Կիրակի, Նոյեմբեր 10, 2024

Շաբաթաթերթ

Հայրերու Օրուան Առիթով – Կիրակի, Յունիս 18 ՀՕՐ ՁԵՌՔԵՐԸ

Ինչեր ասես որ չասեցին ամէն անգամ եւ ամէն տեղ

Թէ ինչ արին մօր ձեռքերը

Գովերգեցին թէ մարդ թէ կին

«Սեւակն ասաւ, Սեւակն ասին»

Մօր Ձեռքերի համբաւն հասաւ կաթնածիրին.

Ունկնդրեցինք, հաւան կացանք

Արդար էր նա թէ անարդար

Հօր Ձեռքերին պիտի տեղ տար.

Բայց չտուեց –

Եւ ուշացած, փոխարէնը

Ես ձեզ կ՚ասեմ ինչ են արել, ինչ չեն արել

Հօր Ձեռքերը։

***

Նախ բռնել են մօր ձեռքերը,

Փայփայել են, հուփհուփատել,

Սեղմել, շոյել, սիրով պատել,

Էդ մոռացուած հօր ձեռքերը։

Թէ չլինէր սեղմումը այդ, զեղումը այդ,

Կը լինէի՞ն մօր ձեռքերը։

Ինչեր ասես որ չեն արել հօր ձեռքերը

Շփել շոյել մօր հերքերը։

Իսկ բերքերը…

Ծառ են տնկել, արտ են հնձել

Այրուել, վառուել ու խնձուել, բայց մնջուել,

Ձայն չեն հանել հօր ձեռքերը,

Երբ շրջապատը չի դիտել, միջամտել կամ չարմտել,

Կամայ գուցէ, թէ ակամայ,

Մատները բաց

Կամաց-կամաց, սողսկել են, թաթթաթել են

Դողդողացել, սիրտ գողացել հօր ձեռքերը,

Ինչեր ասես,

Թաքուն պահես,

Թէ ծածկաբար կամաց ասես

Ինչո՞ւ ես պիտ յայտնաբերեմ

Վրէս առնեմ հօր մեղքերը

Հարցնում էք ի՞նչ են արել հօր ձեռքերը։

Երբ տնկենին հուռթիացել, թափ են տուել,

Երբ հասել են նպատակին, ծափ են տուել,

Անհաշտ եղել, սեղմուել են, կռուփ դարձել.

Հաշտ են եղել՝ խոհեմութեամբ ափ են տուել.

Ալիքի պէս յորձանքի հետ լափ չեն տուել.

Եկէք ասեմ ինչ են տուել

Չեն ստացել վարձքը նրա

Որ կանգնել են պատնէշի պէս մաքառել են

Դիմադրել ու չեն չուել,

Մոռացել էք հաշուի չառել

Բազմապատիկ փորձը նրա,

Դարերի հետ, դարերի չափ մեծ հոյակապ

Խուրձեր խուրձեր գործը նրա։

Էն սկզբում, քարանձաւում

Քարով, զօռով ու մամութի ատամներով

Պահպանում էր ու պաշտպանում

Որ ապրեցնի մօր ձեռքերը։

Որսի ելաւ քարանձաւից, ուտեստ ճարեց

Գազանների հետը գժտուեց,

Նոր դար եկաւ ու շրջուեց

Աբեթ առաւ, կայծքար ճարեց, կրակ վառեց

Որ չվառուեն մոմեր վառող մօր ձեռքերը –

Էդ մոռացուած ճաք ճաքոտած

Բայց դիմացած հօր ձեռքերը։

Քէֆի ժամին բամբիռ չալել.

Կռուի ժամին աղեղ լարել.

Պաշտպանել է, կենսակալել։

Թէ մօր ձեռքը մոմ է վառել, աղօքթ արել,

Հօր ձեռքերը ժայռը փորել,

Քարակոպան վանք է արել.

Ատրուշան է կոփել քարից,
Ազատել է մօրը չարից.

Մօր ձեռքերում մոմահալուած

Էդ հալածուած հօր ձեռքերը։

Կատակ էր դա։ Շարունակենք։

Կառուցել են, հատուցել են, շինել, կոփել,

Քանդակել են, պատրաստել են, պատուաստել են

Վաստակել են, կեանք ստեղծել

Բանաստեղծել ու չեն կեղծել,

Քանդել, եղծել հօր ձեռքերը։

Յետոյ չէ՞ որ համեստութիւնը չի ներել

Խօսք չեն ասել կոծկած թաքուն գործի մասին

Թաքցրել են, բան չեն ասել,

Ի՞նչ են արել

Հարսանիքից անմիջապէս

Շորոր պարող մօր ձեռքերից յետոյ պորիկ հօր ձեռքերը

Կենսապարար, արուեստածին, ու հոգատար,

Էդ անդադար բայց միշտ արդար հօր ձեռքերը։

***

Երկաթի դար երկաթ հալել,

Խոփ են կոփել, սուր են սրել

Ճանապարհներ կպրակալել.

Ոսկի, արծաթ ու այլազան

Մետաղներ են հողի կրծքից աշխարհ հանել

Զտել, յղկել

Ապարանջան կոփել թեւին

Մօր մատներին մատնիք շարել

Կոշտ ու կոպիտ հօր ձեռքերը։

Քարից հողից հաց են քամել.

Ինչ որ մայրը ուզել, կամել

Բերել դրել մօր ձեռքի մէջ

Հողակլոլ հօր ձեռքերը։

***

Ինչո՞ւ չասենք մտքի մասին, սրտի մասին

Հօր ձեռքն այնքան բան է արել

Ժամանակն է իրար կարել

Ժամացոյցի հերթն է լարել

Ճամբայ ճարել

Որ մօր ձեռքը ազատ լինի

Մատը թափ տայ ու կարենայ

Խեղճ հօր գլխին թմբկահարել

Մի խառնշտէք հօր վէրքերը

Ժամանակը թոյլատրէր

Հայկազը մի գիրք կը գրէր

Որ Սեւակին կատակ ջրէր

Չերթար մենակ «ղազու» մօտը

Ու չհանէր ձեռքի հոտը

Չմոռանար հօր ձեռքերը, լոկ գովերգէր խօսքը մեր մէջ

Գովքի արժան մօր ձեռքերը

Խօսքերս թող մեր մէջ մնան, չարամիտները չիմանան

Կռիւ գցեն մէջը նրանց

Լաւ իմանան միացած են

Ու դարերով դիմացած են

Ու անբաժան, տուն տեղ պահող,

Միշտ սէր շահող, սրտեր դաղող,

Նուռ ու խաղող, զաւակներին թիկունք, պահող,

Մօր ձեռքերը

Եւ նրանց հետ միասնացած

Հօր ձեռքերը։

 

ՀԱՅԿԱԶ ՍՏԵՓԱՆԵԱՆ (ՌՇՏՈՒՆԻ)

Թեհրան, 1980

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ