Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Երկու Կեանք. Սառը Պատերազմը եւ Հայերի Արտագաղթը. Խորհրդային Հայաստանը լքելու պատճառները կամ անյաջող փորձառութիւն


 

Երբ կարդում եմ 1946-49ին հայրենադարձուած մարդկանց պատմութիւնները, մտածում եմ՝ ինչպէ՞ս էր հնարաւոր, որ Հայաստան գալու երազանքը փայփայող մարդիկ տեղ հասնելուց հաշուած ժամեր անց կամ նոյնիսկ նաւից դեռ չիջած՝ զղջային իրենց որոշման համար եւ ձգտէին յետ՝ որտեղից գալիս էին։ Այդ պատմութիւններում ակնյայտ են Հայրենիքի մասին պատկերացումների եւ խորհրդային իրականութեան հակադրութիւնները, դրական բոլոր ակնկալիքների յանկարծ ու շեշտակի կործանումը:

 

ՄԱՐԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Ներգաղթել է ԱՄՆ-ից, 1947ին. ապրում է Կլենտէյլում (Քալիֆորնիա, ԱՄՆ)

Եւ տեսանք, որ այնտեղ լրիւ տարբեր էր, կեանքը լրիւ տարբեր էր, ինչ որ մենք սպասում էինք։ Բայց հայրս ասեց. «Աղջիկներս, էսի Բաթում ա, մենք գնում ենք Հայաստան։ Հայաստան ուրիշ է լինելու, աւելի լաւ է լինելու»։

Շատերի համար նման հակասական ապրումներն ի յայտ էին գալիս անբարեկիրթ, իշխանութիւնն ամբարտաւան կերպով գործադրող խորհրդային պաշտօնեաների հետ առաջին իսկ շփումներից: Անտարբերութիւնը, արհամարհանքը, որ սովետական մանր ու միջին պաշտօնեայի վարքի անբաժանելի մասն էին, ներգաղթողի մէջ առաջացնում էին անելանելիութեան եւ յուսախաբութեան զգացում, որից, տարիների հետ, շատերն այդպէս էլ չազատուեցին, իսկ «երթալը կը փրկէ» տրտունջքը ժամանակի ընթացքում թեւաւոր խօսք դարձաւ: 

Հայրենադարձների առաջին տհաճ բացայայտումներից մէկը, կարելի է ասել՝ աշխարհագրական էր։ Իրենք փափաքել էին գալ Հայաստան, բայց, չգիտես ինչու՝ յայտնուել Խորհրդային Միութիւնում։ Այսինքն՝ իրենց կարծիքով եկել էին մի երկիր, փաստացի յայտնուել մի այլ երկրում: Անակնկալ բացայայտում էր նաեւ այն, որ Խորհրդային Հայաստանի հայն ուրիշ էր՝ վերեւներում որոշուած, կոմունիստական գաղափարաբանութեանը յարմարեցուած մի տեսակ, որի ընդհանրական խառնուածքում ազգայինը ստորադասուած էր սովետական սոցիալիստականին։ Իսկ դրանից տարբերուող տեսակն այն աստիճան էր դատապարտելի, որ կարող էր նոյնիսկ մարդուն աքսորելու կամ բանտարկելու առիթ լինել:

 

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Ներգաղթել է Պաղեստինից, 1960-ին. ապրում է Կլենտէյլում (Քալիֆորնիա, ԱՄՆ)

Մարդը հայրենասէր էր, Անդրանիկ էր երգում, ասում էին՝ ազգայնական ես, նացիոնալիստ ես, մի քիչ էլ որ երկար էր խօսում, ասում էին՝ դաշնակցական ես։

Համապատասխանաբար կար նաև հայրենասիրութեան սովետական ձեւը, որի մէջ նախկին սփիւռքահայերի զգացմունքներն ու մտքերը չէին տեղաւորւում: Մարդիկ Հայաստան էին եկել՝ համարելով այն ազգային պետութիւն, բայց ազգային երազանքների, պատմական հայրենիքի, ազգային հերոսների, Ցեղասպանութեան եւ նմանատիպ այլ բաների մասին շշուկով խօսելն անգամ վտանգաւոր էր։ Հայազգի սովետական մանր ու միջին պաշտօնեաները, ահ սփռող թաղային լիազօրները, երեւելի եւ աներեւոյթ մատնիչները (ինչու չէ՝ նաեւ հաւաքագրուած հէնց իրենց՝ ներգաղթողների շրջանակից), որոնք ընդհանրանում էին իբրեւ «պատերի մէջ բնակուող ականջներ», ազգային կեանքով ապրելու իրական արգելքներ էին։ 

Խորհրդային Միութիւնում կային նաև կենսապահովման դժուարութիւններ: Դրանք, սակայն, հասկանալի էին («երկիրը պատերազմից նոր էր դուրս եկել») եւ յաղթահարելի («ոչինչ, կամաց-կամաց կեանքը կը լաւանայ»)։ Հասկանալի եւ յաղթահարելի չէր պետականօրէն դրուած արգելքը, որը մարդուն զրկում էր ստեղծագործ աշխատանքով զբաղուելու, իր հմտութեամբ բարիք ստեղծելու եւ դրամ վաստակելու հնարաւորութիւնից:

 

ՅԱՐՈՒԹ ՊԱՐՍԱՄԵԱՆ

Ներգաղթել է Լիբանանից, 1946-ին. հարցազրոյցը նկարահանուել է Ըրվայնում (Քալիֆորնիա, ԱՄՆ)

Իմ պապաս կօշկակար էր։ Հայաստան գալուց առաջ նոր կօշիկ սարքելու գործարան եւ սարքաւորումներ գնեց Անգլիայից եւ Ֆրանսիայից։ Մենք դրանք բերեցինք Հայաստան, որովհետեւ պապաս ուզում էր Հայաստանում ստեղծել ժամանակակից, նոր կօշիկի գործարան։ Երկու-երեք տարի անընդհատ գնում էր ներգաղթի կոմիտէ, գնում էր Արտաքին գործերի մինիստրութիւն՝ այսպէս կոչուած։ Ասում էին՝ այո, այո, երբ որ էներգիայի վիճակը լաւանայ Հայաստանում, մենք գործարան կը կառուցենք եւ դուք կը լինէք էդ գործարանի տնօրէնը եւ այլն, եւ այլն, բայց էդ բոլորը սուտ, ի՜նչ ահաւոր սուտ։

Շատերը հէնց այդ մտադրութեամբ էին Հայաստան ներգաղթել՝ բերելով իրենց հետ արտադրական միջոցներ եւ հումք, բայց ստիպուած եղան անբաւարար վարձատրութեամբ աշխատանքի անցնելու պետական հիմնարկութիւններում։ Այս ամէնի մասին խօսելը, բողոքելը, քննադատելը պետականօրէն արգելուած էր եւ դատապարտելի։

 

ԱՆԱՀԻՏ ՊՕՂԻԿԵԱՆ

Ներգաղթել է Սիրիայից, 1946-ին. ապրում է Երեւանում

Մեր դասախօսները մարքսիզմ-լենինիզմի դասերին կամ պատմութեան դասերին այնպիսի յուսադրիչ դասախօսութիւններ էին կարդում, դէ երիտասարդ էինք՝ ոգեւորւում էինք, մանաւանդ ես միշտ էսպէս ոգեւորւում էի, ասում էի՝ ոչինչ, կ՚անցնի, մեր Հայրենիքն է։

Գաղափարախօսական ճնշումը, միաժամանակ անհամապատասխանութիւնը կեանքի իրողութիւններին, կեղծիքը, որով լցուած էր մարդկանց կեանքը, հայրենադարձին վանող անյաղթահարելի երեւոյթներից էին։ Խորհրդային Միութիւնում գրողները գրում, երգիչները երգում, պետական-կուսակցական գործիչներն էլ անընդմէջ ճառում էին սովետական մարդու նուաճումների, յաջողութիւնների, ձեռքբերումների եւ, ի հետեւանք այս ամէնի՝ բարեկեցիկ կեանքի մասին։ Բայց պատկերը բոլորովին այլ էր։

 

ՇԱՔԷ ՉՈՒԳԱՍԶԵԱՆ

Ներգաղթել է ԱՄՆ-ից, 1947-ին. ապրում է Կլենտէյլում (Քալիֆորնիա, ԱՄՆ)

Կամաց-կամաց ամէն ինչը լաւացաւ։ Էլի Ամերիկայի հետ համեմատած՝ լաւ չէր, բայց համեմատած սովետի անցած տարիների հետ՝ շատ լաւ էր։

Նոյնիսկ երջանիկ 1970-80-ականները կարիքի, անորակութեան, դեֆիցիտի, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտութեան առարկաների անվերջանալի հերթերի տարիներ էին: Առօրեայ խօսքուզրոյցում «ճարելը» ամենագործածուող բայն էր։ Հեշտ ճարուող քիչ բան կար ԽՍՀՄ-ում, բայց այդ ամէնով հանդերձ խորհրդային քարոզչութիւնը իւրօրինակ հայրենասիրութիւն էր քարոզում, որի միակ նպատակն, ըստ էութեան, իրականութիւնը քօղարկելն էր։

Հայրենադարձներն այլ իրականութիւնից տեղեակ մարդիկ էին։ Նրանք տեսնում էին քարոզի ու գովերգումի դատարկութիւնը եւ հասկանում, որ սովետական բացառիկ առաքինութիւն համարուող հաւասարութիւնն իրականում չկայ։

Հասարակութիւնը հիւանդ էր, կաշառակերութիւնը՝ հսկայածաւալ, հովանաւորչութիւնը, արտօնեալութիւնը, գողութիւնը, հանրային հարստութեան վատնումը՝ սովորական։ Բարիքը, որ առանց այդ էլ շատ չէր, հաւասար չէր բաշխւում հասարակ ժողովրդի (մեծամասնութիւն) եւ արտօնեալների (փոքրամասնութիւն) միջեւ։ 

 

ՌՈԲԵՐՏ ՏԷՐ-ՄԵՐԳԵՐԵԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին. ապրում է Մարսէլում

Այդ ժամանակ շատ կատակներ կային հայրենադարձների մասին: Մէկը պատմեմ. մի մարդ փողոցում քայլում է, հարցնում են՝ ձեր երկրում էշեր կայի՞ն: Նա էլ պատասխանում է՝ մէկ հատ էշ կար, ես էի, էն էլ եկել եմ էստեղ։

Հեռանալու միտքը հայրենադարձներից շատերին հանգիստ չէր տալիս։ Այն կար եւ նրանց ուղեկցում էր թէ՛ ուշ 40-ականներին, երբ նոր էին հաստատւում Հայաստանում, եւ թէ՛ յետագայում՝ ընդհուպ մինչեւ 80-ականների աւարտը։ Նրանց հայեացքն ուղղուած էր դէպի Արեւմուտք՝ աւանդաբար ԽՍՀՄ-ին հակառակորդ համարուող երկրներ, որոնց մասին պատկերցումները ձեւաւորւում էին սփիւռքահայ հարազատների հետ շփումներով (փոխայցելութիւններ, նամակագրութիւն եւ այլն)։

 

ՅԱԿՈԲ ԱՆԴՐԻԿԵԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին. ապրում է Փարիզում

Մերոնք Մոնթէ Քարլոյի ռադիօ, «Ամերիկայի ձայն» էին լսում գողտրուկ։ Ռադիոն որ միացնում էին, ինծի դուրս էին հանում, ասում էին՝ տունին չորս կողմը ման արի, որ մէկը չլսի։ Փոքր էի, ֆռում էի տունին չորս կողմը…

Ըստ այդ կցկտուր, երբեմն ոչ բացայայտ (հնարաւոր գրաքննութեան պատճառով քօղարկուած) տեղեկութիւնների՝ այնտեղ հնարաւոր էր ազատ շնչել, խօսել ամէն ինչի մասին, չվախենալ պետական պաշտօնեաներից, զբաղուել ձեռներէցութեամբ՝ չհամարուելով յանցագործ։

Այդ պատճառով, նրանք ամենաչնչին հնարաւորութեան դէպքում փորձում էին ճեղքել երկաթէ վարագոյրը եւ դուրս գալ «ազատ» աշխարհ։  «Ազատը» շատ դէպքերում հէնց այն երկիրը չէր, ուր մինչեւ ներգաղթելը բնակուել էին։ 1946-49թթ.ին հայերը եկել էին աւելի քան 10 երկրից, բայց գրեթէ բոլորը փորձում էին «վերադառնալ» Միացեալ Նահանգներ։ Ֆրանսահայերը հիմնականում վերադառնում էին Ֆրանսիա։ Որոշ լիբանանահայեր Լիբանան էին գնում, այնտեղից աւելի հեշտ ԱՄՆ տեղափոխուելու նպատակով։

Այսինքն՝ հիմնականում «երանելի Արեւմուտքը» նոյնանում էր ԱՄՆի հետ, որը Սովետական Միութեան հակապատկերն էր։ Դա ազատ, կեանքի բոլոր կողմերով ըմբռնելի աշխարհ էր, որտեղ հարուստը հարուստ էր, միջինը՝ միջին, աղքատն՝ աղքատ, որտեղ իրերը կոչւում էին իրենց անուններով, որտեղ մարդն իրեն զգում էր մարդ եւ ոչ թէ համակարգի մամլիչի տակ մնացած զանգուած։ 

Հայրենադարձների արտագաղթը սկսուել էր 1950ականների վերջին։ 60ականներին կար, բայց զանգուածային չէր. դուրս գալու հնարաւորութիւն ստանում էին առաւել յամառները, որոնք Արեւմուտքում ունէին համոզիչ ազգակցական կապեր։ 1970-80ականներին արդէն հայրենադարձները բառի բուն իմաստով փախչում էին ԽՍՀՄ-ից։

 

ԱՐՄԷՆ ԱՃԵՄԵԱՆ

Ներգաղթել է Եգիպտոսից, 1947-ին. ապրում է Կլենտէյլում (Քալիֆորնիա, ԱՄՆ)

Ամերիկայում ապրելուց յետոյ ես վերջապէս զգացի, թէ ինչպէս մարդը կարող է ազատ ապրել, իր պրինցիպներն (սկզբունքները) առաջ տանել: Հայաստանում մենք չէինք կարողանում մեր պրինցիպները յարգել տալ, մեր ուզածն անել: 

Խորհրդային քարոզչութիւնը արտագաղթի երեւոյթը բացատրում էր սոսկ նիւթապաշտութեամբ, մինչդեռ իրականում մարդիկ փախչում էին անազատութիւնից դէպի ազատութիւն, նուաստութիւնից դէպի արժանապատիւ կեանք, կամայականութիւններից դէպի օրինականութիւն, գաղափարախօսական պարտադրանքից դէպի իրական աշխարհ։ Իսկ եթէ արտագաղթի հիմքում իրօք կար նիւթապաշտութիւն, դա ոչ այլ ինչ էր, քան ձեռներէցութեամբ ազատօրէն զբաղուելու, դրամ վաստակելու, հարստանալու ձգտում։ 1970-80ականներին արտագաղթածների մեծ մասն ԱՄՆում այսօր գտնւում է միջին խաւի մակարդակում, ինչն ինքնին խօսում է նրանց յաջողուածութեան մասին։ 

***

Արտագաղթով փակուեց հայրենադարձութեան շրջափուլը, որի տխուր ու բացասական հետեւանքները մանրամասն գնահատելու համար յատուկ հետազօտութեան կարիք է զգացւում։ Բայց մեր ձեռքի տակ եղած նիւթերը, յատկապէս՝ հայրենադարձների հետ արուած հարցազրոյցները, թոյլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք հայրենադարձութեան անյաջող փորձառութեան հետ։ Անյաջողութեան իներցիան, ցաւօք, մինչև օրս պահպանւում է՝ բացասաբար ազդելով յետխորհրդային Հայաստանի վրայ:

 

Յօդուածը պատրաստուել է «Երկու կեանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracyի (NED) դրամաշնորհով։

 

ԱՂԱՍԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

Մշակութային մարդաբան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ