վրայ ազդելն է, այլեւ երկրի քաղաքացիներին փոփոխութեան ուղղութիւն ցոյց տալը։
Քաղուած եւ համադրուած «Ազատութիւն» կայքէն