Ուրբաթ, Դեկտեմբեր 13, 2024

Շաբաթաթերթ

Կարմիր Վարդան Անմահութիւնը՝ Մնալն Է Ապրողներու Յիշողութեան Մէջ

 Երկիր մոլորակի Յունուար ամիս, արեգակը իր ճանապարհի երթն էր աւարտում: Ամերիկայի Միացեալ Նահանգներ հասած հարիւր-հարիւր Հայեր, »Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդարան»-ի Ղեւոնդեանց տաճարի աղօթարանում ոտքի կանգնած լուռ ունկնդրում, »Պատարագ»-ի արարողութեան հնչած, Հայ վարդապետների իմաստութեան լոյսով  արարուած շարականներ:  Նայում էի չորս  դիս, հազար դարերից եկած շարականների հնչիւնները ողողել էին նրանց դէմքերը, երեւի անոնք իրենց երկրի կարօտի արթնած ոգու շողերն էին: Այդ օրը նրանք տաճար էին եկել, իրենց Վարդանի, նրա հետ ընկած, նրա հետ պատերազմած քաջորդիների 1569 տարիների տարելիցին, նրանց յաւերժութեան ճանապարհի անմահութեան երթին աղօթք մրմնջալու: Այդ օրը հրճուել էր հոգիս, տաճարում տեսնելու այդքան շատ արեւորդիներ, որոնք եկել էին իրենց արարչական ցեղի պատումի յաւերժութեան լոյսը տանելու իրենց մանչերի սրտիկներին լցնելու: Զգում էի, որ գարնան աղուոր զեփիւռի նման Կարմիր Վարդանի ու նրա հետ անմահացած քաջերի հովերն էին անցնում տաճարում: Կարմիրը Վարդանի արիւնը չէ, կարմիրը նրանց ոգին է, կարմիրը նրանց վարած մարտի քաջութեան բոցերն են, կարմիրը նրանց հայրենեաց ոգուց պայթած կրակի խարոյկն է:

            Մարել էին Երուանդունի հայկազուն Արտաշէսեանների արքայական տոհմի զարմը: Պարթեւ-ներն էին տիրում Հայաստան աշխարհին, որոնց բանակները երկու ահեղ ճակատամարտերում,ջախջախել էր արեւելքի հայրենապաշտ արքաների-արքայ Հայկազուն Տիգրանը: Պարթեւների Վաղարղշ հզօր թագաւորը որպէսզի անխռով իշխէր իր թագաւորութիւնում, քսան վեց ցեղախմբերից կազմուած Աղուանք աշխարհում թագաւորել էր եղբօրը, Հռոմի  հետ կնքած դաշնագրի համաձայն, միւս եղբօրն էլ Հայաստանի թագաւոր, նրան թագ շնորհելու ու նրանց երկրում թագադրելու պայմանով: Տրդատ  Առաջինն էր նա, թուականը ք.ե. 66 թիւ: Տրդատ խոշոր շքախմբով հասել Հռոմ: Կայսր Ներոն ի նշան խաղաղութեան հրամայել Տրդատի առաջ բացել պալատի բոլոր դռները, Հայաստանը հռչակել դաշնակից երկիր, Տրդատին  էլ Հայաստանի Տրդատ Ա. Թագաւոր: »Արշակունիներ» կոչեցին Հայաստան-ի գահին թագաւորող այդ տոհմը: Հայացան արշակունիները, որոնք 400 տարիներ իշխեցին Հայաստանի Սրբազան Լեռնաշխարհի գահին, նրա մեհեաններում Նաւասարդ տօնախմբեցին, նրա պաշտպանութեան համար պատերազմեցին: Հայաստանի հողը նրանց սրտերին քաջութեան ոգի յորդեց: Պատերազմեցին ցեղակից Պարթեւաստանի բանակների դէմ, յաղթական կատաղի ճակատամարտեր մղեցին իրենց տոհմը գահազրկած Սասանեանների իշխանութեան  դէմ:

            Հայաստան երկրի ինքնուրոյնութիւնը պահպանելու եւ երկու հակամարտ հզօր կայսրութիւնների ազդեցութիւնից զերծ մնալու համար, իրենց նախնիների տոհմական հաւատքի բարեպաշտ աստուածների ոգեղէն ճշմարտութեան լոյսի հաւատքով, արեւելքում ծագած տիեզերական իմաստութեան նոր հաւատքի ջահերը վառեցին Հայաստան սրբազան լեռնաշխարհում: Իրենց նախնիների Տիր աստուծոյ վառած գրի, բանաստեղծութեան կանթեղների լոյսը դարձեալ փայլատակեց Հայաստան սրբազան լեռնաշխարհի վրայ: »Մուսասիր-Մուշ» մեհեանի ներշնչանքով արարած սքանչակերտ սիւնազարդ տաճարներում դարձեալ իրենց հոգիներին բարի լոյսի անձրեւ տեղաց:

            Հայերի Արշակունիների տոհմի վերջին արքան՝ մշակութասէր ու առաքինի Վռամշապուհ թագաւորի որդի Արտաշէս-Արտաշիրը զուարճասէր, զեղխ կեանք վարող ու ոչ պատերազմիկ թագաւոր էր  եղել: Հայաստանի նախարարներ չէին հանդուրժել նրան, գնացել Սասանեանների Տիզպոն, օտար արքային յայտարարել, որ իրենց երկրին թագաւոր չէին ուզում եւ որ ինքը իշխէր Հայաստան աշխարհին: Իմաստուն Արմէն-Հայ, ինչո՞ւ անթագաւոր դարձրիր քու արարչական երկիրը, գայլին բերիր քու երկիր որ յօշոտէր այն: Գահընկեց անէիր Արշակունի թագաւորին, նրա փոխարէն երկրի քաջ տոհմերից մէկի իշխանին ին թագադրէիր: Արմին-Հայ, քու պատմութեան ամենաողբերգական պահն է այդ, ինչո՞ւ այդպէս:

            Օտար թագաւորը, առանց պատերազմի նուաճեց Հայաստան  սրբազան լեռնաշխարհը, այնտեղ մարզպան կարգեց Սիւնեաց աշխարհի Բակուր նահապետի զարմից՝  իշխան Վասակ Սիւնեցուն: Կորիւն, ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի,  մասին յօրինած »Վարքում», պիտի գրէր՝ »Այն ժամանակ Աստուած տուեց, որ Սիւնիք իշխանութեան գլուխ անցել քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ եւ կանխագէտ, Աստուածային իմաստութեան շնորհքով օժտուած մի մարդ: նա շատ նպաստեց աւետարանի քարոզչութեան գործին»:

Հայաստան աշխարհում չկար հայոց զօրք, չկար հայոց բանակ, չկար թագաւոր: Ո՞վ էր Հայկ Նահապետի ժառանգ թողած հողը պաշտպանելու, որտեղ իրենց նախնիների արարման հեւքն ու քրտինքն էր ծորել, որտեղ մղուած պաշտպանական կռիւներում իրենց որդիների արիւնն էր հոսել, որտեղ հայոց այրուցիի վաշտերը հռոմէական  լեգէոններն էր խորտակել: Սասանեանների լկտի թագաւոր՝ Յազկերտ, հրամայել հայոց երկրում պաշտէին այն ատուածները, որ ինքն էր պաշտում: Իրենց աշխարհի տոհմական՝ բարեպաշտ աստուածների հաւատքը լքած Հայը, հեռու աշխարհից եկած օտար վարդապետի հաւատքի լոյսի խորհուրդը ամուր գամել էր սրտին, դարերի ընթացքում այն դարձել էր Ծին: Տիեզերական սքանչանքով պատած տաճարներում աղօթեցին իրենց նոր Վարդապետի լոյսին, յոյսին, հաւատքին: Աղօթեցի՞ն, իրենց ազգի յաւերժութեան, իրենց Նահապետի, իրենց թագաւորների ու հայրենեաց սրբազան հողի անսասանութեանը, ի՞նչու մարեցին իրենց նախնիների աստուածների ուժի, իմաստութեան, գեղեցիկի ընկալման, բարութեան, մայրութեան  խորհուրդը: Տանուլ տուին, խաչուեցին, խաչուեց  երկիրն իրենց:

            Առանց թագաւորի, առանց զինուորի մնացած երկիր, տարիներ ետք, գոյամարտի ճակատամարտ պիտի մղէր 451 թուականի Յունուար ամսին: Արար աշխարհում հաւատքի համար մղուող առաջին հերոսամարտն էր, հերոսամարտեր պիտի մղէին իրենց աշխարհի Սասունի լեռներում, Զէյթունի ու Մուսա Լերան լեռների բարձունքներում, Արարատեան դաշտում, Շապին Գարահիսարում, Պաշ Ապարանում, իրենց արեւելեան կողմն աշխարհի Ուտիք գաւառում: Մամիկոնէից Վահանն էր 481-484 թուականներին, զօրավարի ռազմագիտութեամբ, յաղթական մարտեր մղել Սասանեանների դէմ, Նուարսակի դաշնագրով հարկադրել Պարսիկին ճանչնալու իրենց հաւատքի ազատութիւնը, մարզպանական երկիրը կառավարելու արդարութեամբ, չգործակցելու ամբարիշտ իշխանների հետ:

            Հայոց աշխարհի  հոգեւոր դասը, իրենց թագաւորների Արտաշատ մայրաքաղաքում, ժողով էին գումարել: Չկար ազգի հովիւ, որ պատասխան գրէր, զօրքին կռուի տանէր: Երկրի հոգեւոր այդ մարդիկ նամակ գրեցին առ օտար թագաւորին՝ .  .  . Մեր ամբողջ մարմինը քու ձեռքը տուած արա շուտով ինչ որ կամենում ես : .  .  . քու սուրը մեր պարանոցը, .  .  . այս հաւատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ մարդիկ, ոչ սուրը եւ ոչ էլ հուրը»: Այդ ի˜ նչպէս էր, որ իրենց հոգիներում հանգել էր իրենց նահապետի ազատատենչ ոգին, նախնիների հայկազուն քաջերի զէնքերի շաչիւնը: Ինչո՞ւ ոչ  պարանոցի  փոխարէն նրանց դիմաց սուր չճօճեցին:

            Զայրացել էր պարսից թագաւորը: Մարած սրտով նախարարներ, թողած իրենց տներ, թողած իրենց այրուձի հեծեալ վաշտեր: Տիզպոն էին գնում պարսից թագաւորին ներկայանալու: Դուք՝ Արատտայի, Հայասայի, Միտաննի, Արմինայի,  արիական հայկազուն իշխանների յետնորդներ, ի՞նչու սպառազէն զօրքը գլխաւորած չգնացիք հայոց երկրի սահման, կռուի կանչել պարսից թագաւորին, ինչպէս շատ անգամներ արել էին հայոց աշխարհի Արշակունի թագաւորներ: Ներկայացել էին Տիզպոնի թագաւորին, խիստ զայրացած էր պարսից թագաւորը, սպառնացել պատժել նախարարներին: Նորէն հրամայել էր պաշտէին այն աստուծոյն, այն հաւատքին, որ ինքն էր պաշտում: Նախարարները մերժել էին ուրանալ իրենց հաւատքը, մերժել էին երկրպագել կրակին: Բանտ էին նրանց տարել: Խորհուրդ էին արել, առերես ուրանալ իրենց հաւատքը:

            Յաջորդ առաւօտ, երբ արեգակն էր կրակ ժպիտով արեւագալն էր աւետում, լոյս փռում Տիզպոնի վրայ, հայոց նախարարները թագաւորի հետ երկրպագում էին արեւին: Թագաւորը հրճւում է, իր հպատակները պիտի պաշտէին այն աստուծոյն ու հաւատքին որ ինքն էր պաշտում: Ի˜նչ իմանար, որ նախարարները առերես էին ուրացել իրենց հաւատքը, մտօք երկրպագում իրենց Աստուծոյն, որ իրենց վերադարձի ճանապարհին լոյս փռէր:

            Նախարարներ, իրենց հետ հարիւրաւոր մոգերի ու պարսից զօրքի հետ հատել էին հայոց աշխարհի սահմանը: Ընդվզել էր հայն, որդին հօր դէմ, կինը ամուսնու դէմ կռուի ելել, քարկոծել, անարգել ուրացող նախարարներին, սպաննել մոգերին, երկրից վռնտել պարսից զօրքը: Նոր հաւատքի խորհուրդը  հայոց աշխարհին, հայոց սրտերին հոսել որպէս ոգեղէն հուր, պոռթկում էր հայոց աշխարհը, ալեծուփ ովկեանի նման փոթորկում էր նոր հաւատքը, չկար թագաւոր, որ իրենց մարտի տանէր: Նենգ պարսիկը հայոց նոր հաւատքի ոգին էր սպանում, որ տիրէր իրենց աշխարհին: Հանդարտել էր երկիրը, իմացել էին, որ նախարարները առերես էին ուրացել հայոց աշխարհին ու իրենց հոգիներին տիրած նոր հաւատքը, որպէսզի կարողանային վերադառնալ  երկիր՝ ճակատամարտ մղէին յանուն իրենց նոր հաւատքի: Գալիք ազգեր այն համարելու էին՝ »Աշխարհում հաւատքի համար մղուած առաջին կռիւ»: Սակայն ի՞նչու միայն հաւատքի կռիւ, նաեւ ի՞նչու ոչ նոր գահատոհմի ինքնիշխանութեան համար մղուած կռիւ:

            Սակայն կար հայոց գահին հաւատարիմ Մամիկոնէից Վարդանը՝  հայոց սպարապետ Կարմիր Վարդանը: Հազար-հազար աշխարհազօր Հայ շինական ռանչպարներ եկել ազգի կռուին  ու հայրենեաց փառքի  պատերազմին մասնակցելու: Տարօնի Խորոնք աւանի Խորենացի Մովսէս եկել աշակերտել էր իր ցեղի մեծ ուսուցիչի դպրոց, ուսանել դպրութիւն,  պեղել իր ցեղի աւանդապատումներ, մի խումբ աշակերտների հետ հասել Եգիպտոս, Աղեքսանդրիա պեղել օտար իմաստունների մատեաններ՝ գրել իր ցեղի պատմութիւնը, պատմահայր եղել: Պիտի գրեր՝ » Թէպէտ մենք փոքր ածու ենք եւ շատ սահմանափակ թուով եւ շատ անգամ օտար թագաւորութեան տակ նուաճուած, բայց եւ այնպէս մեր աշխարհում էլ քաջութեան շատ գործեր կան գործուած՝ գրելու յիշատակութեան արժանի»: Քսանեօթ նախարարներ իրենց սպառազէն զինեալներով եկել Վարդանի դրօշի տակ կռուելու յանուն հայոց աշխարհում ծագած նոր արեւի »առաւօտ լոյսին», յանուն հայրենեաց պաշտպանութեան, յանուն իրենց նոր հաւատքի, որին փարել էին իրենց նախնիների հաւատքի իմաստութեան լոյսի շողերը,  ցեղի ոգու լոյսի շողերը: Վարդանը վաթսուն վեց հազար զինուոր դարձած շինականներին տարել Արտազու գաւառի Աւարայրի դաշտ, տղմուտ գետի ափեր: Ղեւոնդ Երէցի գլխաւորութեամբ բազում երէցներ եկել կռուի դաշտ, մայրամուտի պատարագ մատուցել, խաչով օրհնել զօրքի սուրերը, նիզակները, վահանները եւ նրանց կռուելու ոգին: Չէ˜, Նահապետի ժառանգ թողած հողի, Թորգոմա ցեղի պաշտամունքի ոգին է սուրբ, որը զէնքը դարձնում հատու: Հայոց նախարարներ, արդե՞օք իրենց սրբազան լեռնաշխարհի պաշտպանութեան համար այդպէս շտապ պիտի գայի՞ն կռուի դաշտ, այն միշտ չէր պատահել: Քաջ մամիկոնէից Վարդան զօրավար, ինչո՞ւ բաց դաշտ իջար պատերազմելու, նրանց կանչէիր քու լեռների երկիր, նրանց բանակի փղերին գլորէիք հայոց ձորերի վիհեր, օտար երկրի զօրքին զրկէիք  զօրաշարժելու հնարաւորութիւնից:

            Ինչու էին գնում բաց դաշտում կռուելու ահաւոր ռազմական ուժ բերած թշնամու դէմ: Վարդան ու բազում հանճարեղ զօրավարներ պարսկական ու բիւզանդական բանակները առաջնորդել էին, կռուի դաշտում իրենց ռազմագիտական հանճարի շնորհիւ՝ յաղթական ճակատամարտեր մղել: Սխալ ռազմավարութիւն էր կիրառուել, հաւատքից առաւել, ցեղի, հայրենեաց երկրի հողի պաշտպանութեան համար պատերազմ պիտի հռչակուէր, պարսիկի նպատակն էր կայսրութեան ժողովուրդներին ձուլել իրենց ազգի զարմի մէջ, տիրել նրանց երկրներին: Առաւելաբար այդ կռիւը յանուն նոր հաւատքի էր, նրա համար մարտիրոսանալու էին գնում, անմահութեան համար իմացեալ մահուան էին գնում: Կռուի են գնում ոչ թէ մահանալու, այլ մահ սփռելու թշնամու շարքերին: Ինչո՞ւ շտապեցիք կռուի գնալու, խորամանկէիք պարսիկ զօրքին ձեր լեռներ առաջնորդելու, ձեր հողը պղծած թշնամու շարքերին մահ սփռէիք, երկրում ապստամբութեան դրօշ ծածանէիք: Աւանդում են, որ հայոց աշխարհում մի քանի միլիոն հայեր էին եղել, արքաների-արքայ Մեծն Տիգրանը յիսուն բիւր զինուոր էր կռուի տարել, տիրել արեւելքին, երկրի օրհասական պահին, երբ կործանում էին ձեր նոր հաւատքը, տիրում ձեր աշխարհին, երկրի  միլիոնաւոր  հայերին կռուի չտարաք երկրի միասնութիւնը պահպանելու եւ այո, Սիւնեաց Վասակ իշխանին նման չյանդգնեցիք կանչելու, որ նորէն երկրին հայկազուն իշխաններից մէկի զարմից թագաւոր ուզում, ազնուազարմ հայրենեաց Վասակ իշխանին պատմութիւն տարաք ճակատին դաւաճանի խարան տաճելով,  ո՞ւմ էր դաւաճանել, Պարսիկին, որը ուզում էր ձեր ցեղին իր ազգի զարմի հետ ձուլել: Սխալուեցիք, սխալուեցին եւ մնացինք խիստ ածու մի ազգ, քաջեր չեղանք որ մեր զէնքը լինէր մեր սահմանը՝ »Սահման քաջաց, զէննն իւրեանց»,  քարոզել էր Պատմահայր Խորենացի Մովսէսր :

Վասակ Սիւնի, հայոց աշխարհի ինն նախարարների հետ մնացել ուրացող, ստիպողաբար միացել պարսիկ բանակին:  Մինչեւ Հայոց պատերազմը, Վասակ մարզպետ էր, Պարսից արքունիքի թշնամիների հետ կապ էր հաստատել միասին ապստամբելու նրա դէմ: Արդեօ՞ք հաւատքից առաւել ազգի, իր երկրի պետականութեան վերականգման հետամուտ չի եղել նա, արդե՞օք հայ եկեղեցու կողմից նրան դաւաճանի պիտակով խարանելը շատ խնդրայարոյց չէ՞, իսկ որ Սիւնեաց աշխարհի ժառանգ նրա երկու որդիները պատանդ էին արքունիքում, եւ ինքը նաեւ »Հայր» էր .  .  . : Ուրացեալ միլիոնաւոր հայեր հիմա թուրքի յափշտակած հայոց հողում իրենց ինքնութիւնն են փնտռում: Սպասում են, որ հայոց արեւմտեան կողմն աշխարհի երբ հայու նոր արեւագալ ծագի, որ նորէն աղօթեն Աստծուն, ով է ասել, որ ցեղի, ազգի պատկանելութիւնը միայն հաւատքով բնորոշւում: Իսլամը դաւանած Զրահադաշդը նորէն պարսիկ է, եւ ոչ հրեայ ու արաբ:

Արեւագալ, լոյս էր իջել Արտազու գաւառի Աւարայրի դաշտին, արեւն էր վառում Տղմուտ գետի ջրերը, լոյսի սպիտակ անձրեւ տեղում նրա վրայ: Հայոց իշխանների գլխաւորած չորս զօրամասերի այրուձին, սպառազէն մարտիկները ճեղքելով Տղմուտի արեւոտ ջրերը, Վահագնի կրակածին քաջութեամբ յարձակուել պարսից զօրքի վրայ: Սուրերի շաչիւններից շանթեր էին բեկանւում, աղեղնաւորների արձակած նետերը պատռում պարսիկի վահանները, ձիավար մարտիկների նիզակները որպէս արեւի ճառագայթներ խոցում թշնամուն, զարկում էին, զարնւում էին: Նրանց  քաջութեան մրրիկները ալեկոծում դաշտը, կռուողների որոտագին կանչերը սիրտ պատռում, խաչուած սուրերից ժայթքած կայծերը հրդեհում մարտի շարքերը: Հայ շինականի հոգում վառւում էին նոր հաւատքի լոյսերի ջահերը, հայրենեաց հողի պաշտամունքի ոգին, Վահագնի քաջութեան բոցերը:

Վարդան իր դիտակէտից նկատել, որ թշնամին ընկճում է հայոց զօրքի ձախ թեւը: Օժանդակ վաշտով յարձակում կազմակերպել այդ կողմը, ետ մղում թշնամուն: Իրարանցում առաջացել թշնամու շարքերում, դեռեւս պարտութիւն չտեսած Մատեան գունդը նահանջում էր ռազմի դաշտից, Պարսից զօրավարը նոր վաշտերով համալրում ճակատի այդ կողմը, Վարդան մտել էր թշնամու շարքեր, հասել մատեան գունդ, շրջապատել էին Վարդանին .  .  . Վարդան խոցուել էր .  .  . հայոց զօրքում խուճապ .  .  . կռիւը շարունակելու համար ոչ ոք գլխաւորել էր հայոց զօրքը, սկսել էին լեռներ նահանջել, ցիրուցան եղել հրամանատար չունեցող բանակը: Պարսիկ զօրքը ասպատակել երկիրը, պատերազմի անխոհեմ ռազմավարութիւն:

Հայոց պատերազմին մասնակից Եղիշէ պատմիչը վկայում է, որ կռւում զոհուել էին 1036 հայեր, իսկ պարսից կողմից 3544 պարսիկներ: Հայոց ութը նախարարական տների ճրագներն էին մարել: Հայերը Վարդանի ու հայոց անթագաւոր երկրի այդ պատերազմը կոչում են »Բարոյական Յաղթանակ»: Տանուլ տուած կռիւ, պատերազմի դաշտից փախած զինուոր, թշնամու աւերած երկիր, կալանուած նախարարներ, փլած բերդեր ու տաճարներ, երկրում լիքը մոգեր, ի՞նչ էր յաղթանակել Հայը: Իրենց տոհմական հաւատքի փոխարէն, միայն Վահանի 481-484 թուականների յաղթական կռիւների շնորհիւ Պարսիկ երկիրը նոր հաւատքի ու խղճի ազատութիւն, նորէն մարզպանութիւն իրաւունք շնորհել հայոց աշխարհին:

Ամերիկայի Միացեալ Նահանգների »Հայաստանեան Առաքելական Եկեղեցւոյ» արեւմտեան  առաջնորդարանի հանդիսութիւնների սրահը լեցուն էր հայերով, Վարդանի մղած պատերազմն էին փառաբանելու: Աւելի քան 15 դարեր առաջ Արտազու գաւառի Աւարայրի դաշտում կռւում կարմրած Վարդանին, պատերազմում ընկած իշխաններին, շինականներին թեւանցուկ արած Հայը քայլում է իր պատմութեան ճամբաներով: Ոտքի էին հայերը, առաջին շարքում կանգնած »Ղեւոնդեան Դաս»-ի երէցները երգում էին, երգում էին պատարագին եկած սրտեր, կարծես մեղրածոր մեղեդիի հնչիւններն էին երկնքից անձրեւում, իմ էլ հոգում հոսում հայոց քաջերի ոգին, Վարդանի ու նրա հետ կռուի ելած դիւցազունների մարտնչելու յորձանքը ալիքում սրտիս ծովակը: Ահա մի քանի տողեր այդ երգից, որը յօրինել է Վասպուրականի հոգեւոր առաջնորդ՝ Գարեգին Սրուանձտեանը, որը առաջինը գրի էր արել Սասունցի Դաւիթ դիւցազներգութիւնը, իրեն անուանակոչել հայոց պատերազմում ընկած »Սրուանձտեան ցեղից Գարեգին»

Թէ հայրենեաց  պսակադիր

Գողթնի քնարք լռել են,

Երկնից թող գան անմահ  հոգիք.

Հայոց քաջեր պսակել:

Ոհ Վարդանայ անուան արձան

Մասիս կանգնի մահարձան,

Մենաստաններ խաչն ի գմբէթ,

Աւետարան սուրբ հաւատ:

Լուսին, լուսին աչօքդ անքուն,

Պահէ Հայու ոսկորներ,

Եւ Մայիսի զուարթ ցօղով

Ցօղէ անոնց շիրիմներ:

 

            Վարդան քաջութեան խորհրդանիշ եղաւ: Մանչեր հայոց,փայտը սուր շինած, ռազմի երթի քայլք նմանակելով՝

»Քաջ Վարդանն եմ» կանչելով տողանցում են: Վարդանը քաջութեան ոգու խորհուրդ եղաւ, բանաստեղծներ նրան տաղեր, երգահաններ տաղերգեր ձօնեցին: Բանաստեղծութեան իշխան՝ Վահան Թէքէեան՝

Գիշեր մը երբեք այսպէս լուռ ու լուրջ

Չէ դիզուած հսկայ բանակի մը շուրջ:

Եւ բանակ մը երբեք, խաւարի մէջտեղ,

Չէ  եղած այսպէս լուսագեղ, անմեղ:

Դաշտն արշալոյսին խունկ է, կը մխայ,

Զէնքերու շաչիւն իր շուրջ ծնծղայ:

Կը նետուին ընդդէմ սուրին նիզակին,

Որոնք խաչերուն վրայ կը կոտրին,

Վարդանն իր ճերմակ ձիով, զրահով,

Ամէնէն առաջ, ամէնքին քով:

Վարդանի հոգին, հրագունդ անշէջ,

Կը մտնէ ամէն հայու հոգւոյն մէջ:

Կը զարնէ խաչովն ու սուրովը գիր         

Կը գրէ, կ՝ օրհնէ Վարդանը Կարմիր:

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

 

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ