Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Քրտական հարցը և Արցախը

ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

 

 

Իրաքի Քիւրտիստանի ապագայ կարգավիճակի խնդիրը վերածւում է Սիրիայում տեղի ունեցող արիւնալի իրադարձութիւնների գլխաւոր խնդիրներից մէկի: Իրաքի Քիւրտիստանը ողջ Մերձաւոր Արևելքում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել:

Համարձակօրէն կարող ենք կանխատեսել, որ մօտակայ տասնամեակում, իսկ գուցէ նաև աւելի ուշ, մեր տարածաշրջանի կենտրոնական հարցը լինելու է քրտական խնդիրը Իրաքում, Սիրիայում, Իրանում և Թուրքիայում: Քրտական խնդրում եղած դիրքորոշումներն են լինելու տարածաշրջանի բաժանարար գծերի հիմնական պատճառը:

Միւս կողմից քրտական հարցի լուծման յետաձգումը կարող է աւելի բարդացնել իրավիճակը: 2016թ.ի Մայիսին Էրտողանը թուրք կանանց կոչ արեց մոռանալ հակաբեղմնաւորիչ միջոցները և շատ երեխաներ ունենալ. «Մենք պէտք է բազմացնենք մեր սերունդների քանակը»: Ըստ Էրտողանի` Թուրքիան ունի լուրջ դեմոգրաֆիական խնդիր: Ակնյայտ է, որ բնակչութեան աճ ապահովող երկիրը չունի դեմոգրաֆիական խնդիր: Էրտողանը ակնարկում էր քրտերին, որոնք ամենամեծ դեմոգրաֆիական աճ արձանագրող փոքրամասնութիւնն են` ի տարբերութիւն հիմնականում Թուրքիայի արևմուտքում կենտրոնացած քաղաքակրթուող և բարգաւաճող թուրքերի: Ըստ դեմոգրաֆիական կանխատեսումների 2040 թուականներին երիտասարդների մեծամասնութիւնը սերելու է քրտախօս ընտանիքներից: Սակայն հիմնական խնդիրը այն է, որ քրտերը ոչ միայն բարձր ծնելիութիւն ունեն, այլ նրանց կոմպակտ բնակեցման տարածքներն են ընդլայնւում: Նրանց տեսակարար կշիռը մեծանում է այն տարածքներում, որոնք դուրս են պայմանական Քիւրտիստանի տարածքներից` դրանով մեծացնելով ապագայ Քիւրտիստանի տարածքները:

Այսպիսով, քրտերի ինքնուրոյն պետականութիւն ունենալը ժամանակի խնդիր է, որին ցանկացած ձևով կը խոչընդոտեն Թուրքիան և Իրանը: Ինչ վերաբերւում է Իրաքին ու Սիրիային, ապա այստեղ խնդիրներն աւելի բարդ են և հիմնականում պայմանաւորուած են քրտերի սուվերենութեան աստիճանի, այդ տարածքների սահմանների, սիւննիների ու շիաների առճակատման, նաֆթի ու կազի պաշարների վերահսկման ու հնարաւոր տարանցիկ ուղիների վերահսկման խնդիրներով: Այստեղ խաղն աւելի բարդ է:

Փորձենք հասկանալ, թէ քրտական խնդիրն ինչ հնարաւոր աշխարհաքաղաքական փոփոխութիւնների կարող է յանգեցնել և այն ինչ ազդեցութիւն կարող է ունենալ Արցախի խնդրի վրայ:

 Քրտական խնդրով աշխարհում գուցէ ամենահեղինակաւոր փորձագէտը` ամերիկացի փրոֆեսոր Ռ. Օլսոնը, դեռևս տարիներ առաջ, երբ դեռ չկար Սիրիայի ճգնաժամը, իսկ «արաբական գարնան» մասին անգամ ենթադրութիւնները ֆանտաստիկայի ժանրից կարող էր թուալ, ասել էր, որ թուրքական Քիւրտիստանի ստեղծմամբ տարածաշրջանում հիմնարար փոփոխութիւններ կարող են լինել: Դա կարող է  խափանել Թուրքիայի, Ատրպէյճանի, Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի ուղղութեամբ ստրատեգիական ծրագրերը: Ըստ Օլսոնի. «Ուժեղ Հայաստանը, դաշնակցած անկախ Քրտական պետութիւնների, կամ Քրտական շարժումների հետ, կարող է ետ շպրտել Թուրքիային Կովկասից և Միջին Ասիայից»:

19րդ դարի կովկասեան արիւնալի պատերազմները ընթանում էին Կովկասում ռուս-թուրքական գերիշխանութեան համար, իսկ 1917 թուականի յեղափոխութիւնից յետոյ թուրքերը փորձում էին նորից մուտք գործել Կովկաս և Միջին Ասիա: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ թյուրքական աշխարհի տեսլականը նորից վերածնուեց:

Յիշենք Նախիջևանում պարբերաբար կազմակերպուող թուրքական երկրների ղեկավարների հանդիպումները  ցուցադրական ակնարկ են, թէ ով է խոչընդոտում թուրքական աշխարհի ստեղծմանը: Աւելին, հէնց այդ հանդիպումների ժամանակ Ալիևը ցուցադրաբար յայտարարում էր Սիւնիքի հանդէպ իր ունեցած յաւակնութիւնների մասին: Պէտք է նաև յիշել, թէ Կարսի պայմանագրի շուրջ ընթացող բուն քննարկումների ժամանակ ինչ յամառութեամբ էր Թուրքիան պահանջում, որ Նախիջևանն անցնի Ատրպէյճանին, իսկ Զանգեզուրի նկատմամբ պահանջները չիրականացան: Աւելին, յետագայում Իրանի հետ տարածքների փոխանակման միջոցով Թուրքիան Նախիջևանի հետ ունեցաւ ընդհանուր սահման: Ակնյայտ է, որ դա Թուրքիայի առնուազն 100 տարուայ ստրատեգիան է թուրքական աշխարհը ձևաւորելու համար:

Էրտողանի օրերս արած յայտարարութիւնը, որ Թուրքիան առիւծ է, որի ճանկերը հանել են, վերաբերւում է քրտերի հարցում Միացեալ Նահանգների դիրքորոշմանը: Ըստ նրա խօսքերի, Թուրքիային ցանկանում են ոչնչացնել «ներսից և դրսից», և դա անում է Միացեալ Նահանգները:

Միւս կողմից Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարդացումը նրա և Փութինի վերջերս տեղի ունեցած հանդիպումից յետոյ, նոյնպէս, ամենայն հաւանականութեամբ, պայմանաւորուած էր Ռուսաստանի դիրքորոշմամբ Սիրիայի Քրտական անկլաւի Աֆրինի ճակատագրի կապակցութեամբ: Թուրքիայի նպատակն ակնյայտ է, ոչ միայն թոյլ չտալ, որ միանան Քրտական անկլաւները, այլ ուղղակի տեղահանել տեղի քրտերին, ինչպէս դա արեցին Խորուաթիայի սերպական Կրաինայի անկլաւի հետ:

Ինչ կապ կայ Քրտական խնդրի և Արցախի հարցի միջև: Ակնյայտ է, որ Արցախը լայնացրեց Թուրքիայի և Ատրպէյճանի միջև եղած սեպը: Արցախը և Սիւնիքը Ատրպէյճանի և Թուրքիայի համար նոյն խնդրի երկու բաղկացուցիչ մասերն են և պատահական չէ, որ Արցախի խնդրի սառեցման գործում Մինսկի խմբի համանախագահների տեսակէտները համընկնում են: Իսկ եթէ աւելի խորը դիտարկենք, ապա Արցախի խնդիրը փոխկապակցուած է Քիւրտիստանի հարցով:

Պատահական չի, որ ռուս վերլուծաբանները յաճախ են ակնարկում ատրպէյճանցիներին հրաժարուել «մեկ ազգ, երկու պետութիւն» կարգախօսից և դառնալ ինքնուրոյն և ինքնաբաւ «ատրպէյճանցի» ազգ: Այդ դէպքում իրենք էլ կը փոխեն իրենց քաղաքականութիւնը Ատրպէյճանի և գուցէ նաև Արցախի խնդրի հարցում:

 

«Հետք»

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ