Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

2019 ԹՈՒԱԿԱՆԸ ԻՄ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ. Ամանորեան խոհեր

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

…«Ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ՚ երթան…»

ՋԻՒԱՆԻ

 

  … ՃՇԴՈՒԱԾ Է` Մեծերը չեն սխալւում:

   Նոր տարի է, նոր սպասելիքներ, նոր յուզումներ, նոր` երջանկացած զոյգեր, եւ, հաւանաբար` նոր հիասթափութիւններ նաեւ: Առերեւոյթ յաջող տարի էր` «Թաւշեայ յեղափոխութեան» արդիւնքում ծնուած Նոր Հայաստանի երկրորդ տարին` 2019 թուա­կանը:

   Այնուհանդերձ, ինչ որ մի բան այնպէս չէ, չի ստացւում, չենք կարողանում մէկտեղուել, ուզում ենք միանգամից ամէն ինչ իմանալ, ունենալ, չենք հաւանում ուրիշի արածը, եւ միշտ մեզ թւում է, թէ մենք աւելի լաւը կարող էինք անել:

   Մէկ վայրկեան մտովի գնացէք գրեթէ երկու տարի ետ եւ տեսէք թէ ինչպէս, ինչ ճանապարհով մեր վարչապետ Նիկոլ Փաշինեանը 8-10 համախոհներով Գիւմրիից սկսելով իր քայլարշաւը, ընդամէնը քսան օր յետոյ, համաժողովրդական պայքարի արդիւնքում, Նիկոլ Փաշինեանը Սերժ Սարգսեանին առա­ջարկեց հրաժարական տալ: Վերջինս, ի լուր աշխարհի, համաժողովրդական ճնշման արդիւնքում ստիպուած եղաւ, «մեղայի գալ» ու բարձրաձայնել`«Ես սխալ էի, դուք ճիշդ էք…»:

      Եւ`աշխարհի պատմութեան մէջ իր տեսակի առու­մով միակը հանդիսացող իշխանափո­խու­թեան այդ փառահեղ պատկերը ցնցեց աշխարհը` օրինակ դառնալով բազմաթիւ, հիմնականում մեզ նման փոքր-մոքր երկրների եւ պետու­թիւնների համար:

   Այնպէս որ, սիրելի բարեկամներ, համբերել է պէտք, միայն թէ չասէք թէ «Մաէս­տրոյի ձէնը տաք տեղից է գալիս»,– ո՜չ, այդպէս չէ, մենք էլ, ինչպէս եւ հարիւրաւոր հայ ընտանիքներ, 6 հոգով թխմուել ենք մէկ ննջարան ունեցող բնակարանում, հաց կերել Երեւանից բերուած մետաղեայ խոշոր արկղի վրայ ու քնել փողոցից բերուած բազմոցին:

   Լրջմիտ հայեացքով նայելով մեր Վարչապետի կատարած աշխատանքին, չենք կարող չտեսնել հայրենիքում իրականացուող բարեփոխումները: Ինչ է, կարծում էք դիւրի՞ն է քանդել Փտախտով (կոռումպացուած) վարակուած ՄԻԱՊԵՏԱԿԱՆ (Ո՜չ մի դէպ­քում` Ազատ, Անկախ,– Հ.Ա.) երկրի ամրակուռ հիմերը: Ինչպէ՞ս կարողացաք գրեթէ 30 տարի ստրկական վիճակում գոյատեւել առանց ձէն, ծպտուն հանելու, սիրելի հայաստանցիներ: «Թփրտացողներն» էլ, ինձնից լաւ գիտէք, հանգչում են Երեւանի գերեզմանոցներում։

   Գրեթէ 30 տարի, մենք` սփիւռքահայերս ժպիտ չէինք տեսնում մեր ազգականների, բարեկամների դէմքերին: Շատ անգամ էլ զգուշանում էինք նրանց տուն այցելել գէթ մէկ բաժակ սուրճի շուրջ զրուցելու, եւ մեր ամբարուած կարօտն առնելու համար  բաւա­րարւում էինք նրանց հետ հանդիպել այս կամ այն սրճարանում կամ ռեստորանում:

    Ես աչքովս եմ տեսել, թէ ինչպէս է ծերուկը «սողում» բեռնատար մեքենայի տակ` երանելի մի գլուխ սոխին տիրանալու համար. ինչպէս եւ երեսը ծածկ երիտասարդ կնո­ջը`աղբարկղի միջինը «քուջուջ» անելիս:

   Մինչեւ հիմա էլ երազումս է գալիս երեք փոքրահասակ երեխաների մայր, իմ տնից մի քանի տուն վեր բնակուող բարետես տիկին Մէրին, որը մի անգամ տանս աղբը տանելիս, ինձ կանգնեցրեց ու թախանձալից տոնով ասաց.

   – Ինչի՜ էք էդքան հեռու տեղ գնում աղբը տանելու համար, պարոն Անասեան, էն էլ ձեր տարիքում: Դուք ամէն օր աղբը դրէք ձեր բակի էն խոշոր ծառի տակ` ես կը տանեմ:

   – Ի՞նչ նեղութիւն աղջիկս,– ասացի ես,– ինձ համար դժուար չէ, համ էլ` իմ տարիքում քայլելը լաւ է:

   Ինքնին հասկանալի է, որ այդ օրուանից յետոյ, իմ «աղբը» բոլորովին էլ աղբ չէր…, եւ երբ օրեր անց փորձեցի դրամ տալ Մէրիին` վիրաւորուեց` ասելով.

   – Չէ՜, չէ՜, պարոն Անասեան, էդ ի՞նչ էք անում, պէտք չէ, պէտք չէ՜, մենք լաւ ենք…

   Էս ի՞նչ արեցիք դուք մեր ժողովրդի հետ, ա՜յ երեք Միապետեր: Դուք խիղճ, գութ չունէ՞ք: Մէկդ միւսից առաջ անցնելով, սադայէլական նորովի միջոցներով խեղեցիք մի ամբողջ ժողովուրդ:

   Պատուախնդիր, հպարտ, հիւրասէր հայաստանցիին խեղճացրիք, փոքրացրիք, նսեմացրիք, թող ներուի` դարձրիք նորովի մուրացկան:

    Դու` նախկինում կոմունիստ Լեւոն Տէր-Պետրոսեան, որքա՜ն միամտօրէն հաւատում էի քեզ։ Հենց քեզնից էլ սկսուեց սեփական ժողովրդին թալանելու 30-ամեայ մարաթոնը:

   Եւ ներկայիս, Երեւանի ծախուած խուժանն ու միամիտ ուսանող երիտասարդութիւնը Փաշինեանի «թաւշեայ ծածկոցի» վրայ ննջելուց յետոյ, առիւծ դառած, օր ու գիշեր, տեղի-անտեղի, շատ անգամ էլ անմտածուած ցոյցեր է անում Երեւանի հրա­պարակներում ու փողոցներում` առանց խորամուխ լինելու դէպքերի, իրողու­թիւն­ների մէջ:

    Էս ի՞նչ ցոյցամրցոյթ-ցուցահանդէս է: Էս ի՞նչ բան է, դուք գործ-բան չունէ՞ք, աշխատող, սովորող չկա՞յ մեր երկրում: Ե՞րբ են այդ ցուցարարները աշխա­տանքի, կամ դասի գնում: Ի բացառեալ ինքնաբուխ, արդարացի ցոյցերի, մնացեալի մէջ  դրականն այն է, որ դրանց մասնակիցները վարձատրւում են Քոչարեանի պիցայով ու դրամ­ներով` քամուն տալով ժողովրդից եւ պետութիւնից  խլուած միլիոնները:

    Մօտ երկու տարուայ մեծաթիւ ցոյցերի մէջ իմ եւ, վստահ եմ, Հայաստանի գրեթէ ողջ մտաւորականութեան շրջանում մտահոգութեան լուրջ նիւթ դարձած` հայոց լեզուի, հայ գրականութեան եւ հայ ժողովրդի պատմութեան բացառումն է Հայաստանի Բարձրագոյն Ուսումնական Հաստատութիւններում:

   Երիտասարդ ցուցարար­նե­րի բողոքի արդիւնքում, որպէս «մեղմացուցիչ դէպք յանցանած», նախարար Արայիկ Յարութիւնեանը, վարչապետի հաւանութեամբ անշուշտ, որոշում կայացրեց վիճարկուող հարցի լուծումը թողնել ԲՈՒՀ-երի տնօրէնների հայեցողու­թեանը:

   – Ծօ՜…, խե՞նթ են այս մարդիկ,– ասում է մէկ բաժակ սուրճի եկած իրաքահայ բարեկամս,– մայրենի սրբացած լեզուին դպնալ կ՚ ըլլա՞յ: Այս մարդիկ չե՞ն հասկնար, որ երկիրը պահողը լեզուն է: Չկայ Մայրենի լեզու` չկայ Հայաստան: Քեզի բան մը ըսեմ մաէսթրօ,– շարունակում է բորբոքուած բարեկամս,– սա մեր Նիկոլը սկսած է սխալներ գործել` ամէն բան իր ուսերուն վրայ առնելով, ինչ է, ուրիշ գործ ընող չկա՞յ…

  – Իրաւ ես բարեկամս: Միայն վարչապետը եւ նախարարը պիտի չլուծեն այս հարցը: Համազգային տարողութեան այս խնդիրը լուծելու ճիշդ ճամբան` հարցը Ազգային ժողովին յանձնելն է:

   Քոչարեանի փողի, ինչպէս կ՚ ասէր թուրքը`«նաղդ փարայի» վրայ յոյս դնելով էլ հրապարակ իջաւ բազմերես, մի կուսակցութիւնից կամ խմբից միւսը ճպուռի նման թռչող Վազգէն Մանու­կեանը` առանց խպնելու (մայրիկս էր ասում`ամաչել, Հ.Ա.), անամօթաբար օգտագործելով մեծն Թումանեանի յօրինած ՎԵՐՆԱՏՈՒՆ անունը` ստեղծելով մի նոր ապազգային միաւորում: Ո՞վ է ձեր մէջ գրող-մտաւորականը, չափ ու սահման չճանաչած, պղծում էք մեծ լոռեցու անունը:

   Ա՞յ` այստեղ է որ գիտակից երիտասարդութիւնը ցոյցի պիտի ելնէր ու ջարդուփշուր

անէր այդ յօրինովի ապազգային հաստատութեան կայքն ու կահկարասին:

   Այս նիւթի կապակցութեամբ հիանալի յօդուածով է հանդէս եկել քաղաքագէտ Նազարէթ Պէրպէրեանը` «Ասպարէզ» օրաթերթի Նոյեմբերի 23-ի համարում: Ահա մի հատուած այդ երկարաւուն լուսաբանութիւն-յօդուածից.

   «Նիւթական-դրամական միջոցներու վրայ հակակշիռ ունեցող, բայց արժանահաւա­տու­թեան դոյզն դրամագլուխն իսկ չունեցող հին թէ նոր հեղինակութիւնները, այսօր իրենց անձնական ուղղակի քարոզչութեան սայլին լծած են անցեալի «պալատական աշուղներ»ը յիշեցնող մտաւորականներ, հրապարակագիրներ եւ քաղաքական մեկնա­բան­ներ, որոնք ամսական երկու-երեք հազար տոլարի սիրոյն, ինչ որ Հայաստանի մէջ շատ խոշոր եկամուտ է, կը ծախեն ոչ միայն խիղճ, այլեւ նոյնինքն խօսքի եւ հեղինակութեան արժանահաւատութիւնը»:

   Պիտի չթաքցնենք. բնաւորութեամբ բարի ու ազնիւ Փաշինեանը իր «թաւշեայ» յեղա­-

փոխութեամբ լայն դուռ բացեց ամենաթողութեան համար: Նա չէր պատկերացնում, որ իր առջեւում անօթի, խաբուած, հարստահարուած մի հսկայական զանգուած կայ, որի բերանները 28 տարի անընդհատ, անընդմէջ զմռսուած են եղել:

      Նա դիպուկահարի ճշգրտութեամբ որսաց պահը եւ «իրենով արեց» հարստահար­ուած, պատուազրկուած գրեթէ ողջ ժողովրդին: Եւ արդիւն­­­քում` այսօր ունենք այն` ինչ ունենք. Ազգային եւ Ապազգային ուժերի անմտածուած սահմռկեցուցիչ բախում­ներ, հակոտնեայ մտքեր ու առաջար­կութիւններ, իրարամերժ ընկալումներ:

    Փողատէր իշխանատենչ ուժերն այսօր, ի գին ամէն մի ստորութեան, պատրաստ են նոր իշխանափոխութեամբ տապալել այն ամէ­նը` ինչ ձեռք բերուեց Նիկոլի ղեկավարած աննախադէպ «Թաւշեայ յեղափոխու­թեան» շնորհիւ:

     Այս մտքերի ամփոփումն անենք «Մասիս» շաբաթաթերթի Նոյեմբերի 30-ի խմբագրա­կան յօդուածից.

   «Նախկին համակարգի ներկայացուցիչները իրենց պատկան լրատուամիջոցներու լայն ցանցին միջոցաւ կը փորձեն համոզել հասարակութիւնը, որ Թաւշեայ Յեղափոխութիւնէն ետք ոչինչ չէ փոխուած: Նոյն միտքը կը կրկնէ նաեւ Սերժ Սարգսեան: Լսե­լով անոր խօսքերը, մենք եւս կու գանք այդ համոզումին, ի՜սկապէս ոչինչ չէ փոխուած ոչ թէ Հայաստանի մէջ, այլ` նախկին մերժուած իշխանութիւններու ուղեղ­ներուն մէջ»:

   Քանի որ խօսք գնաց Սերժ Սարգսեանի մասին, արժէ յիշատակել նրա «հանճարեղ» մտքի առկայծումներից մէկը, որում կ՚ երեւայ նրա «գիտական» պաշարը.

   – Անհանդուրժողականութեան կամ կուլակաթափութեան կոչերով ոչ մի տեղ չէք հասնի,– ասում է պաշտօնաթող վարչապետը:

   – Ա՜յ միամիտ նախկին վարչապետ, դու գլխի էլ չես ընկել, որ քո օգտագործած զոյգ

բառերով, ակամայ հաստատում ես, որ քո եւ երկու նախկին վարչապետերի 28 տարիների «կառավարման» տարիներին մշտապէս եղել է  «անհանդուրժողականութիւն»:

   Իսկ ինչ վերաբերւում է «կուլակաթափութեան»ը, ասեմ որ, կուլակները անցեալ դարի Սովետի 20-30-ական թուականների` աշխատանքով ձեռք բերուած հարուստներն էին, որոնցից խլուած դրամների օգնութեամբ, հաւատաւոր կոմունիստները երկիր ստեղծեցին: Իսկ Հայաստանի կուլակ-միլիոնատէրերը ժողովրդից եւ պետու­թիւնից շորթած դրամն օգտագործեցին, եւ այսօր էլ օգտագործում են շքեղ պալատներ կա­ռուցելու, աշխարհի տարբեր հորիզոնականներում հողատարածքներ գնելու վրայ:         

     Այս ամէնի արդիւնքում էլ յուսահատ հայաստանցին լքում է իր երկիրը` իրեն փրկուած համարելով հայաստանեան մղձաւանջից: Արդեօք փրկւո՞ւմ է նա որպէս հայ, հա՜յ մարդ, թէ`ժամանակի ընթացքում, ամերիկեան հոսանքի հետ մոռանալու է թէ՜ ազգութիւն, թէ՜ կրօն, ե՜ւ աւանդութիւններ, սրբութիւններ, որ իրեն է փոխանցուել իր պապերից: Եւ գալու է ժամանակը, երբ մենք` արտագաղթած սփիւռքահայերս նման­­ուե­լու ենք յորդառատ գետի մէջ նետուած նաւակի, որն իր սլացիկ ընթացքի մէջ, խփուելով գետի եզերքների ժայռերին, ի վերջոյ ջարդուփշուր է լինելու, եւ մնալու է որպէս յուշ` այն մարդկանց համար, ովքեր աշխարհից գոհ, Մոնա­կո­յում ու Լաս Վեգաս­ներում, սեփական ժողովրդի քրտինքով միլիոններ դիզած գումարները քամուն տալով, ժպիտը դէմքերին` նաւակը նետեցին յորդառատ գետի մէջ:

    Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան շնորհիւ, մէկուկէս տարուայ ընթաց­քին գրեթէ ողջ աշխարհը ճանաչեց Հայաստանին: Եւ այդ փաստը պատճառ դարձաւ, որպէսզի ռուսները 180 աստիճանով փոխեն իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նախորդ երեք վարչապետերը 30 տարուայ ընթացքում «ամէն ջանք» գործադրելով իսկ` չկարողացան գէթ մէկ-երկու նախադասութեամբ Ղարաբաղի հարցում նպաստաւոր արտայայտութիւն կորզել նրանց շուրթերից:

   Նիկոլ Փաշինեանը քաղաքական յամառ պայքարի շնորհիւ կարողացաւ ստիպել դիմացինին, որպէսզի պաշտօնական խօսակցութիւներն ու որոշումները իրականացուեն հաւասարը-հաւասարի իրաւունքով: Նա նոյնիսկ չթոյլատրեց Պուտինին բան­տախցում հանդիպել Հայաստանի երկրորդ վարչապետ, իր ընկերոջ` Ռոբերտ Քոչար­եանի հետ:

   Նման համարձակ քայլով Փաշինեանը շահեց ողջ աշխարհի համակրանքը, եւ դրանից օրեր անց,  Մոսկուայում Պուտինը «եղբայրաբար» գրկախառնուեց մեր վարչա­պետի հետ:

   Դրան յաջորդեց Պուտինի թելադրանքով արուած երկու` չափազանց կարեւոր, ճակատագրական զոյգ յայտարարութիւններ, որ ի լուր աշխարհի արեցին Ռուսաստանի երկու կառավարական անձերը:

    Ահա թէ ինչ է ասում Ղարաբաղի մասին յայտնի պետական գործիչ Կոնստանտին Զատուլինը. «Պէտք է ճանաչուի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանից անկախանալու իրաւունքը»:

    Նրանից ետ չի մնում աշխարհաճանաչ պետական քաղաքական գործիչ, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը (հայրը` հայ, մայրը` վրացի, Հ.Ա.).

    – Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնութեան, որեւէ պայմանաւորուա­ծու­թիւն չի լինի ձեւակերպել, Հայաստանն էլ պարզապէս այն չի ստորագրի,– ասում է նա:

   Նման «թիկունք» ունենալով իր ետին` Նիկոլ Փաշինեանն ասում է.

   – Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ խօսել ուժի դիրքերից…

    Առերեւոյթ չափազանց ինքնավստահ յայտարարութիւն է սա. այն պա­տաս­խան է տարիներէ ի վեր Ալիեւի կողմից արձակուող վայրահաչ զառանցանքնե­րին:

    Փաշինեանն այդպիսի վճռական յայտարարութեամբ է հանդէս գալիս, որովհետեւ ի տարբերութիւն նախորդների, ընդունում է Սփիւռքի ուժը, կարողութիւններն ու հնարաւորութիւնները, եւ բարձրաձայնում, որ Սփիւռքն էլ է Հայաստան եւ որ ամէն մի սփիւռքահայ, որտեղ էլ նա ապրելիս լինի` հայաստանցի է, Հայաստանի քաղաքացի: Մինչ, ժամանակին անփառունակ Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդէս էր գալիս պժգալի յայտարարութեամբ, թէ`«Փարիզում եւ Նիւ Եորքում նարինջ ուտող հայը իրա­ւունք չունի մեզ քաղաքականութիւն թելադրել»:

   Այս բոլոր յաջողութիւնների հետ մէկտեղ, հիմնականում քաղաքական անփորձութեան պատճառով, մեր սիրելի վարչապետը սկսել է սխալներ թոյլ տալ` ամէն մի յաջող քայլ վերագրելով իր անձին, իր ԵՍ-ին`որոշակի դժգոհութիւն առաջ բերելով ոչ միայն ընդդիմադիր ուժերի շրջանակում, այլեւ իրեն յարող «Իմ քայլը» կուսակցու­թեան մէջ: Միշտ պիտի յիշել, որ Եսակենտրոն ղեկավարմամբ շատ հեռուն չես գնայ եւ նպատակդ կիսատ կը մնայ…

   2019 թուականի աւարտից երկու ամիս առաջ, Հոկտեմբերի 29-ին, որտեղից-որտեղ, Միացեալ Նահանգ­ների Կոնգրէսի Ներկայացուցիչների Պալատը քուէարկութեան դրեց Հայոց Ցեղաս­պա­նութեան ճանաչ­ման հարցը` զարմանքի եւ ուրախուեան հզօր ալիք բարձրաց­նելով ողջ հայութեան հոգիներում: Չորս հարիւր ներկայացուցիչ-մասնակիցները գրեթէ միաձայնութեամբ ընդունեցին բանաձեւը, սակայն Ծերակուտական երկու ան­դամ­­ներ, Սպիտակ Տան թելադրանքով, մերժեցին ստորագրել բանա­ձեւի տակ` պատճառաբանելով թէ այս օրերին, ԱՄՆ-Թուրքիա լարուած յարաբերու­թիւն­­ների պայմաններում բնաւ յարմար չէ նման բանաձեւի տակ ստորագրելը:

    Բարեկամներս, մի անհանգստացէք, եկաւ այդ բաղձալի օրը, երբ Սենատը ճանաչեց 20-րդ դարի մեծագոյն ոճիրը: Սակայն, ի՞նչ է տալիս դա մեզ` միայն բարոյական յաղթանա՞կ, բա մեր զաւթուած հողե՞րը, մեր ինչքն ու հարստութի՞ւնը, բա մեր ձիւնափառ Արարա՞տը: Լաւ է ասում շնորհառատ քաղաքագէտ Արա Պապեանը` «Ցեղասպանութեան ճանաչումը Պահանջատիրութիւն չէ»: Այսօր մենք Պահանջատիրութեան խնդիր ունենք աւելի` քան Ցեղասպանութեան ճանաչումը:

      Ժամանակին Խորհրդային իշխանութիւնը թքած ունենալով ԱՄՆ-ի նախագահ Ուիլսընի կողմից Սեւրի միջազգային համաժողովում հաստատուած` Հայաստանի նոր քարտէզի վրայ, թուրքերի հետ  «ալիշ-վերիշ» անելով իրար մէջ արեցին Հայաս­տանին պատկանող 100 հազար քառակուսի կմ. տարածութիւն` իր մէջ առնելով Լեռնային Ղարաբաղը:

   30 տարուայ լռութիւնից յետոյ, չէ՞ք կարծում, որ եկել է ժամանակը, որպէսզի գէթ Սեւրի Դաշնագրի 100-ամեակի կապակցութեամբ, Անկախ Հայաստանի Հանրապետու­թի­ւնը իր եղբայր Սփիւռքի հետ միակամ, 2020 թուականին Ամերիկեան կառավա­րու­թիւնից սկսի պա­հանջել Սեւրի դաշնագրի իրականացման գործընթացը` իրենց նախագահ Վուդրօ Ուիլսընի կողմից վաւերացուած միջազ­­գային ատեանի անժամ­կէտ որոշումը: Իսկ ողջ հայ ժողովուրդն էլ այս անգամ կը սկսի  Պահանջատիրութեան ցոյցի ելնել «Մեր հողերը», «Մեր եկեղեցիները», «Հատուցէք մեր արեան գինը» եւ նման այլ` Պահանջա­տիրութեան իմաստն արտայայտող պաստառներով:

***

   Հիմա գանք այս տարուայ բաւական չարչրկուած նիւթին` Թելեթոնին:

   Ներկայիս Հայաստանում տիրող բարութեան եւ չարութեան, Սպիտակ-Սեւ մտայնութեան, մասամբ էլ երկրի հանդէպ ունեցած անվստահութեան պառճառով մենք կանգնեցինք տխուր իրականութեան առջեւ: Մարդիկ հազարումի պատճառներ են մէջտեղ բերում նման իրավիճակն արդարացնելու համար, եւ ո՜չ ոք չի խօսում «Հայաստան» հիմնադրամի նախորդ տարուայ տնօրէնի մասին, որը հիմնադրամից շորթած դրամները, իր ասելով, տանուլ էր տուել խաղատանը: Եւ այս մասին յայտարարւում է Թելեթոնից ընդամէնը մի քանի ամիս առաջ: Այդ աղմկայարոյց դէպքը շեշտակիօրէն եւ անդառնալի կերպով յուսախաբ արեց ամբողջ հայութեանը:

    Եւ դուք` թելեթոնականներ, ուզում էք որ մարդիկ ձեզ հաւատա՞ն,– ո՜չ, չեն հաւատայ: Դուք ձեր անմտածուած գործելակերպով վախեցրիք ժողովրդին: Լաւ է ասուած` «Աչքը տեսածից է վախենում»: Պէտք ունէի՞ք, ինչպէս ժողովուրդն է ասում` «Ձեր աիբը» (ամօթ) ցուցա­դրելու: Պետա­կան գործ էք անում, եւ, եւ` այդքան թափանցի՞կ գործե­լակերպ, ո՞ւմ համար, ինչի՞ համար Պրն. Վարչապետ: Դուք արեցիք դա` Ձեր «յան­ցաւոր» եւ ազնիւ մաքրութեամբ: Ձեր մէջ լուծէիք հարցը: Աղտոտ սպիտակեղէնը պարանին փռելով Թելեթոնի ղեկավարները ձախողեցին իրենց առաքելութիւնը:

   Իսկ «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանը մի քանի ամիս բանտում նստելուց եւ հիմնադրամին մեծագումար վերադարձնելուց յետոյ դուրս եկաւ ազատ աշխարհ:

   Միշտ պիտի յիշել, որ մէկ անգամ կորցրած վստահութիւնն ու վարկը` տաս եւ աւելի «մեղայականով» հնարաւոր չէ ջնջել մարդկանց յիշողութիւնից:

   Ուշքի եկէք Հայրենիքի իշխանաւորներ, կուսակցութիւններ, ազգային, նոյնիսկ` ապազգային խմբաւորումներ: Լաւ, գովելի նախագծեր են կեանքի կոչուել 2019 թուականին: Գնահատէք եղածը եւ օգնէք Վարչապետին եւ կառավարութեանը նորանոր բարձունքներ նուաճելու համար: Քէն-մէն, ոխ-մոխ թօթափեք Ձեր վրայից: Ներել կարողացէք դիմացինին: Ներողութիւն խնդրելն էլ է հերոսութիւն:

 

    ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ