Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Սրբոց Թարգմանչաց. ՀԱՅԵՐԷՆ ԳՐԵՐԻ ԳԻՒՏԸ

Հայերէն գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը ծնուել է 361 թուականին Տարօնի Հացիկ կամ Հացեկաց գիւղում կիսազատ ընտանիքում: Գիտենք, որ հօր անունը եղել է Վարդան: Մ. Մաշտոցը սովորեց ժամանակի կարեւոր ու տարածուած լեզուները՝ յունարէնը, ասորերէնը եւ պարսկերէնը: Նա պաշտօնավարեց հայոց արքունիքում: Երեսունվեց տարեկան էր, երբ թողեց աշխարհիկ ու զինուորական կեանքը, խորհելով ազգի դիմադրողականութեան եւ հզօրացման գրաւականների մասին: Նա գործուն շփման մէջ էր իր համախոհների հետ: Ի վերջոյ նա յանգում է այն եզրակացութեան, որ միայն հայոց սեփական գրերով է հնարաւոր փրկել ազգին վերահաս ձուլումից: Այդպիսի մտորումներով նա դիմեց Սահակ Պարթեւ կաթողիկոսին: Նոյն մտորումներով ապրող կաթողիկոսը հարկ համարեց երկուստէք խորհրդակցեն Վռամշապուհ թագաւորի հետ: Թագաւորը հաւանութիւն տուեց գրեր ստեղծելու Մ. Մաշտոցի առաջադրանքին եւ յայտնեց, թէ ոմն Դանիէլ հոգեւորական գրեր ունի իր մօտ: Վահրիճ անունով մի պաշտօնեայ մեկնում է Դանիէլի մի մերձաւորի մօտ: Վերջապէս բերւում է յիշեալ այբուբենը: Մեծ հետաքրքրութեամբ քննարկում ու գործի են ածում այն: Միառժամանակ անց, յայտնի է դառնում, որ բերուած այբուբենը չի համընկնում հայոց լեզուի առանձնայատկութիւններին:

     Հետեւապէս Մ. Մաշտոցն իր հետ է վերցնում ազգային ոգով տոգորուած մի խումբ երիտասարդների եւ ուղեւորւում է Եդեսիա: Նա այնտեղ ուսումնասիրում է նպատակայարմար աշխատութիւններ: Եդեսիայում Մ. Մաշտոցն ստեղծում է մի հրաշալի  այբուբեն: Թուարկենք մեսրոպեան այբուբենի երեք տեխնիկական արժանիքները. 1) այն աջընթաց է, գրւում է հորիզոնական ու ձախից աջ. 2) հնչոյթագիր է, իւրաքանչիւր տառ ներկայացնում է միայն մէկ հնչոյթ եւ մէկ հնչոյթին յատկացուած է միայն մէկ տառ: Բացառութիւն է «ու» հնչոյթը, որը գրւում է երկու տառով. 3) չունի տարորոշիչ որեւէ նշան: Այբուբենի տառերի հերթականութիւնը նման է յունարէնին: Երախտաւոր ու համեստ Մ. Մաշտոցը մեկնում է Սամոսատ գեղագրելու նորաստեղծ այբուբենը: Այնտեղ ոմն եպիսկոպոս Հռոփանոսի մօտ գործը գլուխ է բերում եւ որպէս ապացոյց թարգմանում է Աստուածաշնչի Առակաց գրքից մի նախադասութիւն: Այսպիսով նա վերադառնում է Վաղարշապատ: Մեծ ցնծութեամբ  դիմաւորում են նրան թագաւորը, կաթողիկոսը եւ ժողովրդական զանգուածները: Այսպէս արարուեցին հայոց սեփական նշանագրերը: Այդ տարի Մ. Մաշտոցը քառասունվեց տարեկան էր:

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ