Գիտելիք
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Իսլամը ծագեց հրէական ու արաբական ցեղերի միջև Միջին Արևելքում եօթներորդ դարում։ Իսլամի մարգարէն է Մոհամմէդը։ Նրա մահուանից յետոյ չորս ընտրովի խալիֆա հերթականօրէն իշխել են մուսուլմանական նորակազմ հասարակութեանը (Աբու Բաքր, Օմար ալ Խաթթաբ, Օսման և Ալի Էբն Աբիթալեբ)։ Խալիֆա բառն արաբերէն է, այն նշանակում է փոխանորդ, տեղապահ, յաջորդ։
Այնուհետև կազմաւորուեց Օմայեան խալիֆայութիւնը, որի խալիֆաները ժառանգաբար էին բազմում խալիֆայութեան գահին և ոչ ընտրովի։ Օմայեան խալիֆայութիւնը տևեց 89 տարի։ Գահին բազմեց 14 խալիֆա։ Ահա նրանց անուանացանկը. Մոաւիէ, Եզիդ, Մոաւիէ Բ., Մարուան, Աբդ ալ Մալէք, Վալիդ, Սոլէյման, Օմար, Եզիդ Բ., Հեշամ, Վալիդ Բ., Եզիդ Գ., Էբրահիմ և Մարուան Բ.։ Օմայեան խալիֆայութիւնը տարածուած էր Ամուդարիայից մինչև Իսպանիա։ Առաւելագոյն տարածքն էր 15 միլիոն քառակուսի կիլոմետր Աբդ ալ Մալէք ու Վալիդ խալիֆաների օրօք։ Գահանիստ քաղաքն էր Դամասկոսը։ Օմայեան խալիֆայութեան տնտեսական հիմքը կազմել է հողահարկը (խարաջ), նաև ոչ-մահմեդականների գլխահարկը, որը կոչւում էր ջեզիէ։ Սաստիկ ճնշումները մեծ դժգոհութիւն առաջացրին միլիոնաւոր հպատակ զանգուածների միջև, հետևապէս խարխլուեցին այդ զաւթողական, ծաւալապաշտական, ստրկատիրական պետութեան հիմքերը։ Օմայեան խալիֆայութիւնը կազմալուծուեց 750 թուականին և անմիջապէս կազմաւորուեց Աբբասեան խալիֆայութիւնը։
Օմայեան տոհմից ոմն Աբդ ալ Ռահման անունով հալածուելով Աբբասեաններից 756 թուականին Իսպանիայի Անդալուզիայում հիմնեց անկախ պետութիւն Կորդովա մայրաքաղաքով։ Այն վերացաւ 1031 թ․։
ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ