Երեքշաբթի, Մարտ 19, 2024

Շաբաթաթերթ

Մեր Մեծերը. ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Հինգերորդ դարի եւ ամբողջ միջնադարի խոշորագոյն պատմիչն է քերթողահայր Մովսէս Խորենացին: Նա աշակերտել է Մ. Մաշտոցին եւ Ս. Պարթեւին: Ապա մի խումբ երիտասարդների հետ մեկնել է Ալեքսանդրիա ուսումը շարունակելու: Նա հմտանում է քերթողական արուեստի, ճարտասանութեան եւ քերականութեան բնագաւառներում, բարձր մակարդակի է հասցնում յունարէնի իմացութիւնը: Նա վերադառնում է Հայաստան այն ժամանակ, երբ վախճանուած են լինում իր սքանչելի ուսուցիչները:

Մ. Խորենացին Հայաստանում սկսում է թարգմանութիւններ կատարել եւ գրել ինքնուրոյն երկեր: Նրա գլուխգործոցն է «Պատմութիւն Հայոց»ը, որը ձեռնարկում է Սահակ Բագրատունու հրահանգով: Այն բաղկացած է երեք գրքից: Առաջին գրքում  կարդում ենք  հայ ժողովրդի աւանդական ծննդաբանութեան, Հայկ նահապետի եւ նրա սերունդների մասին։ Երկրորդ գրքում կարդում ենք Ալ. Մակեդոնացու աշխարհակալութեան համառօտ շարադրանքը, իսկ յետոյ Արշակունեաց հարստութեան հաստատման եւ քրիստոնէութեան պետականօրէն ընդունման մասին: Երրորդ գրքում կարդում ենք Տրդատ Գ. Մեծի յաջորդների եւ Հայաստանի առաջին երկատման մասին:

Մ. Խորենացու մօտ նկատելի է ամբողջական պատմութիւն գրելու եւ ժամանակագրութիւնը պահպանելու նրա միտումը: Նա չի մոռանում գրի առնել թէ ինչպիսին են եղել հարեւան ու հեռաւոր երկրների կապերը Հայաստանի հետ:

Մ. Խորենացու «Պատմութիւն Հայոց»ը դարեր շարունակ եղել է դասագիրք հայ դպրոցի համար ու հիանալի օրինակ միջնադարեան պատմագիրների համար: 

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Լոս Անճելըս

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ