Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

Հայկական պասքեթպոլ

Armsport.am-ը հիւրընկալել էր ՀՀ պասքեթպոլի դաշնութեան փոխնախագահ «Ուրարտուի» նախագահ Արա Պօղոսեանին։

Հարցազրոյցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

– Պարոն Պօղոսեան.- Ինչպիսի՞ է յետհայեացքը 2016-ին։

– Ընդհանուր առմամբ, շատ լաւ։ Ոչ միայն արդիւնքների, այլ երկրում պասքեթպոլի շարժ սկսելու առումով 2016-ը լի էր իրադարձութիւններով։ 4 հաւաքականներ մասնակցեցին Եւրոպայի առաջնութիւններին, «Ուրարտու» ակումբը ստեղծուեց. ճիշդ է դա լաւ աւարտ չունեցաւ, սակայն փորձ էր։

– Մի շարք մարզաձեւերի դաշնութիւններ բախւում են ֆինանսական խնդիրների, ինչպէ՞ս էք այն լուծում։

– Պետամաւարկից ստացուող 18 միլիոն դրամն ուղղւում է տեղում պասքեթպոլի զարգացմանը՝ պատանեկան առաջնութիւններն են կազմակերպւում, գործուղումներ են արւում։ Իսկ ահա հաւաքականներին առնչուող ծախսերի համար գրեթէ ողջ գումարները ստանում ենք ՀԱՕԿ-ի կողմից։ Ունենք բազմաթիւ խոստումներ, սակայն այժմ չունենք հովանաւորողներ։ Պէտք է ամէն կերպ նոր հովանաւորներ, բարեգործներ գտնել, որ շարժը շարունակուի։

Ուրախ ենք, որ հանրային հեռուստաընկերութեամբ հեռարձակուել են ազգային հաւաքականի եւ «Ուրարտուի» հանդիպումները։ Դրանից յետոյ սփիւռքում մեծ շարժ է սկսուել, շատերն են հարցնում, թէ ինչով օգնեն։ Հարկ է նշել, որ օգնութիւնը միայն ֆինանսական չէ, կան կազմակերպչական մի շարք կարեւոր հարցեր։

– Ի՞նչ կ՚ասէք հաւաքականների մասին։

– Ազգային հաւաքականի մրցակիցները շատ հզօր են։ Պոսնիան 2-3 խաղացող ունի, ովքեր հանդէս են գալիս NBA-ում, Շուէդիան 1 մասնակից ունի։ Սլովակիան փորձառու կազմ ունի։ Մեզ համար բարդ է լինելու։ Պէտք է մեր առաւելագոյն ուժեղ կազմով ներկայանանք։

20 տարեկանների ընտրանին կարող է հաւասար պայքար մղել եւրոպական ցանկացած հաւաքականի հետ։ Լաւ մարտունակ թիմ ունենք։ Այս հաւաքականի խաղացողների ճնշող մեծամասնութիւնը  խաղում է ԱՄՆ-ում։

– Խօսենք «Ուրարտուի» մասին։

– Մենք շատ սխալներ արեցինք, նաեւ անձամբ ես։ Մենք միշտ ռոմանտիկ ճանապարհ ենք ընտրում։ Գիտէք, եթէ ռոմանտիկ չլինէինք, այսքան բանի հասած չէինք լինի։

3 տարի առաջ, որ ասէին Հայաստանի հաւաքականը կը յաղթի Եւրոպայի փոքր երկրների առաջնութիւնում, աղջիկները՝ Գ. դիւիզիոնում, «Ուրարտու» թիմ կը լինի, մարդիկ հեռուստատեսութեամբ պասքեթպոլ կը նայեն, ես չէի հաւատում։ Ռոմանտիկ շարժ էր, համախոհներով հաւաքուեցինք, ՀԱՕԿ-ը մեզ օգնեց, արեցինք։ Մրցաշարը սխալ էինք ընտրել։ ՌԴ-ի դաշնութեան կողմից ոչ մի օգնութիւն, խորհուրդ, փոխզիջում չենք ստացել։ Խաղից 5 րոպէ առաջ, կանոնադրութեան կէտ են յիշում, զանգահարում եւ մի շարք արգելքներ էին ներկայացնում։ Մենք կողմ ենք օրէնքները պահպանելուն եւ դրանց հետեւելուն, սակայն եթէ «Ուրարտուն» որեւէ հարցում թերացել էր, ապա նրանք պարտաւոր էին գրաւոր տեղեկացնել, այլ ոչ թէ խաղից 5 րոպէ առաջ զանգահարել եւ ասել, որ այս կամ այն խաղացողը դեռ իրաւունք չունի հանդէս գայ Սուպերլիկայում…։

Պայմանաւորուածութիւն կար, որ ռուսական անձնագրով պասքեթպոլիստները լեգիոներներ չէին համարուի, քանի որ բնական է ՌԴ-ի առաջնութեան մասին է խօսքը։ Մրցաշարի մեկնարկից 1 շաբաթ առաջ ասացին, որ այլ բան են որոշել եւ լեգիոներների խնդիր է լինելու։ Այնուհետեւ փաստաթղթերի մի շարք խնդիրներ առաջացին։ Սուրէն Տէր Պօղոսեանը, Վիքթոր Յովսէփեանը եւ Կոնստանտին Միրզոյեանցն այդպէս էլ չկարողացան մասնակցել առաջնութեանը եւ մեր կենտրոնականը հանդէս եկաւ գրեթէ առանց փոխարինման։ Ամէն դէպքում այժմ էլ եմ ասում, որ մենք ուժեղ թիմ ենք ունեցել։ Այդպիսի իրավիճակ էր արդէն 3 ամիս։ Մեզ թոյլ չէին տալիս յաղթել։ Այս ամէնը կուտակուեց։ Ասում էին, որ տոմսերը դուք գնէք, որ թիմերը գան Երեւան։ Ես թիմերի նախագահների հետ խօսել եմ, այդպէս էլ չհասկացանք, թէ ով է ասել, որ մենք գնենք տոմսերը։ Առանձին թեմա էր դարձել մրցավարութիւնը, որովհետեւ եւս մեզ ճնշում էին…։

Պատրաստ չէինք այդ ամէնին, մեզ յաղթել թոյլ չէին տայ։ Սուպերլիկա-1-ից դուրս գալու դիմում եմ գրել իմ որոշմամբ։

– «Ուրարտուին» յետագան ի՞նչ է լինելու։

– Յոյս ունենք Ապրիլին Երեւանում մրցաշար անցկացնել, որին «Ուրարտուն» կը մասնակցի։ Ցանկանում ենք միւս տարի ինչ որ լիգայում մասնակցել յստակ դնելով մեր հարցերը։

Հնարաւոր է Պալթիկ լիկայում հանդէս գանք, դարձեալ դիտարկում ենք ՌԴ-ի տարբերակը։ Այս փորձը պէտք է պահպանենք, «Ուրարտուն» ողջ է։

Ներկայացրէք 2017 թուականի սպասուելիք իրադարձութիւնները։

– 16 եւ 18 տարեկանների աղջիկների եւ տղաների հաւաքականները կը մասնակցեն Եւրոպայի Գ. դիւիզիոնի առաջնութիւններին։ 20 տարեկանների թիմը հանդէս կը գայ Բ. դիւիզիոնում։

Թոյլ թիմեր այդ առաջնութիւնում չկան։ Յոյս ունենք, որ բոլոր թիմերն էլ կը յաղթեն իրենց դիւիզիոններում։ Մենք դիմել ենք հայազգի մարզիչ՝ Ռեքս Կալամեանին, ով «Թորոնթօ Ռեփթորսի» գլխաւոր մարզչի օգնականն է. նա NBA-ում պաշտպանութեան լաւագոյն մասնագէտներից է։ Իրենից համաձայնութիւն ենք ստացել, որպէսզի մարզի մեր հաւաքականը, սակայն միայն իրենից կախուած չէ, պէտք է «Թորոնթոյի» հետ հարցերը յստակացնի։ Օրեր անց ամէն ինչ պարզ կը լինի։ Մինչեւ 20 տարեկանների հաւաքականի հետ մեծ յոյսեր ենք կապում։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ