Կիրակի, Նոյեմբեր 3, 2024

Շաբաթաթերթ

Կարօտը՝ ներշնչանքի աղբիւր Բանաստեղծ Աիդա Պօղոսեան

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

   … Ամիսներ առաջ Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան  վարչական ժողովի ընթացքին սենեակի դուռը բացուեց եւ դրան շեմին յայտնուեց միջին տարիքի մի կին: Շուարուն հայեացքով զննելով ամէնքիս, մի քանի վայրկեան լուռ մնալուց յետոյ, դիմեց ժողովականներին.

   – Ես բանաստեղծուհի Աիդա Պօղոսեանն եմ, եկել եմ անդամագրուելու ձեր միութեանը. ահա, խնդրեմ, ես բերել եմ իմ վերջին գիրքը` որպէս ապացոյց:

   –  Յարգելի տիկին, ինչպէս տեսնում էք` սա վարչական ժողով է: Անդամագրութիւնը կատարւում է անդամական ընդհանուր ժողովին, –  ասում եմ ես:

   –  Կը ներէք պարոն Անասեան: Ես բարեկամիցս իմացայ, որ դուք այսօր ժողով ունէք, մտածեցի լաւ առիթ է ներկայանալ եւ ներկայացնել ձեզ օրերս հրատարակուած «Հայոց մայրեր» գիրքս:

–   Լա՜ւ մաէստրօ, եկէք ինչ որ ձեւով աջակցենք կնոջը, թող մի հատուած կարդայ այդ գրքից, –  միջամտեց բանաստեղծ Գարուշ Հարեանցը:

   Լռելեայն` բոլորս համաձայնուեցինք: Աիդան ոչ թէ կարդաց, այլ արտասանեց հետեւեալ տողերը.

          Ողջ տիեզերքի անապական, մաքրամաքուր

          Սէրն էք մայրեր,

          Աստուածային սիրոյ բոյնն էք խաւարի մէջ

          Լոյս էք, մայրեր,

          Տաճարների խորաններում յոյս հաւատի

          Վառուող մոմն էք,

          Լաւաշ հացի նշխար բոյրն եւ սեղանի

          Օրհնած աղն էք, մայրեր:

   … Մի պահ լռութիւն տիրեց սենեակում: Տպաւորուած էինք բոլորս: Մեր առջեւում էր բանաստեղծական շնորհով օժտուած մի կին, որը թերեւս փորձում է նոր արահետ բանալ բանաստեղծական դժուարին աշխարհում: Այդ յետոյ էր, որ յայտնի դարձաւ, ինչպէս շնորհալի բանաստեղծ Գարուշ Հարեանցն էր շատ դիպուկ նկատել, որ բանաստեղծուհին կարիք ունէր փորձառու խմբագրի («Բաց նամակ բանաստեղծուհուն» («Ասպարէզ», 11 Օգոստոս 2017):

   Ես էլ փորձեցի առանց իր թոյլտուութիւնը ստանալու «խմբագրել» վերի բանաստեղծութիւնը, որը 18 տողից էր կազմուած: Առանց մէկ բառ իսկ փոխելու, ինչպէս տեսնում էք` այն վեր եմ ածել ութ տողի: Իմ կարծիքով բանաստեղծութիւնը աւելի կուռ տեսք է ստացել եւ յստակօրէն իմաստաւորուել: Բացառուած չէ, որ կարող են լինել առարկողներ նման մի փոփոխութեան:

   Ուզում եմ հաւատալ, որ բանաստեղծուհին տեղ շահելու եւ կամ էջեր լցնելու մարմաջից չէ, որ նման` մէկ-երկու բառով է կազմել իր տողերը, թէեւ մեծ պոէտների մօտ էլ կան նման կարճ տողեր, ինչպէս Չարենցի, Ռազմիկ Դաւոյեանի, Մայակովսկու, սփիւռքահայ բանաստեղծներ Խրախունու եւ Զահրատի մօտ: Նման գրելաձեւը, որքան էլ ընդունելի լինի` ըստ իս պիտի ենթարկուի տաղաչափական օրէնքներին: Թէեւ յանգ-մանգ նայող չկայ այսօր… գուցէ թէ մենք` հին մարդիկս յանգ-մանգին եւ ճշգրիտ տաղաչափութեան ենք սովոր…

   Չկայ մի բանաստեղծ, որ մօրը նուիրուած բանաստեղծութիւն չունենայ: Մի քանի անգամ կարդացի Աիդա Պօղոսեանի «Հայոց մայրեր» գրքոյկը: Առերեւոյթ այդ սուրբ  թեմայի մէջ փորձեցի  նոր միտք, մի նոր ածական գտնել Աիդա Պօղոսեանի` մօրն արժեւորող ու գնահատող բանաստեղծութիւնների մէջ:

    ***

   Աիդա Պօղոսեանի այս գրքոյկը կարդալուց յետոյ, մանաւանդ երբ տեղեակ դարձայ նրա դժնդակ կենսագրութեանը, որոշեցի լիուլի բանալ նրա բանաստեղծելու կարողութեան բոլոր ծալքերը:

   Աիդա Պօղոսեանի հինգ գրքերից առաջինի խորագիրն է` «Արիւնոտ նշխար»: Այն տպագրուել է 2008 թուականին Լոս Անճելըսում` ճանաչուած ու սիրուած հեռուստալրագրող Անահիտ Մարտիրոսեանի առաջաբանով եւ գրաշարութեամբ: Արժէ մեջ բերել առաջաբանի հետեւեալ տողերը, որոնցից դժուար չէ հասկանալ թէ ինչ հոգու տէր է մեր բանաստեղծուհին եւ թէ որքա~ն է տառապում Հայաստանի ցաւերով  եւ որքան է հոգու, մտքի, սրտի լարերով կապուած իր հայրենիքին։

Որքա՜ն ապտակ յիշեցնող տողեր կան այս գրքում` ուղղուած Հայաստանի իշխանութիւնների դէմ, որոնք իրենց հարուստ եւ զեխ կեանքը կառուցել եւ կառուցում են բազմահազար հայ ընտանիքների դժբախտութեան վրայ: Այս իմաստով տեղին է ասել պոլսահայ բանաստեղծ Զահրատը. «Երկիրը դժբախտներու պէտք ունի, որպէսզի երջանիկները յոխորտան անոնց վրայ»։

   Այս հատորի խորագիրը ճիշդ է բնորոշուած: 20րդ դարն է իր «հարուստ եղեռներով»: Էլ Ցեղասպանութիւն, Հոկտեմբեր 27, Մարտի 8, Սումգայիթ, Արցախ եւ Եռաբլուր: Այս ամէնի արդիւնքում` «Դու` հայ սրտի չսպիացած վէրքն ես Եռաբլուր»: Թուրք ասելով Աիդա Պօղոսեանը Եղեռն է հասկանում, ինչպէս մենք`ամէնքս:

    20րդ դարի` մեր ժողովրդի գլխին եկած այս չարիքներից յուսահատ, բանաստեղծուհին բղաւում է.

                                   Զսպաշապիկդ` հագցրու սրտիս

                                  Որ սիրտս երբեք` դուրս չգայ ափից

                                 Որ սիրտս յանկարծ` չճաքի ցաւից:

 

   Աիդա Պօղոսեանի հինգ գրքերի մէջ լաւագոյնն ու ծաւալունը երկրորդն է` «Կարօտի ափ» անուանումով: Այստեղ արդէն գործ ունենք իսկական բանաստեղծի հետ: Ինչպէս մեծն Սեւակը կ՚ասէր՝ այնքա՜ն սէր, գգուանք կայ անանց` առ Հայաստան աշխարհ, այնքա՜ն կարօտ դէպ հայրենին, որ մնում ես ապշած` ինչպէ՞ս է ապրում այս միայնակ կինը այս օտար ափերում, երբ Հայաստանում են երեք զաւակներն ու եօթը թոռները: Հապա ի՞նչ անի, երբ այստեղ են խնամքի կարօտ մեծահասակ ծնողները, Երեւանում էլ` նիւթականի կարօտ հարազատները… Պէտք է օրուայ ծանր աշխատանքից յետոյ անցնի գրասեղանի ետեւ ու ԿԱՐՕՏԸ տայ թղթին.

                               Կարօտս` երգ է,

                               Կարօտս` վէրք է,

                               Կարօտս` կրակ,

                               Մխացող ծուխ է,

                               Կարօտս` մոխիր,

                               Անթեղուած կրակ,

                               Կարօտս` հողն է,

                               Հողն իմ, ինձ ծնած,

                               Կարօտս` սէր է,

                               Երազ դրախտուած,

                               Կարօտս` ցաւ է,

                               Կարօտս` մուրազ,

                               Կարօտս` լոյս է`

                               Հողիցս ծնուած:

Մի քանի անգամ կարդացի այս գիրքը սիրելի Աիդա: Այն շատ խօսեց սրտիս: Սա մի պոէմ է Հայաստանի մասին, թաւ գոյնի վրձնահարուածներով գծուած մի համայնա-պատկեր։

***

      «Սիրոյ պատարագ»,- այսպիսի անուանում ունի Աիդա Պօղոսեանի յաջորդ գիրքը: Սա սիրուց խաբուած կնոջ ճիչն է, յուսախաբութիւնը: Եւ սակայն` նրա խաբուած սէրը վրիժառութեան զգացումից զուրկ է, հակառակը, նա ուզում է, որ սիրոյ յուշերը այրուեն, վերանան, մոխրանան ու ոչինչ չմնայ այդ սիրուց: Այնուհանդերձ` բաժանումի խաւար գիշերում` նա նորից սիրոյ արեւ է փնտռում: Նրա սիրոյ մոխիրից մշտատեւ ծուխ է ելնում…

  ***

   Աիդա Պօղոսեանի բոլոր հինգ գրքերն էլ կարօտով են պարուրուած, նոյնիսկ` ցասում, վիշտ արտայայտող, հայրենի իշխանութիւններին ուղղուած բանաստեղծու-թիւնների մէջ:

   Հայրենի պետական համակարգին ուղղուած նրբին մեղադրանքի մէջ անգամ բանաստեղծուհին տառապում է կարօտի զգացումից.

                                  Ազգիս որդիքն օտար ափերում`

                                  Կռունկ են կանչում,

                                   Հայոց հանճարներն օտար պետութեան`

                                   Դափնին են կերտում:

                                   Ողբա՛, Հայաստան,

                                   Ես էլ եմ ողբում,

                                   Արցունքն աչքերիս` հողիդ կարօտում:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ