Երկուշաբթի, Նոյեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Բազմազաւակ մայրը երեխաների հետ 8 ամիս վրանում է ապրել, բայց հիմա էլ մշտական բնակարան չունի

Դժբախտաբար Արմինէն միակը չէ, որ Հայաստանի այսօրուան ընկերա-տնտեսական պայմաններուն չդիմանալով, յայտնուած է նման ծանր կացութեան մէջ։ Մենք, հայրենիքի կարօտով ապրող ու անոր յաջողութիւնները երազող սփիւռք կոչուած հայութիւնը, մերթ-մերթ կը մոռնանք հասարակ ժողովուրդին ցաւերը, տարուած՝ ազգային ու միջազգային «փրկութեան» կարգախօսներով, աղաղակելով ժողովրդավարութիւն, ազատութիւն, Արցախ «զաւակին» վերամիասնութիւն Հայաստան «մօր», մարդկային իրաւունք, խորհրդարանական թէ նախագահական Հայաստան…։ Իրականութիւն մըն ալ կայ հո՛ն հողին վրայ, ուր Արմէններ եւ Արմինէներ կ՚ապրին ուրիշ Հայաստան մը, ուր ամէն օր «կը մեռնին» նոր Սարեաններ ու Թումանեաններ, նոր Միկոյեաններ եւ Իշտոյեաններ։ Ահաւասիկ օրինակ մը քաղուած News.am-էն։

«Նոր Օր»

 

 

Կինը 3 անչափահաս երեխաների հետ միասին ութ ամիս շարունակ վրանում է ապրել: NEWS.am-ի հետ զրոյցում Արմինէ Դաւթեանը պատմեց, որ 8 տարի տարբեր ֆերմաներում է աշխատել, հէնց այնտեղ էլ բնակուել է երեխաների հետ, բայց աշխատանքը կորցնելուց յետոյ յայտնուել է դրսում։ Նախկին ամուսինը նրանց երբեւէ չի օգնել. ամուսնալուծութիւնից յետոյ նրա մասին ոչինչ էլ չի լսել։

«Երեխաները 4 տարի դպրոց չեն գնացել, այս տարուայ Յունուարի 23-ից գնացել էին, սակայն հիմա չեն գնում։ Դպրոցը հեռու է, գումար չունեմ, որ տրանսպորտով դասի գնան»,- ասաց նա։

Դեկտեմբերի 25-ից Արմինէն իր երեխաների հետ բնակւում է Արարատի մարզի Վեդի գիւղում, իրեն տրամադրուած կիսակառոյց շէնքի բնակարաններից մէկում: Տունը տրամադրել են մինչեւ ձմրան աւարտը. «Վրանը թրջւում էր, երեխաները հիւանդացել էին»։

Արմինէն ասում է՝ դիմել է տարբեր կազմակերպութիւնների, մարզպետարանին, իշխանութիւններին, սակայն ոչ մէկից ոչ մի օգնութիւն չի ստացել։

«Բոլորն անտարբեր են։ Ինձ օգնութիւն պէտք չէ, երեխաներիս օգնէք։ Փոքր կացարան եմ ուզում, որը խոնաւ եւ ցուրտ չլինի, կարողանանք ապրել»,- ասաց նա։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ