Հինգշաբթի, Ապրիլ 18, 2024

Շաբաթաթերթ

ՆԱՒԱՍԱՐԴ ՃԵՊԵԼ ՄՈՒՍԱՅԻ ԼԵՐԱՆ ԼԱՆՋԻՆ ՊՕՂՈՍ ԱՐՄՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

Միտքդ պահէ, որ դուն Ճեպել Մուսացի ես, այսինքն ապառաժներու

առասպելատիպ լեռնաշխարհէն ծնած ես հողի մը վրայ, որ վերելք էր

միայն ու շքեղութիւն, որ պայքար էր լոկ ու խանդավառ խոյեանք, կռիւ էր եւ ազատ ապրելու անբեկանելի վճիռ:

ԷԴՈՒԱՐԴ  ՊՈՅԱՃԵԱՆ

 

            Նաւասարդ, հուր հրացայտ Նաւասարդ, աշխարհական մարդիկ Նաւասարդ են տօնախմբում: Իրենց աշխարհի լեռների քարայծների մորթուց պատած թմբուկներն են որոտում, փողեր հնչում, բամբիռներ զարկում, մուսաների նորալոյս շէնի հարիւր-հարիւր մարդիկ Անտիոքի փոխարքայ Բագարատին եւ Ծովակալ Վարդանին են դիմաւորում: Բագարատ, Տիգրան արքան սելեւկեանների պետութիւնը ու նրա ոստան Անտիոքը նուաճելուց յետոյ այնտեղ փոխարքայ նշանակել իր զօրավարներից՝ Բագարատին: Լերան լանջին խարոյկ էին վառել, նրանց գալուստի պատուին լոյս մատուցելու: Շէնի առաջ, նրանց նժոյգները երկու ոտքերը վեր բարձրացրած բարեւի կանգնել դիմաւորողներին, խորը ակնածանքով խոնարհել էին ձիավար փոխարքայ Բագարատի ու Ծովակալ Վարդանի առաջ, միաբերան բացագանչել.

            – Նայէ՛ք լերան գագաթին, արմէնների աստուածները խարոյկների բոցերը որպէս ջահեր վեր պարզած  ողջունում Ձեզ, փառք արմէնների աշխարհի արքաների արքայ Տիգրանին, փառք սելեւկեանների Անտիոք ոստանի փոխարքայ Բագարատին, արմէնների Ծովակալ Վարդանին:

            Թմբուկների խրոխտ զարկերով, Բագարատին ու Վարդանին առաջնորդել էին լերան լանջի իրենց շէն: Տների դիմացի ճանապարհի եզրի ձիթենիների, թզենիների հովանու տակ եղէգից հիւսուած աթոռներ ու սեղաններ էին: Փոխարքայ Բագարատի, Արտեմիս հարսի ու Ծովակալ Վարդանի համար գահի նման ծաղկազարդ բարձր աթոռներ էին: Շէնի աւագ Պարոյրը նրանց առաջնորդել սեղանների մօտ: Ցորեանի ցօղուններից հիւսած նախշազարդ սկուտեղներին իրենց շէնի դարաւանդներին հասունացած տանձ, կարմրուկ խնձոր, վարդ երեսներով դեղձ, ժպիտը դէմքին թուզ, արեւից շիկնած խաղող բրգացել: Փոխարքայի հետ եկած Անտիոքի արմէններին էին հրաւիրել սեղանների առաջ նստելու: Փոխարքայ Բագարատ նայել սեղաններին, ժպտացել…: Հազար-հազար տարիներից եկած Ճեպել Մուսացի հայ, յիշու՞մ ես քու լերան լանջի Նաւասարդի առաւօտը, եկեղեցիի բակում խռովները գրկախառնւում, շէնի բարձր բլուրին յենած առիւծի բաշերով արեւն էր լոյսի շանթեր զարկում լերան լանջին, շէնի կարմիր տանիքներին, հուր-հուրհրան Նաւասարդ:

            Սեղանների դիմացի խոզանի բացատն էր հարթեցուած, յարդախառն ցեխով ծեփուած գետնին ցորեանի ցօղուններից հիւսուած խսիրնէր էին: Թմբկահարներն էին եկել բացատ, Նաւասարդին նուիրուած պարի եղանակներ զարկել: Արմէնների Սասուն աշխարհի սասունցիների շէներում, դեռ հիմա էլ նման զարկերով թմբուկ որոտում, իրենց աշխարհի Նաւասարդի տօնախմբութիւնների պատարագ է այն: Շէնի այրերը, հարսերը բացատ էին ելել, կարծես իրենց աշխարհի մեհեանները գրկած Նաւասարդի շուրջ պար էին բռնել: Այդ շուրջպարերը հազար-հազար տարիներ յետոյ էլ յարատեւեցին արմէնների աշխարհում: Տեսե՞լ էք, Խոսրով թագաւորի անտառի դիմացի բարձունքին Միհր աստուծոյ տաճարի առաջ իրենց ռազմի ու յաղթանակի աստուած Վահագնի ծնունդին նուիրուած շուրջպարերը, նախնիների ոգու ղօղանջներն էին պայթել իրենց սրտերում, հապա հարսերի ու պարմանուհիների նազանքի ելեւէջները, կարծես գնում էին իրենց նախնիների շէների այգիներ, խաղող քաղելու: Բագարատի ու նրա հարս Արտեմիսի մանչ Տիգրանը վազել է շուրջպարի կեդրոն, կարմիր թաշկինակը վերեւ պարզած նրանց պարն էր նմանակել: Բոլորը ապշած նայել էին, նրա սրտից պայթած նախնիների աստուածների մեհեանների անթեղուած ոգու կրակն էր:

             – Փոխարքայ Բագարատ, ահա իրենց լանջերին մանկիկներ սեղմած շէնի հարսերը, ձեռքը դէպի նրանց երկարելով խօսել էր շէնի աւագ Պարոյրը: Այս շէնի տները պատելուց, մուսաների լեռների լանջերին այս նորակերտ շէնի կրակարաններից դէպի իրենց աստուածների տաճարներ իրենց լինելիութեան պատգամը յղելուց, այս ձորերի կողերին դարաւանդներ արարելուց, ցորեանի հացի առաջին բերքը հաւաքելուց յետոյ… մայրացել էին շէնի պարմանուհիները: Նրանք, իրենց զաւակներն են բերել, նախնի մեծերի քաջութեան ոգու հուրը հոսէիր նրանց սրտիկներին: Քու ափերով քաղած արեւ աստծուց Միհրի լոյսով ցօղես նրանց դէմքերը: Նրանց ցանկութեամբ իւրաքանչիւրին տաս քու եւ նախնիներիդ անուններ՝ Բագարատ, Հայկ, Արամանեակ, Կատմոս, Արամ, Արա, Արամէ, Արմայիս, Իշբուինի, Մէնուա, Սարտուրի, Ռուսա, Էրիմենա, Արաստ, Արմինակ, Արմէն, Տիգրան, Արտաշէս, Սաթենիկ, Աստղիկ, Անահիտ, Նանէ,  Գիսանէ, Նար, Ծովինար, Տիրան, Արտաւազդ, Վահագն, Միհր, Վանատուր, Տիր, Արէգ, Հրանդ, Վարագ եւ բազում այլ անուններ: Բագարատ փոխ արքան, բամբիռների անուշ հնչիւնների, թմբուկի մեղմիկ զարկերի հետ, գիրկն առել, իւրաքանչիւր մանչ, արմենական անուն շնորհել, Միհր աստուծոյ արեւի ճառագայթների եօթը գոյներով օծել դէմքերը նրանց: Անտիոքի արմէնները իրենց հետ բերած հաց, խորոված երէների միս, գինի, գարիի ջուրի կաւէ փարչեր փռել էին սեղաններին: Շէնի հարսերը թոնիրներին թխած հաց, լերան կաղնու անտառներում որսացած վարազների խորոված մսով լիքը սկուտեղներ շարել էին սեղաններին: Նաւասարդ էր, փառաբանել էին դիցամայր Անահիտի մայրութեան ու պտղաբերութեան հրաշապատումը, Հայկ նահապետի ազատութեան կռուի յաղթանակը: Արմէնների աշխարհի հեռու լեռների յուշը իրենց սրտերում՝ խրախճանալու էին, ինչպէս իրենց աստուածների մեհեանների առաջ կատարած տօնախմբութիւնների ատեն: Միջօրէ, Միհր արեւ աստուածն էր կանգնել լերան լանջի կապոյտ երկնակամար, լոյս, լուսեղէն ժպիտ ցանում:                                              -Նաւասարդ է այսօր, խօսել էր փոխարքայ Բագարատը, նայէ՛ք Միհր աստուածն է բազմել Մուսաների լերան այս շէնի երկնակամար, կրակով շառագունած ճառագայթները փռել ձորակի կողերի դարաւանդներին, հազար գոյնի ծիածան կապել նրանց վրայ: Նաւասարդ, արմէնների տարիի առաջին օրն է այսօր: Երկու հազար չորս հարիւր իննսուն երկու տարիներ առաջ, արմէնների նահապետ Հայկը ազատութեան կռուի էր տարել որդիներին ու իր խալխի քաջերին, մահ սփռել երկիր եկած թշնամու զօրքի շարքերին: Հայկ Նահապետ, հինգ հարիւր կանգուն հեռաւորութիւնից նետահարել թշնամու թագաւորին: Ամէն տարուայ այս օրը աստուածների մեհեանների հրապարակներում, Նահապետի յաղթանակը տօնախմբելու Նաւասարդ տօնախմբել, գուսանները երգել էին պատերազմի աստուած Վահագնին նուիրուած տաղը եւ Նահապետին ու նրա քաջերին ձօնուած բազում այլ տաղեր: Մուսաների լերան լանջի նորակերտ շէնի արտի բացատում Նաւասարդ ենք տօնախմբելու: Շէնի աւագ, ջահը ձէռքիդ գնա′ վառիր Նաւասարդի խարոյկը:

            Զուարթ բացագանչութիւնների հռնդիւնի հետ, շէնի  աւագը վառել խարոյկը: Կարմիր բոցերը  ժայթքում վերեւ, արեւ աստուած Միհրի դէմքն էր շառագունել: Հազար-հազար տարիներ Արմին-Հայ արեւորդիների սրտերում չէր մարել լոյսի, արեւի, կրակի աստուածներ՝ Արայի, Միհրի, Նանէի տիեզերական խորհուրդի ջահի բոցերի յուշը: Խենթանում էր խարոյկը, պայթում էր խարոյկը, կրակի կարմիր բոցերը բարձրանում վերեւ, նրա լոյսը տանում արմէնների հին աստուածների տաճարներ, աւետելու նրանց իրենց յաղթանակի բերկրանքը: Խարոյկի բոցերը շիկնել էին շէնի պարմանուհիների անուշ դէմքերը, պարմանների սրտերին քաջութեան սխրանք, իրենց արտերին ու հանդերին սիրոյ հուր կաթել: Կրակի բոցերի կարմիր խոյեանքով հազար-հազար կարմիր աստղիկներ դուրս թռել խարոյկի բոցերից, պարմանները նրանց իրենց ափերի վրայ պահած՝ տարել որպէս սիրոյ ծաղիկ նուիրաբերելու պարմանուհիներին: Ցնծութիւն էր, արմէնները ցատկում էին խարոյկի վրայից, նրա բոլորտիքը շուրջպար բռնում, խարոյկի բոցերից ու թմբկահարի զարկերից շիկնել էր թմբուկի երեսը, շիկնել էին մուսաների շէնի պարման ու պարմանուհիների սրտերը:

            – Պարոյր, կանչել էր փոխարքայ Բագարատը, խարոյկի բոցերից մախրի ծառերի փայտի շեղջէրից ջահեր վառէք, Նաւասարդ է, թող շէնն այս լոյսով ցնծայ, լերան լանջերը ու ձորի դարաւանդները լոյսով հեղեղուեն:

            – Արմէն քաջեր, Հայկ Նահապետի յաղթանակի լոյսը իրենց սրտերում, զէնքով հասել ծովեր, ծովերից այն կողմն աշխարհներ եւ այս լեռներ: Որտեղ հասել էր իրենց  քաջերի զէնքը, չէին ստրկացրել մարդկանց արարումը, այնտեղ տարել իրենց երկրի իմաստութիւնը: Ինքնիշխանութեան իրաւունք շնորհել քաղաքներին, Ճանապարհներ շինել, տարբեր ազգերի ժողովուրդներ իրենց արարումը տանէին փոխանակելու,  վաճառելու: Քաջերն այդ հայացրել աշխարհներ, արարչութեան լոյս հոսէր հեռուներ:

            – Հայացել են այս լերան լանջերը, աղուոր շէն էք պատել այստեղ, արմէնների խոնջանքն է այս ձորակի կողերին, իրենց երկրից բերած խաղողի, բազում անուշահամ այլ պտուղների տնկիներ, իրենց աստուածների երկնի աստղերից բերած ծիրանենի տնկիներ, երկրի հրաբուխների կրակի համով ծիրան: Աստուածների բերած ցորեանի առաջին հունձքն է արտերում: Բարձր գագաթներով լեռ է շէնի թիկունքին, փարած մնացէ’ք ձեր  լեռներին, վտանգի պահերին բարձրացէ՛ք նրանց գագաթներ: Լեռն ի վեր բարձրանալ ձգտող թշնամու վրայ ժայռեր գլորէ՛ք, տեսէ՜ք, նրանք ինչպէ՜ս են փախչելու:

            – Ծովն է ձեր առաջ կապոյտ-կապոյտ փռուել, թող ձեր շէները հասնեն նրա ջրերի ափեր: Ծովն ապահով ելք է դէպի Վարդան Ծովակալի մօտակայ նաւահանգիստներ, հելլէնների բնակավայրեր: Ո՞վ կարող է իմանայ պատմութեան ընթացքը:

            – Արօրների, հողի մշակման գործիքների հետ ձեր տներում նիզակ, թուր, աղեղ, կապարճներով նետեր պահէ′ք: Զէնքին, ուժին, Վահագն աստուծոյ պաշտամունք նուիրեցէ′ք: Հողին պաշտամունք նուիրեցէ՛ք, նրա մշակման ուսուցման հետ ձեր մանչերին զէնք կրել վարժեցրէ՛ք: Այս լեռները որպէս վահան բռնած կռուի ելէ՛ք թշնամու դէմ:

            – Լցրէ՛ք գինու թասերը, Նաւասարդեան ողջոյն, Հայկ Նահապետին յաւերժութիւն, գինի խմէ’ք, ցնծացէ’ք, ծիծաղէ’ք,  արբեցէ՛ք: Նաւասարդ է այսօր,  նախնիների աստուածների խրախճանքով խնդան ձեր սրտերը: Փառք արմէնների աստուածներին, ինչքան բազում բարիք հոսել ձեր արտերին, հանդերին, դարաւանդները ծիծաղում են արեւի լոյսից: Փոխարքայ Բագարատը, մանչ Տիգրանը գրկին Արտեմիսը, Ծովակալ Վարդանը, Անտիոքի արմէնները, շէնի մարդիկ նստել սեղանների շուրջ շարուած աթոռներին: Կարմիր գինիով լիքը թասերը զարկել իրար, խմել, արբեցել, գրկախառնուել, շէնի մի երգասաց երգել իր  յօրինած տաղերը, երգել Վահագնի ծնունդի տաղը, ուժգին ծափ էին տուել, Նաւասարդի արբեցման տարերքից լեռները դողացել: Իրենց Նաւասարդն էր, այդ լեռների լանջի շէնի առաջին Նաւասարդն էր, ինչպէ՜ս չարբենային նրա տօնախմբութեան հրայրքից:

            Շէնի աւագ Պարոյրը բացատում էր, Անտիոքի փոխարքայ զօրավար Բագարատ ողջ լերուք, կանչել էր, Շէնի մարդիկ ոտքի էին ելել, գինու թասերը վեր պահած խմել փոխարքայ Բագարատի ողջութեանը: Պարոյրը շարունակելով  խօսքը, բացագանչել՝ Նաւասարդ է այսօր, Տիգրան արքայի նախապապ հայկազուն Արտաշէս արքայի ընղձանքը եղել՝

«Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի

Եւ զառաւօտն Նաւասարդի,

Զվազելն եղանց եւ զվազելն եղջերուաց,

Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանէաք,

Որպէս օրէն էր թագաւորաց»։

Տաղ ասածները երգում այն, հազար-հազար տարիներ յետոյ՝ Հայկական կամաւորական լեգէոնի կապորալ Արմենակի մանչ, Նաւասարդ տօնախմբել օտարացած իրենց շէնում, ծառեր տնկել նրա դարաւանդներին:

Պարոյր շարունակել խօսքը,                                                                                                         – Արմէնների աշխարհի անուշ շէների ըղձանքը, պայթած աղբիւրների ջրերի քրքիջը, լերան լանջերի անտառների հովիկների դողի հեշտանքը, հայրենի հողի ոգու սարսուռը սրտերում արմէն արքայի զօրքի հետ հասել ենք այս կողմն աշխարհի: Արմէնների ոգու հրայրքի արարչութեամբ հայացնում ենք լեռները այս, արտերն այս, դարաւանդները նրա:

            – Տիգրան արքան, աշխարհի այս կողմի հելլէնների աւանդապատումի յուշի պատումը դարերին տանելու համար, փոխարքայ Բագարատին թելադրել Անտիոքի մատեանում լեռն այս անուանել այնպէս, ինչպէս իրենք էին կոչել՝ «Մուսաների պաշտամունքի լեռ»,  հայու նոր պատած այս շէնը՝ «Մուսաների լերան շէն»: Հոգ չէ անունը, լեռն ու նրա լանջի շէնը դարերին գնան, պատմութիւն դառնան: Ըմպենք գինի, անսասան լինի արմէնների աշխարհի գահը:

            – Ծովակալ Վարդան ողջ լերուք, լերան շէնի արմէններ, Անտիոքի արմէններ, գինիով լիքը թասերը կապուտակ ծովի ալեակներին ուղղած, խմենք Ծովակալ Վարդանի ողջութեանը, անխորտակ լինեն նրա նաւերը: Նաւասարդի խնդութեամբ արբեցած արմէններ, վազէ’ք դէպի Ծովակալը, թասերը զարկէ’ք նրա թասին, գինու ծով հոսի նրա առաջ: Հարսեր, որպէս Նաւասարդեան տօն, թասերով ջուր ցանէ’ք Ծովակալի վարսերին:

            – Ողջոյն Անտիոքի փոխարքայ՝ զօրավար Բագարատ, անուշ հարս Արտեմիս, մանչ Տիգրան, ողջ լերուք: Անտիոքի հելլէնները, արմէնները հիացած են աթոռանիստ Անտիոքը կառավարելու Ձեր հմտութեամբ, արմէնների արարման իմաստութիւնն էք բերել Անտիոք ոստան: Արտեմիս քնքուշ հարս, քու մանչ Տիգրանը արժանաւոր լինի արմէնների արքայի անուանը, արմէնների զօրքի ջոկատները յաղթական կոուի տանի: Գինու թասերը զարկէ’ք Բագարատի ու Արտեմիսի թասերին, գրկեցէ’ք մանչ Տիգրանին, բարձրացրէ’ք դէպի արեւ աստուած Միհր, դէպի նահապետ Հայկի աստղաբոյլ, Նաւասարդեան հրայրք նրա սրտիկին:

            Բացատն էր բացուել, մի խումբ պարմաններ կանգնել էին փոխարքայ Բագարատի առաջ, իրենց Տիր աստուծոյն նուիրուած Նաւասարդեան քաղցր երգեր հնչեցրել: Թմբկահար, զա’րկ թմբուկը՝ ի պատիւ Հայկ Նահապետի յաղթանակի, զարկ թմբուկը, որ արմէնների քաջերի զէնքերը ամրանան, զա’րկ թմբուկը արմէնների աստուածներին յաւերժութիւն լինի, զա’րկ թմբուկը, արմէնների արքայի զարմին անմահութիւն լինի, նրա թագին արեւալոյսի եօթ ալիքները հուրհուրան:

             Բացատ էր ելել թմբկահարը, որոտում էր թմբուկը, արբեցած արմէնները լերան գագաթները գրկած, շուրջպար էին բռնել: Արմէնների բոլոր շուրջպարերը արմէնների աստուածները ոգու սխրանքն են երկնում: Շուրջպարի երկու թեւերին Վարդան Ծովակալը ու փոխարքայ Բագարատն էին, Արտեմիսն էր նրանց առաջ պարի ելել, եթէ տեսնէիք նրա նազանքը, Մուսա քոյրերի նման սահում լերան լանջերին, գնում նրանց կարմիր գագաթ կրակ քաղելու: Եւ յանկարծ, Նաւասարդեան գինիով արբեցած փոխարքայ Բագարատը բացատ ելել, Միհր աստուածն էր արեւի եօթը գոյներ ցանում Բագարատի ու շուրջ պարի ելած արմէնների վրայ, սեղմւում էին շուրջ պարի շարքերը Բագարատի շուրջ, նրան որպէս մեհեան գրկած խելահեղ պար բռնել, զէնքով աշխարհներ նուաճած խենթացած արմէններ: «Բացէ’ք բացատը» կանչել էր թմբկահարը, խրոխտ  եղանակ զարկել: Երկու կողմերից պարմաններ, մերկ սուսերը վեր պահած, մօտեցել իրար, զարկել սուսերը, կայծեր էին ժայթքել, վախեցած մանչեր կպել մայրերի քղանցքներին: Ետ էին ընկրկել, շարունակել պար գալ, նորէն սուսերների ճարճատոյն կայծեր էին շէնի տների պատերին զարնուելով շիջել: Փոխարքան հրճուալից դիտել նրանց զէնքերի վարժ  ու յախուռն շարժումները:

            Անտիոքի ու արմինների շէնի պարմանուհիներն էին բացատ, փողահարներն էին մեղմանուշ նուագ հնչեցնում, Արտեմիսն էր Բագարատի հետ բացատ ելել, պարում էին նազանի ելեւէջներով,  ծովի ալեակների նման փրփրում, հովիկներին յենած թռչում դէպի լերան լանջեր, արեւի ճառագայթներ քաղում: Աստղիկ դիցուհին, ինչքա՜ն սիրոյ կրակ տեղացել նրանց սրտերին, հոգիներին, նրանց ակներին սիրոյ շանթեր վառել: Մարել էին թմբուկների ու նուագարանների հնչիւնները, քանդուել էին պարի օղակները, ում սրտերը սիրով  խոցուած էին, վազել էին իրար գրկելու, Նաւասարդի հրճուանք էր:

            Նաւասարդի տօնախմբութեան  հրճուանքով արբեցած արմէններ, կաւէ սափորներով ջուր էին ցանում իրար վրայ, ջուր ցանում Բագարատի պարեգօտի վրայ: Ջրուած Արմէն այրեր ու տիկնայք խանդաղատանքով գրկում իրար: Պարմանները վազում պարմանուհիների վարսերից, իրաններից հոսած անուշ ջուր ըմպում: Նաւասարդ էր, իրենց նահապետի յաղթանակի տօնահանդէս:

             – Նաւասարդեան խաղեր թող լինեն, կանչել էր փոխարքայ Բագարատը: Անտիոքի արմէնների եւ լերան այս շէնի կտրիճ ու առոյգ տղաներ բացատ թող ելլեն: Ծովակալ Վարդանը թող վարի արմէնների նախնիների Նաւասարդեան խաղերը, որոշի յաղթողներին:

            Ծովակալ Վարդանն էր կանգնել բացատում, առաջարկել Անտիոքի ու շէնի արմէններին իրենց դիւցազուններին բացատ առաջնորդել: Բացատի բոլորակ ելել գօտեմարտի առաջին զոյգը: Երկու կիսամերկ տղաներ կանգնել էին իրար դիմաց, ողջագուրուել, պինդ գրկել իրար: Երդուել սահմանուած կարգով  գօտեմարտել: Գօտեմարտողներին քաջալերողները գոչել էին՝ «յաղթանակը կտրիճին է վայել»:

            Ծովակալ Վարդանը, ձեռքը վեր պարզելով ազդարարել սկսել գօտեմարտը: Մրցողները խոյացել էին իրար վրայ, հնարքներ փնտռել գրկելու մրցակցի իրանը: Բռնուել էին, տապալել իրար, անկարող հակառակորդի իրանը սեղմած պահելու գետնին: Երկրպագուներն էին բարձր կանչերով ոգեւորել նրանց: Բացատի շարքերից երկու պարմանուհիներ էին առաջ եկել, իրենց ակների շանթերի կրակով  ուժ հոսել մրցողների բազուկներին: Լերան շէնի տղայի սրտին իրենց Անգեղաց Տորքի ուժի հրայրքն էր պայթել, զգետնածի կռնակն հողին սեղմած պահում: Ծովակալ Վարդանն էր  երկու ձեռքերը վեր պահած յաղթանակ շնորհել նրան: Սիրով արբեցած պարմանուհին, վազել դէպի յաղթանակած տղան, գրկել նրան, շտապել  դէպի դարաւանդներ, կարգի համաձայն արգասաւորութիւն նուիրաբերելու իր քաջին…:

            Ծովակալ Վարդանը պատուիրել էր բացատից հինգ հարիւր կանգուն հեռաւորութեան քարին գինով լիքը թաս դնել: Երկու հազար չորս հարիւր իննսուներկու տարիներ առաջ, իրենց Նահապետ Հայկն էր նոյն հեռաւորութիւնից խոցել թշնամու լանջը, նրա յուշը տանում իրենց յաւերժութեան ճամբաներով, ոչ ոք կարողացաւ մարել նրանց ոգու լոյսը: Նաւասարդ, Օգոստոսի 11, թէ Յունուար մէկ, Արմէն  ցեղի յաղթանակի ու ազատութեան խորհրդանիշի ջահն է այն,  իրենց սրտերի բորբ արիւնը հրաբխում նոր ժամի զանգերի զարկերի հետ, նահապետի սխրանքի յուշը փոխանցում սերունդներին:

            Ծովակալ Վարդանն էր գիծ արել հողի երեսին, հրաւիրել շէնի նետաձիգին: Տղան յաղթ կանգնել էր, մի պահ ուժ հաւաքել, ձգել աղեղի լարը, պինդ պահել, նշան անել, ապա թողել այն: Նետը սուրալով թռել…  կպել քարին, լուռ էին շէնի արմէնները: Երկրորդ տղան էր կանգնել գծի եզրին, նայել թասին, դէպի իրեն էր քաշել աղեղի լարը, նետի ծայրն էր նշանին ուղղել, պինդ պահել աղեղը, ապա թողել լարը: Նետն էր արծուային թռիչքով սուրացել, փշրել թասը, գինին էր կարմիր շիթերով հոսել քարին:

            Շէնն էր դողացել ծափերի որոտից, Անտիոքի արմէն կտրիճ տղան էր խոցել գինու թասը: Նաւասարդեան տօնահանդէսի խորհուրդի վայելքը ըմբոշխնելու համար պարմանուհին գնացել գրկել էր յաղթանակած քաջին, աղեղը կախել վզից, ո՜վ  պիտի կարողանար մարել նրանց Նաւասարդեան վայելքը: Նրանք էլ վազել էին դէպի դարաւանդների ձորակ, Նաւասարդ էր, կարգն էր այդպէս: Շարունակել էին տարբեր մրցամարտեր՝  ձիավարութիւն, քաջերին էր վայել եղել ձիերին մարտի տանել: Արմէնների այրուձի, աշխարհներ գնացել, Երուանդունի Տիգրան թագաւորի վարած այրուձին մասնակցել հզօր Բաթելոնի տապալմանը: 

            «Փոխարքայ Բագարատ», յարել էր Պարոյրը: Շէնի մարդիկ ցանկանում են, Անտիոք վերադառնալու Ձեր ճանապարհին այցելէիք մօտիկ ձորակին կողերին պատած դարաւանդներ, քայլէիք նրանց հողին, ծառերի լոյսին: Նրանք դարերին կը պատգամեն, Անտիոքի փոխարքայ Բագարատն ու Ծովակալ Վարդանն են անցել այստեղից: Մուսալեռցի արմէնները շառաւիղներն են այդ շէնի մարդկանց, երկու հազար ու աւելի տարիներ մաքառել նրա հողի պաշտպանութեանը: Աշխարհի մեծեր դաւեցին իրենց, այնտեղ հիմա միայն հարիւր երեսուն արմէններն են: Նաւասարդով արբեցած արմէնները՝  փոխարքայ Բագարատին, Տիգրան մանչի հետ Արտեմիս հարսին, Ծովակալ Վարդանին տարել էին իրենց պատած դարաւանդներ: Հազար գոյնի ճարմանդներ իրենց թեւերին, ծառերն էին հազար գոյնի հուրհուրում: Ունկնդրել էին զեփիւռի քնքշանքից օրօրուող ծառերի սօսափիւնը, դիտել նրանց ոստերի դողը, լոյսի հրավառութեան սքանչանքը:

            Փոխարքայ Բագարատը բացագանչել էր, որ դարաւանդները հրավառուած են շէնի մարդկանց արարման ջահերով, պտուղների գոյնի ու լոյսի ծիծաղ է դարաւանդներում, անդաստանի ծաղկած այգիներ: Փոխարքայ Բագարատը, ծովի  զեփիւռի համբոյրից վարսերը շաղ եկած դէմքին, Ծովակալ Վարդանի, Տիգրանի ձեռքից բռնած Արտեմիսի հետ բարձրացել դարաւանդների շարքեր, գովաբանել շէնի մարդկանց արարումը:  Աշնանային բազում գոյների երանգներով դեղձ, խնձոր, տանձ փրցրել ծառերից, կերել, ապշել նրանց համից: Մանչ Տիգրանն էր փախել մայրիկի ձեռքից, վազել դարաւանդների շարքերով, պտուղ լցրել ծոցը:

             Լերան շէնի արմէնները նրանց հետ իջել գետակի եզերք: Նաւասարդի խրախճանքով արբեցած փոխարքայ Բագարատը, Արտեմիսին ու Տիգրանին իրանից սեղմած՝ նրբիրան նժոյգին բազմած, արծուային թռիչքով թռել միւս ափ, նրան հետեւել էր Ծովակալ Վարդանը, Անտիոքի ձիավար արմէններն էին նաեւ թռել միւս ափ: Նժոյգների թռիչքի հանդէս էր գետակի ջրերի վրայ:

 

Կլենտէյլ, Նոյեմբեր 2019            

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ