Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Սրբազան հայոց լեզուն եւ նրա վերականգնման խնդիրը հայրենիքում

1999թ.-ի Փետրուարի 21-ը ԵՈՒՆԵՍՔՕ-ն հռչակեց Մայրենի լեզուի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրաւունքների ճանաչման եւ գործածութեան:
Մայրենի լեզուն ծնւում է ազգի հետ, ապրում է իր բնօրրան հայրենիքում եւ յարատեւում է ազգի հետ, ազգի շուրթերին: Մայրենի լեզուն ապրում է այնքան, ինչքան ապրում է մայր լեզուն կրող ազգը: Մեր Բնօրրանում Օսմանեան կայսրութեան հաստատմանը զուգընթաց խորացան նաեւ հակասութիւնները, եւ արմատական դարձաւ հայ տեսակի եւ հայոց լեզուի գոյութեան խնդիրը: Մեր բնօրրանի մէկ հատուածի`Արեւմտեան Հայաստանի հայութեան մեծ մասի ֆիզիկական ոչնչացման միջոցով օսմանցի թուրքերը փորձեցին ոչնչացնել Հայ Մարդու Հայոց լեզուն, կարծելով, որ ոչնչացնելով հայազգին, կարող են սեփականացնել նրա լեզուն, երկիրը եւ մշակոյթը: Այս ծրագիրը Օսմանեան կայսրութեան մէջ իր գործողութիւնների գագաթնակէտին հասաւ 1893-1923 թուականներին:
Ցեղասպանութեան ժամանակաշրջանն ընդունում ենք 1893-1923 թթ., սակայն մենք նաեւ գիտենք, որ  Ցեղասպանութիւնն  սկսուել է, երբ ույղուլ-թիւրք-սելջուկը խուժեց Հայոց Աշխարհ՝ դարձնելով հային թափառական, գաղթական, փախստական: Թիւրք- սելջուկի ներկայութիւնը եւ պարտադրուած հարեւանութիւնը իր ծանր կնիքը դրեց Սրբազան Հայոց Լեզուի վրայ:
Ույղուլ-թիւրք-սելջուկի,  օսմանցի թուրքի վարած հակաքաղաքակրթական քաղաքականութեան հետեւանքով  հայոց լեզուն իր բնօրրան հայրենիքում բնականոն զարգանալու փոխարէն, ազգային գաղափարախօսութեան բառագանձարանը հարստացնելու փոխարէն, հարստացաւ ույղուլ-թիւրք-սելջուկի բառակոյտով, իսկ դրան հակառակ, թուրքերէնը հարստացաւ հայ մշակոյթի  թողած ժառանգութիւնով եւ Հայոց լեզուի բառագանձով:  Դրան զուգահեռ,  հայ լեզուամտածողութեան մէջ առաջացան բազմաթիւ ողբերգական, ազգային արժանապատուութիւնը եւ մարդկային տեսակը վերափոխող արտայայտութիւններ: Մեր մշակոյթի ազգային աւանդական ՝ Առաքելականութիւն, Լուսաւորչականութիւն, Բանախօսութիւն, Արիականութիւն, Բարեպաշտութիւն գաղափարախօսական արժէքներից ազգի գիտակցութեան մէջ մնացին միայն Առաքելականութիւնը եւ  Լուսաւորչականութիւնը, որոնք էլ շաղկապուած էին եկեղեցու հետ:
Գաղափարախօսական բացը կամաց-կամաց լրացուեց  լացով, ողբով, կարօտախտով:

Հայոց հիմնադիր գաղափարները յետ բերելու փոխարէն  յամառաբար մեզ շարունակում են հրամցնել մեր ազգային դիմագծին անյարիր` աղբար, փախստական, գաղթական, սփիւռքահայ, ծպտուած հայ, թրքահայ, քրդահայ, դաւանափոխ  հայ, արեւմտահայ, արեւելահայ, արեւելահայերէն, արեւմտահայերէն, ազգային մշակոյթը,  լեզուն եւ մտածողութիւնը պառակտող եւ այս շարքը լրացնող բազմաթիւ բառերով ու արտայայտութիւններով: Կազմուած է ծրագիր եւ հայ մարդուն պարտադրւում է հրաժարուել ինքնութիւնից: Հայ մարդը իր հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում զրկուած է ինքն իրեն հայ անուանելու եւ  հայերէն խօսելու իրաւունքից:
Գլոբալիզացուած այս աշխարհում հայ մարդը, դառնալով գաղթական ու փախստական, ապաստանած երկրում դարձաւ տուեալ երկրի լեզուի, լեզուամտածողութեան կրողը, կորցնելով իր սեփականը:
Այսօր  հայ մարդը իր ազգակցի հետ հաղորդակցուելու համար նախընտրում է մէկ այլ լեզու: Սա ցաւալի փաստ է, այս երեւոյթը սպանում է մեր լեզուն, մշակոյթը, ազգային մտածողութիւնը, ազգային աւանդները: Այս ամէնը հետեւանքն է Ցեղասպանութեան:
Ապրելով ուրիշ երկրներում, կտրուած լինելով իր Բնօրրանի արմատներից, հայը  փորձում է պահպանել  հաւատը, լեզուն, բայց այս ամէնը ժամանակաւոր է, քանի որ մեծ քայլերով՝  ժամանակը տանում է ուծացման:  Ցաւօք, առաջին հերթին սպանւում է հայոց լեզուն, հայոց լեզուն իր հայրենիքից դուրս ենթակայ է ոչնչացման:
Օտարութեան մէջ Եկեղեցու, համայնքների, նաեւ անհատ հայրենասէրների ջանքերով կազմակերպուած կիրակնօրեայ կամ շաբաթօրեայ դպրոցներում  ընդգրկուած փոքրաթիւ հայերն ուղղակի ծանօթանում են հայոց լեզուին եւ հայ մշակոյթին: Սա,  իհարկէ, դրական երեւոյթ է, սակայն այս դպրոցները չեն կարող կազմակերպել ամբողջական հայեցի կրթութիւն եւ ուսուցում, որը թոյլ կը տար աշակերտներին՝ աւելի հիմնաւոր գիտելիքներ ստանալ:
Արտերկրում  հայոց լեզուի ուսուցումն  ունի մի քանի խնդիր:
Առաջին խնդիրն այն  է, որ դասերին եւ հայկական հաւաքներին մասնակցում են թուով շատ քիչ հայեր, հասկանալի պատճառներով, այն չի ընդգրկում հայութեան մեծ զանգուածներին:
Երկրորդը՝ երբ կազմակերպւում է որեւէ կիրակնօրեայ դպրոց, անմիջապէս ի յայտ է գալիս Ցեղասպանութեան ամենածանր հետեւանքը, ամենապառակտիչ արտայայտութիւնը` դասընթացը արեւմտահայերէն կամ արեւելահայերէն անցկացնելու խնդիրը: Այս երեւոյթը սեպ է խրում հայ ազգի միասնականացման գաղափարի մէջ:  Մեծ մասամբ, իրար չհասկանալով եւ չընդունելով մէկը միւսի գերակայութիւնը, վրդովուած հեռանում են իրարից:
Արեւմտեան Հայաստանի՝  Ցեղասպանութիւն վերապրած հայը 100 տարի անց էլ գիտի, որ իր հայրենիքի մեծ հատուածը բռնազաւթուած է:
Արեւմտեան Հայաստանում Ցեղասպանութեան արհաւիրքից յետոյ վերապրեց երկուսից-երեք միլիոն հայ, որոնք վախից ստացան հաւատափոխ կամ ծպտուած հայ մականունը, որոնք ամէն վայրկեան սրտի թրթիռով սպասում են իրենց մայրենի խօսքին, լեզուի, մշակոյթի արուեստի վերածնունդին:
2010 թուականին ԵՈՒՆԵՍՔՕ-ն արեւմտահայերէնը համարեց անհետացող, կորսուող լեզու:   Արեւմտեան Հայաստանի ժողովուրդի  մեծ մասը Ճակատագրի բերումով  ապրում է արտերկրներում՝ փորձելով ամէն գնով պահպանել իր լեզուն:  Ազգի մի մասը գոյատեւում է իր բնօրրան, բռնազաւթուած հայրենիքում, հաղորդակցւում է  ծպտուած լեզուով, ԵՈՒՆԵՍՔՕ-ն  այդ լեզուն համարում է անհետացած, վտանգուած եւ մեռած լեզու: Այս երեւոյթը կարելի  է որակել որպէս համազգային, համամարդկային լեզուամշակութային աղէտ:
Գիտութիւնների Համահայկական Միջազգային Ակադեմիան դիմում է ԵՈՒՆԵՍՔՕ-ին եւ առաջարկում է ԵՈՒՆԵՍՔՕ-ի ծրագրի շրջանակներում լուծել հայկական դպրոցների բացման խնդիրը այսօրուայ Թուրքիայի Հանրապետութիւնում, Վիլսոնեան Իրաւարար Վճռով հաստատուած Արեւմտեան Հայաստանի տարածքներում:

Արեւմտեան Հայաստանի տարածքներում ապահովել հայոց ինքնութեան վերականգնումը եւ հայ ազգի Մայրենի Հայոց Լեզուին տալ պետական լեզուի կարգավիճակ:  


ԿԱՐԻՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ 

Գիտութիւնների Համահայկական Միջազգային Ակադեմիա


Մայնց, Գերմանիա, 21 Փետրուար 2015

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ