«Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-«Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմը մեծ ցաւով ու ափսոսանքով է ընդունել Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան հարցում միջազգային հեղինակութիւն վայելող, Փրոֆ. Վահագն Տատրեանի մահուան լուրը: Այս մասին «Արմէնփրէս»ը տեղեկացաւ ՀՑԹԻ-ի կայքից։
«Անուանի փրոֆեսորը երկար տարիների իր նուիրուած գիտական գործունէութեամբ ու վաստակով գիտնականների մի քանի սերունդների համար դարձել էր կենդանի լեգենդ»,– նշուած է հաղորդագրութեան մէջ:
ՀՑԹԻ-ի բնորոշմամբ՝ Վահագն Տատրեանն իր կատարած գիտահետազօտական ուսումնասիրութիւնների շնորհիւ նոր հուն է բացել Հայոց Ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան համար, մեծապէս նպաստել Ցեղասպանութեան պատմական իրողութեան գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակութիւնն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:
Վահագն Տատրեանը հսկայածաւալ աշխատանք է կատարել Օսմանեան կայսրութեան պաշտօնական փաստաթղթերում Հայոց Ցեղասպանութեան իրականացման պատմութեան ուսումնասիրութեան ուղղութեամբ: «Երկար տարիներ բազմակողմանի ուսումնասիրելով Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը՝ Վահագն Տատրեանը համոզուած էր. «Ցեղասպանութիւնը միանգամից չի իրագործւում, այն երկարատև նախապատրաստութիւն է ունենում, և դահիճը սպասում է յարմար պահի»:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադրումից իվեր Վահագն Տատրեանը մասնագիտական ու բարեկամական կապեր է ունեցել հաստատութեան հետ, մշտապէս մասնակցել է ՀՑԹԻ միջոցառումներին՝ գիտաժողովներ, հանրային դասախօսութիւններ և այլն:
Յայտնի ցեղասպանագէտ, պատմաբան, սոցիոլոգ Վահագն Տատրեանը ծնուել էր 1926 թ. Մայիսի 26-ին, Կոստանդնուպոլսում: Աւարտել է Պեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմութեան և Ցիւրիխի համալսարանի միջազգային իրաւունքի ֆակուլտետները։ 1970-91 թթ. սոցիոլոգիա է դասաւանդել Նիւ Եորքի համալսարանում, միաժամանակ եղել է Հարվըրտ համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրութիւնների և Մասաչուսէցի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրութիւնների կենտրոնների աւագ գիտաշխատող: 1990-ական թուականներին եղել է Հ. Գուգենհէյմի Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ծրագրի տնօրէնը, 1991 թուականից Զօրեան ինստիտուտի (Թորոնթօ և Քեմբրիճ) Ցեղասպանութեան հետազօտութիւնների ծրագրի գիտական տնօրէնը։ Եղել է համեմատական ցեղասպանագիտութեան հիմնադիրներից։ Հիմնական աշխատութիւնները վերաբերում են Հայոց Ցեղասպանութեան պատմութեանը, համեմատական ցեղասպանագիտութեան հարցերին, Ցեղասպանութեան իրաւական, հոգեբանական տեսանկիւնների վերլուծութեանը:
Բազմաթիւ արժէքաւոր մենագրութիւնների ու յօդուածների հեղինակ է, օրինակ՝ «Հայկական Ցեղասպանութիւնը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերէն, 1995 թ.), «Հայոց Ցեղասպանութեան մէջ գերմանական պատասխանատուութիւնը։ Պատմական ապացոյցի ստուգաբանութիւն» (անգլերէն, 1996 թ.), «Ցեղասպանութեան երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտութեան գլխաւոր բաղադրատարրեր» (անգլերէն, 1998 թ.) մենագրութիւնները։ Միջազգային իրաւունքի համատեքստում Հայոց Ցեղասպանութեան վերլուծութեանն է նուիրուած «Ցեղասպանութիւնը որպէս ազգային և միջազգային իրաւունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին Աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրաւական վերաբերմունքը» (անգլերէն, 1989 թ.) գործը։
Ցեղասպանութեան հարցերին նուիրուած դասախօսութիւններով հանդէս է եկել աշխարհի բազմաթիւ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատեաններում։ 1998 թուականից ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ է: 1995 թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտորի կոչման, 1998 թ.՝ ՀՀ «Մովսէս Խորենացի» մետալի, 2001 թ.՝ Հարվըրտ համալսարանի «Վերիտաս» ոսկէ մետալի, 2002 թ.՝ Ռուսաստանի Հայերի Միութեան ոսկէ մետալի, 2003 թ.՝ ՀՀ ԳԱԱ ոսկէ յուշամետալի և Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտէի Ֆրիտիոֆ Նանսենի ոսկէ յուշամետալի, 2005 թ.՝ Ցեղասպանագէտ գիտնականների միջազգային ասոցիացիայի մրցանակին և հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մետալի, իսկ 2009 թ.՝ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական վաստակի համար ստացել է ՀՀ նախագահի մրցանակ»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: