Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Հենրիխ Մխիթարեանն իր մարզաշապիկն է նուիրել ՀՀ-ում Միացեալ Թագաւորութեան դեսպանին

Ֆութպոլի Հայաստանի ազգային հաւաքականի անդամ, անգլիական «Մանչեսթըր Եունայթըտ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն իր մարզաշապիկն է նուիրել Հայաստանում Միացեալ Թագաւորութեան դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպէս հաղորդում է «Արմէնփրէս»ը, դեսպանը նուէր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակել թուիթերեան իր միկրոպլոքում:

«Wow… Մեծ շնորհակալութիւններ Հենրիխ Մխիթարեանին Երևանում բրիտանական դեսպանութիւնից այս հիասքանչ նուէրի համար: Մենք պէտք է փայփայենք այն»,- նշել է դեսպանը:

Նուէրի առնչութեամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացեալ Թագաւորութեան դեսպանութիւնը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նուէր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:

 

Հայկական ֆութպոլի խճանկար

«Գանձասար» կը շարունակէ հետապնդել «Ալաշկերտը»

 

• Կայացան ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 25-րդ մրցափուլի հանդիպումները։

«Ալաշկերտ»-«Արարատ»՝ 3-1

«Գանձասար»-«Շիրակ»՝3-2

«Փիւնիկ»-«Բանանց»՝ 0-0

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 51, «Գանձասար»՝ 49, «Շիրակ»՝43, «Փիւնիկ»՝ 37, «Բանանց»՝ 21, «Արարատ»՝9 միաւոր։

• Կայացան նաեւ ՀՀ գաւաթի խաղակութեան կիսաեզրափակիչի պատասխան  հանդիպումներն, որոնք աւարտուեցին հետեւեալ արդիւնքներով.

«Շիրակ»-«Գանձասար»՝ 1-1, (1-0), 2-1

«Բանանց»-«Փիւնիկ»՝ 0-1, (1-2), 1-3

Այսպիսով Մայիսի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կը հանդիպի «Փիւնիկ»-«Շիրակ» զոյգը։

• Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ՝ հայազգի Դաւիթ Յուրչենկոն խօսել է ՀՀ հաւաքականում հանդէս գալու հնարաւորութեան մասին։

«Մայրս հայկական արմատներ ունի։ Չեմ մերժել ՀՀ հաւաքականին։ Տեղի է ունեցել առարկայական զրոյց, յայտնել եմ հաւաքականում հանդէս գալու իմ ցանկութեան մասին, սակայն արդիւնքում գործը չհասաւ թղթաբանութեանը կամ հրաւէրին։ Այդ պատճառով ամէն ինչ մնաց խօսակցութեան տեսքով։ Հայերէն խօսել չգիտեմ, կարող եմ միայն մի քանի արտայայտութիւն անել, մայրս եւ եղբայրս լաւ գիտեն հայերէն»։

• ՓՍԺ-ի նախկին ֆութպոլիստ հայազգի Եուրի Ջորկայեֆը կարող է վերադառնալ ակումբ, սակայն չի յստակացւում թէ 49-ամեայ Ջորկայեֆը ինչ պաշտօն կը ստանձնի։

• ՀՀ ազգային հաւաքականի եւ մակեդոնական «Վարդարի» ֆութպոլիստ Տիգրան Բարսեղեանի ծառայութիւններով հետաքրքրուած են Իսպանիայում եւ Յունաստանում։ Տիգրանը ճանաչուել է Մարտ ամսուայ թիմի լաւագոյն խաղացող, ինչպէս նաեւ Մակեդոնիայի առաջնութեան 28-րդ մրցափուլի լաւագոյն ֆութպոլիստ։

• Հայաստանում անցկացուեց ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշար տարիքային 2 խմբերի՝ մինչեւ 14 (Մ-14) եւ մինչեւ 15 (Մ-15) տարեկանների միջեւ։

Մ-14 հաւաքականների մէջ ՀՀ հաւաքականը 0-2 հաշուով զիջեց Պելառուսի, Մակեդոնիայի հետ (1-1), Վրաստանի հետ (2-2), յետխաղեայ 11 մեթրանոցներով համապատասխանաբար զիջեց 7-8 եւ 2-4 հաշիւներով։ Մ-15 հաւաքականների մէջ ՀՀ հաւաքականը զիջեց Կիպրոսի (1-4), Ուզբեկստանի եւ Մակեդոնիայի հաւաքականներին 0-1 հաշուով։ Մրցաշարի յաղթողներ դարձան Մակեդոնիայի՝ Մ-14 եւ Ուզբեկստանի՝ Մ-15 տարեկանների հաւաքականները։ Հայ մարզասէրների համար միակ ուրախալի բանը այն էր, որ Մ-14 տարեկանների մրցաշարի լաւագոյն ֆութպոլիստ ճանաչուեց ՀՀ հաւաքականի յարձակուող Սպարտակ Հայրապետեանը։

Հայկական մարզական խճանկար

 

• Մեր թերթի նախորդ համարներից մէկում ձեզ հաղորդել էինք, որ հայաստանցի սուսերամարտուհի Էմմա Պօղոսովան Պուլկարիայի Պլովդիվ քաղաքում անցկացուած աշխարհի երիտասարդական առաջնութիւնում տեղ է զբաղեցրել աշխարհի երիտասարդ ուժեղագոյն խոցասուսերակիրների լաւագոյն ութնեակում (154-ի մէջ)։ Վեթերան սուսերամարտիկ Էդուարդ Դեմիրճեանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ պարզ դարձաւ, որ Էմմա Պօղոսովան դուրս էր եկել 8 լաւագոյնների եզրափակիչ, որտեղ նրա առաջին մրցամարտը ԱՄՆ-ն ներկայացնող Քաշա Նիքսոնի հետ էր։ Նիքսոնը Լոս Անճելըսում գործող սուսերամարտի դպրոցի սան է, որտեղ նրան մարզում են Էդուարդի տղան Գագիկը եւ աղջիկը՝ Նարինէն։

Յաւելենք, որ նրանց սանը Նիքսոնը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջել է ֆրանսացի մարզուհուն։ Էմմա Պօղոսեանը զիջելով Նիքսոնին լրացուցիչ ցուցանիշներով 8-ի մէջ զբաղեցրել է 5-րդ տեղը։

• Թաեքվոնտոյի ՀՀ հաւաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujarian Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին, որին 19 երկրների 26 թիմերի մէջ էր նաեւ ՀՀ հաւաքականը։ Արսէն Գրիգորեանը (87 քկ.) նուաճել է ոսկէ մետալ։ Նրա մարզիչն է 2008 թ. Եւրոպայի ախոյեան Արման Երեմեանը։ Սերգէյ Վարդազարեանը (68 քկ., մարզիչը Արսէն Աւետիսեան) դարձել է պրոնզէ մետալակիր։ Ընդհանուր թիմային հաշուարկում ՀՀ հաւաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մէջ)։ Իրանում ՀՀ հաւաքականը հանդէս է եկել գլխաւոր մարզիչ Գէորգ Դանիէլեանի ղեկավարութեամբ։ Այժմ ազգային հաւաքականը կը պատրաստուի Մայիսին Հարաւային Քորէայում կայանալիք աշխարհի առաջնութեանը։

• Պասքելպոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների տղաների հաւաքականի նորանշանակ մարզիչ Վիգէն Էսքիճեանը՝ Լիբանանից, արդէն Հայաստանում է եւ նախքան բուն գործին անցնելը ուսումնասիրում է Հայաստանի պասքեթպոլային կեանքը։

• Լոնտոնի օլիմպիական խաղերի պրոնզէ մետալակիր Միշա Ալոյեանը (ՌԴ-ից) պատրաստւում է արհեստավարժ ռինգում իր նորամուտին։ Միշան առաջին մենամարտը կ՚անցկացնի Մայիսի 11-ին Կեմերովոյում (ՌԴ), որում մրցակիցը լինելու է դոմինիկացի Նորբերտօ Խիմենեսը։

• ՌԴ-ն ներկայացնող թենիսիստ Կարէն Խաչանովը Մոնթէ Քարլոյում ընթացող թենիսի մրցաշարի առաջին մրցափուլում յաղթելով ֆրանսիացի Նիկոլայ Մայուին՝ (6։2, 6։4), երկրորդում 4։6, 4։6 հաշուով զիջել է իսպանացի Պաբլօ Կարրենոյին եւ դուրս է մնացել յետագայ պայքարից։

• ՀՀ ազգային հաւաքականի եւ անգլիական «Մանչեսթըր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը յարգել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, նա թուիթերեան իր միկրոպլոքում լուսանկար է տեղադրել եւ գրառում կատարել։

«Ապրիլ 24, 1915 թուական… Հայաստանի պատմութեան սեւ օրը։ Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են», գրել է Մխիթարեանը։

• Ռիօ-2016 օլիմպիական փոխախոյեան, ըմբիշ Միհրան Յարութիւնեանը Լոս Անճելըսում մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած բազմահազարանոց երթին։ Նա ասել է. «Այսօր մեզ համար շատ ցաւալի ողբերգական օր է, բայց մենք միշտ յաղթահարում ենք սա։ Երբ միասնական ենք ու միաւորուած մենք անպարտելի ենք»։

• UFC-ի (խառը մենամարտ) նախկին ախոյեանուհի Ռոնդա Ռոուզը (մարզիչ Էդմոնդ Թարվերդեան) եւս մասնակցել է այս երթին։ Ամերիկուհին եւս տեսանիւթ է հրապարակել «Instagram»-ի էջում։

• Արթուր Աբրահամը իր յաղթանակը նուիրում է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Աշխարհը պէտք է ճանաչի եւ դատապարտի Հայոց Ցեղասպանութիւնը։

 

Մարզական լուրերը կը համադրէ՝

Աւետիս Բայրամեան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ