Շատերը կ՚ասեն, որ Մխիթարեանը առաջին հայ ֆութպոլիստը չէ, ով յաղթեց եւրագաւաթներում: Կը յիշեն Եուրի Ջորկայեֆին, Ալեն Պօղոսեանին, ու չեն սխալուի: Բայց, համաձայնէք, եթէ նոյնիսկ նրանց յաղթանակները գաւաթակիրների գաւաթում, ՈՒԵՖԱ-ի գաւաթում, կամ նոյնիսկ աշխարհի ու Եւրոպայի առաջնութիւններում տեսել էք ուղիղ եթերով, չէք զգացել հպարտութեան այն մէկ տոկոսը, որը զգում էինք երէկ գիշեր՝ էկրաններից նայելով, թէ ինչպէս է Հենրիխ Մխիթարեանը նախ դառնում կոլի հեղինակ, իսկ յետոյ գլխավերևում պահում Եւրոպայի լիգայի գաւաթը (ցաւօք, մեր հեռուստաընկերութիւնները «հոգացին», որ այդ հաճոյքը հասանելի չլինի բոլորի համար…):
Եւ հարցը այստեղ ամենևին էլ այն չէ, որ Հենոն, ի տարբերութիւն նրանց, Հայաստանի հաւաքականի ֆութպոլիստ է, ու նոյնիսկ այն չէ, որ խաղից յետոյ Հենրիխի ուսերին ամբողջ աշխարհը տեսաւ Հայաստանի դրօշը: Իհարկէ, այդ ամէնը ստիպեց հպարտանալ, յուզուել, ուրախանալ: Բայց դա մի պահ է՝ էմոցիոնալ, հաճելի, բայց ակնթարթ: Իսկ կայ շատ աւելի կարևոր, խորքային հարց, որի շնորհիւ յաղթանակը կարևոր է. Հենոն մեզնից մէկն է:
Կարիք չկայ պատմել Մխիթարեանի անցած ամբողջ ճանապարհը՝ «Փիւնիկից» սկսած մինչև Եւրոպայի լիգայի գաւաթակիր (յատկապէս, որ այդ ճանապարհը դեռ շարունակւում է ու դեռ նորից հպարտանալու առիթներ է տալու), կարիք չկայ պատմել բոլոր դժուարութիւնների մասին, որոնց միջով անցել է ֆութպոլիստը: Միգուցէ շատ պարզ, հասարակ ու ծեծուած հնչի, բայց Մխիթարեանն այսօր օրինակ պէտք է լինի մի ամբողջ եկող սերնդի համար. եթէ ուզում ես կեանքում յաջողութիւն ունենաս, հասնես նպատակիդ, ապա պէտք է պատրաստ լինես զոհաբերես, քրտնաջան աշխատես, դիմանաս դժուարութիւններին, չդադարես սովորել և, ամենակարևորը, չբաւարարուես փոքր յաջողութիւններով:
Կարևոր է հասկանալ, որ Մխիթարեանը եղել է իր սերնդի բազմաթիւ ֆութպոլիստներից մէկը, բայց այսօր նա նոյն սերնդից միակն է, ով գլխավերևում պահում է Եւրոպայի լիգայի գաւաթը: Ու հէնց այդ «մէկից դէպի միակ»ը տանող ճանապարհն է, որն առանձնացնում է նրան միւսներից ու դարձնում օրինակ: Հէնց այդ ճանապարհն է, որ այսօր պէտք է իրենց աչքի առաջ ունենան ֆութպոլային դպրոցներում սովորող պատանիները, երեխաները:
Այդ ճանապարհին եղել են բազմաթիւ փոքր յաջողութիւններ՝ Դոնեցկի «Մետալուրգի» առաջատար, Ուքրաինայի առաջնութեան ռեկորդակիր, Գերմանիայի առաջնութեան լաւագոյն ֆութպոլիստ… Միգուցէ մի օր այս փոքր յաջողութիւնների շարքին դասուի նաև՝ Եւրոպայի լիգայի գաւաթակիր, ԵԼ-ում թիմի լաւագոյն ռմբարկու… Իմանալով Մխիթարեանի բնաւորութիւնը՝ շատ հաւանական է: Բայց այդ յաջողութիւնները երբեք պատճառ չեն հանդիսացել նրան կանգ առնելու, բաւարարուելու ունեցածով:
Այդ ճանապարհին եղել են շատ անյաջողութիւններ, ցաւալի վրիպումներ: Ամբողջ մրցաշրջան յենակէտայինի դիրքում՝ «Շախտիորում»… «Բորուսիա» – «Ռէալ», դատարկ դարպաս… Պահեստայինների նստարան «Եունայթըտում»… Տուէք մի ֆութպոլիստի անուն, ով նման խնդիրներից յետոյ աւելի ուժեղ կը վերադառնար:
Իւրաքանչիւր հարցազրոյցում Մխիթարեանին հարցնում են մրցաշրջանի անյաջող մեկնարկի մասին: Ամէն անգամ Հենոն պատասխանում է՝ գլուխս կախ շարունակեցի աշխատել՝ սպասելով իմ հնարաւորութեանը: Թւում է՝ շատ պարզ է: Ինչ-որ մէկին կարող է նաև յոգնեցնում է՝ միթէ աւելի օրիգինալ պատասխաններ չկան: Չկան, ու պէտք էլ չեն: Դա է յաղթանակի միակ բանաձևը, ու դա այնքան պէտք է կրկնուի, մինչև օրինակ դառնայ բոլորի համար:
Չեմ ուզում ասել, որ այս պատմական իրադարձութիւնը հայկական ֆութպոլի համար նոր խթան կը հանդիսանայ, որ մենք դեռ տարիներ յետոյ կը տեսնենք արդիւնքները: Սուտ կը լինի: Մի ամբողջ սերունդ տեսաւ «Արարատ-73»-ի յաղթանակը, վերապրեց ֆութպոլային բումը, բայց դրանից նոր «Արարատ-73» չծնուեց: Երևի, նոր Մխիթարեաններ էլ չեն ծնուի… Բայց եթէ ուզում ենք, որ ինչ-որ բան փոխուի, պէտք է Մխիթարեանի անցած ճանապարհը դարձնենք օրինակ, ցոյց տանք եկող սերունդներին, ինչու չէ, ինքներս սովորենք: Որքան էլ, որ խօսքերով սա պարզ ու հասարակ ճշմարտութիւն է թւում, բայց պրակտիկայում՝ դժուար կիրառելի:
Հենոն մեզնից մէկն էր՝ պարզ, հասարակ հայ տղայ: Այսօր նա մեզնից միակն է, նրա շնորհիւ մարդիկ ճանաչում են Հայաստանը: Ու հէնց դա է մեր հպարտութեան գլխաւոր պատճառը:
ՌԱՖԱՅԷԼ ԽԱԼԱԹԵԱՆ