Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Քաղաքական երգիծանք. Լեռ Կամսար. Նիւթեր իմ կենսագրութեան համար

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

Ես վերին աստիճանի ամաչկոտ մարդ եմ։ Մինչև ինձ չհրաւիրեն, ես ուրիշի դուռ բաց չեմ անի, ներս չեմ մտնի։

 

Այնպէս որ հիմա ինքս էլ ինձ վրայ զարմանում եմ, թէ ինչպէ՞ս այս աշխարհի դուռը բացի ու աշխարհ եկայ առանց հրաւէրի։ Անգամ առանց դուռը ծեծելու։

 

Ծնուեցի, ու երբ իմացայ հայ եմ՝ գնացի թուրք կառավարութեանը ներկայացայ, թէ՝ հայ եմ, խնդրում եմ ինձ կոտորես։

Կառավարութիւնն ասաց․

 

– Ուշացել ես։ Ես տասը տարին մի անգամ եմ կոտորում, ութ տարի պիտի սպասես, մինչև յաջորդ տասնամեակը։

Ճա՞րս ինչ, պիտի սպասէի։

1915 թուի Յունիսին, թուրք կառավարութիւնը զօրքով պաշարեց Վան քաղաքը, ուր ծնուած էի ես և ասաց․

 

– Ես ռուսների դէմ պատերազմ պիտի գնամ, չեմ կարող մինչև ծծկեր երեխան կոտորել։ Համառօտակի կը կոտորեմ, նոր վերադարձին կ՚ամբողջացնեմ։ Շտա՛պ շարուեցէք։

– Վե՛ր էք կոտորուենք, – ասացի իմ հայրենակիցներին։

Տեսնեմ տեղիցը չեն շարժւում։

– Ի՞նչ էք նստել, հայ չէ՞ք, – բարկացայ ես։

– Հայ ենք, բայց այս անգամ չենք ուզում կոտորուել, – ասացին։

– Բա ի՞նչ պիտի անէք։

– Մեր անձը պիտի պաշտպանենք և թուրքերին կոտորենք։

…Ամբողջ հայոց պատմութեան մէջ չլսուած խօսքեր…

-Ա՜յ տղէրք, – ասում եմ, – նրանք ի՞նչ գիտեն կոտորուելն ինչ բան է, նրանք միայն կոտորել են։ Դէ հա՛, կոտորուել չիմացողին կոտորիր, տեսնենք ո՞նց ես կոտորում։

Ու զարկինք, զարկուանք՝ մինչև հայ կամաւորները հասան ու մեզ ազատեցին թուրքի ձեռքից։

Ես էլ ազատուեցի։

Ազատուեցի ու մտածում եմ։ Արդեօք իմ արածն անազնուութիւն չէ՞ր։ Ո՞նց կարելի է ազատուել, երբ թուրքն ուզում է անպատճառ կոտորել…

Վերջը՝ գաղթեցինք եկանք Կովկաս։

Այստեղ մեր կորցրած հայրենիքը լացինք-լուացինք, վերջում հաշտուեցինք մեր վիճակի հետ, մեր վիշտը սրբեցինք մեր երեսից և ապրելու համար ուզում էինք մի թեթև ժպտալ՝ երբ յանկարծ Ռուսաստանը բոլշևիկ դարձաւ, ռազմաճակատը լքեց ու թուրքերը մեր ետևից հասան, թէ՝ մենք ռուսներից պրծանք, դէ եկէք մեր կիսատ թողած կոտորածը շարունակենք։

Այն ժամանակ ես դարձայ հայրենակիցներիս ասացի․

– Տեսա՞ք։ Ես որ ասացի այսօրուայ գործը վաղուան ձգելու չէ՝ դուք ինձ չլսեցիք։ Եթէ այն օրը Վանում կոտորուէինք, մեր պարտքը հատուցած կը լինէինք ու այսօր նորից չէինք կոտորուի։

Բայց հայրենակիցներս ելան «վանսկի պոլկ» (Վանի) կազմեցին և թուրքին ասացին՝ էկ կռուենք։

– Կատակի ժամանակ չէ,- ասաց թուրքը նեղացած ու աւելացրեց, – կատակը գործից յետոյ են անում։ Հիմա կոտորեմ, յետոյ զուարճանանք։

Այս առուտուրի մէջ, յանկարծ բոլշևիկները զոռեցին Հայաստան մտան։

Հայերը մի պահ ուրախացան, բայց երբ սկսեցին մէկ-մէկ բռնել ու բանտերը լցնել հայերին՝ հարցրին․

– Այդ ի՞նչ էք անում։

– Հաւաքում ենք բանտերում, որ ձեզ կոտորենք։

Զարմացան հայերը և ասացին․

– Թուրքը մեզ ազատ օդի մէջ կոտորում է, մենք չենք յօժարում՝ գանք բանտի մէ՞ջ կոտորուենք…

Այդ ժամանակ թուրքերն ու բոլշևիկները առանձնացան ու սկսեցին իրար մէջ կամաց խօսել։

 Վերջացնելով խորհրդակցութիւնը՝ թուրքն ասաց․

– Հայե՛ր, եթէ ուզում էք փրկուել՝ կամ թուրք պիտի դառնաք, կամ բոլշևիկ։ Փրկութեան ուրիշ ելք չկայ։ Եթէ ոչ, ուղիղ կէս կ՚անենք ձեզ, մի մասը ես կը կոտորեմ, մի մասը՝ բոլշևիկները։

– Ինչո՞վ կը կոտորէք, – հարցրին հայերը։

– Ես սրով, բոլշևիկները կացինով։

Հայերը ծանր ու թեթև արին՝ կարճ եկաւ։

Յետոյ հարցրին․

– Եթէ թուրք դառնանք ինչ է սպասում մեզ, եթէ բոլշևիկ դառնանք՝ ինչ։

– Թուրք դառնալը շա՜տ հեշտ բան է։ Եթէ թուրք դառնաք՝ կը թլփատենք ձեզ, կտրելով ձեր մարմնի մի շա՜տ աննշան մաս, իսկ եթէ բոլշևիկ դառնաք՝ կացինով ձեր ամբողջ գլուխը կը կտրի։

– Պրովոկատո՜ր, – թուրքի վրայ բղաւեց բոլշևիկը այն կողմից, մենք ռուսներս չենք անում այդպիսի բան, այդ հայ բոլշևիկներն են անում։

– Ո՛չ, ռուսներն են անում, – չարացաւ թուրքը։

– Աթարբեկեանը, որ կացնահար էր անում, հա՞յ էր, թէ՞ ռուս։

Սրա վրայ թուրքերի ու ռուսների մէջ կռիւը բորբոքեց (լեզուակռիւ, իհարկէ, որովհետև բոլշևիկեան Ռուսաստանը սո՞ւր կը բարձրացնի թուրքի վրայ։ Հայ չկա՞յ, որ թուրքին կոտորի…):

Հայերը, տեսնելով, որ իրենց պատճառով լեզուակռիւ բարձրացաւ երկու պետութիւնների մէջ և կարող էր գործը վիրաւորանքի հասնել՝ ասացին․

– Մի կռուէք։ Վարուեցէք մեզ հետ ինչպէս կամենաք։

Այն ժամանակ կիսեցին հայերին, իր փայը թուրքը տարաւ մի մասին Էրզրում աշխատանքի ուղարկելու պատրուակի տակ սպաննեց, միւս մասը լցրեց Շիրակի յարդանոցները կրակի տուեց և ամէն ինչ վերջացրեց։

Բայց ճշմարտութեան դէմ չմեղանչելու համար ասեմ, որ թուրքը կոտորում էր հային առանց մէկ-մէկ ջոկելու, այլ առհասարակ, բայց բոլշևիկները այդպէս չարին։ Նրանք կաղամբի պահեստ մտածի նման ջոկեցին հայերի մեծ գլուխները ջարդեցին։ Հարուստներին, գիտնականներին, լեզուագէտներին, դասախօսներին, գրողներին, դաշնակներին և բոլոր նրանց, որոնք անհրաժեշտ էին հայ ազգի համար, որոնք իրենց անձը զոհում էին իրենց ազգի համար…

Մի խօսքով ազգի գլուխներին։

Եւ ինչո՞ւ, գիտէ՞ք։

Նրա համար, որ մնացած տականքը իրենց շարքերը լցնեն, մարդաշատ դառնան։ Որովհետև բոլշևիկեան շարքերը կարող էին մտնել միայն մանր երեխաները «պիոներ» անուան տակ։ Իսկ եթէ մտնողը մեծահասակ էր՝ պիտի լինէր կատարեալ յիմար։ Խելք նկատեցին՝ կը թռցնէին գլուխներն այդ յիմարների թագաւորութեան մէջ։

Այժմ թոյլ տանք հայ ազգին այսպէս մեռնի ու ապրի՝ խօսեմ իմ մասին։

Երբ բոլշևիկները հաստատուեցին Հայաստանում, ես աննշան գրող էի, հէնց որ մեծացայ, դարձայ «հայ ազգի մեծագոյն հայ երգիծաբանը»՝ ինձ բռնեցին, տարան գցեցին Չեկայի մութ ու խոնաւ նկուղը, դուռը վրաս փակեցին ու ես լսում էի, թէ չեկիստները հաւաքուած իմ վերևի յարկում խորհուրդ էին անում իրար մէջ, թէ ի՞նչ անեն ինձ, սպաննե՞ն, թէ՞ աքսորեն Սիբիր։

Ես էլ դռան ճեղքից լսում եմ։ Ճիշդ այնպէս, ինչպէս Լև Տոլստոյի «Կովկասեան գերի»ի մէջ թաթարները Ժիլինին և Կաստիլինին գցում են ջրհոր, և սրանք ներքևից լսում են, թէ ինչպէս թաթարներից մէկն առաջարկում է սպաննել՝ միւսն ասում է փրկանքով ազատենք։

Ես միայն «Կովկասեան գերի» չեմ, ես շատ նման եմ իմ բախտով նաև իսպանացի երգիծաբան Սերվանտեսին։ Նրան էլ Մարոկկոյի արաբները բռնեցին, տարան գերի և ուզում էին փրկանքով ազատել կամ սպաննել։

Սերվանտեսին ես նման եմ նաև այն բանում, որ նա Դոն Քիշոտ է գրել, իսկ ես՝ Դոն Լենին։ Երկուսն էլ իրենց սուր նիզակներով մարդկութեանը երջանկութիւն բերող…

Ես այն էի Հայաստանում, ինչ Սերվանտեսն Իսպանիայում։

Հա, ուրեմն, ինձ ձգեցին Չեկայի պատուալը (նկուղը – Ն.Օ.) և խորհրդակցում էին, թէ ինչպէս սպաննեն։

Երբ նրանցից մէկն ասաց՝ եկէք սպաննենք, միւսը ասաց՝ չէ․ ասաց՝ որովհետև ոչ մի յանցանք չի գործել մեր դէմ, հետևաբար, շատ է անմեղ, մենք չենք կարող մի անգամ սպաննել, պէտք է քառասունհինգ անգամ սպաննենք, որպէս բոլորովին անմեղի։

– Ինչպէ՞ս, – հարցրեց մէկը։

– Քսան տարով կ՚ուղարկենք Սիբիր, քսան անգամ այնտեղ կը սպաննենք, մնացեալն էլ այստեղ։

Ինչպէս վճռեցին՝ այնպէս էլ արին։

Ես հէնց այն օրն էի ուզում մեռնել, բայց ամաչեցի։ Ասացի՝ առանց իմաց տալու աշխարհ եմ մտել՝ առանց իմաց տալու աշխարհից հեռանամ, ի՞նչ կ՚ասեն մարդիկ։ Չե՞ն համարի անքաղաքավարի։

Յետոյ, երբ ես գալիս էի աշխարհ, մնացողները խնդրեցին ինձ գալ աշխարհը տեսնել և վերադարձին տեսածս պատմել։ Ես էլի պիտի ապրէի աւելի նոր բաներ տեսնէի, որպէսզի պատմութիւնս երկար լինէր։

Ապրեցի ու ոչ մի նոր բան չտեսայ։

Միայն բանտ, միայն աքսոր, միայն գնդակահարութիւն։

Որոշեցի մեռնել ու ինձ սպասողներին հետևեալն ասել․

– Բարեկամնե՛ր, եթէ ուզում էք ծնուել հայ և աշխարհ մտնել՝ ձեզ հետ պիտի տանէք մի շատ երկար վիզ, որ և՛ թուրքը ձեզ մորթի, և՛ բոլշևիկը։

Այսպէս կ՚ասեմ ու կ՚աւելացնեմ․

– Այս աշխարհին կարճ վզով մարդ չի սազի…։

 

1964 թ., անտիպ 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ