Հինգշաբթի, Դեկտեմբեր 12, 2024

Շաբաթաթերթ

ԵՂԲՕՐՍ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՒՍՏՐԱԼԻԱ. ՆՈՐՈԳ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԱՐՍԷՆ ԱՆԱՍԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ 

  ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Եղբայրս` Արսէնը, դեռ աշակերտական նստարանից տարուած էր «Աշխարհագրութիւն» առարկայով: Բոլոր աշխարհամասերի եւ երկրների մէջ նրա համար ամէնից շատ հետաքրքրողը Աւստրալիա աշխարհամասն էր: Դեռ պատանի տարիքից հաւաքում էր այդ՝ «կորած, մոլորած» երկրի մասին ցանկացած տեղեկութիւն, բրոշիւր, ճամբորդական ուղեցոյց, մի խօսքով այն ամէնը` ինչ որ կապուած էր այդ հիասքանչ աշխարհամասի հետ:

   Հազիւ բարձրագոյն կրթութիւն ստացած, եղբայրս սկսեց ուղիներ փնտռել` իր պատկերացմամբ այդ «օրհնուած» երկիրը գնալու համար:

   Պիտի գար անցեալ դարի 60-ականների կէսերը, որպէսզի փոքր-ինչ բացուէր «երկաթեայ վարագոյրը» եւ մարդիկ կարողանային հաղորդակցուել արտաքին աշխարհի հետ: Որպէս զբօսաշրջիկ Աւստրալիա մեկնելու նրա անզուսպ ցանկութիւնը մերժուեց պատկան մարմինների կողմից` այնտեղից գալիք հրաւէրի բացակայութեան պատճա­ռով: Արսէնը գտաւ դրա ճարը: Իր կնոջ` Լիւդմիլայի մայրը, տիկին Հռիփ­սիմէն աշխատում էր «Արմենիա» հիւրանոցի վեցերորդ յարկում:

   – Եթէ Աւստրալիայից տուրիստ յայտնուի, խնդրում եմ ինձ լուր տաս,– ասել էր նրան եղբայրս: Եւ մի օր, տիկին Հռիփսիմէն զանգահարում է եղբօրս եւ յայտնում, որ մի ազգութեամբ ռուս զբօսաշրջիկ է յայտնուել իր աշխատանքի վայրում:

   – Ոչի՜նչ, թող ռուս լինի, միայն թէ յաջողացրու, որպէսզի հանդիպեմ: 

   Իր որոշումների մէջ բաւական հաստատակամ եղբայրս կարողանում է արագօրէն մտերմանալ նրա հետ եւ հրաւիրել իր տուն: Մենք` ծնողներս եւ իմ ընտանիքը բնաւ տեղեկութիւն չունէինք այդ ամէնից եւ միայն եղբօրս զոքանչի «բացբերանութեան» շնորհիւ իմացանք եղելութիւնը:

   Այսպիսով «կծիկը» քանդուեց: Ամէնքս տեղեակ դարձանք եղբօրս որոշմանը: Նա վճռել էր գտնել մէկին, որը կը կարողանար օգնել իրեն` մշտական բնակութեան համար հրաւէր ուղարկել Աւստրալիայից, բնականաբար, որպէս «ազգականի»:

   Վիկտոր անունով ռուսը խոստանում է օգնել Արսէնին, եթէ նա ինչ որ ժամանակ կարողանայ Աւստրալիա հասնել: Արսէնին է տալիս Ադելաիդի տան հասցէն եւ հեռախօսի համարը:

   Որոշ ժամանակ անց, «Արմենիա» հիւրանոցում է յայտնւում Աւստրալիայից Մարի Քիւրտեան անունով մի մեծահարուստ կին: Եղբայրս այնքան արագ է մտերմանում այդ կնոջ հետ, որ վերջինս համաձայնւում է իբր մօրաքոյր` հրաւէր ուղարկել Աւստրալիայից:

   – Դուք հոս լաւ պայմաններ ունիք Արսէն, ինչո՞ւ կ՚ ուզես ընտանիքդ առնել եւ Աւստրալիա տեղափոխուիլ,– հարցրեց տիկինը մեր տան մէջ:

   – Դուք այս ճոխ սեղաններուն մի նայիք տիկին Մարի: Հայաստանի մէջ ամէն ընտանիք, անկախ կարողութէնէն, այսպէս կ՚՚ընդունի ոեւէ հիւրի: Մենք հոս բազ­մաթիւ խնդիրներ ունինք: Երազս միշտ եղած է Աւստրալիա գալ, պտտիլ ճանչցուած վայրերու մէջ: Ես քանի մը անգամ դիմեցի որպէս թուրիստ գալ, եւ ամէն անգամին ալ մերժեցին:

   – Մենք բնաւ համաձայն չենք, որ Արսէնը ընտանիքով տեղափոխուի Աւստրալիա,– ասաց հայրիկս,– բայց ի՞նչ կրնանք ընել: Ինքը առանձին ընտանիք ունի եւ որոշումը իրեն կ՚ իյնայ:

   – Հոգ մ՚ ըներ տիկին Վերժին,– դիմելով մօրս` ասաց հիւրը,– անոնք երիտասարդ են, Աւստրալիոյ մէջ կրնան տեղ մը հասնիլ: Քանի որ Արսէնին որոշումը վերջնական է` ես հրաւէր կը ղրկեմ,– ասաց միլիոնատէր տիկին Քիւրտեանը եւ աւարտեց անհաճոյ խօսակցութիւնը:

   Հրաւէրը ժամանակին եկաւ: Սկսուեց քաշքշուկը պատկան մարմինների հետ: Եւ դա տեւեց վեց տարի: Աւստրալիա մեկնելը եղբօրս համար դարձել էր կեանքի ու մահուան խնդիր:

   Արսէնի յամառութեան ու աննկուն կամքի շնորհիւ հարցը լուծուեց նրա օգտին: Աւելորդ եմ համարում նկարագրել այն հոգեկան ու բարոյական ապրումները, որոնք ծաւալուեցին մեր ընտանիքից ներս:

   Ի վերջոյ եկաւ մեկնելու պահը: Կայարանի կառամատոյցում, հրաժեշտի ժամանակ, երբ ինքս էլ պատրաստւում էի վագոն բարձրանալ, հայրիկս բարեկամաբար, հարազատի պէս դիմեց կոմունիստ խնամի տիկին Հռիփսիկին.

   – Խնամի ջան, ինչո՞ւ ես կանգնել արեւի տակ, մի քիչ այս կողմ արի, շուքի տակ…

   – Ոչի՜նչ, սովետական արեւ է…,– ցինիկաբար պատասխանեց մեր խնամին:

   «Սովետայան արեւը» շատ թանկ էր նստել եղբօրս վրայ: Մի տեսակ զրկել նրան իրերին սթափ նայելու կարողութիւնից:

   Ինչեւէ. 1972 թ. Ապրիլի 12-ին մեկնեցինք Մոսկուա: Տեղաւորուեցինք Հայաստանից արտագաղթածներին լաւագոյնս յայտնի «Զարիա» հիւրանոցում: Յաջորդ օրն իսկ գնացինք Աւստրալիայի դեսպանատուն:

   Բնականաբար, ինձ չթողեցին դարպասից ներս մտնել: Ստիպուած էի դրսում սպասել ու զրոյցի բռնուել դեսպանատունը հսկող ոստիկանի հետ:

   Բաւական երկար ժամանակ անցաւ մինչեւ մերոնք երեւացին երկա՜ր ծառուղու ծայրին: Ինչ որ չէին շտապում: Դա ինձ մօտ տագնապ առաջացրեց: Հազիւ մի քանի քայլ էր մնացել մինչ նրանք դուրս կը գային դարպասից, եղբօրս երեսին նայելով դժուար չէր նկատել, որ ինչ որ անհասկանալի, սարսափելի բան էր տեղի ունեցել, մանաւանդ, որ տասը տարեկան Յասմիկն էլ լալիս էր:

   Հազիւ էին մերոնք մօտեցել դարպասին, մինչ ոստիկանն ուզում էր բացել դարպա­սը, մէկ էլ ծառուղու ծայրից վազելով, ու միաժամանակ բղաւելով` «Սպասէ՜ք, սպասէ՜ք», մեզ էր մօտենում մի բարետես օրիորդ.

   – Եկէք, եկէք պարոն…, դեսպանը ձեզ է կանչում:

   Արսէնը չհասցրեց մէկ խօսք անգամ փոխանակել ինձ հետ: Ինչ որ մի բան այնպէս չէր, դա պարզ երեւում էր: Սպասման տաժանելի պահեր, էլ ինչ ասես, որ մտքովս չէր անցնում:

   – Դա՜, չտօ տօ նի տօ՜…(Այո՜, ինչ որ մի բան այնպէս չէ…),– կասկածներս հաստատեց ոստիկանը, որի հետ արդէն «բարեկամացել» էի: Ի վերջոյ մերոնք երեւացին արդէն ծանօթ ծառուղու երկայնքին: Այս անգամ արդէն վազելով էին մօտենում ծանօթ դարպասին:

   – Հը՜, ասէք, շուտ ասէք, այդ ինչո՞ւ էր կանչել դեսպանը,– չթաքցնելով անհանգիստ վիճակս նախայարձակ եղայ ես:

   – Չգիտե՜ս, ա՜խ չգիտես Հենրիկ, թէ ինչից ենք պրծել, արի՜, արի շարժուենք, մի տակսի գտիր, հասնենք հիւրանոց` ամէն ինչ կը պատմեմ,– յուզմունքից շիկացած դէմքով ասաց եղբայրս:

   Պատմութիւնը հետեւեալն է.

   Աւստրալիայի դեսպանի եւ Արսէնի միջեւ տեղի է ունենում հետեւեալ խօսակցութիւնը.

   – Ես չեմ կարող ձեզ մուտքի վիզա տալ Աւստրալիա մեկնելու համար:

   – Ինչպէ՞ս թէ չէք կարող, չէ՞ որ դուք էք մեզ հրաւիրել վիզա ստանալու համար:

   – Ճիշդ է, մենք ենք հրաւիրել, բայց պարագաները փոխուել են, ձեզ հրաւիրող անձը հրաժարւում է ձեզ ընդունել: Մենք երէկ ենք ստացել հեռագիրը: Ահա, խնդրեմ:

   Դեսպանը դարակից հանում է հեռագիրը եւ մեկնում Արսէնին.

   – Ահա, խնդրեմ, կարդացէք:

   Մի երկու վայրկեան հեռագիրը կարդալուց յետոյ, մի բուռ դառած եղբայրս ահաւոր ընկճուած վիճակում հազիւ կարողանում է ասել.

   – Բա մենք ի՞նչ ենք անելու պարոն դեսպան, մենք չենք կարող ետ գնալ, մենք ոչինչ չունենք Հայաստանում. տուն, տեղ, աշխատանք, ոչի՜նչ… Հայաստանին կապող ոչ մի օղակ չի մնացել, ո՞ւր գնանք, ի՞նչ անենք:

   – Հասկանում եմ, մտնում եմ ձեր վիճակի մէջ, բայց ոչինչ անել չեմ կարող: Գնացէք Երեւան, ձեր հարազատների մօտ, խնդրէք ձեր հովանաւորողին փոխել իր որոշումը: Իսկ հիմա ազատ էք, կարող էք գնալ:

   Արսէնը գլխահակ շարժւում է ելքի ուղղութեամբ, իսկ Լիւդմիլան փորձում է հանգստացնել աղիողորմ լաց եղող աղջկան` Յասմիկին: Դեսպանը լո՜ւռ, ձեռքերը կրծքին խաչ արած դիտում է այս սրտաճմլիկ տեսարանը:

   Երբեւէ նման երեւոյթի ականատես չեղած դեսպանի քարտուղարուհին աչքերից չի կարողանում հեռացնել թաշկինակը, եւ անճարակ մօտեցումով փորձում օգնել Լիւդային եւ Յասմիկին դուրս գալ սենեակից:

   Ահաւոր, սահմռկեցուցիչ տեսարանից ցնցուած երիտասարդ դեսպանը արթնանում է կարծես թմբիրից ու ինքնիրեն մեղադրում եղածի համար. «Այս ի՜նչ արեցի, Աստուած իմ, ներիր, ներիր ինձ, ես կործանեցի մի երիտասարդ ընտանիքի…», եւ մէկ վայրկեան մոռանալով, որ ինքը մի խոշոր երկրի դեսպանն է, արդէն որպէս մարդ, որպէս ազնիւ մարդ, խախտելով իր երկրի խստագոյն օրէնքը` կանչում է քարտուղարուհուն.

   – Ջէնի՜, շուտ արա, արագ վազիր նրանց ետեւից եւ ետ կանչիր քանի դեռ դուրս չեն եկել դարպասից:

   Բարեբախտաբար, ինչպէս վերեւում ասացի, Ջէնին հէնց դարպասի պռնկից մերոնց տանում է դեսպանի մօտ:

   – Նստեցէք, տեղաւորուէք ինչպէս յարմար էք գտնում: Ուշադիր լսէք թէ ինչ եմ ասելու: Այն` ինչ որ ձեզ հիմա կ՚ ասեմ, երբեք այս պատերից պիտի դուրս չգայ: Երբե՜ք, հասկանո՞ւմ էք: Ձեր ողջ կեանքում ոչ ոք պիտի չիմանայ մեր այս խօսակցու­թեան մասին, նոյնիսկ ձեր հարազատները: Ուրեմն այսպէս. հասկանալով ձեր անելանելի վիճակի բարդութիւնը, մարդկայնօրէն ցաւ զգալով ձեր հետագայ ճակա­տագրի համար, ես, թէեւ մի խոշոր երկիր ներկայացնող պաշտօնեայ, յօգուտ ձեր ապագայ երջանկութեան, կոպիտ խախտում եմ թոյլ տալու:

  Մինչ մերոնք ակնապիշ նայում էին երիտասարդ դեսպանին առանց նրան ընդհատելու, վերջինս մի փոքր դադարից յետոյ շարունակեց.

   – Այսօր Ապրիլի 16-ն է: Ես ձեր անձնագրերում վիզայի թուականը դնում եմ յետին ամսաթուով, հեռագիրը ստանալուց մի քանի օր առաջուայ ամսաթուով: Ձեր բարեկամն անշուշտ ստուգելու է թէ ձեզ երբ է վիզա տրուել: Ստուգելուց յետոյ նա կը համոզուի, որ իր հեռագիրը տեղ է հասել ձեր վիզաները ստանալուց յետոյ: – Աղջիկս, դու ամէն ինչ հասկացա՞ր,– շոյելով Յասմիկի արցունքոտ թշերը,– հարցրեց դեսպանը:

   … Ծանր, շատ ծանր եղաւ մեր բաժանումը: Եղբօրս ընտանիքին ճանապարհելուց յետոյ, հէնց նոյն օրն իսկ վերադարձայ Երեւան:

 ***

   Հետաքրքիր է այս պատմութեան շարունակութիւնը:

   Եղբայրս իր ընտանիքով շատ հանգիստ հասնում է Սիտնի: Վերջակէտը Մելբուրնն է: Այնտեղ է բնակւում մեծահարուստ տիկին Մարի Քիւրտեանը: Ըստ նախօրօք պայմանաւորուածութեան, Արսէնը զանգահարում է նրան:

…Ի՞նչ…, Արսէն, դո՞ւն ես, ինչպէ՞ս եկար Սիտնի…, ինչպէ՞ս կ՚ըլլայ, չէ՞ որ ես թէլէգրամ ղրկած եմ Մոսկուա եւ յայտնած, որ չեմ կրնար ձեզ ընդունիլ: Դուն ե՞րբ վիզաները առիր:

   – Տասը օր առաջ,– բացայայտ ձեւով ստում է եղբայրս:

   – Հա՜, ըսել է ուշացեր եմ: Հիմա ուշադիր մտիկ ըրէ: Ինչպէս ըսի` ես ձեզի չեմ կրնար ընդունիլ: Սակայն, քանի որ եկած էք, ստիպուած եմ մէկ շաբթուան համար տեղ տալ ձեզի, անկէ վերջ` ինչ կ՚ ուզէք ըրէք: Ինչեւէ, թռէնը առէք եւ եկէք:

   Հասնելով Մելբուրն, մերոնք անակնկալի են գալիս: Ոչ ոք չկայ իրենց դիմաւորող: Ի՞նչ անել: Նորից են հեռաձայնում տիկին Մարիին:

   – Մէկը չունիմ, որ ձեզ դիմաւորէ, թաքսի առէք եւ եկէք,– լինում է պատասխանը:

   Տակսու վարորդն էլ հասկանալով, որ իր յաճախորդները օտար են եւ լեզուն էլ չգիտեն, 40 րոպէ քաղաքով մէկ պտտելուց յետոյ մեքենան կանգնեցնում է մի շքեղ ապարանքի առջեւ ու ցոյց է տալիս հաշուիչի վրայի գումարը` 70 դոլար: Դժուար չէ պատկերացնել, թէ ինչ ասել է այդքան գումար, էն էլ այդ տարիներին, եւ, մանաւանդ սովետից ժամանած մարդու համար:

  – Միայն մէկ շաբաթ կրնամ ձեզի հոս պահել, վերջէն ձեր գլխուն ճարը դուք պիտի տեսնաք: Վաղը սրբազանը պիտի գայ, թերեւս ան կրնայ խորհուրդ մը տալ,– ասում է տիկին Մարին:

   Յաջորդ օրը, ընթրիքի ընթացքին սրբազանը խօսք է ասում.

   – Ես իսկապէս զարմացած եմ. Ինչպէ՞ս արտօնած են նշանաւոր պատմաբանի մը զաւկին դուրս ելլել երկրէն: Ի՞նչ պիտի ընես հոս, մանաւանդ որ լեզուն ալ չես գիտեր: Խորհուրդ կու տամ ետ երթալ:

   Առաւօտեան տիկին Մարին նոյն յանկերգով հարամ է անում  նախաճաշը` անընդհատ իրեն մեղադրելով, որ տարիներ առաջ ոգեւորել է Արսէնին` դուրս գալ երկրից ու նոր, կապիտալիստական երկրում դոլարներ շինել:

   Շաբաթն աւարտուելուն պէս տիկին Մարին հրամայում է.

   – Վաղը առտու դուրս պիտի ելլաք այս տունէն եւ կամ պիտի համաձայնիք վերադառնալ:

   Անելանելի իրադրութեան մէջ, յանկարծ Արսէնը մտաբերում է Երեւանի «Արմենիա» հիւրանոցում տարիներ առաջ մտերմացած ազգութեամբ ռուս գործարար Վիկտորին, որն ապրում է Աւստրալիայի հարաւում գտնուող Ադելաիդ ծովափնեայ քաղաքում: Վերջինս եղբօրս տուել էր իր տան հասցէն եւ հեռախօսի համարը ու ասել. «Երբ իմ կարիքն ունենաս, զանգահարիր, ես քեզ կ՚ օգնեմ»:

   – Կրնա՞մ հեռաձայն մը ընել,– դիմում է Արսէնը տանտիկնոջը:

   – Որո՞ւ պիտի հեռաձայնես, դուն մէկը չունիս հոս:

   – Ծանօթ բարեկամի մը, Ադելաիդ:

   – Այո՜, այո, կրնաս,– ասում է տիկին Մարին`յուսալով, որ մերոնցից ազատուելու ուղի է յայտնուել:

   – Գնացք նստէք եւ եկէք Ադելաիդ, ես ձեզ կ՚ օգնեմ, ասել էր ռուս ծանօթը:

   Պարզւում է, որ նա մի խոշոր հեռաձայնային ընկերութեան տնօրէն է եղել: Մերոնց դիմաւորել է հէնց կառամատոյցում եւ տարել իր բնակարանը:

   – Երկու շաբաթ ձեզ արձակուրդ: Վստահ եմ` շատ յոգնած կը լինէք: Հանգստացէք, ման եկէք քաղաքում, կերէք, խմէք, էս մեր սիրուն աղջկան էլ լաւ ման տուէք, յետոյ, Արսէն ջան, կը տեսնենք թէ ինչ ենք անելու:

***

   Եւ այսպէս, Արսէնի ընտանիքը վերջնականապէս հաստատուեց Ադելա­իդում: Աղջիկն այսօր երեք զաւակների տէր է, որոնց հայրը, դժբախտաբար օտար է: Ընդհանրապէս Ադելաիդում ընդամէնը մի քանի հայ ընտանիք կայ, որոնք գրեթէ կապ էլ չունեն միմեանց հետ: 2010-ին եղբայրս կորցրեց իր յիսուն տարուայ կեանքի ընկերոջը եւ այդ օրուանից իր առողջութիւնն էլ գնալով վատացաւ ու բոլորովին վերջերս, Յուլիսի 1-ին հոգին աւանդեց:

     Մէկ ուրիշ առիթով կը պատմեմ Արսէնի` այդ հեզ, ազնուաբարոյ մտաւորականի, հիանալի երգչի մասին։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ