Չորեքշաբթի, Ապրիլ 24, 2024

Շաբաթաթերթ

Մեկնաբանութիւն. Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը մերժու՞մ է Ղարաբաղի հարցով ԱՄՆ առաջարկները

Եթէ Ռուսաստանը որոշի Գիւմրիում 102-րդ ռազմաբազայից մարտական թռիչքներ իրականացնել Սիրիայում իսլամիստական խմբաւորումների դիրքերին հարուածելու համար, տարածաշրջանի երկրներն ակնյայտօրէն չեն ողջունի դա: Դա սպառնալիքի տակ կը դնի ամբողջ տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանին աննախանձելի վիճակում կը դնի, 1in.am-ի հետ զրոյցում ասել է «Եւրոպական քաղաքականութեան կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանտա Փօլը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի խօսքը: 

Ամանտա Փօլն այն փորձագէտների թւում է, որոնց համարում են թուրքական շահերի լոպպիստ: Պէտք է ենթադրել, սակայն, որ ԱՄՆ-ում ու Եւրոպայում նոյնպէս ոգեւորուած չեն Ռուսաստանի համար պլացդարմ դառնալու Հայաստանի հնարաւոր մտադրութեամբ:

ԱՄՆ-ն հրապարակայնօրէն բազմիցս ընդունել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական միութիւնը որոշակիօրէն թելադրուած է վտանգաւոր տարածաշրջանում Հայաստանի անվտանգութեան պահանջներով: ԱՄՆ-ն մինչեւ հիմա կարողացել է Հայաստանին միանշանակ ընտրութեան առաջ չդնել եւ պահպանել Արեւմտեան հանրութեան հետ կամուրջները:

Շատ փորձագէտներ, սակայն, ենթադրում են, որ Հայաստանը, յատկապէս, ԱԳՆ-ն (Արտաքին գործոց նախարարութիւնը – Խմբ.) անթաքոյց աշխատում են Ռուսաստանի շահերի օգտին: Յաճախ դա արւում է ի վնաս Հայաստանի շահերի, որը յաճախ մերժում է իրեն ձեռնտու առաջարկները, որովհետեւ դրանք դուր չեն գալիս Ռուսաստանին:

2015 թուականի աշնանը, օրինակ, 85 ամերիկացի քոնկրեսականներ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էտ Ռոյսի եւ դեմոկրատ Էլիոթ Էնճելի գլխաւորութեամբ Պարաք Օպամայի վարչակազմին էին ուղարկել բաց նամակ՝ կոչ անելով նպաստել խաղաղարար ծրագրերի իրագործմանը, որոնք կը կանխեն բռնութեան ու ագրեսիայի տարածումը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի սահմանային գօտիներում:

«Մեր նամակում ԱՄՆ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկում ենք մի քանի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու յետագայ բռնութիւնները: Մասնաւորապէս, կոչ ենք անում բոլոր կողմերին յետ քաշել դիպուկահարներին և առաջարկում ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել և նրանց տրամադրել այնպիսի համակարգեր, որոնք հնարաւորութիւն կ՚ընձեռեն ճշգրիտ կերպով արձանագրել շփման գծում իւրաքանչիւր խախտում», նշուած է նամակում:

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է նախաձեռնութիւնը, բայց այն այդպէս էլ մեծ ուշադրութեան չի արժանացել Հայաստանում: Պաշտօնական Երեւանը ծուլօրէն ողջունել է նախաձեռնութիւնը, սակայն լոպպինգ չի արել դրա համար: Վերլուծաբանները դա կապել են այն բանի հետ, որ նախաձեռնութիւնը հակասում է Ղարաբաղում իր կամ ՀԱՊԿ (Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւն – Խմբ.) խաղաղապահներին տեղակայելու Ռուսաստանի մտադրութիւններին:

2016 թուականի սկզբին ամերիկեան կողմը աշխուժօրէն առաջ էր մղում նախաձեռնութիւնը, Հայաստան եւ Ատրպէյճան ժամանեց Եւրոպայի հարցերով Օպամայի գլխաւոր խորհրդական, ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդի Եւրոպայի հարցերով պատասխանատու Չարլզ Կուպչանը:

Ատրպէյճանը չէր թաքցնում, որ շահագրգռուած չէ այդ մեխանիզմներով: Հայաստանն էլ, սակայն, չարձագանգեց: Շատերի կարծիքով, Երեւանը չէր կարող բացայայտ հրաժարուել նախաձեռնութիւնից, սակայն Մոսկուան էլ թոյլ չէր տայ տեղակայումը:

Ապրիլի 2-ին Ատրպէյճանը յարձակում սկսեց: Մեխանիզմների մասին նորից խօսեցին Մայիսին Վիեննայում, եւ նորից ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ: Յետոյ՝ Յունիսին, Սանկտ Պետերբուրգում այդ մասին ընդհանրապէս խօսք չեղաւ: Դրանից յետոյ Հայաստանը չնայած պաշտօնապէս պնդում է, որ մեխանիզմները տեղակայուեն, սակայն զուգահեռ ուժեղացնում է ռազմական կախուածութիւնը Մոսկուայից (համատեղ ՀՕՊ (Հակաօդային պաշտպանութիւն – Խմբ.), միացեալ զօրախմբի ստեղծում, ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին խօսակցութիւններ, հիմա էլ Սիրիայում որոշակի գործողութիւնների համատեղ մասնակցելու համաձայնութիւն):

Այդուհանդերձ, ԱՄՆ-ն երեւում է դեռ յոյս ունի, որ Հայաստանը կը գիտակցի իր շահերը եւ դուրս կը գայ Ռուսաստանի հետ մահացու կապից:

Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռազմական գործողութիւնները կարող են կրկնուել 2017 թուականին, ասել է ԱՄՆ Ազգային հետախուզութեան ղեկավար Դենիէլ Կոուտսը: Նա դա պայմանաւորում է Ատրպէյճանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ՝ նախապէս «մեղադրելով» Պաքուին, սակայն այս յայտարարութիւնը նաեւ նախազգուշացնում է Հայաստանին:

2017 թուականի Մայիսի 10-ին Ուաշինկթընում Atlantic Council-ում կայացել է հայ-ատրպէյճանական խնդրով քննարկում: Իգոր Մուրադեանը գրում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է այդ կառոյցին, քանի որ համարել է, որ հակառուսական ակցիա է նախապատրաստւում: Այս հարցում Atlantic Council է զանգահարել նախարար Էդուարդ Նալբանդեանը:

Ելոյթ ունեցած փորձագէտներն ասել են, որ Ռուսաստանը հակամարտութիւն է հրահրում, սպառազինում կողմերին:

1992 թուականի աշնանը ԱՄՆ Քոնկրէսն արգելել է Ատրպէյճանին ոչ հումանիտար տնտեսական օգնութիւնն ու զէնքի վաճառքը: Ընդունուել է ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ ուղղումը: Գլխաւոր փաստարկն այն է, որ Ատրպէյճանն անօրինական շրջափակում է իրականացնում Հայաստանի նկատմամբ: 907-րդ ուղղումը շարունակում է ուժի մէջ մնալ:

 

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

«Լրագիր»Գրախօսական

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ