Վարչապետ Նիկոլ Փաշինեանը և տիկին Աննա Յակոբեանը` դստրերի` Արփի և Շուշան Փաշինեանների հետ Յունիսի 21-ին կառավարական առանձնատանը հիւրընկալել են Լոս Անճելըսից Հայաստան ժամանած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի 10-րդ եւ 11-րդ դասարանի աւելի քան 70 հայ աշակերտների: Իւրաքանչիւր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանօթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրաւում են կամաւորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում:
Վարչապետը ողջունել է ներկաներին և յոյս յայտնել, որ դեռ շատ կը տեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև Նիկոլ Փաշինեանը լսել է աշակերտների տպաւորութիւնները Հայաստանից և պատասխանել նրանց հարցերին:
Տնտեսութիւն
Մասնաւորապէս, անդրադառնալով տնտեսութեան զարգացմանը, Նիկոլ Փաշինեանը նշել է, որ այդ ուղղութեամբ արդէն մի քանի կարևոր քայլեր կառավարութիւնն իրականացրել է: «Գիտէք, որ Հայաստանում մենաշնորհներ, տնտեսական գործունէութեան որոշակի սահմանափակումներ կային, որոնք վերացուած են: Հիմա ոչ ոք որևէ սահմանափակում չունի: Կրճատել ենք ստուերային տնտեսութիւնը, և անցած վերջին մէկ տարուայ ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնում 51 հազար նոր աշխատատեղ է ստեղծուել, ստուերային առևտուրն է կրճատուել: Մեր ընդհանուր փիլիսոփայութիւնն այն է, որ տնտեսութեան զարգացման նպատակով պէտք է մարդկանց համար ստեղծենք հնարաւորութիւններ»,– ասել է վարչապետը՝ աւելացնելով, որ նախկինում դրանք եղել են սահմանափակ: «Մեր հիմնական դերակատարումը տեսնում ենք նրա մէջ, որ մարդկանց հաւատ ներշնչենք իրենց ուժերի նկատմամբ, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքով իրենց բարեկեցութիւնը, յաջողութիւնը, կարիէրան ապահովել: Դրա համար պէտք է ապահովենք արդար ու հաւասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ կառավարութիւնը տնտեսութեան մէջ որպէս առաջնահերթութիւն առանձնացրել է երեք հիմնական ճիւղ: «Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Յոյս ունենք, որ Հայաստանն արագ կը վերածուի ստարտափերի (StartApp) երկրի և տեխնոլոգիական ոլորտը կը զարգանայ: Վերջերս տեղի ունեցան կառավարութեան կառուցուածքային փոփոխութիւններ և հիմա մեր երկրում կայ նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդիւնաբերութեան նախարարութիւն: Յոյս ունենք, որ այն կը խթանի տեխնոլոգիական ոլորտը:
Յաջորդ ուղղութիւնը՝ տուրիզմն է, որը յոյս ունենք մեծ տեմպերով կը զարգանայ: Վերջին տարիներին տուրիզմը լաւ է զարգանում, որովհետև բաւականին շատ նոր մտածողութեամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել և յաջողութիւններ ունեն:
Երրորդ ուղղութիւնը՝ գիւղատնտեսութիւնն է. մտադիր ենք ամէն ինչ անել, որ այն համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Եթէ փիլիսոփայօրէն պատասխանեմ հարցին, ապա կ՚ասեմ հետևեալը. մեր նպատակն է՝ ստեղծել հնարաւորութիւններ, բայց դրանց շրջանակում կարևոր է նաև, որպէսզի կրթութիւնը լինի հասանելի: Ցաւօք, Հայաստանում երկար ժամանակ կրթութեանը մի փոքր այլ կերպ են վերաբերուել: Կրթութեան նշանակութիւնը թերագնահատուել է, և մենք հիմա ցանկանում ենք մեր երիտասարդների շրջանում կրթութեան նկատմամբ վերաբերմունքը փոխել, որպէսզի մարդը հասկանայ, որ կրթութիւնն իր տաղանդը զարգացնելու հնարաւորութիւնն է, կեանքում յաջողութիւններ ունենալու հնարաւորութիւնն է, յետագայ կեանքում չամաչելու հնարաւորութիւնն է, ուրիշների համար հնարաւորութիւններ ստեղծելու հնարաւորութիւնն է: Դրա համար էլ մտածում ենք, որ այս առումով Հայաստանը պէտք է դրախտ լինի տաղանդաւոր մարդկանց համար, որպէսզի տաղանդաւոր մարդը վստահ լինի, որ այս երկրում իր համար բոլոր հնարաւորութիւնները կան, որպէսզի ինքն իրացուի»,– ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինեանի խօսքով՝ կառավարութիւնը մարդկանց պէտք է կրթութեան, իրաւունքների պաշտպանուածութեան, տնտեսական հնարաւորութիւնների առումով այնքան ուժեղացնի, որ մարդն իր անհրաժեշտ հացը, ջուրը, հագուստն ապահովի ոչ միայն իր, այլև ուրիշների համար: «Այսպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացումը: Կառավարութիւնը պէտք է ստեղծի հնարաւորութիւններ, որ մարդիկ տնտեսութիւնը զարգացնեն: Պէտք է ապահովուի ֆինանսների հասանելիութիւն, կաշառակերութիւն չլինի, որպէսզի մարդկանց համար արհեստական խոչընդոտներ չլինեն: Մենք հաւատում ենք, որ իւրաքանչիւր մարդ տաղանդաւոր է, և այդ տաղանդը զարգացնելն է մեր տնտեսութիւնը զարգացնելու ճանապարհը»,- ասել է վարչապետը՝ աւելացնելով, որ մարդը պէտք է հասկանայ՝ առանց աշխատանքի հնարաւոր չէ ոչնչի հասնել: «Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները քաջալերուեն, աշխատանքի և դրա արդիւնքները վայելելու հնարաւորութիւն ունենան: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում աշխատանքը չընկալուի որպէս չարչարանք, տառապանք, մենք ուզում ենք, որ մարդը հաճոյք ստանայ իր աշխատանքից»,- նշել է կառավարութեան ղեկավարը:
Արցախ
Այնուհետև վարչապետը ներկաների խնդրանքով անդրադարձել է ղարաբաղեան հակամարտութեանը, դրա պատմութեանը և հիմնախնդրի կարգաւորման գործընթացին: «Ինչպէս Ատրպէյճանն է դուրս եկել Խորհրդային Միութեան կազմից և հիմա անկախ պետութիւն է, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է դուրս եկել Խորհրդային Ատրպէյճանի կազմից, և մեր խնդիրն է, որ միջազգային հանրութիւնն այս փաստը ճանաչի: Հիմա բանակցութիւններն ընթանում են այդ ուղղութեամբ, մենք յամենայն դէպս, բանակցութիւնները տանում ենք այդ ուղղութեամբ: Ատրպէյճանը, որը վերջին 10 տարիներին մի քանի միլիարդ տոլար է ծախսել իր զինուած ուժերի սպառազինութեան համար, անընդհատ փորձում է ուժի սպառնալիքով հայկական կողմին ինչ-որ լուծումներ պարտադրել, բայց մենք դրանք չենք ընդունում, որովհետև, ըստ էութեան, միջազգային հանրութիւնը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը, որը միջազգայնօրէն ճանաչուած բանակցային միակ ֆորմատն է, երեք սկզբունք է դրել բանակցութիւնների հիմքում, որոնցից մէկն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է: Եւ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզուով խօսել, և այդպիսի խօսակցութիւնը, ոճը պարզապէս չենք ընդունի: Հայաստանի Հանրապետութիւնը և Արցախի Հանրապետութիւնը միասնական են ցանկացած ոտնձգութեան դիմակայելու, հակահարուած տալու գործում, բայց միւս կողմից, բնականաբար, մենք արձանագրել ենք, որ պատկերացնում ենք հարցի բացառապէս խաղաղ կարգաւորում»,- շեշտել է Նիկոլ Փաշինեանը՝ աւելացնելով, որ երէկ Ուաշինկթընում տեղի է ունեցել Հայաստանի ու Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Վեջին շրջանում սահմանին մի փոքր լարուածութիւն կայ, և յոյս ունենք, որ այն հնարաւոր կը լինի նուազեցնել և հասնել հարցի խաղաղ, բանակցային կարգաւորման»,– ասել է վարչապետը:
Հայրենիք-Սփիւռք
Պատասխանելով հարցին, թէ ինչպէ՞ս կարող են սփիւռքահայերն օգնել հայրենիքին՝ կառավարութեան ղեկավարը նշել է. «Առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ունեն լաւ կրթութիւն, բիզնէս հմտութիւններ՝ գան Հայաստանի Հանրապետութիւնում գործունէութիւն ծաւալեն, բիզնէս հիմնեն, մանաւանդ, որ Տեղեկատուական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը լաւ զարգանում է, սահմաններն ըստ էութեան վերացնում է: Երկրորդը, իրենց ընկերներին պատմեն Հայաստանի, մեր երկրի հնարաւորութիւնների մասին, հնարաւորինս նրանց քաջալերեն, որ այցելեն Հայաստան ու Արցախ, որովհետև համոզուած եմ՝ ով գալիս է Հայաստան՝ սիրահարւում է մեր երկրին»: Վարչապետը յաւելել է, որ կառավարութիւնն ամէն ինչ կ՚անի, որպէսզի ճանապարհներն աւելի լաւը լինեն, Հայաստանն աղբից մաքրուի, ամէն ինչն աւելի լաւ լինի:
Գործադիրի ղեկավարը մեծապէս կարևորել է հայկական ինքնութեան պահպանումը սփիւռքում և շնորհակալութիւն յայտնել Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի գործունէութեան համար: «Կարծում եմ՝ իւրաքանչիւր հայի մտքում պէտք է արձանագրուի, որ այնուամենայնիւ Հայաստանում չապրող իւրաքանչիւր հայի վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է, եթէ ինքը չի կարող վերադառնալ, ապա այնպէս անել, որ իր երեխաները վերադառնան, եթէ երեխաները չեն կարող՝ թոռները, եթէ թոռները չեն կարող՝ ծոռները: Այսօր այնպիսի գործընթաց է գնում, որ աշխատանքի մէջ սփիւռքի շատ երիտասարդներ հեռանում են հայկական ինքնութիւնից և մենք մտածում ենք, որ հայկական իրականութիւնը պէտք է երիտասարդութեան համար աւելի գրաւիչ դարձնել, որպէսզի հայկական միջավայրն աւելի հետաքրքիր լինի: Պէտք է ապրել Հայաստանում, անկախ նրանից՝ այստեղ էք ֆիզիկապէս, թէ՝ ոչ: Պարտադիր չէ, որ հէնց այսօրուանից այստեղ լինէք մշտապէս, որպէսզի ապրէք Հայաստանում, դուք կարող էք Միացեալ Նահանգներում էլ ֆիզիկապէս գտնուելով՝ ապրել Հայաստանում: Այս իմաստով, Հայաստանում ապրելն ամենամեծ աջակցութիւնն է:
Յեղափոխութեան օրերին էլ թւում էր՝ Հայաստանն ո՞ւր, Լոս Անճելըսում գտնուող հայ համայնքն ո՞ւր: Բայց աջակցութիւնը, թէկուզ սոցիալական ցանցերով, այնտեղ հաւաքներ իրականացնելով, շատ մեծ էր: Առանց այդ աջակցութեան՝ յեղափոխութիւնը տեղի չէր ունենայ: Ամենամեծ աջակցութիւնը հէնց դա է՝ բոլոր իմաստներով ապրել Հայաստանում: Եթէ ինչ-որ բան հնարաւոր է անել Հայաստանում՝ անել, եթէ տարուայ մէջ կարելի է մէկ օր ֆիզիկապէս աւելի մնալ Հայաստանում, ապա մնալ, եթէ մէկ անգամ աւելի է հնարաւոր այցելել, մէկ անգամ աւելի այցելել, եթէ մի օտարերկրացի ընկերոջ աւելի է հնարաւոր բերել Հայաստան՝ բերել: Պէտք է այնպէս անել, որ Հայաստանը դառնայ աշխարհի խաչմերուկ և կենտրոն, անհրաժեշտ է անընդհատ խօսել Հայաստանի մասին՝ առաւել ճանաչելի դաձնելով Հայաստանն աշխարհում: Սա է ամենակարևորը»,– նշել է Նիկոլ Փաշինեանը:
Աշակերտները շնորհակալութիւն են յայտնել ջերմ ընդունելութեան համար և հանդիպման աւարտին լուսանկարուել վարչապետ Փաշինեանի ու տիկին Աննա Յակոբեանի հետ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԿԱՅՔ