Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Երկու խաղ, երկու պարտութիւն

Հայաստան-Դանիա՝ 1-4 (1-2)

 

Սեպտեմբերի 4ին կայացաւ ԱԱ-2018թ. խմբային մրցաշարի 8րդ՝ Հայաստան-Դանիա հանդիպումը։ ՀՀ հաւաքականը կրեց 6-րդ պարտութիւնը։

Ամէն ինչ լաւ էր սկսուել, 6րդ րոպէին Ռուսլան Կորեանը դարձաւ հիասքանչ կոլի հեղինակ։ Բայց… այդքանով մեզ համար ամէն ինչ աւարտուեց։ Ընդհանուր առմամբ խաղն անցաւ հիւրերի առաւելութեամբ։ Նրանք վերահսկում էին գնդակի տեղաշարժը եւ դա անում էին բաւականին վստահ։

Հիւրերից Թոմաս Դելայնին դարձաւ հեթ-տրիկի հեղինակ։ ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Գ. Մելիքսեթեան, Հ. Համբարձումեան, Վ. Հարոյեան, Գաէլ Անդոնեան, Կ. Յովհաննիսեան, Լեւոն Հայրապետեան (Գ. Դաղբաշեան, 37), Արտակ Գրիգորեան, Ա. Եդիգարեան, Հ. Մխիթարեան, Ս. Ադամեան, (Տ. Բարսեղեան, 58), Ռ. Կորեան (Արաս Օզբիլիս, 76)։ ՀՀ հաւաքականը յաջորդ ընտրական խաղը կ՚անցկացնի Հոկտեմբերի 5ին, Երեւանում մրցելով Լեհաստանի հաւաքականի հետ, իսկ Հոկտեմբերի 8ին վերջին խաղում կը հիւրընկալուի Ղազախստանի ընտրանուն։

Մեր խմբի միւս խաղերի արդիւնքները. Մոնթենեգրօ-Ռումինիա՝ 1-0, Լեհաստան-Ղազախստան՝ 3-0։

Դասաւորութիւն. Լեհաստան՝ 19, Դանիա եւ Մոնթենեգրօ՝ 16-ական, Ռումինիա՝ 9, Հայաստան՝ 6, Ղազախստան՝ 2 միաւոր։

 

 

Ռումինիա-Հայաստան՝ 1-0 (0-0)

 

Սեպտեմբերի 1ին 2018թ. աշխարհի առաջնութեան Ե. խմբում ՀՀ հաւաքականը հիւրընկալուելիս, Պուխարեստում, նուազագոյն հաշուով պարտուեց Ռումինիայի ընտրանուն։ Մեր ընտրանին կարողացաւ դիմադրել մրցակցի ճնշմանը (յիշեցնենք, որ այս թիմերի երեւանեան խաղում ռումինացիներ յաղթել էին 5-0 հաշուով), աւելին՝ խաղակէսում աւելի վտանգաւոր էր հակագրոհում։ Հանդիպման 54րդ րոպէն կարող էր որոշիչ լինէր։ Տուգանային հրապարակում գնդակը դիպաւ Տարօն Ոսկանեանի ձեռքին, ով 2-րդ դեղին քարտով հեռացուեց խաղադաշտից։ Նշանակուած 11 մեթրանոցն իրացնում էր Ստանկուն, ում ոչ վատ հատուածից յետոյ Գրիգոր Մելիքսեթեանը փայլուն կերպով փրկեց մեր ընտրանուն։ Մնացած հատուածում հայ ֆութպոլիստները լաւ էին պաշտպանւում… մինչեւ մրցավարի աւելացրած ժամանակը։ 1ին րոպէին փոխարինման մտած Ալեքսանդրու Մաքսիմը գնդակն ուղարկեց դարպասը։

Արթուր Պետրոսեանի գլխաւորած հաւաքականը մօտ էր թանկարժէք ոչ-ոքին կորզելուն, սակայն վերջին պահին ամէն ինչ վատ դասաւորուեց։ ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Գրիգոր Մելիքսեթեան, Վարազդատ Հարոյեան, Տարօն Ոսկանեան, Գոռ Մալաքեան (Արտակ Եդիգարեան, 46), Մարկոս Պիզելի (Սարգիս Ադամեան 74), Տիգրան Բարսեղեան, Կամօ Յովհաննիսեան, Գագիկ Տաղպաշեան, Հենրիկ Մխիթարեան, Յովհաննէս Համբարձումեան, Դաւիթ Մանոյեան (Ռուսլան Կորեան, 57)։

Զգուշացուեց (դեղին քարտ) Վարազդատ Հարոյեանը։ Ե. խմբի միւս խաղերում գրանցուեցին այսպիսի արդիւնքներ. Ղազախստան-Մոնթենեգրօ՝ 0-3, Դանիա-Լեհաստան՝ 4-0։

 

 

Հայկական մարզական խճանկար

 

• Համբուրգում աւարտուած բռնցքամարտի աշխարհի առաջնութիւնում ՀՀ-ն ներկայացնող Եւրոպայի ախոյեան Յովհաննէս Բաշկովը (64 քկ.) արժանացաւ պրոնզէ մետալի։ Յովհաննէսը յաղթել էր ղազախ եւ մոնկոլ մարզիկներին եւ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց քուպացի Էնդի Գոմես Կրուզին։

Մեր միւս բռնցքամարտիկ Կարէն Տօնականեանը (60 քկ.) մեկնարկային մրցամարտում յաղթելուց յետոյ, յաջորդում պարտուեց ուզբեկ Էլնուր Ապտուլռահիմովին։

• Փարիզում աւարտուած ըմբշամարտի (ազատ ոճ) աշխարհի առաջնութիւնում ՀՀ հաւաքականը 10րդն էր։

• Թայուանի Թայփէյ քաղաքում աւարտուած ուսանողական խաղերում Հայաստանը խաղերին մասնակցած 131 երկրների մէջ 26րդն էր (3 ոսկի, 1 արծաթ եւ 2 պրոնզ մետալով)։ Առաջին եռեակը այսպիսին էր 1. Ճափոնիա (37, 27, 37), 2. Հար. Քորէա (30, 22, 30), 3. Չինաստան Թայփէյ (26, 34, 40)։

• Ուսանողական խաղերի ջրագնդակի կանանց մրցաշարի յաղթող ԱՄՆի թիմի կազմում ոսկէ մետալակիր է դարձել նաեւ մեր հայրենակից Ստեֆանի Մութաֆեանը։ Մութաֆեանը դարձել է նաեւ 2015թ. աշխարհի երիտասարդական ախոյեան։

 

Պատանի լողորդները թարմացրեցին ՀՀ մրցանիշները

 

ԱՄՆի Ինտիանապոլիս քաղաքում անցկացուած լողի աշխարհի պատանիների առաջնութիւնում ՀՀ հաւաքականի անդամ Անի Պօղոսեանը 100 մեթր ազատ լողաոճում 85 մասնակիցների մէջ զբաղեցրեց 43րդ տեղը՝ սահմանելով ՀՀ պատանիների նոր մրցանիշ՝ 59.13 վրկ.։ Վարսենիկ Մանուչարեանը 59.69 վրկ. արդիւնքով 48րդն էր։ Արթուր Բարսեղեանը 50 մեթր ազատ ոճում ցոյց է տուել 23.67 վրկ. արդիւնք եւ 83 մասնակիցների մէջ զբաեղցրել է 35րդ տեղը, իսկ թիթեռնիկ լողաոճում Վարսենիկ Մանուչարեանը 50 մեթր թիթեռնիկ-լողաոճում 30.83 վրկ. ցուցանիշով 72 լողորդների մէջ հանգրուանել է 60րդ տեղում։ Արթուր Բարսեղեանը 50 մեթր թիթեռնիկ լողաոճում 25.70 վրկ. արդիւնքով 77 մասնակիցների մէջ 39րդն էր։ Այս ցուցանիշը ՀՀ մեծահասակների մրցանիշ է։ Անի Պետրոսեանը 50 մեթր թիկնալողում 32.51 վրկ. արդիւնքով 46րդն էր 50 մասնակիցների մէջ։

 

Շախմատային խճանկար

 

• Իսպանիայի Սաբադել քաղաքում աւարտուած վեթերանների Եւրոպայի առաջնութիւնում ՀՀ ներկայացուցիչ՝ գրոսմայեստեր Կարէն Մովսիսեանը հանդէս գալով 50ից բարձր տարիքային խմբում, 9 հնարաւորից վաստակելով 7 միաւոր նուաճել է ախոյեանի տիտղոս։ Մրցաշարին մասնակցել են 51 շախմատիստ։

• Սեպտեմբերի 3-27ը Թբիլիսիում անցկացւում է աշխարհի գաւաթի խաղարկութիւնը, որին ՀՀ-ից մասնակցում են Լեւոն Արոնեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը եւ Հրանդ Մելքումեանը, ԱՄՆից՝ Սամուէլ Սեւեանը եւ Վարուժան Յակոբեանը։ Նոկաուտ մրցակարգով անցկացուող մրցաշարին մասնակցում են 128 շախմատիստ։

1/64-րդ եզրափակիչում Լեւոն Արոնեանի մրցակիցն էր Դանիէլ Կաուդերին (ՀԱՀ), Հրանդ Մելքումեանինը՝ Բորիս Գրաչովը (ՌԴ), Ռոբերտ Յովհաննիսեանինը՝ Մաքսիմ Ռոդշտէյնը (Իսրայէլ), ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սեւեանի մրցակիցն է ռումինացի Լիվյու-Դիեթեր Նիսիպեանուն, իսկ Վարուժան Յակոբեանինը՝ Անտոն Կովալյովը (Քանատա)։

Արոնեանը յաղթեց 2։0 հաշուով եւ դուրս եկաւ յաջորդ փուլ, որտեղ կը մրցի կանանց աշխարհի բազմակի ախոյեան Հոու Յիֆանի հետ։ Վարուժան Յակոբեանը պարտուեց 0.5-1.5 հաշուով եւ դուրս մնաց յետագայ պայքարից։ Մելքումեանը եւ Յովհաննիսեանը լրացուցիչ պարտիաներից յետոյ 1.5-2.5 հաշուով զիջեցին եւ դադարեցրին պայքարը, իսկ Սեւեանը 2.5-1.5 հաշուով յաղթեց եւ յաջորդ փուլում կը մրցի Լի Չաոյի հետ։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ