Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Հայրենիքի արեւով ջերմացած «Սիփան» երգչախումբը

ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐԵԱՆ

 

   … Երկու ամիս անցաւ իմ Յոբելեանական երեկոյից եւ միայն օրերս կարողացայ ձերբազատուել առողջութեան հետ կապուած անհաճոյ երեւոյթներից, որպէսզի կարողանամ շնորհակալական խօսք ուղղել բոլոր նրանց, որոնց օգնութեամբ հնարաւոր եղաւ իրականացնել (թող ինքնամեծարում չդիտուի) յիրաւի այդ փառահեղ երեկոն:

   Հոգու անխառն զգացումով շնորհակալութիւն երեկոյի Կարգադրիչ Յանձնախմբին, մէկը-միւսին լրացնող շնորհառատ (տաղանդաւորը` վաղուց արժեզրկուած բառ է) մենակատարներին, առաջնակարգ սիմֆոնիկ նուագախմբին, եւ, իհարկէ` գրեթէ 40ամեայ ՍԻՓԱՆ երգչախմբին:

   Այս` համերաշխ ընտանիքի վերածուած բազմանդամ խումբը երկար ու պրկուած տարիների ընթացքում, ինքնուրոյն, առանց որեւէ միութեան կամ կազմակերպութեան հովանու ներքոյ, հայ երգչախմբային արուեստի ջահը բարձր բռնած պանծացնում է մեր արուեստը  ոչ միայն սփիւռքում, այլեւ ամէն պատեհ առիթով` նաեւ Հայաստանում:

   Յունիսեան ելոյթից յետոյ, երգչախմբի մասնագէտ երգչուհիներից Անուշ Ղազարեանը ինձ յանձնեց ՍԻՓԱՆ երգչախմբի` Խորհրդային Հայաստանում 1990 թուականի Ապրիլին տեղի ունեցած համերգների մասին իր գրած շահեկան յօդուածը, որը տպագրուել է «Ասպարէզ» օրաթերթի նոյն թուականի Յուլիսի 11ի համարում:

   Ես բնաւ տեղեակ չեմ եղել նման յօդուածի մասին եւ այն ինձ փոխանցուելուց եւ կարդալուց յետոյ, ես գտայ, որ 27 տարի անց, այն չի կորցրել իր թարմութիւնը եւ բազմահազար ընթերցողների համար հետաքրքիր կը լինի իմանալ, թէ ինչպէս խորհրդային օրերին, անհատական հողի վրայ ստեղծուած մեծաթիւ մի երգչախմբի յաջողուել է ելոյթներ ունենալ Մայր Հայրենիքում: Իհարկէ յօդուածի մէջ բաց են թողնուած չափազանց կարեւոր մանրամասներ, որոնց ես կ՚անդրադառնամ պատեհ մի առիթով: Դրանց միջից ընթերցողը լիուլի պատկերացում կը կազմի թէ ինչ խիզախ, հայրենասիրական ու հերոսական աշխատանք է կատարել ՍԻՓԱՆ երգչախումբը:

   Իսկ այժմ Անուշ Ղազարեանի յօդուածը` նոյնութեամբ:

                                                                                           ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

…Լոս Անճելըս-Շիքակօ-Պելկրատ-Մոսկուա-Երեւան…: Օդանաւը հանդարտ սահում է…Հայեացքս երկնագոյն տիեզերքի հետ է:

   … Ինն ամիս առաջ էի Հայաստանից ժամանել այս նոյն օդանաւակայանը եւ մօտակայ հինգ տարիների ընթացքում ուղեւորութեան որեւէ նպատակ չունէի: Ինչ իմանայի, որ Լոս Անճելըսի «Սիփան» երգչախմբի 45 երջանիկ երախտաւորներից մէկն եմ լինելու եւ նրանց հետ պիտի անցնեմ սփիւռք-հայրենիք նորաբաց կամուրջով:

   Գնում ենք Մայր Հայաստան, գնում` «Յոյսի, հաւատի եւ յաղթանակի» երգերով: Գնում ենք` մոռացած հոգսերը, ստեղծագործական տառապանքներն ու որոնումները, զրկանքներով լեցուն ամիսները:

   Երաժիշտ եմ, երգչուհի, ունեցել եմ բազմաթիւ համերգներ: Յուզման ու ինքնամփոփումի պահերը ինձ ծանօթ են, բայց այսօրուանը նման չէ նախորդներին:

   … Գնում ենք փլատակուած, բայց ոչ յուսալքուած Հայաստան: Սուրբ գործ ենք անում, ուխտագնացութիւն է սա,- մտածում եմ ես: Իսկապէս, երազ չէ՞ միթէ: Այդ ե՞րբ է եղել, որ Սփիւռքից երգչախումբ ոտք դնի Խորհրդային Հայաստան, այն էլ` Միացեալ Նահանգներից, որի անդամներից շատերը «հայաստանցի» են, դեռ բոլորովին վերջերս «հայրենափախ» յորջորջուած: Սակայն` իսկական հայեր, իսկական հայրենասէրներ:

   Հայաստան մեկնելուց առաջ, Մարտի 18ին հայաստանեան ծրագրով մենք ներկայացանք Լոս Անճելըսի երաժշտասէրների առջեւ: Բաց եմ անում «Նոր Կեանք» շաբաթաթերթը եւ վերընթերցում երաժշտագէտ Անգինէ Մուրատեանի յօդուածը մեր համերգի մասին: Հիանալի յօդուած է, մասնագիտօրէն շօշափուած է հայաստանեան յայտագրի ամէն մի մանրուք: «Բարով երթաք, գացէք, շրջեցէք, երգեցէք ու ձեր սրտերը ջերմացուցէք: Բարեւ տարէք մեր պանդուխտներէն»,- եզրափակում է իր յօդուածը երաժշտագէտը: Շնորհակալութիւն բարի մաղթանքի համար սիրելի Անգինէ:

   Նոյն էջի վրայ կարդում եմ` «Խօսք երախտագիտութեան եւ շնորհակալութեան» «Սիփան» երգչախմբի վարչութեան անունից` ուղղուած նշանաւոր իրաւաբան Վարդգէս Եղիայեանին, որը նիւթական, բարոյական օժանդակութիւն էր ցոյց տուել մեր երգչախմբին, ինչպէս նաեւ օգնել մեզ` ուղեւորութեան հետ կապուած գաղթականական փաստաթղթերի ձեւակերպման հարցում:

***

Ընդամէնը չորս ամիս է, որ երգչախումբ եմ յաճախում: Չկայ մէկը, որ հեշտութեամբ, հէնց այնպէս վեր կենայ ու գայ փորձի: Ամէն մէկն իր գործն ունի, իր հոգսերը, իր զբաղմունքը: Զոհողութիւնները շատ են։ Ինքը` մաէսթրոն, իր սեփական տունն ու բակը ծառայեցնում է երգչախմբին: Ամբողջ փողոցը զաւթւում է մեր աւտոմեքենաներով: Արժէ խոնարհուել Պրն. Անասեանի հարեւանների առջեւ:

   … Տառապանքի երջանկութիւն…

   Այո, տառապանքի գնով է այսօր գոյատեւում«Սիփան»ը, առանց հովանաւորող կազմակերպութեան, միութեան, առանց օգնութեան: Միայնակ է գործում… Գործում է անխափան, աննկուն եռանդով, մեծ նուիրումով… Հետեւողական է, աշխատունակ, պրպտող ու 11 տարիների ընթացքում հանդէս է գալիս տարբեր ծրագրերով, տարբեր քաղաքներում:

***

   …Մոսկուա, հզօր միապետութեան թշուառ, չքաւոր մայրաքաղաք եւ աւելի թշուառ օդակայան: Իրենց ճակատագրին սպասող հազարաւոր ուղեւորներ անփութօրէն տեղաւորուած քարէ սալայատակին: Բոլորիս հարցական հայեացքներն ուղղուած են Պրն. Անասեանին: Ինքն էլ է ընկճուած, ոչինչ չի խոստանում. «Կը փորձեմ մի բան անել»,- ասում է նա: Անընդհատ շարժման մէջ է:

   Մաէսթրոյի ջանքերի շնորհիւ մեզ տեղաւորում են համեմատաբար «մարդկային» պայմաններ ունեցող միջազգային բաժնի մի մեծ սենեակում: Առաջիկայ երեք օրերի ընթացքում Երեւան թռչելն անհնարին է: Պայքարը խորհրդային իշխանութեան հետ շարունակւում է մէկ գիշեր եւ մէկ առաւօտ: Մաէսթրոն շահեց պայքարը, Մոսկուան յատուկ օդանաւ տրամադրեց «Սիփան» երգչախմբին: Ինչպէս ասում են` անհաւատալի, բայց իրաւ:

   …Մայր Հայաստան: Արեւաբոյր, վարդագոյն Երեւան, յաւերժ Սուրբ Էջմիածին, փլատակուած Գիւմրի-Լենինական: Ակամայ յիշում եմ Մեծն Սեւակի հետեւեալ քառեակը, որը կարծէք մեզ համար է գրուած.

     Մեր… հայրենիքը մեզնից դատարկուեց,

     Բայց…ոչ մի վայրկեան, ոչ մի ակնթարթ

     Մենք չենք դատարկուել մեր հայրենիքից:

     Մենք սպաննուեցինք մեր հայրենիքում,

     Բայց հայրենիքը մեր մէջ չսպաննուե՜ց…

 

… Այժմ արդէն Երեւան-Մոսկուա-Պելկրատ-Շիքակօ-Լոս Անճելըս… նորից կապո՜յտ-կապո՜յտ երկինք: Բռնել ենք ետդարձի ճամբան: Ետեւում են 18 լեփ-լեցուն օրեր, օրեր` յաղթական, ուրախ եւ տխուր, բերկրալի եւ ծաղկաշատ, երջանիկ, անմոռաց, յուզառատ:

   … Փակում եմ աչքերս, ուզում եմ վերապրել ամէն ինչ, մէկ առ մէկ.

   – «Զուարթնոց» օդանաւակայան: Հանդիպման արցունքներ, յուզմունք, գրկախառ-նութիւն, եռուզեռ, հրաժեշտ, լռութիւն…

   Հէնց յաջորդ օրը գնում ենք Ս. Էջմիածին, Ծաղկազարդի տօն է: Պատարագի հոգեպարար երաժշտութիւնը հանդարտեցնում է մեր յոգնած ջղերը:

   Ապրիլի 12: Արամ Խաչատրեանի անունը կրող համերգային մեծ դահլիճ: Իրարանցում է, լեփ-լեցուն սրահ: Երկու համերգների տոմսերը սպառուած են:

   … Հնչում է Վլադիմիր Աբաջեանի խրոխտ, առնական ձայնը: Վեհօրէն բարձրանում է դիրիժորի փայտիկը: Ձուլւում են հարիւրից աւելի մարդկային եւ գործիքային ձայներ: Թեւածում է Շարլ Ազնաւուրի «Քեզ, Հայաստան» երգը` յոյս, հաւատ ներշնչող, յաղթանակ ազդարարող օրքեստրային ահազդու նուագակցութեամբ:

   Մաէսթրոյի մշակումն է: Ընդունելութիւնը փառահեղ էր: Համարձակ է, վստահ դիրիժորը: Ինչո՞ւ չէ… Իրենից է կախուած ամէն ինչ: Երգերի մեծամասնութիւնը իր հեղինակութեամբ է, մշակումները, գործիքաւորումը նոյնպէս: Բոլորս նրա հմայքի, ուժի ձգողականութեան ազդեցութիւնն ենք կրում: Անձամբ ես` հայեացքս չեմ կտրում նրանից:

   Ապրիլի 15… Յուզուած է բնութիւնը, յորդառատ անձրեւ է տեղում: Սուրբ Զատիկ… Լենինական ենք գնում: Այդ աւանդապահ ծողովրդի համար` աւելի քան սուրբ ու նշանակալից է այդ օրը, չէ՞ որ նրան յաջորդում է տարուայ ամենամեծ մեռելոցը, իսկ Լենինականը, դժբախտաբար շատ անթաղ մեռելներ ունի: Նախատեսուած համերգը չկայացաւ: Բաւարարուեցինք «Սիփան»ի անդամների կողմից նախապէս պատրաստուած նուէրները բաժանելով երկկողմանի ծնողազուրկ 80 երեխաների եւ եկեղեցու բակում  մատաղների բաժանմամբ:

   Երկու օր անց, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունելութիւն է կազմակերպում իր Վեհարանում «Սիփան» երգչախմբի համար:

   – Ապրիլի 24… Նորից ուխտագնաց երթ… Քաղաքի կենտրոնից ոտքով դէպի Ծիծեռնակաբերդ: Գնում ենք ծաղկեպսակ դնելու «Սիփան»ի անունից ի փառս, ի յիշատակ մեր բիւրաւոր նահատակների:

***

Ուղեւորութեան մէջ ես ճանաչում մարդուն: Խօսքս մաէսթրոյի մասին է, նրա ամիսների, ինչո՞ւ չէ, տարիների փայփայած, գուրգուրած երազանքն էր, որ այսօր դարձաւ շօշափելի, տեսանելի, ըմբռնելի իրականութիւն: Նա իւրաքանչիւրիս հնարաւորութիւն տուեց մեր սրտի, հոգու, խղճի պարտքը մատուցել հայրենիքին: Այն էլ հէնց հիմա, այս ապրիլեան ժամանակահատուածում: Շնորհակալութիւն մաէսթրօ: Ի գերագոյնս սրբացանք եւ սրբացրինք:

   Մեր ամէն մի զոհողութեանը հայրենիքը պատասխանում է շնորհակալ գործերով: Ի պատասխան «Սիփան» երգչախմբի անսպառ զոհողութեան եւ Հենրիկ Անասեանի ազգանուէր գործունէութեան, Հայաստանի «Լոյս» հրատարակչութիւնը մեր երեւանեան օրերին հրատարակեց մեր սիրելի մաէսթրոյի գրական գործերը «Լուռ ցաւեր» խորագիրը կրող գրքոյկով, որի մէջ մասամբ ամփոփուած են նրա նովէլները, պատմուածքները, էսսէները…Իսկ տարուայ վերջին, նոյն հրատարակչութիւնը հրապարակ կը հանի իր նախատիպը չունեցող «Հայկական երգարան»ը, որի մէջ տեղ են գտել Հենրիկ Անասեանի յօրինած երգերից հինգը:

   Թերթում եմ համերգային գրքոյկի վերջին էջը եւ կարդում.

   «Մի հարցնէք, թէ հայրենիքը ինչ պիտի տայ մեզի, այլ ըսէք, որ մե՛նք ինչ կրնանք տալ մեր հայրենիքին» (Միացեալ Նահանգների նախագահ Ճոն Քենետիի յայտնի խօսքերն են, – Հ.Ա.):

 

 (Յապաւումներով)

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ