Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովն աւարտեց իր աշխատանքը

Յունիսի 6-8ը, բարձր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուեց Եկեղեցական-ներկայացուցչական 6րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբուել Գերագոյն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նուիրապետական Աթոռներում պաշտօնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփիւռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատուիրակներ, առաջնորդական տեղապահներ, Նուիրապետական Աթոռների, Հայրապետական պատուիրակութիւնների ու աշխարհասփիւռ թեմերի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ:

Աշխարհասփիւռ եկեղեցական կառոյցների պատգամաւորներին հայրապետական իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Խօսելով ժողովի կողմից 2009 թ. կիրառութեան մէջ դրուած թեմական կանոնադրութեան ուղենշային փաստաթղթի, 2014 թ. որդեգրուած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրութեան, ինչպէս նաև Ազգային-եկեղեցական ժողովի բարեփոխեալ կանոնադրութեան քննարկուելիք նախագծի մասին` Վեհափառ Հարապետը ընդգծեց դրանց կարևորութիւնը հոգևոր-եկեղեցական կեանքի կանոնակարգման առումով: Նորին Սրբութիւնը արձանագրեց, որ եկեղեցական կեանքի հաստատումը կանոնադրական հիմքերի վրայ արդիւնաւորութիւն է հաղորդելու Եկեղեցու գործունէութեանը, քաջալերելու է ժողովրդի ներգրաւուածութիւնը եկեղեցական կեանքում, աւելացնելու է վստահութիւնը եկեղեցական կառոյցների նկատմամբ և ամրապնդելու է լաւատեսութիւնը վաղուայ օրուայ հանդէպ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ասաց, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100րդ տարեդարձը պէտք է առիթ դարձնել արժևորելու մեր անկախ պետականութիւնը, նորոգելու սէրն ու պատասխանատուութիւնը հայրենիքի հանդէպ:

Նորին Սրբութիւնը հայրապետական իր գնահատանքը յայտնեց ուխտապահ հոգևոր դասին, թեմական և համայնքային վարչական անդամներին, Հայ Եկեղեցու բարերար ու բարեգործ զաւակներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայաստանում, Արցախում և Սփիւռքում ժողովրդի կարիքներին մշտապէս պատրաստակամութեամբ աջակցութիւն ու օժանդակութիւն ցուցաբերելու համար:

Ողջոյնի խօսքով ժողովականներին դիմեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքչեանը։

Ժողովի սկզբում տեղի ունեցաւ դիւանի ընտրութիւն։ Ժողովի ատենապետներ ընտրուեցին ԱՄՆ Հայոց Արևելեան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը և տիար Լևոն Սարգսեանը (Արարատեան Հայրապետական թեմ), փոխատենապետների պաշտօնը ստանձնեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանը և Տոքթ. Վարուժան Ալթըփարմաքեանը (ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմ):

Օրակարգի ընդունումից յետոյ կատարուեց քննախոյզ, օրինականութեան, հաշուեքննիչ, ինչպէս նաև թեկնածուներ առաջադրող, առաջարկներ ներկայացնող և կանոնադրական փոփոխութիւնների յանձնախմբերի անդամների ընտրութիւնը։

Առաջին օրը ժողովականների ուշադրութեանը յանձնուեց ազգային-եկեղեցական ժողովի 1945 թ. կանոնադրութեան փոփոխութիւնների լրամշակուած նախագիծը, որի վերաբերեալ հայ եկեղեցու կառավարման բարձրագոյն մարմինների կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի անունից զեկոյց ներկայացրեց Գէորգ Դանիէլեանը։

Ներկայացուած նախագծի` յօդուած առ յօդուած երկօրեայ համակողմանի քննարկումներից և առաջարկուած լրացումներից յետոյ ժողովի մասնակիցները քուէարկութեամբ ընդունեցին ներկայացուած փաստաթուղթը, որը վերջնական հաստատում կը ստանայ առաջիկայ ազգային-եկեղեցական ժողովի կողմից։ Վեհափառ Հայրապետը և ժողովի անդամներն իրենց գնահատանքը յայտնեցին յանձնախմբին կատարուած աշխատանքի համար:

***

Յունիսի 7-ի նիստին Գերագոյն հոգևոր խորհրդի անդամների ընտրութեան առնչութեամբ զեկուցեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը։ Սրբազանը ներկայացրեց սահմանուած ԳՀԽ նոր թուակազմը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երուսաղէմի և Կ.Պոլսի Հայոց Պատրիարքները ու խորհրդի 21 անդամներ: Գերագոյն հոգևոր խորհրդի անդամների 1/3-ը նշանակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իսկ 2/3-ը ընտրւում Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից։ Ի պաշտօնէ ԳՀԽ անդամ են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանապետը և Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը։

Զեկոյցից յետոյ տեղի ունեցած քննարկման արդիւնքում Գերագոյն հոգևոր խորհրդի անդամ ընտրուեցին տարբեր աշխարհամասերից հետևեալ հոգևորականներն ու աշխարհականները.՝

1. Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսեանը,

2. Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը,

3. ԱՄՆ Հայոց Արևելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը,

4. ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը,

5. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը,

6. Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը,

7. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը,

8. Դոկտոր Գէորգ Դանիէլեանը (Հայաստան),

9. Դոկտոր Վահան Տէր-Ղևոնդեանը (Հայաստան, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան),

10. Դոկտոր Ժոզէֆ Կանիմեանը (ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմ),

11. դոկտոր Ալեքսանդր Ալավերդեանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ)։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԵՆԺ պատգամաւորներն այս առիթով շնորհաւորեցին ԳՀԽ-ի նորընտիր անդամներին` մաղթելով արդիւնաւոր աշխատանք Գերագոյն հոգևոր խորհրդի կազմում:

Ժողովին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միաւորման նախագահ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց 2018 թ. երիտասարդութեան տարի հռչակման ծրագրի վերաբերեալ։ Հանգամանօրէն անդրադառնալով անցնող տարիների ընթացքում ՀԵՀԵՄ-ի գործունէութեանը՝ Յովնան Սրբազանը տեղեկացրեց 2018 թ. ծրագրուող թեմական, միջթեմական և տարածաշրջանային համաժողովների ու համախմբումների մասին, որոնք կը պսակուեն թեմերի կողմից կազմակերպուելիք երիտասարդական ուխտագնացութիւններով Սուրբ Էջմիածին և ուխտի Ս. պատարագներով, ապա նաև «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» կարգախօսի ներքոյ Մայր Աթոռում գումարուելիք երիտասարդական հաւաքով:

Զեկոյցից յետոյ ժողովականների կողմից ծրագրուող միջոցառումների առնչութեամբ կատարուեցին առաջարկներ: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց ՀԵՀԵՄ-ի և թեմերի կողմից իրականացուելիք ծրագրերը՝ ընդգծելով, որ երիտասարդութեան հետ տարուող աշխատանքը պէտք է առանցքային տեղ ունենայ Հայոց Եկեղեցու առաքելութեան մէջ։

Վերջում Նորին Սրբութիւնը և ԵՆԺ պատգամաւորները գոհունակութիւն յայտնեցին ՀԵՀԵՄ-ի գործունէութեան և արձանագրած արդիւնքների կապակցութեամբ:

Ժողովին քննարկում տեղի ունեցաւ նաև Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100րդ տարեդարձի առիթով հայոց եկեղեցու կողմից ծրագրուող միջոցառումների մասին։

***

Յունիսի 8-ի նիստին Հայաստանի գլխաւոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձութեան և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրէն, ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամեանը ժողովականներին զեկոյց ներկայացրեց Հայաստանում ծնելիութեան իրավիճակի մասին։ Վերջինս անդրադարձաւ ՀՀ-ում ծնելիութեան անկման պատճառներին և ծնելիութեան թուի բարձրացման ուղղութեամբ ՀՀ կառավարութեան կողմից իրականացուող ծրագրերին:

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ամփոփ տեղեկութիւններ հաղորդուեցին Երուսաղէմի և Կ.Պոլսի Հայոց Պատրիարքութիւնների, թեմերի և Հայրապետական պատուիրակութիւնների ընթացիկ գործունէութեան մասին։

Ժողովն ամփոփուեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով։ 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ