Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

ՄԵՐ ԳԱՂՈՒԹԻՆ ԿԱՂԱՆԴՉԷՔՆԵՐ. Կիսաերգիծական

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

Յունուար 1966

 

Մեր երկարամեայ յօդուածագիր-ընթերցող, յարգելի մտաւորական Ներսէս Բալայեանը, ինչպիսի՜ կաղանդչէքներ յղած է «Նոր Օր»-ի 7 Յունուար 1966-ի թիւին մէջ Յովիկ ստորագրութեամբ։ Շնորհակալ ենք Պրն. Բալայեանին հին օրերու վերյուշին համար եւ բարի «վերընթերցում» բոլորիս…

ՆՈՐ ՕՐ

 

«Նոր Օր»-ը աղբիւր կենսունակութեան

Լուսաւորչի վառ կանթեղի նման,

Լոյս ու յոյս սփռում, առաջ ընթանում,

Ազգապահպանման դրօշը ձեռքում։

«Նոր Օր»-ը միակ գաղութիս լոյսն է,

Մեր ժողովրդի փրկութեան յոյսն է,

Ո՛ր հայն ուզում է մեր լեզուն փայլէ,

«Նոր Օր»-ը գրկաբաց իր սանն ընդունէ…

Ո՞վ է որ ՆՐԱՆ դեռ չի ճանաչում,

«Նոր Օր»-ին վայել անխոնջ խմբագիր,

Հայ գիր ու գրչի վարպետ ամբասիր,

Ազգի գործերին դրօշակակիր։

Դա մեր Հայկենցն է, արեւ իր սրտին,

Աստուած հասցնէ իր «մուրազներին»։

Թէ ինձ չանիծի, ցանկամ այս տարին,

Իրեն պարգեւէ մի լաւ տանտիկին…

Երիտասարդ Մշակ. Միութեան,

Եւ անդամներին ու իր վարչութեան,

Ցանկամ որ լինեն արթուն պահապան,

Մեր մշակոյթի վառ յարատեւման։

Մեր աղջիկներին հայոց գեղանի,

Ցանկամ որ լինեն խոհեմ, անուանի,

Լաւ է հայ «տղոց» գէթ լինեն գերի,

Քանց թէ սիրտը տան անյայտ օտարի,

Մեր տղաներին թող պոչ չդնեն,

Իրենց անվայել ճազ ու տուզ չանեն։

Դատարկ հովերով ձեզի մի խաբէք,

Աղջիկներ բարի, տնում մի՛ թթուէք…

Եւ դուք ամրակուռ տղաներ հայոց,

Նախքան գնալը դէպի ծերանոց,

Ընտրէք ձեզ յարմար պարկեշտ հայ աղջիկ,

Ու ազգին տուէք տարին մանչ-աղջիկ։

Մի՛ տարուէք օտար փուճ «փերիներ»ով,

Նրանց կեղծ ու սին, քաղցր խօսքերով։

Լաւ է ձեր ազգից մի հրէշ առնէք,

Քանց թէ օտարից «հրեշտակ» բռնէք…

 

Ո՜վ մեծ պատմաբան Հրանդ Ք. Արմէն,

Որ յաւերժացրիր մեր հոգիներում,

Մեծ Մուսա տաղի քաջ հերոսներին,

Եւ անմահանուն Ֆրանց Վերֆելին,

Ազգը կը սպասէ քո ՆՈՐ գործերին։

Դու հայոց երգի հանճար իմաստուն,

Ու մեր արուեստի անպարտելի սիւն,

Մեզ կախարդեցիր, դարձրիր գերին,

Քո հոգեհմայ անոյշ տաղերին,

Համայնքը ի՜նչպէս փառքդ չտօնէ,

Ու նոր գործերիդ անվերջ չսպասէ…

Շուտով «Կարինէ» անմահ օփերան,

Կը տաս մեզ նուէր, վարպետ Պէրպէրեան։

 

Յարգանք արուեստիդ Հրանդ Աղպապեան,

Ո՜վ արձագանգող հայոց դպրութեան,

Մեծ Կոմիտասի հոգին իմաստուն,

Տանում ես դէպի վառ յաւերժութիւն։

 

Թօփուզեանը մեր թօփի պէս պայթեց,

Կատակ արեցի… անունը միայն,

Աղեղնադղորդ ձայնը արձակեց,

Շատերին իրեն սիրահար արեց։

 

Անգինէն իրաւ անգին քարի պէս,

Տեղ է գրաւել հայոց սրտերում,

Թէ դա էլ ապրի իր քնքուշ ձայնով,

Նորից անգին է, հազար փառքերով,

 

Ո՜վ Էլիզ Թաշճեան, Քարլին «Մկուչեան»,

Ձեր սոխակաձայն լուսէ արուեստով

Գերեցիք, տարաք մեր սէրն անսահման,

Ձեզ ձայն անսպառ ու փառքերի ծով։

 

Դուն Հայրապետեան Մանուէլ աննման,

Քո սիրուն, դիւթող ձայնով եզական,

Սլացիր աննինջ փառքերի ճամբան,

Գրկէ՛ դժուարին լուսէ ապագան։

 

Գողտրիկ գրչովդ ալեկոծում ես

Հայ հոգիները ալիքների պէս,

«Խոհր յոյզերի» մեծ շտեմարան,

Գրագիտուհի Արաքս Սինանեան։

 

Խօսքի դու աղբիւր, գրող Քէօթահեան,

Գրչիդ ցանկանամ կեանք լոյսի նման,

Քո «Գողգոթայէն յաւերժութիւն»ով,

Խօսեցիր բազում սրտերի լեզուով։

 

Վերջին նուէրը կը տամ իմ ազգին,

Մեր արեւաշող մայր Հայրենիքին,

Ու կը ցանկանամ, որ այս Նոր տարին,

Կեանք կը տայ բազում մեր սուրբ իղձերին…

Ի վերջոյ կ՚ասեմ, հայե՛ր միացէ՛ք,

Հայե՛ր, սիրտ առէք եւ արիացէք։

Դարձէք Մասիսին անկեղծ երդուեցէք,

Որ հաստատ մնաք մեր հայոց լեզուին,

Մեր զոհուածների գաղափարներին։

Անխախտ կապուեցէք Սուրբ Էջմիածնին,

Անոր սրբակեաց վեհ Գահակալին։

 

Ներսէս Բալայեան

 

«Նոր Օր», 7 Յունուար 1966

Լոս Անճելըս

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ