Շաբաթ, Ապրիլ 27, 2024

Շաբաթաթերթ

ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ . ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

(Շար. թիւ 42-էն եւ վերջ)

Լիբանանի ֆրանսական խնամակալութեան իշխանութիւնները ծրագրած էին եղել մուսալեռցիների ընտանիքների համար օժանդակ կենցաղային յարմարութիւններով երկու սենեականոց տուներ կառուցել: Ֆրանսական պետութեան միջոցների պակասի պատճառով՝ Այնճարում տնաշինութեան իրենց ծրագիրը չէին կարողացել իրականացնել: Լագիսեան Արմենակի ընտանիքը բոլորուած իրար շուրջ, ծիծաղում էին, նայում ինձ, գրկում ինձ, հարցեր տալիս Մելգոնեանում ուսումնառութեան մասին, մտահոգութիւն յայտնել Այնճարում իմ ապագայի մասին:

Իրիկուն էր, Նեկտար հօրաքոյրս ոչխարի պախուրձից բռնած դաշտից տուն վերադարձել, անձկալի գրկել ինձ, նստել կողքիս հասակիս նայել՝ ժպտացել: Ոչխարի արիւնն էին զեղել, նրանով իմ  ու Արմենակի զաւակների ճակատներն էին արիւնով խաչի նշան արել:   Թմբուկի որոտաձայն էր, դուրս էինք ելել, թմբկահար Կիրակոսն էր, 1885 թուականի խոշոր թմբուկը վզից կախած, ինչքան ուժ կար բազուկներին զարկում թմբուկը՝ Այնճարին ազդարարելով օտարութիւնում ուսում արած Արմենակի որդին էր տուն վերադարձել: Հապէշեան, Լագիսեան, Շամմասեան-Մանկիրեան գերդաստանների մարդիկ, «Ո՞ւր է Պօղոսը» կանչելով  հասել մեր տուն: Իմ առաջին ուսուցիչ, մայրիկիս հօրեղբօր տղայ՝ Հապէշեան Թովմասը, ազգականներ Տիշլենինց-Դոդուշինց Մարիամ կնոջ ու զաւակների հետ եկել տուն, Լագիսեանների գերդաստանից Պետրոս Պիտտանեան մանչերի հետ, հապա մանկաբարձուհի Լագգըսինց Լագգըս նանէն, որը առաջինն էր ինձ սեղմել իր լանջին, աւետել Լագիսեանների մի մանչի գալուստը: Անձկալի գրկել ինձ իր, շնորհաւորել ուսումնառութեան համար: Հայրիկիս ու մայրական կողմի ընտանիքները խումբ-խումբ եկել տուն, մի հարսանիքի չափ մարդիկ: Կիրակոս թմբուկ էր զարկում,  մենապարեր, խմբապարեր պարում, օղի խմում, հարբում, Կիրակոսի ճակատին թղթադրամներ փակցնում: Եօղունօլուգ գիւղի Ամաճ թաղում, աւագ Սարգիս, որդի Պօղոսի հարսանիքի ատեն, կանչել՝ «Պօղոս, այս օղիով լիքը շիշը վերեւ եմ նետում, եթէ այն խոցես, արժանի ես ամուսնութեան»: Տան աւագների զրոյցներից հայրս յիշել էր այն, լիցքաւորուած որսորդական հրացանը տուել ձեռքիս, ասել՝ «Եթէ վերեւ նետածս օղիով լիքը շիշը խոցես, ուրեմն արդէն առնականացել ես»: Բոլորը մի կողմ էին քաշուել, Արմենակ լիքը օղիի շիշը շատ վերեւ նետել, Պօղոս երկու կրակահերթ էր արձակել, օղիի անձրեւ էր տեղում, վազել էին ափերով այն ըմպել: Ով իր հետ ատրճանակ ունէր կրակել էին, կարծես թուրքի դէմ նորէն կռուի էին ելել:  Ուշ գիշեր, Արմենակին շնորհաւորելով գնացել իրենց տներ:

***

Հայրիկիս հետ Պէյրութ էինք գնացել, աշխատանք ու ուսման խնամակալ որոնելու: Հայրիկս ուսեալ ու համարձակ մարդ էր, ՀԲԸՄ Լիբանանեան մասնաճիւղ ու այլ բարեգործական  հիմնարկութիւններ դիմել, Մելգոնեան Կրթական Հաստատութիւն աւարտած տղային բարձրագոյն ուսման հաստատութիւն յաճախելու կրթաթոշակ յատկացնելու, ցոյց տուել տարիներ շարունակ տարրաբանութեան քննութիւնների իմ ստացած մրցանակների հաստատագրերը: Չէ՜, չեղաւ, դեռ վեց տարիներ առաջ Մուսա Լերան հայրենի գիւղերը լքած գաղթական էր, հայրենազրկուած-ունեզրկուած Արմինի որդոյն ո՞վ ուսման խնամակալ կը լինէր: Լիբանան խարսխած անգլիական գրաւեալ բանակի գրասենեակներում, աշխատանքի շատ առիթներ կային: Այդ նպաստաւոր էր եղել Մելգոնեանի ու այլ հաստատութիւնների ուսեալ տղաներին աշխատանքի ընդունուելու հնարաւորութիւնների համար: Դիմել էի նրանց աշխատանքի ընդունման գրասենեակ: Ոչ բարդ քննութիւնից յետոյ, աշխատանքի էին ընդունել Ֆըրըն Շպպէք թաղասին մօտիկ «Պէյրութի Երկաթուղային երթեւեկութեան գրասենեակ» որպէս գրագիր պաշտօնեայ: Սենեակ էի վարձել Քարանթինա թաղամասում, մայրիկիս ու փոքրիկ եղբայրիս հետ միասին ապրում: Առաջին աշխատավարձս նուիրել էի Մայրիկիս:

***

1945 թուական, Յունիս ամիս, Լիբանանում անգլիական բանակի գրասենեակում էի: Պատասխանատու պաշտօնեան բացատրել էր աշխատանքիս կատարման  պարտականութիւնը: Ի գործ էի դնում Մելգոնեանի Առեւտրական բաժնի ուսուցիչ Պարոն Փափազեանի ուսուցանած գիտելիքները եւ ըստ այնմ  կատարում գրասենեակի աշխատտանքները:

1945 թուականի Յուլիս ամիս, Գերմանիա, Բեռլինի Փոստամ արուարձանում Չըրչիլի, Ստալինի ու Տրումենի խորհրդաժողով էր, կարգաւորելու յետ պատերազմական խնդիրները եւ Ճափոնի դէմ Սովետական Միութեան պատերազմի մասնակցութիւնը: Տրումենը ու Չըրչիլը որոշել էին Ստալինին հասկացնել, որ Ամերիկայի Միացեալ Նահանգներում ստեղծուել էր միջուկային զէնք: Միջխորհրդաժողովի դադարին, Տրումենը Ստալինին ասել էր, որ իրենք նոր ահաւոր կործանիչ զէնք էին ստեղծել, որով Ճափոնի պարտութիւնը անխուսափելի ու շուտափոյթ կը լինէր: Չըրչիլ նայել էր Ստալինի դէմքի արտայայտութեանը, ԱՄՆ նախագահ Տրումենին ասել, որ այն նրան զարմանալի չէր թուացել: Նոյն օրը Ստալինը կեդրոն զանգահարել՝ «Նրանք արդէն միջուկային զէնք ունեն, Կուրչատովին փոխանցել արագացնել մեր էլ միջուկային զէնքի ստեղծումը»:

Անգլիայում խորհրդարանական ընտրութիւններ էին, պարտուել էր Ուինսթըն Չըրչիլի պահպանողական կուսակցութիւնը: Կիսաւարտ թողնելով Պոցտամի խորհրդաժողովի գործընթացը, մեկնել Լոնդոն, Աշխատաւորական կուսակցութեան նախագահ Կլեմենդ էդդլին ժամանել Փոցտամ, շարունակելու խորհրդաժողովի ընթացքը: Գրասենեակի զինուորական անձնակազմը, տխուր էր ընդունել այն, բանավիճում էին աւելի երիտասարդ մի զինուորականի հետ, դիմադրում էր նրանց, աշխատասենեակի դրանը կանգնած հետեւում էի նրանց խօսքին: Բանավէճի ատեն, լսելով երիտասարդ զինուորականի համոզիչ փաստարկները, ժպտում էի, նա այդ նկատել էր, եկել գրասենեակ, հարցրել արդեօք ե՞ս էլ «Կոմունիստ» էի, դրական էի պատասխանել: Բարեկամացել էինք:

Առաւօտեան աշխատանքի գնալու ատեն թերթավաճառ մանչերից գնում էի օրուայ բոլոր օրաթերթերը, գրասենեակում ազատ րոպէներին երբեմն այն ընթերցում: Հեռաձայնի գրասեղանին էին, օրաթերթերը: Յանձնարարութիւն ունէինք աշխատանքի վերջում ժամանած զինուորականներին թոյլ տալ հեռաձայնելու, գնում երկաթուղիների մարդատար կառքերի ճեմուղիներ՝ այնտեղ ժամանած զինուորականներին տեղեկատուական օգնութիւն ցոյց տալու: Ներս էին մտել երկու զինուորականներ, նրանց ուսադիրներից կռահել էի նրանց երկրի հետախուզական ծառայութեան աշխատակիցներ լինելը: Նրանցից մէկը մօտեցել սեղանին եղած հեռախօսից օգտուելու: Խօսքն ինձ ուղղելով, ասել՝ անգլերէն ու ֆրանսերէն լեզուներին գիտակ էր, ապա մատնանշելով հայերէն թերթերը, հարցրել  անոնք ռուսերէ՞ն էին, ո’չ, պատասխանել էի, «Նրանք հայերէն տառերով թերթեր են, 406 թուականին հայերի մի իմաստուն մարդ էր ստեղծել այն, որոնք որպէս 36 սպառազէն զինուորներ պաշտպանում իրենց ցեղին: Յետոյ, խօսքը շարունակելով աւելացրել, «Այդ ի՞նչ է, հայեր Ռուսաստան են գաղթում,  ե՞ս էլ էի գաղթելու»: Հակադարձել էի, որ Արեմտեան Հայաստանում եղեռնացած, ունեզրկուած, հայրենազրկուած հայեր, իրենց Հայաստանի Հանրապերութիւն են գաղթում: Սենեակից դուրս գալու պահին, յայտարարել՝ «Սովետական Միութիւնից կ՚ազատագրենք այդ երկիրը»:

***

Յուշեր չեն, որ պատմում եմ, պարզապէս կեանքիս նշանակալի դէպքեր են: Աշխատանքի վերջին նշմարել էի, որ գնացքների երկաթուղիների մարդատար կառքերի ճեմուղիում միայնակ մի զինուորական էր կանգնել, ուրիշ ոչ ոք կար: Գնացել մօտեցել, անգլերէն, ապա ֆրանսերէն հարցրել արդեօք ինչպէ՞ս կարող էի օգտակար լինել իրեն, առանց պատասխանի շուարած նայել ինձ: Գիտէի, որ Հայֆա-Թրիփոլի երկաթուղիով թուրք սպաներ էին ճամբորդում: Ապա իմ իմացած թրքերէնով նոնյը կրկնել: Ձեռքերը վերեւ բարձրացնելով բացագանչել՝ «Աստուած քեզ ուղարկեց»: Խնդրել էի մի քիչ սպասել, իրեն կ՚առաջնորդէի ուր որ գնալու կարիք ունէր: Ընկերացել իրեն, մօտիկ ինքնաշարժի ճանապարհին մարդատար ինքնաշարժ վարձել, վարորդին յայտնել մեր իջեւանելու հիւրանոցը: Հասել էր նոյն հասցէին, վճարել էի ուղեվարձը, սպային առաջնորդել հիւրանոցի քարտուղարութիւն: Դիմացը յաղթ կանգնելով կանչել էի, որ հայ էի, անմիջապէս թողել հեռացել այդ գարշելիից: Ես այդ բոլորը առել էի, որ իմանար հայը մարդասէր է, թէկուզ անարգ թուրքին էլ կարող էր օգնել:

***

Այնճար, ճահճոտ դաշտավայր, բազմահարիւր մահեր պատճառող տենդ, նրանց յատկացուած հողամասերի եկամուտից ընտանիքներին հոգալու ոչ բարենպաստ պայմաններ, անորոշ ապագայ: 1946-1947 թուականներին բազմահարիւր ընտանիքներ Հայաստան էին ներգաղթել: Այնճարի ղեկավարութիւնը չէր յորդորել մնալ տեղում, հայու աշխատասիրութեամբ բարելաւել իրենց կեանքի պայմանները՝ շէնացնել Այնճարը: Իսկ գիտէի՞ն ուր էին գնում: 1946 թուականին Հայաստանի Գրողների միութեան համաժողովից վերադարձած գրողները ճիշդ չէին նկարագրել երկրում կեցութեան, ընկերային ու քաղաքական պայմանները, խաբել էին հայերին, նրանց ղրկեցին Հայաստան, իրենք մնացին տեղում…: Հայրիկիս առաջարկել էի 1947 թուականի կարաւանով մենք էլ ներգաղթէինք Հայաստան: Նա ասել էր, որ պատերազմ տեսած զինուոր էր, ահաւոր մի պատերազմ, քանդուած տնտեսութիւն, կեանքի ու ընկերային պայմանները նպաստաւոր չէին կարող լինել: Այնուամենայնիւ կշռադատելով բազմանդամ ընտանիքի ապագան, համաձայնել էր ներգաղթել իր սիրած ու կարօտած Հայաստան երկիր:                                                     

1947 թուականի Օգոստոսի վերջին տասնօրեակ, շոգեկառքը սլանում էր դէպի Սիւնեաց աշխարհ, Հայաստան աշխարհի Զանգեզուր գաւառի Կապան քաղաքի տարածքը հատել էին շոգեկառքի անիւները: Հայաստանում էին Հայկական Լեգէոնի Կապորալ Արմենակի ութ հոգիանոց ընտանիքը: Կեցցէ՛ բոլոր ժամանակների ՀԱՅԱՍՏԱՆԸ:

 

Կլենտէյլ, Օգոստոս  2019                                                                                                                  

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ