ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը Դեկտեմբերի 5-ին ելոյթ է ունեցել Բրատիսլաւայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին:
Ինչպէս հաղորդում է «Արմէնփրէս»–ը, ՀՀ Արտաքին գործերի նախարարը իր ելոյթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման առանցքային խնդիրների վերաբերեալ Հայաստանի դիրքորոշումը:
Պարո՛ն նախագահող,
Յարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Պարո՛ն նախագահող, շնորհակալ եմ հիւրընկալութեան եւ կազմակերպութիւնում այս մէկ տարուայ ընթացքում Ձեր նախագահութեան համար:
Երէկ իմ Ատրպէյճանցի գործընկերոջ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրեցինք հերթական խորհրդակցութիւնները, թուով հինգերորդն այս տարուայ ընթացքում: Այս առնչութեամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման առանցքային խնդիրների վերաբերեալ Հայաստանի դիրքորոշումը:
Առաջին. Հակամարտութիւնը, որը հասցէագրւում է միջազգային մանդատ եւ աջակցութիւն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում, խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չունի:
Երկրորդ. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրաւունքը հանդիսանում է խաղաղ կարգաւորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկուել որեւէ սահմանափակման, ինչը պէտք է յստակօրէն եւ միանշանակօրէն ընդունուի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրաւունքը ունենալ եւ որոշել իրենց կարգավիճակը` Ատրպէյճանի իրաւասութիւնից, ինքնիշխանութիւնից եւ տարածքային ամբողջականութիւնից դուրս: Ատրպէյճանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականութիւնն ու դրանից բխող գործողութիւնները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգութեան սպառնալիք, ինչ արտայայտուեց նաեւ 2016թ.-ի Ապրիլին Արցախի դէմ Ատրպէյճանի կողմից իրականացուած վերջին ագրեսիան. այս ամէնն ընդգծում են Ատրպէյճանի` Արցախի ժողովրդի նկատմամբ իրաւասութեան պահանջի ոչ լեգիտիմութիւնը եւ իրականացման անհնարինութիւնը:
Ատրպէյճանը պէտք է ստանձնի Արցախում բնակուող ժողովրդի իրաւական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտայայտման միջոցով առանց որեւէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրաւունքի ճանաչման անմիջական պարտաւորութիւն:
Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ենթակայ չէ զիջման: Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպէտք է մնայ առանց պաշտպանութեան համար անհրաժեշտ անվտանգութեան գծերի: Չի կարող լինել որեւէ իրավիճակ, որը ձեւաւորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգութեան անմիջական վտանգ, ինչպէս դա եղաւ 1991-1994 թուականներին եւ 2016թ.-ին: Այս միտքն առաւել ընդգծելու նպատակով` ցանկանում եմ վկայակոչել Արցախի` ներկայումս Ատրպէյճանի օկուպացիայի ներքոյ գտնուող տարածքներում ստեղծուած իրավիճակը, որտեղ հայերը ենթարկուել են էթնիկ զտումների եւ որոնք այժմ լիովին վերաբնակեցուած են Ատրպէյճանցիներով: Այս իրականութիւնը վերջերս ներկայացուել է Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից որպէս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման լաւ օրինակ:
Չորրորդ. խաղաղ կարգաւորումը պէտք է լինի ներառական` հակամարտութեան բոլոր կողմերի անմիջական ներգրաւմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրուած ներկայացուցիչների միջոցով պէտք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչութեամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնաւորապէս բովանդակային հարցերում Արցախի ընտրուած ներկայացուցիչների լիակատար ներգրաւման անհրաժեշտութիւնը: Հայաստանի կառավարութիւնը երբեք չի դիմի այնպիսի գործողութիւնների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատօրէն վճռելու իրաւունքը եւ զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականութեան զգացումից:
Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացն այլընտրանք չունի: Արցախն ունի իրեն եւ իր ժողովրդին պաշտպանելու լիարժէք կարողութիւն: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգութեան միակ երաշխաւորը: Խաղաղ կարգաւորումը չի կարող ընթանալ լարուածութեան եւ ռիսկերի էսկալացիայի միջավայրում: Հետեւապէս, Ատրպէյճանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ 1994 եւ 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պէտք է խստագոյնս պահպանուեն եւ ամրապնդուեն: Ռիսկերի նուազեցման մեխանիզմները պէտք է ներդրուեն, այդ թւում հրադադարի խախտումները հետաքննող եւ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թւում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կարողութիւնների ընդլայնման միջոցով:
Վեցերորդ. պէտք է անվերապահօրէն հաւատարիմ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից հրահրուող եւ ուղղորդուող ատելութեան, անհանդուրժողականութեան, այլատեացութեան, հայատեացութեան քաղաքականութիւնը պէտք է դատապարտուի: Պէտք է ջանքեր ներդրուեն ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու եւ խաղաղութեանը նպաստող միջավայր ձեւաւորելու ուղղութեամբ:
Եօթերորդ. Ատրպէյճանի առաւելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշուի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգութիւնները, խաղաղ կարգաւորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են: Դրա վկայութիւնն է Ատրպէյճանի իշխանութիւնների անկարողութիւնը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը: Յիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք` յայտարարելով, որ ցանկացած կարգաւորում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգաւորումը հնարաւոր է միայն փոխզիջումների միջոցով:
Պարո՛ն նախագահող,
Հայաստանը հաւատարիմ է բանակցային գործընթացին եւ շարունակելու է հետեւողականօրէն աշխատել խաղաղ կարգաւորման ուղղութեամբ: Միեւնոյն ժամանակ, անընդունելի է, երբ Ատրպէյճանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լոյսի ներքոյ վերջինս խաղաղութեան գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակուել են նախարարական խորհրդի նախօրէին շրջանառուած փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մօտեցումը:
Անցեալ ամիս մենք ցոյց տուեցինք հակամարտութեան բոլոր կողմերի միջեւ վստահութեան ձեւաւորման համեստ, բայց կարեւոր օրինակ: Հայաստանից, Արցախից եւ Ատրպէյճանից լրագրողների փոխանակումը վստահութեան ձեւաւորման եւ կողմերի միջեւ հանրային մակարդակում ներառական երկխօսութեան խոստումնալից օրինակ է: Մենք պատրաստ ենք յետագայում կառուցել այս փորձառութեան հիման վրայ: Նաեւ, շփման գծի երկայնքով եւ միջպետական սահմաններում խախտումների յարաբերականօրէն ցածր մակարդակը, ինչպէս նաեւ ուղիղ կապի կիրառումը պէտք է պահպանուի եւ ընդլայնուի: Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջօրէն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարունակուել են արձանագրուել զոհեր եւ վիրաւորներ, որոնցից հնարաւոր էր խուսափել:
Արդէն իսկ ստանձնած յանձնառութիւնների իրականացումը առանցքային նշանակութիւն ունի հիմնախնդրի վերջնական կարգաւորման հեռանկարի ուղղութեամբ վստահութեան ձեւաւորման համար:
Եզրափակելով խօսքս` ցանկանում եմ ողջունել յաջորդ նախագահող երկրին` Ալբանիային, եւ մաղթել նրան ամենայն յաջողութիւն:
Շնորհակալութիւն։