Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Հալէպը Գիւմրիի մէջ. Պետիկ Տաւուտեան. «Ես Գիւմրին շատ կը նմանցնեմ Հալէպին. այստեղ ջերմութիւն կայ»

 

ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԵԱՆ

 

Խոհարարի հմուտ ձեռքերը խմորի շերտի վրայ արագ ու վարժ շարժումով տարածում են 12 համեմունքից ու բուսաիւղից կազմուած խառնուրդը, վրան աւելացնում քերած պանիրն ու սիրիական խոհանոցին բնորոշ ուտեստներից հերթականն «ուղեւորւում է» տաք ջեռոց: «Զահտար»՝ այսպէս է կոչւում «կանաչ կախարդութիւնը»՝ ծածկուած պանրի սպիտակ շերտով: Ընդամէնը մի քանի րոպէ ու ջեռոցից դուրս է բերւում արեւելեան խոհանոցին բնորոշ համեմունքային բոյրով յագեցած ուտելիքը: Երիտասարդ խոհարարը գոհ ժպտում է:

29-ամեայ Պետիկ Տաւուտեանը Հալէպից Երեւան է եկել 2012 թ.-ի Հոկտեմբերին՝ ընկերների հետ: Երեք տարուց մի փոքր աւել աշխատել է մայրաքաղաքում, այնուհետեւ տեղափոխուել Գիւմրի:

«Պատերազմը նոր սկսած ժամանակներն էր, որ ընկերներիս հետ եկանք հայրենիք,- պատմում է Պետիկը,- նախքան գալը մեզնից առաջ Հայաստան ապրած հալէպցիներին կը հարցնէինք, թէ նման գործ որ բացենք (նկատի ունի սիրիական խոհանոցին բնորոշ ուտեստների պատրաստումը – հեղ.), կ՚աշխատի՞: Ասում էին չէ՛, էնտեղ մենակ քեպապ է, խորոված ու շաուրմա: Բայց ամէն դէպքում որոշեցինք գալ: Երբ եկայ, 25 տարեկան էի ու առաջին դէպքն էր, որ այդքան երկար ժամանակով պիտի լքէի ծնողներիս: Ամենաշատ բացակայութիւնը, որ եղել է տնից՝ 10 օր էր, որ ճամբար էինք գնում»:

Հալէպում Պետիկի ընտանիքը արագ սննդի կէտ ունէր, որ հիմնել էր հայրը 25 տարի առաջ: Տաւուտեաններին պատկանող խորտկարանը կոչւում էր «Պետիկ»: «Հայրս իմ անունով էր կոչել ու շատ մարդիկ, որ գալիս էին մեր մօտ, հօրս Պետիկ կը կանչէին, բայց իր անունը Ռաֆֆի է, չգիտէին, որ տղային անունը դրած է: – Պետիկը ծիծաղում է,- Մենք լաւ անուն, ճանաչում ունէինք Հալէպի մէջ, բայց պատերազմը շատ բան փոխեց»: Խոստովանում է՝ Հալէպում եղած ժամանակ երբեք խոհանոց մտած, որեւէ ուտեստ պատրաստած չկար: Խորտկարանում եղած ժամանակ հիմնականում դրամարկղի մօտ է կանգնել՝ փոխարինելով հօրը:

«Ամէն բան սովորեցի հոս՝ Երեւանի մէջ աշխատելիս,- ասում է Պետիկը,- երեք տարի սիրիահայի մօտ եմ աշխատել, որ քաղաքի կենտրոնում սննդի օբյեկտ ունէր: Յետոյ որոշեցի ինքս առանձին իմ բիստրոն ունենամ, բայց ափսոս երկար չկարողացայ աշխատացնել՝ փողս չբաւեց: Դրանից յետոյ առաջարկ եղաւ Գիւմրի գալու ու նորաբաց արեւելեան խոհանոցին մէջ աշխատելու»:

Անցած տարի Նոյեմբերի 8-ից Գիւմրու Վազգէն Սարգսեան փողոցում գործող փոքրիկ խորտկարանը բաւական հնչեղ անուանում ունի՝ «Իմպերիալ»: Պետիկն ասում է՝ որոշել են քաղաքում արեւելեան խոհանոցի կայսրութեան հիմքը դնել: Սրճարանի տարածքը փոքր է՝ ընդամէնը երեք սեղան է դրուած: Պետիկն ասում է՝ խորհրդակցել են սեփականատիրոջ հետ եւ որոշել բացառել ալկոհոլային խմիչքների, անգամ թէյի եւ սուրճի վաճառքը:

«Մեր նպատակն էն է, որ եկողը սնուի, ոչ թէ մէկ գաւաթ սուրճը վերցնի եւ ժամերով նստի: – Պետիկը ժպտում է,- Ալկոհոլ նոյնպէս չենք վաճառում, որ կանայք էլ կարողանան գալ, նստել, եթէ ուզեն, ու վատ չզգան, որ հարեւան սեղանին նստածները խմում են: Մի քանի ամիս է, որ գործում ենք, բայց շատ պատուէրներ ունենք, հիմնականում առաքում ենք»:

Պետիկը Գիւմրին շատ է հաւանել, ասում է՝ նման է Հալէպին: «Բոլոր մեծ քաղաքներն իրարու նման են՝ լինի Երեւան, թէ Դամասկոս, փոքրերն էլ իրար են նման: Ես Գիւմրին շատ կը նմանցնեմ Հալէպին. այստեղ ջերմութիւն կայ,- նկատում է զրուցակիցս,- մարդիկ շատոնց իրար կը ճանչնան: Գիւմրի հեշտ է անուն հանելը՝ լաւ կամ վատ: Պիտի աշխատիս, որ քեզի լաւ կողմով ճանչնան»: Շատ է հաւանում գիւմրուայ խոհանոցը, զարմացած է, որ գիւմրեցի տանտիկինները՝ երիտասարդ թէ տարեց, շատ համեղ պատրաստում են:

«Եթէ բաղդատեմ Գիւմրին, ապա շատ լաւ խոհանոց ունեն ու կարծում եմ, որ շատ բաղադրատոմսեր անցեալ դարում հոս եկած հայրենադարձներից վերցրած ու պահպանած են: Որտեղ որ Գիւմրիում առիթ եմ ունեցել հիւրընկալուելու ու համտեսելու, մնացել եմ զարմացած՝ շատ համեղ կը պատրաստեն»,- գիւմրեցի կանանց գովում է Պետիկ Տաւուտեանն ու առանձնացնում հայրաքաղաքում ընդունուած մի քանի ուտելիքներ, որոնք շատ հաւանել է՝ քիալլա, խաշ:

«Խաշն առաջին անգամ Գիւմրու մէջ կերած եմ: Երեւանում երեք տարի ապրեցի, բայց խաշն առաջին անգամ այստեղ փորձեցի,- ասում է Պետիկը,- քիալլան էլ շատ համով է: Հալէպում էլ քիալլա կը սարքեն, բայց ոչխարի գլխով: Սուրիայում տաւարի միս չեն ուտեր, դրա համար էլ խաշ կամ կովի քիալլա կերած չկայի»: Պետիկի համոզմամբ` ոչխարի գլխից պատրաստուած ճաշատեսակը արեւելեան խոհանոցին է բնորոշ, իսկ կովինը՝ արեւմտեան:

«Կը կարծեմ, որ կովի քիալլա ուտելն արեւմուտքից եկած է,- կարծիք է յայտնում զրուցակիցս,- Նափոլէոն Պոնափարթի կերակուրը կը համարուի: Մի պատմութիւն կայ, որ Պոնափարթին բռնելուց յետոյ կ՚ուզեն սպաննել, բայց կերակուրի միջոցով: Կ՚առաջարկեն մէկ տեսակ կերակուր ընտրէ, որ ամէն օր պիտի ուտէ: Պոնափարթը կ՚ըսէ՝ ինծի կովի գլուխ բերէք: Կ՚ըսեն, թէ կովի գլխի վրայ 7 տարբեր համեր կան ու Պոնափարթն ամէն օր մէկ բան է ճաշակել»:

Պետիկն ամուսնացած չէ: Ասում է, որ սիրիահայերը սովորաբար ամուսնանում են արհեստ, աշխատանք ու փող ունենալուց յետոյ: «Կը զարմանամ, երբ հոս կը տեսնեմ, թէ ինչպէս կ՚ամուսնանան ու էլի ծնողները կը խնամեն իրենց: Եթէ աշխատանք չունիս, ինչպէս պիտի ընտանիքը պահե՞ս,- հարցնում է տեղի սովորոյթներից զարմացած Պետիկը,- Սուրիայում այդպէս չէ՝ պիտի կայացած լինես, որ ամուսնանաս: Մեր մօտ կանայք հիմնականում չեն աշխատիր ու տան տղամարդը պիտի հոգ տանի բոլորին»:

Պետիկն առայժմ ընտրեալ չունի, ասում է՝ դեռ պիտի կայանամ: Գիւմրիում բնակարան է վարձել եւ սպասում է ծնողներին, ովքեր դեռ Հալէպում են, սակայն ճամպրուկներն են հաւաքում Հայաստան գալու համար: «Համոզուած եմ, վստահ եմ, որ Հայաստանում եմ ապրելու եւ ընտանիքս էլ այստեղ եմ կազմելու»,- ասում է Պետիկը:

 

«Հետք», 11Փետրուար 2017, Երեւան 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ