Հինգշաբթի, Դեկտեմբեր 12, 2024

Շաբաթաթերթ

ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Մենք՝

Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման, 1918թ. մայիսեան հերոսամարտերի 100ամեայ յոբելեանների և Երևանի հիմնադրման 2800ամեակի նախաշեմին Երևանում գումարուած «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն և պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի մասնակիցներս՝

Առաջնորդուելով Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդման գործում ողջ հայութեան ներուժի համախմբման, շարունակական երկխօսութեան և բազմաշերտ ներգրաւման հրամայականով,

Կարևորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով իւրաքանչիւրի մասնակցութեան համար հնարաւորութեան ընձեռումը և արդիւնքների համար հայութեան համահաւաք պատասխանատուութեան գիտակցումը,

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան հզօրացումը և անվտանգութեան ամրապնդումը, ժողովրդավարական հաստատութիւնների ու կառավարման համակարգերի առաւել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը,  հոգևոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփիւռ հայկական համայնքներում ազգային ինքնութեան պահպանութիւնը և մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութեան և ողջ հայ ժողովրդի հաւաքական նպատակների իրականացման գրաւականն են,     

Կենսական նկատելով ազգային ինքնութեան պահպանման գործում հոգևոր, բարոյական աւանդական արժէքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը և ծնելիութեան աճի խթանումը,

Վերահաստատելով մեր համազգային պատասխանատուութիւնն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրաւունքի իրացման, ժողովրդավարութեան զարգացման և միջազգային հանրութեանը լիիրաւ ինտեգրման հարցերում,

Գիտակցելով Հայաստանի, Արցախի և Սփիւռքի առջև առկայ և հնարաւոր նոր մարտահրաւէրներին միասնաբար` պետութեան, հայ եկեղեցու, համահայկական կառոյցների և  համայնքային կազմակերպութիւնների ջանքերի համադրմամբ արձագանգելու և համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտութիւնը,

Համոզուած լինելով, որ փոփոխուող աշխարհում Սփիւռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարաւորութիւն է տալիս նորովի մասնակցութիւն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզօր հայրենիքի կառուցմանը,

Փաստելով, որ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնում  ամրագրուած է հայապահպանմանն ուղղուած քաղաքականութիւն վարելու և հայրենադարձութեանը համակողմանիօրէն նպաստելու պետութեան առաքելութիւնը, որը նոր որակ և բովանդակութիւն է հաղորդելու Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններին,

Հաւաստելով, որ իր իրաւունքների պաշտպանութեան ու արդարութեան վերականգնման համար հայութեան պայքարը հիմնուած է համամարդկային արժէքների վրայ և հանդիսանում է մեր համազգային գործակցութեան առանցքային ուղենիշներից մէկը,

Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպէս համազգային առաջնահերթութիւնների ճշգրտման, ազգային ներուժի մէկտեղման և բարձր մակարդակի ռազմավարական երկխօսութեան հարթակի ձևաւորման գործընթացը,

Հաւատարիմ մնալով Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին,

Վերահաստատում ենք մեր պատրաստակամութիւնը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատուութեամբ, մարդկային, նիւթական և հոգևոր ներուժի համախմբմամբ առաւել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը` այն ուղղորդելով հետեւեալ նպատակների և խնդիրների  իրագործմանը.

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան հզօրացմանը, անվտանգութեան ամրապնդմանը, բարգաւաճմանը, աշխարհասփիւռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնութեան պահպանմանը, ինչպէս նաև հայրենադարձութեան քաջալերմանը,

Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման միջազգային ճանաչմանը,

Օսմանեան կայսրութեան և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականօրէն ծրագրուած և իրագործուած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղութեամբ առաւել համակարգուած և միասնական քաղաքականութեան  իրականացմանը, ցեղասպա­նութիւնների և մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների կանխարգելման նպատակով միջազգային հանրութեան պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով  որպէս ցեղասպանութիւն վերապրած ժողովրդի` համամարդկային արժէքների և միջազգային իրաւունքի վրայ խարսխուած բարոյական պարտք ողջ միջազգային հանրութեան առջև,

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած գործընթացում իրազեկուածութեան առաւել բարձրացմանը, պատմական յիշողութեան պահպանման ու փոխանցման կարևորմանը և այդ յանցագործութեան ժխտման, նսեմացման դէմ պայքարի իրականացմանը՝ այդ թւում իրաւունքի ուժով,

Հայաստանի պաշտպանուածութեան ամրապնդմանը, զինուած ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդիւնաբերական համալիրի զարգացմանը` որպէս տնտեսութեան զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ և «Ազգ-Բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղութիւն,

Աշխարհի տեղեկատուական տարբեր հարթակներում հայատեացութեան և հակահայ քարոզչութեան փորձերի դէմ միասնական պայքար ծաւալելու և նման քաղաքականութեան ազդեցութեան չէզոքացման ուղղութեամբ գործնական ծրագրերի և համակարգուած գործունէութեան շարունակական իրականացմանը,

Երիտասարդութեան շրջանում ազգային ինք­նութեան հաւաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զօրացմանը, հայ սերունդներին հայկականութեան ոգով դաստիարակմանը, հայեցի կրթութեան գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչութեան նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

Հայութեան մէջ սիրոյ, համերաշխութեան, հանդուրժողականութեան, վստահութեան և միասնութեան ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիւ կեանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,

Հայկական  համայնքների առջև ծառացած մարտահրաւէրների դիմագրաւման ու յաղթահարման և հնարաւոր այլ մարտահրաւէրների բացայայտման ուղղութեամբ ջանքերի համադրմանը,

Մերձաւոր Արևելքի և, մասնաւորապէս, ծանր փորձութիւնների միջով անցնող Սիրիայի հայութեանը համակողմանի աջակցութեան ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատութիւնների, պատմամշակութային կոթողների և մշակութային արժէքների պահպանմանը,  

Հայաստանի, Արցախի բնակավայրերի (յատկապէս՝ սահմանամերձ)  կենսագործունէութեան տարբեր ոլորտների զարգացմանն ուղղուած ծրագրերի մշակմանը և իրականացմանը,

Հայաստանի և Արցախի վերաբերեալ միջազգային իրազեկուածութեան բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևաւորմանը և դրա լուծման ուղղութիւններով միասնական քաղաքականութեան մշակմանը և իրականացմանը` նոր և աւանդական կառոյցների միջոցով,

Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգութիւնը պահպանելու, աշխարհում հայկական մշակոյթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման  ուղղութեամբ միասնական ջանքերի գործադրմանը,

Արևմտահայերէնի պահպանման, տարածման, Սփիւռքում հայոց լեզուի և հայագիտական առարկաների դասաւանդման աջակցութեան նպատակով Հայաստանի և Սփիւռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Համաժողովի մասնակիցներս լիայոյս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփիւռքի բոլոր կառոյցները, երիտասարդութեան լայն ներգրաւմամբ, պատշաճօրէն կը նշեն Հայաստանի առաջին Հանրապետութեան ու Մայիսեան հերոսամարտերի 100ամեայ, ինչպէս նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800ամեայ յոբելեանները:

Սոյն ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ երաշխաւորում ենք որպէս ուղենիշ ողջ հայութեան, Հայաստանի Հանրապետութեան և Արցախի Հանրապետութեան պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառոյցների ու կազմակերպութիւնների համար՝ հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը

ՀԱՅԱՍՏԱՆՍՓԻՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

 

Երեւան, 20 Սեպտեմբեր 2017թ.  

 

 

Համաժողովի ամփոփում եւ «Յայտարարութիւն»

 

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 20ին համահայկական 6րդ համաժողովը ամփոփեց իր աշխատանքները եւ հանդէս եկաւ «Յայտարարութեամբ»։

Փակման նիստը վարեց նախարար Հրանուշ Յակոբեան։ Ապա, ելոյթ ունեցաւ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյեան։ Անոնք շնորհակալութիւն յայտնեցին բոլոր մասնակիցներուն եւ շնորհաւորեցին Հայաստանի անկախութեան 26րդ տարեդարձը, որ կը զուգադիպի յաջորդ օրուան։

Համաժողովը ամփոփեց արդիւնքները չորս ուղղութիւններով։ «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղութեան քննարկումներու արդիւնքները ներկայացուց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման  և բարեփոխումներու նախարար  Վաչէ Գաբրիէլեանը:

«ՀՀ պաշտպանական քաղաքականութեան առանձնայատկութիւնները ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում» ուղղութեան քննարկումներու արդիւնքներն ամփոփեց ՀՀ Պաշտպանութեան նախարարի աւագ խորհրդական Բաբգէն Վարդանեանը: «Արտաքին քաղաքականութեան օրակարգ»  ուղղութեան քննարկումներու արդիւնքները ներկայացուց ՀՀ Արտաքին գործերու նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը: Իսկ «Հայապահպանութեան հիմնախնդիրներ» ուղղութեան քննարկումներու  արդիւնքները ամփոփեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:

Վեցերորդ համաժողովի աւարտեցաւ «Յայտարարութեամբ», որ ամբողջութեամբ կարելի է կարդալ էջ 6ի վրայ։

 

 

 


ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ