ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-
Մայր Աթոռ
Նոյեմբերի 29-ին, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում տեղի ունեցաւ գիտաժողով` նուիրուած բանաստեղծուհի, հրապարակախօս Սիլվա Կապուտիկեանի ծննդեան 100-ամեակին: Գիտաժողովը կազմակերպուել է Մայր Աթոռի եւ «Սիլվա Կապուտիկեան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Գիտաժողովը սկսուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
Գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ.-ը։ Ստորեւ, հատուածներ նրա խօսքից.
«Հոգելոյս Սիլվա Կապուտիկեանը մեր նոր գրականութեան մէջ կարեւոր աւանդ ու ժառանգութիւն է թողել, որին մեր ժողովուրդը լաւ ծանօթ է ինչպէս հայրենիքում, այնպէս եւ սփիւռքում: Ստեղծագործական առաջին քայլերից ի վեր նա արժանիօրէն զգաց եւ վայելեց մեր ժողովրդի սէրն ու գնահատանքը, քանզի իր աստուածատուր տաղանդը, բեղուն գրիչը ողջ նուիրումով ծառայեցրեց հարազատ ժողովրդին, նրա իղձերի արտայայտմանը, նրա իդէալներին ու արդար դատին: Նրա ստեղծագործութիւնը՝ արձակ, թէ բանաստեղծութիւն, շնորհալի խօսքով գովքն է հայրենիքի, վերյուշը մեր պատմութեան, նրա սլացքների ու վշտերի եւ ապագայի հանդէպ լուսաւոր հաւատի: Արդարեւ, նրա ստեղծագործութիւնը պահապան զինուորի պէս հսկում է հազարագանձ մեր լեզուի մաքրութեանը, մեր ժողովրդի զաւակաց սրտերում հայրենեաց սիրուն, որպէսզի ազգս հայոց միաւորուած լինի իր սրբազան, աստուածպարգեւ հայրենիքով եւ միշտ հարազատ իր ինքնութեանը՝ կերտի իր կեանքը:
Իր բեղուն գրչով, իր գործունէութեամբ, նաեւ շրջագայութիւններով հայկական գաղթօջախներ, Սիլվա Կապուտիկեանը նպաստեց աշխարհասփիւռ մեր ժողովրդի միասնականութեանը, հայրենիքի եւ սփիւռքի կապերի ամրապնդմանը: Նա առանց վարանելու մասնակցեց Արցախի ազատագրման շարժմանը՝ իր ելոյթներով ու հրապարակախօսութիւններով ջանքեր բերելով մեր ժողովրդի զաւակաց իրաւունքների պաշտպանութեանը: Նա իր ուժերը նուիրեց նաեւ մեր նորանկախ պետականութեան ամրապնդմանը եւ մեր ժողովրդի առջեւ լեռնացած դժուարութիւնների յաղթահարմանը:
Այսօր առանձնակի զգացումներով ենք յիշում նաեւ, թէ որքան ջերմութեամբ էր Սիլվա Կապուտիկեանը կապուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր Սուրբ Եկեղեցուն: Յիշում ենք գրական գործիչների ու մտաւորականների հետ նրա այցերը երջանկայիշատակ Վազգէն Ա. Հայրապետին, ինչը խորապէս արտայայտում էր մեր Եկեղեցու դարաւոր առաքելութեան կարեւորումը մեր ժողովրդի կեանքում: Քաղցրութեամբ ենք յիշում նաեւ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծանուն բանաստեղծուհուն շնորհեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատուոյ բարձր շքանշանը՝ գնահատելով մեր լեզուի, մեր գրականութեան աննկուն ու նուիրեալ մշակի երախտիքն ու վաստակը:
***
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ «Սիլվա Կապուտիկեան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Փրոֆ. Թաթուլ Մանասերեանը:
Գիտաժողովին կը ներկայացուեցին բանախօսութիւններ ու զեկոյցներ անուանի բանաստեղծուհու կեանքի, գործունէութեան եւ ստեղծագործական վաստակի վերաբերեալ: