Չորեքշաբթի, Ապրիլ 24, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլի խճանկար. «Ալաշկերտը» մեծացնում է տարբերութիւնը

Կայացան ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 26-րդ մրցափուլի հանդիպումները։

«Փիւնիկ»-«Շիրակ»՝0-2

«Արարատ»-«Բանանց»՝ 1-0

«Գանձասար»-«Ալաշկերտ»՝ 0-1

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 54, «Գանձասար»՝ 49, «Շիրակ»՝46, «Փիւնիկ»՝ 37, «Բանանց»՝ 21, «Արարատ»՝12 միաւոր։

• Այս տարի բացուեց Վանաձորի ֆութպոլի ակադեմիան, այն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան ֆութպոլային կառոյց է։ Արհեստական 1 եւ բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցուած են նոր սերնդի տեխնոլոգիաներով եւ համապատասխանում են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից արհեստավարժ ֆութպոլի համար սահմանուած չափորոշիչներին։

Վանաձորի ակադեմիայի շահագործման արդիւնքում, ինչպէս Վանաձորը, այնպէս էլ Լոռու ողջ մարզը կ՚ունենան ֆութպոլի զարգացման լուրջ հեռանկարներ։ Դրա առաջին պտուղներն արդէն տեսանելի են՝ ի դէմս «Լոռի» ֆութպոլային ակումբի, որն արդէն իսկ դիմում է ներկայացրել ՀՖԴ-ին անդամակցելու վերաբերեալ։ Այս տարի նախատեսւում է սկսել Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման գործընթացը։

• Մեր թերթի նախորդ համարում խօսել էինք Մախաչկալայի «Անժիի» հայազգի դարպասապահ Դաւիթ Եուրչենկոյի ՀՀ հաւաքականում հանդէս գալու հնարաւորութեան մասին։ ՀՖԴ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը անդրադառնալով Դաւիթ Եուրչենկոյի՝ օրեր առաջ հնչեցրած այն մտքին, որ ՀՖԴ-ն իրեն պաշտօնապէս չի հրաւիրել ՀՀ ազգային հաւաքական, յայտարարել է. «Մենք գրկաբաց սպասում ենք, որ Եուրչենկոն կ՚ընդունի մեր հրաւէրը եւ կը միանայ ՀՀ ազգային հաւաքականին։ Եուրչենկոն ասել է. «Շատ ուրախ եմ այդ առիթով»։

• ՀՀ Մ-19 հաւաքականը 20 ֆութպոլիստներով մեկնել է Կիպրոս, որտեղ Մայիսի 9-ին եւ 11-ին երկու ընկերական հանդիպում կ՚անցկացնի տեղի Մ-19 հաւաքականի հետ։

• Իրանի բարձրագոյն խմբի առաջնութիւնում Թեհրանի «Էսթեղլալը», որի կազմում հանդէս է գալիս ՀՀ հաւաքականի պաշտպան Հրայր Մկոյեանը, դարձել է փոխախոյեան։

• Եուրա Մովսիսեանը «Ռէալ Սոլթ Լէյքի» ֆութպոլիստների համար կազմակերպել է «Խոստումը» շարժանկարի փակ դիտումը։

• ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հաւաքականների թարմացուած դասակարգման աղիւսակը։ ՀՀ հաւաքականի դիրքը փոփոխութեան չի ենթարկուել՝ 67-րդ տեղ։

 

Եւրոգաւաթների խաղարկութիւններում

 

Եւրոպայի ախոյեանների լիկայի կիսաեզրափակիչ հանդիպումներում կայացան պատասխան հանդիպումները։

«Աթլետիկօ» Մ.-«Ռէալ» Մ.՝ 2-1 (0-3), 2-4

«Եուվենթուս»-«Մոնաքօ»՝ 2-1, (2-0), 4-1

Այսպիսով ախոյեանների լիկայի եզրափակիչում Յունիսի 3-ին Քարտիֆի «Ազգային» մարզադաշտում կը հանդիպի «Ռէալ» Մ.-«Եուվենթուս» զոյգը։

Եւրոլիկայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներն աւարտուեցին այսպիսի արդիւնքներով.

«Այաքս» (Հոլանդիա)-«Լիոն» (Ֆրանսիա)՝ 4-1

«Սելտա» (Իսպանիա)-«Մանչեսթըր Եունայթըտ»՝ 0-1

Պատասխան հանդիպումները կայացան Մայիսի 11-ին։

 

Ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում

Ազատ ոճի ըմբիշները նուաճեցին 3 պրոնզէ մետալ, իսկ յունահռոմէականները՝ 1

 

Սերբիայի Նովի Սադ քաղաքում աւարտուեց ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը։ Առաջինը պայքարի մէջ մտան ազատ ոճայինները։ Մեր ըմբիշներից Վալոդիա Ֆրանգուլեանը (61 քկ.), Գրիգոր Գրիգորեանը (74 քկ.) կիսաեզրափակիչ մենամարտերում զիջեցին իրենց մրցակիցներին, իսկ պրոնզէ մետալների համար գօտեմարտերում նուաճեցին պրոնզէ մետալներ։ Պրոնզէ մետալ նուաճեց նաեւ ՀՀ հաւաքականի կազմում հանդէս եկող Լեւան Բերիանիձէն (125 քկ.), ով քառորդ եզրափակիչում զիջել էր ատրպէյճանցի ըմբիշին եւ քանի որ վերջինը հասաւ եզրափակիչ Լեւանը իրաւունք ստացաւ պայքարելու պրոնզէ մետալի համար։ Այդ ճանապարհին նա յաղթեց Բելգիան ներկայացնող Հաջիմուրադ Իստապաեւին եւ Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլաեւին, տիրանալով պրոնզէ մետալի։

Գարիկ Բարսեղեանը (57 քկ.), Նարեկ Սիրունեանը (65 քկ.), Վալտեր Մարգարեանը (70 քկ.) առաջին իսկ գօտեմարտերում զիջեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին յետագայ պայքարից, իսկ Գէորգի Կետոեւը (97 քկ.) մէկ յաղթանակից յետոյ 1/8-րդ եզրափակիչում զիջեց ատրպէյճանցի Ասլանբեկ Ալբորովին։ Վահէ Թամրազեանը (86 քկ.) պրոնզէ մետալի համար սփոփիչ գօտեմարտում զիջելով լեհ ըմբիշին զբաղեցրեց 8-րդ տեղը։ Մայիսի 6-ին պայքարի մէջ մտան յունահռոմէական ոճի ըմբիշները։ Կարէն Ասլանեանը (66 քկ.) եւ Գէորգ Ղարիբեանը (58 քկ.) յամառ պայքարում զիջեցին թուրք եւ ատրպէյճանցի ըմբիշներին։ Վաչիկ Եղիազարեանը (130 քկ.) առաջին յաղթանակից յետոյ, յաջորդում զիջեց հունգարացի ըմբիշին։

Արթուր Ալեքսանեանը (98 քկ.) մասնակցութիւնը հաստատուեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ նա ծնկի վնասուածք էր ստացել։ Մէկ յաղթանակից յետոյ Արթուրը 2-րդ մենամարտում զիջել էր նորվեգացի Ֆելիքս Բալդուֆին եւ քանի որ վերջինը հասել էր եզրափակիչ Արթուրը պրոնզէ մետալի համար սփոփիչ գօտեմարտի իրաւունք էր ստացել։ Այստեղ նա յաղթելով Արթուր Օմարովին (Չեխիա) եւ Դմիդրի Դիմչենկոյին (Ուքրանիա) արժանացաւ պրոնզէ մետալի։ Սարգիս Քոչարեանը (80 քկ.) պարտուեց 1/8-րդ եզրափակիչում, իսկ Ռաֆայէլ Ալեքսանեանը (71 քկ.)՝ 1/16-րդ եզրափակիչում։ Կարապետ Չալեանը (75 քկ.)՝ երկու յաղթանակից յետոյ քառորդ եզրափակիչում զիջեց մրցակցին։ Մաքսիմ Մանուկեանը (85 քկ.) եւս քառորդ եզրափակիչում պարտուեց։ Այսպիսով յունահռոմէական ոճի ըմբիշները հայրենիք են վերադառնում 1 պրոնզէ մետալ նուաճած։

 

Շախմատային խճանկար

 

• Ռիգայում աւարտուած կանանց Եւրոպայի առաջնութեան 144 մասնակիցներից 9-ը հայուհիներ էին. Էլինա Դանիէլեան, Մկրտչեան եւ Գալոյեան Լիլիթները, Մարիա Գէորգեան, Կարինա Համբարձումովա, Ալինա Բալայեան (2-ն էլ ՌԴ), Եւգենիա Դոլուխանովա (Ուքրանիա), Աննա-Մայա Ղազարեան (Հոլանդիա), Ալմիրա Սկրիպչենկօ (Ֆրանսիա)։ Այստեղ մետալներից բացի առաջնութեան 14 ուժեղագոյնները աշխարհի անհատական առաջնութեան ուղեգրեր նուաճեցին։

11 մրցափուլում վաստակելով 7.5 միաւոր Էլինա Դանիէլեանը բաժանեց 4-14-րդ տեղերը (լրացուցիչ գործակիցներով 7-րդը)։ Լիլիթ Մկրտչեանը 6.5 միաւորով 46-րդն էր, Մարիա Գէորգեանը՝ 5.5 միաւորով 75-րդը, Լիլիթ Գալոյեանը 5 միաւորով՝ 97-րդը։ Եւրոպայի ախոյեանուհի հռչակուեց վրացի Նանա Ձագնիձէն՝ 8.5 միաւորով։ 2-3-րդ տեղերը 8-ական միաւորով  բաժանեցին Ալեքսանդրա Գորյաչկինան եւ Ալիսա Գալյամովան։

• Ամերիկահայ երիտասարդ գրոսմայստեր Սամուէլ Սեւեանը յաղթել է «Ֆիլատելֆիայի բաց» աւանդական մրցաշարում։ Նա 9 հնարաւորից վաստակել է 7 միաւոր եւ արժանացել մօտ 6 հազար տոլար դրամական մրցանակի։

• Գերմանիայում աւարտուել է շախմատի Բունդէսլիկան։ Յաղթող է դարձել «Բադեն» ակումբը, որի կազմում հանդէս էին գալիս Լեւոն Արոնեանն ու Սերգէյ Մովսիսեանը։ «Բադենը» յաղթել է բոլոր 15 հանդիպումներում եւ վերջին 11 տարում 10-րդ անգամ նուաճել է Գերմանիայի ակումբային առաջնութեան ախոյեանի կոչումը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ