Շաբաթ, Ապրիլ 27, 2024

Շաբաթաթերթ

Երեւան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ճորճը և արտադրիչ Էրիք Իսրայէլեանը այցելեցին Ծիծեռնակաբերդ

Սեպտեմբերի 23ին՝ Հայաստանի անկախութեան 26րդ տարեդարձի տօնակատարութիւնից երկու օր անց, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ճորճը և արտադրիչ Էրիք Իսրայէլեանը խորհրդանշական և յուզիչ այց կատարեցին Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: «Խոստումը» ֆիլմին նուիրուած միջոցառումներին մասնակցելու նպատակով Հինգշաբթի Երևան ժամանած Իսրայէլեանին և Ճորճին յուշահամալիրում ուղեկցում էին ՀԲԸՄի վարչութեան անդամները և այլ հիւրեր:

Ծիծեռնակաբերդ այցը իսկապէս նշանաւոր իրադարձութիւն էր Թերրի Ճորճի համար: Երբևէ չերկնչելով բարձրաձայնել ցեղասպանութիւնների դէմ, նա դրանց սարսափները նկարագրել է «Ռուանդա հիւրանոցը» և «Խոստումը» ֆիլմերում: «Այս այցը ամփոփում է այն ամէնը, ինչի վրայ աշխատել եմ վերջին չորս տարիներին: Այս այցով ընդգծուեց, թէ որն է իրական կինոն, որքան զօրեղ կարող է լինել այն, ստիպեց վերյիշել կորսուած կեանքերը և կատարուած ահասարսուռ ոճիրը: Սա «Խոստումը» ֆիլմի ստեղծման ամենայուզական ակնթարթն է, ողջ նախագծի ամենակարևոր պահը», – ասաց Ճորճը:

Ճորճը և Իսրայէլեանը լռութեան րոպէով յարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան զոհերին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մօտ: Նրանք նաև ծառ տնկեցին Յիշատակի ծառուղում՝ պատուելով յիշատակը երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանի ՝ լեգենդար մարդու, ով անխոնջ գործունէութիւն ծաւալեց «Խոստումը» ֆիլմը մեծ էկրաններ հանելու համար: Հիւրերը նաև շրջեցին Ցեղասպանութեան թանգարանում:

«Այս ծառը խորհրդանշում է հայոց պատմութիւնը աշխարհին հասցնելու յաւերժական գործը: Քըրք Քըրքորեանը ցանեց սերմերը, իսկ Թերրին, Մայք Մեդաւոյը և ես պատիւ ունեցանք համատեղ աշխատելու մեր աներևակայելի դերասանական խմբի և անձնակազմի հետ, որպէսզի այդ պատմութիւնը ներկայացուի լայն հանրութեանը: Մենք պէտք է թոյլ չտանք, որպէսզի աշխարհը մոռանայ մեր անցեալը, և պէտք է միասին առաջ շարժուենք՝ օգնելով դրա կարիքն ունեցողներին: Քըրք Քըրքորեանի ղեկավարութեամբ մենք իրականացրել ենք ֆիլմի հետ կապուած նրա ցանկութիւնները: Այսօր մենք պատւում ենք նրա կեանքի ուղին, ինչպէս նաև այն մարդկանց կեանքերը, որոնք կորսուեցին հարիւր տարի առաջ»,– ասաց «Խոստումը» ֆիլմի արտադրիչ Իսրայէլեանը:

Ուրբաթ օրը նրանք զրուցեցին տեղացի լրագրողների հետ և ներկայ գտնուեցին «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման փրեմիէրային՝ ոգեշնչուած «Խոստումը» ֆիլմից և ստեղծուած՝ վերջինիս մոտիւներով, որի առաջնախաղը կայացաւ Երևանի օփերային թատրոնում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Կարէն Կարապետեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀԲԸՄի նախագահ Պերճ Սեդրակեանը, օտարերկրեայ դեսպաններ և բարձրաստիճան պաշտօնեաներ ներկայ գտնուեցին ներկայացմանը:

«Ողջ աշխարհի հայութիւնը առաջին անգամ հոլիվուտեան լայնամասշտաբ ֆիլմով դիտեց իր նշանաւոր անցեալը: Դժուար է արտայայտել մեր անսահման երախտագիտութիւնը երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանի և բոլոր նրանց ջանքերի համար, ովքեր անխոնջ աջակցել են այս պատմութիւնը ներկայացնելու գործին, յատկապէս՝ մեր հիւրեր Թերրիին, Էրիկին և նրանց հետ աշխատած միւս արտադրիչներին: Նրանք անթիւ-անհամար մարտահրաւէրների են բախուել տարիների ընթացքում և կարողացել են յաղթահարել դրանք՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների: Մեզ համար պատիւ է՝ ֆիլմին նուիրել այս միջոցառումները, այդ թւում՝ Երևանի օփերային թատրոնում այսօրուայ ներկայացումը՝ հայաստանցի բազմաթիւ տաղանդների մասնակցութեամբ»,– ասաց Պերճ Սեդրակեանը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ