Չորեքշաբթի, Մայիս 8, 2024

Շաբաթաթերթ

Յառնելով ինչպէս փիւնիկ. Սպիտակի աւերիչ երկրաշարժից անցել է 31 տարի

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

Հայաստանում 31 տարի առաջ տեղի ունեցաւ խոշոր բնական աղէտ, որը լուրջ մարտահրաւէր դարձաւ երկրի համար: Հաշուած վայրկեանների ընթացքում աւերիչ երկրաշարժը հազարաւոր շինութիւնների փլուզման, տասնեակ հազարաւոր մարդկանց մահուան պատճառ դարձաւ: 1988 թուականի Դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպէ 22,7 վայրկեանին Հայաստանի հիւսիսում տեղի ունեցաւ աւերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնութեամբ:

 

Պատճառուած վնասները


Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպէս կոչուած, լրիւ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, յետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մօտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գիւղ: Լրիւ կամ մասնակի աւերուեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանաւան քաղաքները, Սպիտակի, Ախուրեանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանաւանի շրջանների հարիւրից աւելի գիւղեր ու բնակավայրեր:

 

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասուածքներ ստացաւ մօտ 20 հազարը, զոհերի թիւը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել յատկապէս Գիւմրիում՝ մօտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

 

Աւերիչ երկրաշարժի հետևանքով աւերուեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից աւելի արդիւնաբերական ձեռնարկութիւն, մեծ վնաս հասաւ նաև ճարտարապետական, պատմական, արուեստի յուշարձաններին:

 

 

Աշխարհը Հայաստանի կողքին էր


Երկրաշարժի առաջին րոպէներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչութիւնը, սակայն խիստ զգացւում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

 

Երկրաշարժից յետոյ Մոսկուայից Հայաստան ժամանեց յատուկ յանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարութեամբ։ Հայաստանին համակողմանի օգնութիւն ցոյց տուեցին աշխարհի աւելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպութիւններ։ Հայաստան էին տեղափոխւում դեղորայք, բուժսարքաւորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

 

1989 թուականին աղէտի գօտում աշխատում էին Խորհրդային Միութեան տարբեր շրջաններից ժամանած աւելի քան 40 հազար մասնագէտներ, զինծառայողներ։ Տարբեր պետութիւններ շարունակեցին օգնութիւնը Հայաստանին նաև յետագայ տարիներին:

 

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփիւռքը։

 

Մեր հայրենակիցները բազմաթիւ նախաձեռնութիւնների շրջանակում, անհատապէս իրենց օգնութիւնն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծուեցին «S.O.S. Արմենի», «Ազնաւուրը Հայաստանին» և տասնեակ այլ կազմակերպութիւններ։ Բազմաթիւ սփիւռքահայ  մասնագէտներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

 

Սպիացող վէրքեր


Աղէտի գօտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թուականն աննախադէպ է եղել. ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելաւման համար մի քանի անգամ աւելի գումար է յատկացուել, քան 2018 թուականին: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղուած պետական աջակցութեան բնակապահովման ծրագրի շահառու է ճանաչուել, ընդհանուր առմամբ, 5 հազար 396 ընտանիք՝ Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թուականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծուած է եղել: 2018 թուականի դրութեամբ բնակարանային պայմանների բարելաւման կարիք ունէր 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետութիւնից աջակցութիւն ստացել: 2019 թուականին սկզբում նախատեսուել էր 560 մլն. դրամ: Այդ գումարով իրականացուեցին նախ 44 կիսակառոյց բնակելի տան շինարարական աշխատանքներ: Այս ծրագրերը կարևորւում էին այն տեսանկիւնից, որ բնակիչն անձամբ ներգրաւուած էր իր տան շինարարական աշխատանքներում: Դեկտեմբերի 1-ի դրութեամբ, բոլոր 44 տների շինարարական աշխատանքներն աւարտուած են:

 

«Աւելին, մենք ունենք տնտեսուած գումար, ևս մի քանի տներ ներառուեցին ծրագրում: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ ֆինանսաւորումը 560 մլն. դրամով չսահմանափակուեց:  Ծրագրի շահառու բնակարանների սպասող ընտանիքների շրջանում հարցում անցկացուեց, և պարզուեց, որ 227 ընտանիք նախընտրում է բնակարանների գնման վկայագիր ստանալ, մնացածները նշեցին, որ ցանկանում են գումարն ուղղել բնակելի տան կառուցման գործին: Բացառիկ հնարաւորութիւն եղաւ և տարեվերջին կառավարութեան պահուստային ֆոնդից 1 մլրդ. 291 մլն. դրամ լրացուցիչ ուղղուեց ծրագրին և 227 ընտանիք կը ստանայ բնակարանների գնման վկայագրեր», ասել է ՀՀ քաղաքաշինութեան կոմիտէի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցուածքների վարչութեան պետ Տանիա Արզումանեանը:

 

Գործընթացն արդէն մեկնարկել է, բնակարանների գնման վկայագրերի դէպքում բնակիչներին ժամկէտ է տրւում բնակարան գտնելու համար: Այս մասով աշխատանքների վերջնաժամկէտը 2020 թուականի Հոկտեմբերն է: Տանիա Արզումանեանը նկատեց, որ հնարաւորութիւն է տրւում, օրինակ, բնակարանային գնման վկայագրով հիպոթեքային վարկ ձևակերպել և աւելի լաւ պայմաններով բնակարան ձեռք բերել:

 

2020 թուականին կառավարութիւնը բիւջէով նախատեսել է 3 մլրդ. դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կը լուծուի: Դրանով ամբողջութեամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղուած պետական աջակցութեան բնակապահովման ծրագիրն ամբողջութեամբ աւարտին կը հասցուի:

 

Ինչ վերաբերում է տնակներին, ապա Տանիա Արզումանեանը նշեց, որ ընդհանուր հաշուառուել է 7 հազար 219 ոչ հիմնական շինութիւն: Դրանք Շիրակ, Լոռի, Արագածոտնի մարզերում են: Այստեղ բնակւում են ընտանիքներ, որոնք ներքին միգրացիայի արդիւնքում գիւղերից եկել են Գիւմրի աշխատելու և ապրում են տնակում: Կան ընտանիքներ, որոնք երկրաշարժից տուժածներ են, բնակարան ստացել են, սակայն ընտանիքի մեծ լինելու հանգամանքով պայմանաւորուած, մի մասը բնակւում է նոր բնակարանում, միւս մասը` դեռ տնակում: Կան, որոնք ստացել են բնակարաններ ու վաճառել են տարբեր խնդիրներից ելնելով: Մի փոքր հատուած կայ, որ երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը, սակայն ինչ-ինչ պատճառներով պետական ծրագրում չեն հասցրել ընդգրկուել: Կան ոչ հիմնական շինութիւններ, որոնք լքուած են, բնակուող չկայ, մի մասը օգտագործւում է որպէս մրգի վաճառատեղ, վարսավիրանոց և այլն: Տանիա Արզումանեանը նշեց, որ այս մասով հարցերը ևս պետութեան ուշադրութեան կենտրոնում են: Նրանց հետ կապուած պետութիւնը պէտք է ձևաւորի նոր պարտաւորութիւններ:

 

«Արմէնփրէս»

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ