Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Վալենթայն-ին Նուիրուած Տօնակատարութեան Օր (Valentine’s Day)

Տարուայ իւրաքանչիւր Փետրուար ամսուայ տասնըչորսին, Ամերիկայի Միացեալ Նահանգների ամբողջ տարածքի եւ մի քանի այլ երկրների մարդիկ իրենց սիրելի անձանց ծաղիկներ ու նուէրներ են մատուցում՝ »Վալենթայն» անունի յիշատակութեամբ: Սակայն, ո՞վ էր այդ սրբացած խորհրդաւոր անձը  եւ ինչո՞ւ են տօնախմբում նրա անունով կոչուած այդ օրը: »Վալենթայն Օր» յիշատակութեան օրուայ պատմութիւնը քօղարկուած է խորհրդաւոր առեղծուածներով: Հնուց ի վեր աւանդաբար փոխանցուել է, որ Փետրուար ամիսը հռչակուել էր որպէս վիպերգութեան (Ռոմանս) ամիս: Սակայն, »Վալենթայն» օրը  բովանդակում է նաեւ քրիստոնէական ու հին հռովմէական աւանդութիւնների հետքեր: Այսուհանդերձ, ո՞վ է »Վալենթայն»-ը եւ ինչպէս է առնչուած հին ծէսերի հետ: Այժմ, Կաթոլիկ եկեղեցին ճանաչում է առնուազն երեք տարբեր Վալենթայն կամ Վալենթինուս անուններով կոչուած սուրբեր, որոնք բոլորը իրենց ժամանակին նահատակուել էին:

            Մի առասպել աւանդում է, որ Վալենթայնը եղել է քահանայ, երրորդ դարում ծառայել Հռովմում: Կլաուտիոս Երկրորդ կայսրը, նուաճողական պատերազմներ վարելու համար յայտարարել, որ պետութեան զօրքի մարտունակ կորիզը կազմող ամուրի մարդիկ աւելի լաւ զինուորներ կարող էին լինել՝ քան ամուսնացածները, որի պատճառով օրէնքից դուրս էր յայտարարել երիտասարդ մարդկանց ամուսնութիւնը ու ընտանիք կազմելը:

            Վալենթայնը, անարդար համարելով կայսրի հրովարտակի որոշումը, արհամարհել էր այն, շարունակել գաղտնի կատարել երիտասարդ սիրահարների ամուսնութիւնները: Երբ բացայայտուել էին Վալենթայնի գաղտնի կատարած պսակադրութեան ծէսերը, կայսրը հրամայել էր մահուան դատապարտել նրան: Սակայն, տարբեր կարծիքներ ու պատումներ կան թէ ի՞նչ էր պատահել Վալենթայն-ին: Ոմանք պնդում են, որ  գլխատուել է, ուրիշներ թէ բանտում հիւանդացել ու մահացել էր: Այլ պատումներ ենթադրում են նաեւ, որ Վալեթայնը կարող էր սպաննուած լինել հռովմէական բանտում, այնտեղից քրիստոնեաների փախուստին օժանդակած լինելուն համար: 1835 թուականին, Հռովմում, Վալենթայնի կարծեցեալ նշխարքը յանձնուել էր Իրլանտացի մի քահանայի: Սեւ ու ոսկեգոյն դագաղը, Վալեթայնի օրուան նուիրուած ամէն տօնի ժամանակ ցուցադրւում է Իրլանտիայի Տուպլին մայրաքաղաքի եկեղեցում:

            Համաձայն մի այլ առասպելի, Վալենթայնը բանտում եղած ժամանակ անձամբ ինքը ուղարկել է առաջին ՝՝Վալենթայն՝՝ կոչուած սիրային ողջոյնը: Հաւաստում են, որ բանտարկութեան ընթացքում Վալեթայնը սիրահարուել էր մի երիտասարդ աղջկայ, որը հաւանաբար իրեն յաճախակի այցելած  բանտապետի աղջիկը կարող էր եղած լինել: Ենթադրւում է, որ իր մահից առաջ՝ մի նամակ ուղարկած եղած լինել այդ աղջկան, ստորագրուած ՝՝Քու Վալենթայն՝՝ ողջոյնով, մի խօսք, որը մինչեւ հիմա շարունակւում է  փոխանակուել՝ որպէս սիրոյ արտայայտութեան ողջոյն: Թէեւ Վալեթայնի առասպելների հետ ճշմարտութիւնները աղօտ են, սակայն, պատումները հաստատապէս շեշտում են իր անձը որպէս համակրելի, հերոսական ու ամենարժէքաւոր վիպասանական անձնաւորութիւնը: Հետեւաբար, զարմանալու ոչինչ, որ միջին դարերից սկսած Անգլիայում ու Ֆրանսիայում Վալենթայն-ը ամենայ ժողովրդական սուրբն է համարւում:

            Ոմանք հաւաստում են, որ Վալենթայն-ի օրը սկսել է տօնախմբուել մեր թուարկութեան 270 թուականի Փետրուարի կէսերից՝ յիշատակելու համար նրա մահուան տարելիցը: Ուրիշներ յայտարարում են, որ քրիստոնէական եկեղեցին կարող էր որոշած լինել տօնախմբելու Վալենթայնի օրուան նուիրուած հանդէսը Փետրուարի կէսերին, ՝՝Լուբերկուլիեա՝՝ հեթանոսական խրախճանքների տօնակատարութիւնը քրիստոնէականացնելու համար: Հին Հռովմում, Փետրուարը գարնան պաշտօնական սկիզբն է նկատուել, համարուել մաքրագործութեան պահ: Փետրուարի 15-ին տօնախմբուած Լուբերկուլիեա՝՝-ն, պտղաբերութեան խրախճանքի օրն էր, նուիրուած Հռովմի երկրագործութեան Ֆաունուս աստծոյն, ինչպէս նաեւ Հռովմի հիմնադիրներ՝ Ռոմուլուսին եւ Ռէմեուսին:

            Հռովմի Ճիլասիուս  Պապն էր, որ մեր թուարկութեան 498 թուականին, Փետրուար ամսուայ 14-ը յայտարարել  Վալենթայնին նուիրուած տօնախմբութեան օր:

            Տասնըեօթերորդ դարում էր, որ Անգլիայում սկսուել էր Վալենթայնին նուիրուած օրը համաժողովրդական ցնծութեամբ տօնախմբուել: Այնուհետեւ, տասնըութերորդ դարում, այն շարունակուել էր ընկերների ու սիրահարների միջեւ նուէրներ ու գրաւոր ողջոյններ փոխանակելու օրուայ սովորոյթ հանդիսանալ: Միայն նոյն դարի վերջում էր տպագիր բացիկներով ողջոյնների փոխանակումը սկսել: Ամերիկայի Միացեալ Նահանգներում բացիկները դիւրին միջոց էին իրենց զգացումները արտայայտելու, այն հեռաւոր ժամանակներին անձնական զգացումները ուղղակի արտայայտելը քաջալերուած չէր: 1840–ական թուականներին էին սկսել վաճառուել առաջին ՝՝Վալենթայն՝՝ ողջոյնների բացիկները: ԱՄՆ –ում, Վալենթայնի ամէն տօնի ատեն մէկ երկիլիոն (միլիարդ)՝՝Վալենթայն՝՝ բացիկներ են վաճառւում, որը երկրորդ ամենաշատ թուաքանակով բացիկներ վաճառելու տօնակատարութեան օրն է, իսկ Քրիստոսի Ծննդեան տօներին վաճառւում են 2,6 երկիլիոն բացիկներ: Վաճառուած ՝՝Վալենթայն՝՝ բացիկների մօտաւորապէս 85 տոկոսը գնւում են կանանց կողմից:

            Քրիստոնէական եկեղեցին, հեթանոսական (հեթանոս=քրիստոնէական հաւատքից բացի ուրիշ հաւատք դաւանող անձ) հաւատքի տօների յուշը մարելու համար, նոյն օրերին կատարել էին քրիստոնէական տօներ: Այդպէս էլ, »Լուբերկուլիեա» պտղաբերութեան խրախճանքի Փետրուարի 14-ի օրը տօնախմբել էին »Սուրբ Վալենթայն» տօնը:  Այն տօնախմբել էին Քրիստոսի աստուածայայտնութիւնից (Յունուարի 6) քառասուն օր յետոյ, անուանել՝ »Տեառնընդառաջ», որը նշանակում է Տիրոջն ընդ առաջ: Տօնի նախօրէին կատարւում էր նախատօնակ, նրա աւարտին էլ »Անդաստան»-ի արարողութիւն: Այդ ընթացքում օրհնում էին աշխարհի չորս ծագերը ու մոմերը: Որպէս Քրիստոսի լոյսի խորհրդանիշ՝ եկեղեցիից վերցրած կրակով, նրա բակում վառում են խարոյկներ: Ահա այսպէս է բանաստեղծ Դանիէլ Վարուժանը երկնել »Անդաստանի»-ի օրհներգութիւնը՝

 

ԱՆԴԱՍՏԱՆ

Արեւելեան կողմն աշխարհի

Խաղաղութիւն թող ըլլայ .  .  .

Ո’չ արիւններ, քրտինք հոսին

Լայն երակին մէջ ակօսին.

Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի

Օրհնութիւն թող ըլլայ:

 

Արեւմտեան կողմն աշխարհի

Բերրիութի՜ւն թող ըլլայ .  .  .

Ամէն աստղէ ցօղ կայլակի,

Ու ամէն հասկ ձուլէ ոսկի,

Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՝

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլայ:

 

Հիւսիսային կողմն աշխարհի

Առատութի՜ւն թող ըլլայ .  .  .

Ոսկի ծովուն մէջ ցորեանին

Յաւէտ լողայ թող գերանդին,

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՝

Թերկրութի՜ւն թող ըլլայ:

 

Հարաւային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլայ .  .  .

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Յորդի գինին բաժակներուն,

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգութի՜ւն թող ըլլայ:

 

 Փետրուարի 14-ի Տեառնընդառաջ տօնը նուիրուած է քառասուն օրուայ մանուկ Յիսուսին Աստծոյն ընծայնմանը: Մարիամ Մագդաղենացին մանուկ Յիսուսին տարել էր Երուսաղէմի տաճար: Նրան ընդառաջ եկել Սիմոն անունով մի ծերունի, որը Աստծուց խնդրած եղել իր կեանքը երկարացնել այնքան, մինչեւ տեսնէր Փրկչին: Տեսնելով »Մանուկ Յիսուս»-ին, զգացել Փրկիչի ներկայութիւնը, նրա ընդառաջ ելել, որտեղից էլ՝ »Ելանել ընդ առաջ Տեառն» արտայայտութիւնը:

           Նոր հաւատքի տօներ .  .  .  Արմին-հայերի հոգիներում վառուող Հայոց հին աստուածների լոյսի կրակն է: Տեառնընդառաջ .  .  . իր ծագմամբ վաղնջական ժամանակներից է, նախնական բովանդակութեամբ որոշակի աղերսներ  ունեցել հայոց հին աստուածների պաշտամունքի հետ, ինչպէս երազների մեկնիչ եւ դպրութեան ու արուեստների պաշտպան՝ Արամազդի դպիր Տիրը եւ կրակի ու արեւի աստուած Միհրը: Արեւի (լոյսի) ու կրակի պաշտամունքի հեթանոսական տօնը, վերածուելով քրիստոնէական տօնի Արմին-հայ ցեղի մարդկանց հետ հասել մեր օրեր: Կենցաղում համաժողովրդական այս տoնի ամենատարածուած բաղադրիչը ծիսական խարոյկի հետ կապուած արարողութիւնն է, կրակը հողին տալու արարողութիւնն է այն: Տեառնընդառաջի կրակը որ գետին է ընկնում՝ ձիւնը փախչում է: Տեառնընդառաջը բնութեան զարթօնքի տօնն էր, նրա արարողակարգի ամենատարածուած եւ սիրուած բաղկացուցիչը կրակի պաշտամունքն  ու  վառուած խարոյկի շուրջը պտտուելն է: Նրա շուրջը պտտւում եւ նրա վրայով ցատկում են բոլորը, բայց առաջնութիւնը տրւում է նորապսակներին:

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ


 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ