Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Հայաստան. Ապրիլի 2-ի ընտրութիւնները և 5-րդ շարասիւնը

ԷԴԻԿ ՅՈՎՍԷՓԵԱՆ

 

Այսօր խօսելու ենք հող յանձնողների և մեր երկրում քաղաքական վայրիվերումներ անող հինգերորդ շարասեան կենսաձևի մասին:

Արցախի ապագայի համար ներկան ճակատագրական շրջան է, քանի որ կարող են կրկնուել 2016 թուականի ապրիլեան դէպքերը:

Ասենք, որ փոխզիջումների մասին անգամ խօսելն իսկ պարտուողական դիրքից փոխզիջում է Ատրպէյճանին: Ոչ մի անգամ Ատրպէյճանի ղեկավարութիւնը հրապարակաւ չի խօսել Արցախի հարցում փոխզիջումների վերաբերեալ: Չկայ նման փաստ: Նոյն կերպ վարւում է նաև Թուրքիան:

Յիշեցնենք, որ 2016 թուականի Մայիսի 15-ին Թուրքիայի պաշտպանութեան նախարար Իսմէթ Եըլմազն Ատրպէյճանում յայտարարեց, որ տարածքային ամբողջականութիւնից դուրս ոչ մի լուծում Թուրքիայի համար ընդունելի չէ: Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկութիւններն ընդունելի չեն նաև Թուրքիայի համար:

Մինչդեռ Հայաստանում շարունակում է շրջանառել այն միտքը, որ հնարաւոր է տարածքային զիջումների հիման վրայ ապահովել Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը և ստանալ անվտանգութեան նոյնպէս միջազգային երաշխիքներ:

***

Նախ ինքնորոշման վերաբերեալ:

Արցախը վաղուց ինքնորոշուած ու կայացած պետութիւն է և այս հարցը քննարկման ենթակայ չէ: Կը ճանաչեն, չեն ճանաչի, դրանից չի փոխւում անկախութեան աստիճանը և միայն այն փաստը, որ Արցախը չի միաւորուել Հայաստանին, արդէն իսկ ետ քայլ էր, որը մեզ դեռ շատ փորձութիւնների առջև է կանգնեցնելու:

Արցախի անվտանգութեան միջազգային կայուն երաշխիքներ գոյութիւն չունեն և չեն էլ կարող ունենալ: Ուքրանիայի օրինակով.

1994 թուականին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծն Բրիտանիան և Ուքրանիան պայմանագիր կնքեցին, ուր Ուքրանիայի կողմից միջուկային զէնքի հրաժարման դիմաց երեք գերտէրութիւնները երաշխաւորեցին նրա տարածքային ամբողջականութիւնը և անվտանգութիւնը:

Յետագայում ոչ մէկը չվաւերացրեց այդ պայմանագիրը և արդէն 2014 թուականից սկսած Ուքրանիան կորցրեց և Ղրիմի հանրապետութիւնը, և Դոնբասը:

 Յիշեցենք, որ Ռուսաստանի վարչապետ Տիմիթրի Մետվետևը Ղրիմի դէպքերից առաջ Բլումբերգ գործակալութեանը տուած հարցազրոյցում յայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող և չի պատրաստւում երաշխաւորել Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնը:

Միթէ դեռ կան պարզամիտ մարդիկ, ովքեր կարծում են, որ նոյն այդ եռեակը Ֆրանսիայի հետ միասին կարող է երաշխաւորել Արցախի անվտանգութիւնը:

Արցախի միակ անվտանագութեան երաշխիքը հայոց բանակն է և ազատագրուած տարածքները, որոնք թոյլ են տալիս թշնամու հրթիռային զինտեխնիկային ուղիղ նշանառութեամբ չհարուածել Արցախի քաղաքներին:

Եթէ կեանքի կոչուեն մատրիտեան սկզբունքները, ապա մասամբ կը կորցնենք Թալիշ գիւղից մինչև Հորադիզ ձգուող բազմաշերտ պաշտպանական հսկայ համակարգը, որն ատրպէյճանական ռազմական կառոյցների համեմատ ունի ակնառու գերիշխող դիրք: Բացի դրանից, վերջին երկու տասնամեակի ընթացքում հայկական կողմը շփման գծի երկայնքով կառուցել է ամրութիւնների այնպիսի խորը և շերտաւորուած համակարգ, որը ճեղքելու համար Ատրպէյճանին թէ՛ ներկայում և թէ՛ ապագայում անհրաժեշտ կը լինի էական (եռապատիկ) թուային գերակշռութիւն:

Ազատագրուած հողերն Ատրպէյճանին վերադարձնելու պարագայում հայկական կողմը կը կորցնի բացառապէս իր բոլոր առաւելութիւնները: «Մատրիտեան» սկզբունքների իրացման դէպքում Ատրպէյճանի հետ (ներառեալ Նախիջևանը) երկու հայկական պետութիւնների շփման գիծը կը մեծանայ աւելի քան 450 քիլոմեթրով և կը կազմի 1100 քմ.։ Ընդ որում, Արցախի և Ատրպէյճանի միջև ռազմաճակատի գիծը կը մեծանայ աւելի քան 150 քիլոմեթրով՝ կազմելով 360 քմ.։

Չի կարող գոյութիւն ունենալ Արցախի անվտանգութեան միջազգային երաշխիք նաև ի դէմս Ռուսաստանի, օրինակ ունենալով Ուքրանիան և չի կարելի թոյլ տալ, որ Ատրպէյճանն մեր իսկ ձեռքով իր սահմանները մօտեցնի Արցախի հարաւային և արևելեան հատուածի բնակավայրերին: Սա առնուազն պատմական սխալ է և աններելի դաւաճանութիւն, որը բնորոշ է միայն հինգերորդ շարասեանը:

Իսկ ինչ են առաջարկում Արցախի խնդրի կարգաւորման հարցով Ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցող դաշինքներն ու կուսակցութիւնները իրենց նախընտրական ծրագրերում:

Յիշեցնենք, որ ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցութիւն:

Բոլորն ունեն իրենց նախընտրական ծրագրերը, խոստումների ու ինքնագովազդի մի մեծ բառափունջ, որին իրականում ոչ ոք չի հաւատում:

Եթէ ազնիւ լինենք, ապա այս անգամ նախընտրական քարոզարշաւը միջոցների և ժամանակի անտեղի վատնում է, քանի որ իւրաքանչիւր քաղաքացի վաղուց գիտի ով ով է և ինչ արժանիքներ ունի: Նոր ոչինչ հնարաւոր չէ աւելացնել կամ պակասեցնել: Արցախի հարցում էլ ռէյտինգային թեկնածուները հիմնականում խուսափում են տեսակէտ արտայայտել:

Քաղաքական ուժերի մասով իրավիճակը փոքր ինչ այլ է, քանի որ գործ ունենք հաւաքական կերպարի հետ, երբ վաղուց բոլորին յայտնիները միաւորւում են մէկ առանցքի կամ անձի շուրջ և արդիւնքում ստացւում է մութ անյայտութիւն:

Որպէսզի ընտրողը կարողանայ ճիշդ կողմնորոշուել, և թուրքին հող յանձնողների հինգերորդ շարասիւնը տարբերել այս խառնաշփոթում, անհրաժեշտ է վեր հանել քաղաքական ուժի իրական պատկերն ու դիմագիծը, երբ նրանց մօտեցնում ես լակմուսի թղթին: Իսկ քաղաքական ուժերի համար լակմուսի թուղթ է Արցախի խնդրի կարգաւորման վերաբերեալ քաղաքական ուժի տեսակէտը, կամ այսպէս ասած, հող յանձնելու-չյանձնելու պատրաստակամութիւնը: Անկախ նրանից, թէ ինչ խուճուճ ու բազմիմաստ ձևակերպումներ կան այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրում, միևնոյն է, յստակ հնարաւոր է տարբերակել ծպտեալ հող յանձնողներին բացայայտներից և հակառակը:

***

Ծառուկեան դաշինք – ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է լուծուի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնութեան եւ փոխզիջումների հիման վրայ։ Առանց ԼՂՀ մասնակցութեան նրա ճակատագիրը չի կարող որոշուել»։

Տպաւորութիւն է, որ գրագողութիւն է կատարուել Հանրապետական կուսակցութեան նախընտրական ծրագրից, ուր Արցախի մասին գրուած է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Արցախի բնակչութեան կողմից: Այդ սկզբունքից մենք երբեք չենք հրաժարուելու»: Սակայն, եթէ իշխող կուսակցութիւնը, հաշուի առնելով նախընտրական կոնիւկտուրան, լռում է որոշ բաների մասին, Ծառուկեան դաշինքը միամտաբար բացում է խաղաքարտերը, օգտագործելով փոխհամաձայնութիւն և փոխզիջում բառերը:

***

ԿոնգրէսՀԺԿ դաշինք – Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանութիւնների կողմից 2007 թուականից ընդունուած ղարաբաղեան կարգաւորման ծրագրի շուտափոյթ իրագործման ուղղութեամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպէս հակամարտութեան լիիրաւ կողմի մասնակցութիւնը կարգաւորման գործընթացին:

Այլ խօսքով, կեանքի կոչել Մատրիտեան սկզբունքները:

***

Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան դաշինք – Ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է լուծուի Արցախի միջազգային ճանաչման ուղիով: Դրանից յետոյ բանակցութիւնների ընթացքում պէտք է քննարկուեն խնդրի լուծման Հայաստանի եւ Ատրպէյճանի տարբերակները: Փոխզիջումների հիման վրայ դրա լուծումը չի բացառւում, բայց դա պէտք է տեղի ունենայ միայն ու միայն Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչումից յետոյ:

***

ՀՅԴ – Չկայ առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պէտք է վերամիաւորուի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախութիւնը մեզ համար մարտավարական նշանակութիւն ունեցող ժամանակաւոր լուծում է:

Հետաքրքիր է, որ ՀՅԴ շարունակում է մնալ մի կառավարութեան կազմում, որը ուղղակի կամ անուղղակի բանակցութիւններ է վարում մատրիտեան սկզբունքերի հիման վրայ: Հիմա թղթին հաւատանք, թէ՝ գործին:

***

ԵԼՔ – Արցախի հարցում փոխզիջման մասին խօսք լինել չի կարող Ատրպէյճանի ռազմաշունչ հռետորաբանութեան, ագրեսիւ քաղաքականութեան պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդիւնաւէտ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրաւունքը ճանաչելու Ատրպէյճանի յստակ պատրաստակամութիւնը:

Ամէն դէպքում Ելքը ևս փոխզիջման կողմնակից է, մի քիչ նազ ու տուզով, ինչպէս կ՚ասէր ժողովուրդը:

***

Ազատ Դեմոկրատներ – Արցախի ու նրա ժողովրդի անվտանգութեան կատարեալ միջազգային երաշխիքը նրա ճանաչուածութիւնն ու լիարժէք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպութիւններին:

Ազատ դեմոկրատները ևս յիշատակում են անորոշութեան մշուշը կամ անվտանգութեան միջազգային երաշխիքը: Երևի այդ կուսակցութեան մի քանի ներկայացուցիչների պէտք է գործուղղել Ուքրանիա, Դոնբաս, որ հասկանան, թէ ինչ ասել է անվտանգութեան միջազգային երաշխիքներ:

***

Նախկին ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարեանի գլխաւորած Հայկական Վերածնունդ կուսակցութիւն – Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան ամրապնդում։

Այսպէս, մէկ կարճ նախադասութեամբ: Դէ արի ու գուշակիր, թէ ինչ էին ուզում ասել, կամ չասել:

Մենք ենք մեր սարերը: Եւ մեզ և մեր սարեր հեռու պահենք հինգերորդ շարասեան ազդեցութիւնից:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ