Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Սուրբ Վալենթայնի սիրոյ առասպելը

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

 

Վալենթայնի օրուայ եւ նրա ջատագովի պատմութիւնը վարագուրուած է խորհրդաւորութեամբ: Փետրուար ամիսը նախկինում տօնախմբուել էր որպէս վիպերգութեան ամիս: Սուրբ Վալենթայն Օր-ը, ինչպէս որ հիմա գիտենք, պարունակում է քրիստոնէական եւ հին հռոմէական աւանդութեան հետքեր: Սակայն, ով էր Սուրբ Վալենթայն-ը եւ այն ինչպէ՞ս էր զուգորդուել նախնի ծէսերի հետ:

            Տարեկան, մօտաւորապէս մէկ միլիարդ Վալենթայնի օրուայ բացիկներ են փոխանակւում. Ծնունդի տօներից յետոյ, այն երկրորդ ամենաշատ ժողովրդական բացիկներ ուղարկելու տօնախմբութեան օրն է:

            Կաթոլիկ եկեղեցին առնուազն ճանաչում է երեք տարբեր Վալենթայն անուանուած սուրբեր, որոնց բոլորը զոհուած են: Մի առասպել աւանդում է, որ Վալենթայնը եղել է մի քահանայ, որը երրորդ դարի ընթացքում ծառայել է Հռոմում: Երբ Կլաուդիոս կայսրը որոշել էր, որ ամուրի մարդիկ աւելի լաւ զինուորներ են լինում, քան ամուսնացած ու ընտանիք ունեցողները: Նա արգելել էր երիտասարդ մարդկանց ամուսնութիւնը: Վալենթայնը գիտակցելով այդ հրամանագրի անարդարութիւնը, անգոսնել էր Կլաուդիոսի հրամանագիրը եւ շարունակել գաղտնի կատարել երիտասարդ մարդկանց ամուսնական արարողութիւնները: Երբ Վալենթայնի գործողութիւնները բացայայտուել էին, Կլաուդիոս կայսրը հրամայել էր նրան մահուան դատապարտել:

            Ուրիշ պատմութիւններ ենթադրում են, որ Վալենթայնը կարող էր սպաննուած լինել, փորձած լինելով օգնելու հռոմէական դաժան բանտերից քրիստոնեաների փախուստը կազմակեպել, որտեղ նրանք յաճախ երթարկւում էին ծեծի ու տանչանքների: Ուրիշ մի առասպելի համաձայն,  բանտարկուած մի Վալենթայն, ուղարկել էր առաջին իրական «Վալենթայն» ողջոյնը, մի երիտասարդ աղջկայ հետ սիրահարուելուց յետոյ: Հաւանաբար այն կարող էր եղած լինել իր բանտապետի աղջիկը, որը  բանտարկութեան ատեն այցելել էր իրեն: Ենթադրւում է, որ մահուանից առաջ նա նամակ էր գրել նրան, ստորագրելով՝ «Քու Վալենթայնից», մի արտայայտութիւն, որը այս օրերին էլ գործածւում է:

 Ամենայնդէպս, Վալենթայնի մասին առասպելի ճշմարտութիւնը աղօտ է: Նրա մասին բոլոր պատմութիւնները շեշտում են իր կատարած կոչը որպէս հերոսական ու համակրելի արարք եւ առաւել մեծութիւն ունեցող առասպելական անձնաւորութիւն: Մինչեւ Միջին Դարեր թերեւս որպէս շնորհակալութիւն իր հեղինակութեանը, Վալենթայնը Անգլիայում ու Ֆրանսիայում եղել էր ամենաժողովրդական սուրբը:

Ոմանք հաւաստում են, որ Վալենթայն Օրը տօնախմբել էին Փետրուար ամսուայ կէսերին, յիշատակելու համար նրա մահուան կամ թաղման տարելիցը, որը պատահել էր մ.թ. 270 թուականին: Ուրիշներ կարծում են, որ քրիստոնէական եկեղեցին կարող էր որոշած լինել Սուրբ Վալենթայնի տօնախմբութեան օրը տանել Փետրուարի կէսին, ջանադրուելով Քրիստոնէացնել Լուպերկալիայի հեթանոսական տօնախմբութիւնը: Լուպերկալիայի Փերտրուարի 15-ի տօնախմբութիւնը, բարեբերութեանը նուիրուած տօնախմբութիւն էր, նուիրուած Ֆաունուս անունով հռոմէական  երկրագործութեան աստծոյն, ինչպէս նաեւ Հռոմի հիմնադիրներ՝ Ռոմուլուսին ու Ռէմոսին:

Համաձայն Հռոմի քահանաների հրահանգի, տօնախմբութիւնը սկսելու համար,  Լուպերգիի անդամները պիտի համախմբուէին սրբացուած մի քարայրում: Հաւատում էին, որ Հռոմի հիմնադիրներ՝ Ռոմուլոս ու Ռէմոս երեխաները այնտեղ էին խնամուել Լուպա էգ գայլի կողմից: Քահանաները այծ էին զոհաբերում՝ բերրիութեան եւ մի շուն մաքրագործութեան համար: Նրանք մաշկազերծում էին այծին, ընկղմում նրանց  արեան մէջ, տանում փողոցներ, այծի կաշիով փափուկ դիպչելով կանանց եւ հունձքի  արտերին: Անվախ հռոմէացի կանայք ողջունում էին նրա հպումը իրենց մարմիններին, որովհետեւ հաւատում էին, որ այն յաջորդ տարում իրենց աւելի արգասաբեր կը դարձնէր: Առասպելի համաձայն, օրուայ վերջին, քաղաքի բոլոր երիտասարդ կանայք իրենց անունների սալիկները դնում էին մի խոշոր սափորում: Քաղաքի  իւրաքանչիւր ամուրի տղամարդ  ընտրում էր մի անուն, որը դառնում էր տարուայ իր ընտրած զոյգը: Այդ զուգորդութիւնը յաճախ վերջանում էր ամուսնութեամբ:

Լուպերկալիա գոյատեւել էր  քրիստոնէութեան սկզբնական զարթօնքին, սակայն օրինազրկուել էր, համարուելով  որպէս ոչ քրիստոնէական: Հինգերորդ դարի  վերջին էր, որ  Հռոմի Գելասիոս պապը Փետրուարի 14-ը յայտարարել Վալենթայն Օր: Շատ ուշ չէր, որ այդ օրը հաստատապէս զուգորդուել էր սիրոյ հետ: Միջին դարերի ընթացքին հաւատացել էին, որ Ֆրանսիայում ու Անգլիայում Փետրուարի 14-ը թռչունների բեղմնաւորման շրջանն էր, որը յարել էր այն գաղափարին, որ նոյն ամսուայ Վալենթայն Օրուայ կէսին էր, որ պիտի լինէր ռոմանտիկ օր:

Վալենթայն ողջոյնը ժողովրդական սովորութիւն էր՝ մինչեւ իսկ Միջին դարեր: Այնուամենայնիւ Վալենթայն գրաւոր ողջոյն չէր եղել մինչեւ 1400 թուականը: Ամենահինը ճանաչուած «Վալենթայն Ողջոյնը», որը տակաւին գոյութիւն ունի, գրուած էր 1415 թուականին Օրլէանի  Չարլզ Դիւքի կողմից՝ ուղղուած իր կնոջը, Լոնտոնի Աշտարակում իր  բանտարկութեան ատեն: Հաւաստում են, որ Հենրի Հինգերորդը, մի գրագիր էր վարձել, շարադրելու համար մի «Վալենթայն» գիրը, ուղղուած Վալուա Կաթէրինին:

Միացեալ նահանգների հետ միասին Վալենթայն օրը տօնախմբում են նաեւ Քանատայում, Մեքսիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ Աւստրալիայում: Անգլիայում «Վալենթայնի Օր» ժողովրդային տօնախմբութիւնը սկսել էր կատարուել տասնըեօթներորդ դարում: Տասնութ դարի կէսերին, սովորութիւն էր եղել հասարակութեան բոլոր խաւերի համար փոխանակել ձեռքով գրուած խանդաղատանքի փոքրիկ բացիկներ: 1900 թուականներից սկսած, տպագրուած քարտերը սկսել էին փոխել բացիկներին, աւելի դիւրին ու գաղտնի արտայայտելու համար իրենց զգացումները: Աւելի աժան նամակատան ծախսերը նաեւ նպաստել էին «Վալենթայնի Օր» ողջոյններ ուղարկելու ժողովրդականութեան աւելացումը:

Ամերիկացիները հաւանաբար 1700 –ականներին էին սկսել ձեռքով գրուած Վալենթայն ողջոյնները: 1840 թուականին Էսթեր Հաուլանդը սկսել էր վաճառել առաջին մասսայական արտադրուած «Վալենթայն»ները: Այս օրերին կանայք գնում են մօտաւորապէս բոլոր Վալենթայն քարտերի 85 տոկոսը:

Առասպելականացած Վալենթայն, սիրոյ լոյս հոսեց մարդկանց սրտերին, այն լցրեց բարութեամբ, անեղծ սիրով, գոնէ մի օր աշխարհի մարդիկ իրար սիրում են: Ասոյթ՝ «Գեղեցկութիւնը կը փրկի աշխարհը», չէ, այն ճշմարիտ չէ, գեղեցկութիւնը գեղագիտական զգացողութիւն է, մարդ գեղեցիկին է ձգտում, իր մտքի անբացատրելի հրայրքով «Գեղեցիկը» զգալու իմացութիւն է շնորհուել նրան, ի՞նչն է գեղեցիկ, ինչո՞ւ է այն գեղեցիկ: Ամենայնդէպս «Գեղեցկութիւնը» աշխարհ չի փրկի, մարդիկ այն հրաշք են համարում, երնկնքում կամար կապած եօթը գոյների գօտին հրաշք չէ՞, մայրը հրաշք չէ՞, ծառը հրաշք չէ՞, Վալենթայնը հրաշք չէ՞, այն առասպել չէ, իմացի’ր՝ սիրող սրտեր իրար շղթայելու համար կեանքն էր զոհել…:

 

Կլենտէյլ, Փետրուար 2017

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ